Կեանքի 84-րդ տարում, 27 ապրիլին, վախճանուել է ամերիկահայ ճանաչուած գրող, հրապարակախօս, անգլերէն լեզուի և գրականութեան պրոֆեսոր Փիթեր Սուրեանը: Ծնուել է Բոստոնում, մեծացել Նիւ-Եորքում, բնակուել է նաեւ Եւրոպայում: Աւարտել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների բաժինը՝ տիրապետելով անգլերէն, ֆրանսերէն, իսպաներէն, գերմաներէն լեզուներին: Փիթեր Սուրեանն ակտիւօրէն մասնակցել է Հայրենիքի և Սփիւռքի գրական-մշակութային կեանքին՝ եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Անահիտ» գրական մրցանակի ժիւրիի անդամ, Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի տնօրէնների խորհրդի անդամ: 2010 թ. դասախօսութիւններով հանդէս է եկել հայաստանեան մի շարք բուհերում: Հեղինակ է բազմաթիւ պատմուածքների, երեք վէպերի՝ «Միրի» (Miri, 1957), «Լաւագոյնը եւ վատթարը ժամանակներից» (The Best and Worst of Times, 1961) եւ «Դարպաս» (The Gate, 1965), ինչպէս նաեւ էսսէների, գրաքննադատական և վերլուծական յօդուածների (մասնաւորապէս, նուիրուած Վիլիամ Սարոյեանի եւ Ֆրանց Վերֆելի ստեղծագործութեանը): Հայաստանում հայերէն լոյս են տեսել Փ. Սուրեանի մի քանի ստեղծագործութիւններ, այդ թւում՝ «Ընթրիք օտարների հետ» պատմուածքների ժողովածուն (2010), «Դարպաս» (2011), «Միրի» (2013) վէպերը և «Սպասումի մէկ դար» (2015) էսսէների ժողովածուն: «Լաւագոյնը եւ վատթարը ժամանակներից» վէպի շնորհանդէսը տեղի է ունեցել նրա մահից մէկ շաբաթ առաջ, Աւ. Իսահակեանի անուան գրադարանում: Փիթեր Սուրեանը արժանացել է ՀՀ մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալի և Սփիւռքի նախարարութեան «Վիլիամ Սարոյեան» մեդալի:
(«Գրական թերթ»)