Բանաստեղծութիւններ

Ալիսա Բաղդասարեան
ՀՐԱԺԵՇՏ

Փոքր ես չափերով,
բայց ո’չ այնքան,
Որ ինձ հետ տան
Վախենում եմ՝
Ճանապարհին քեզ ինձնից խլեն.
Ինչպէ՞ս կ՚ապրես օտարութեան մէջ,

Համբերութիւնս
Դնում եմ սեղանին,
Նստում նրա դիմաց,
Սպիտակ թղթով
Փաթեթաւորում
Սիրտս
Զգուշութեամբ,
Որ յանկարծ չնեղուի,
եւ գնալուց առաջ
Անձայն նուիրում եմ քեզ,
Այնպէս, որ չիմանաս
Ներսի պարունակութիւնը,

Ոչ մի տեղ չտանող ճանապարհին
Բացում եմ ճամպրուկս,
եւ գտնում քեզ՝
Ծրարուած
Կարմիր թղթի մէջ,
Չափերով այնքան փոքր,
Որ սրտիս մէջ տեղաւվորւում ես։

Ճանապարհը
Մեզ մի տեղ կը տանի,
Հաստատ։

ԵՐԿԻՐ

Տեսնես ի՞նչ ես անում
առանց ինձ։

Ես հէքեաթ եմ հիւսում
կարօտից։

Աչքերդ ուրա՞խ են, թե՞ տխուր՝
Առանց ինձ։

Առանց քեզ՝
աչքերս դժգոյն են
ու անհանգիստ։

ՇԱՐԺԱՆԿԱՐ

Կինը մտաւ ննջասենեակ,
Բացեց պահարանի դուռը,
Շօշափեց գունազարդ զգեստներն
Ու արագ սրբեց արցունքները,
Զգաստացաւ,
Ննջարանի դուռը փակեց՝
Հրաժեշտ տալով լուսավառ գոյներին,
Երբ շարժուեց
Խոհանոցի ուղղութեամբ՝
Նայեց փայլեցրած յատակին,
Սպասքին՝ համաչափ դասաւորուած,
եւ քարշ տուեց ոտքերը՝
Հայեացքը թողնելով
Խոհանոցի պահարաններին:

Երեխան հաւաքեց խաղալիքները,
Գրկեց ամենասիրելի արջուկին,
Հոգատարութեամբ
Տեղաւորեց իր անկողնում,
Համբուրեց այտը,
եւ աշխարհից խռով
Հրաժեշտ տուեց մանկութեանը։

Տղամարդը,
Կողպեց տան դուռը՝
Ջանքն ու եռանդը թողնելով ներսում,
Բանալին զգուշօրէն տեղաւորեց
Ծոցագրպանում,
եւ ճանապարհուեց՝ ինքն էլ չգիտէր, թէ ուր:

Քաղաքը
Անջատեց բոլոր լոյսերը,
Կողպեց դուռ ու պատուհան,
Ծածկեց վարագոյրները
եւ մեկուսացաւ՝
Սպասելով որդիների վերադարձին։

Իսկ տաք ճաշից
Բարձրացող անմահական բոյրը
Տարածուել էր՝
Չհամտեսած, չվայելած… տխուր…

ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Պատերազմները
Յօրինել են դժբախտները,
Նրանք տանել չեն կարող
Երջանիկներին։

Եթէ պատերազմ չլինէր,
Մանկութիւնս
Ադամանդէ թեւնոց կը կապեր թեւս,
եւ ես բարձր թռչել կը սովորէի,

Պատանեկութիւնս էլ
Տխուր աչքերով չէր ուղեկցի ինձ.
Պատերազմի դաշտից
Հոսպիտալ տեղափոխուած հօրս
Շարունակում եմ նամակներ գրել,
Նա այդ մասին չգիտի,
Եղբայրներս գուշակում են,

Որ պատերազմից յետոյ
Հայրս շարունակում է պատերազմել՝
Անաղմուկ, ինքն իր հետ։

Եթէ պատերազմ չլինէր,
Ջահելութիւնս
Այնպես աննշան չէր անցնի,
Երեք տարեկան տղաս էլ,
Անունդդ ի՞նչ է հարցին,
Չէր պատասխանի՝
«Մեծ մարդ»։

Եթէ պատերազմ չլիներ,
70-ն անց հայրս
Նորից տուն կառուցելու համար
չէր մտահոգուի.

Հօրս ձեռքերը
Դեռ յիշում են
Իր կառուցած տան պատերի
Տաք շնչառութիւնը։

Եթէ պատերազմ չլինէր,
Ամուսինս գիշերները չէր արթնանայ,
եւ վերացական հայեացքով
Չէր զննի շուրջբոլորը.
Միայն մահուան աչքերը տեսած
Մարդը կարող է
այդպէս անդնդախոր նայել։

Պատերազմները
Երջանիկների համար են,
Որ կորուստներից առաջ
Ձեռքբերումներն արժեւորեն։

ՏԵՍԻԼՔ

Ձեռքս մեկնում եմ, որ հասնեմ քեզ.

Այնքան մօտ ու այնքան հեռու ես,
Որ արթնանում եմ.
Այնքան իմն ես եւ այնքան ուրիշինը,

Որ սարսափում եմ։

ԻՄ ԱՇԽԱՐՀԸ

Եթէ հարցնես՝
Ո՞վ էի քեզ հետ,

Կը պատասխանեմ՝

Աշխարհում
Իմ աշխարհը գտած

Ամենաերջանիկը։

Եթէ հարցնես՝
Քեզնից հեռու
Ո՞վ եմ հիմա ես,

Կը համեմատեմ ինձ
Կիսատ ամպի հետ,
Որն անյաջող թռիչքից
Ընկել է անծանօթ մի տեղ
եւ մոլորուած անձրեւում է։

Եթէ հարցնես՝
Վաղը ո՞վ կը լինեմ ես,
Յանպատրաստից
Կը պատասխանեմ՝
Աշխարհից յոգնած,
Արեւին ձգտող երկտող՝
Ծրարուած քո մէջ։

ՎԵՐԱԴԱՐՁ

Մահապատժից առաջ
Շրջեցի մեր ծանօթ վայրերով,
Աչքերիս ստիպեցի,
Որ արցունքներիս մէջ
Տներ, ծառեր, մարդիկ նկարեն,

Արցունքներս տեղաւորեցի
Հայելապատ շշում,

Որ իմ ինքնութիւնը տեսնեմ,
եւ չմոռանամ իմ ով լինելը,

Ամրակուռ ծառի
արմատները գրկած
Հողից
Մի բուռ լցրի շշի մէջ.

Հողից սիրոյ հոտ էր գալիս։

Քեզ հրաժեշտ չտուեցի,
Հոգուս դուռը բաց թողեցի.

Վերադարձի հաւատը
Պատուհանից
Ձեռքով էր անում։

Հրաժեշտիս չասուած խօսքերը
Սիրոյ խոստովանութիւններ են,
Որոնք պատուհանագոգին նստած
Քեզ ընկերակցում են,
Մինչեւ ես գամ։

Ես կը գամ,
Երբ շշի մէջ երեւայ
Բնութեան զարթօնքը։

ԱՐՑԱԽ

Անցեալը թողել եմ քեզ,

Աշնան տերեւի պէս
Ճօճւում եմ քամուց,

Ընկնելը հեշտ է,
Ծառին մնալն է դժուար,

Բայց քո հանդէպ իմ սէրն ամուր է,
Չես թողնի ընկնեմ,
Երկի’րս,

Փողոցներդ դատարկ չեն,
Մտքերս
Ամեն վայրկեան այնտեղ են
Շրջում,

Այդպէս լինում է`
Երբ չես քայլում,
Բայց քայլում ես։

Եւ մինչ աչքերս մտապահում են
Անծանօթ փողոցների հասցէները,
Այս մեծ քաղաքը փոքրանում է,

Եւ դու երազային ես դառնում։

Երբ ձեռքս մեկնում եմ,
Որ մազերդ շոյեմ,
Հպուեմ դեմքիդ,
Զգամ ջերմութիւնդ,

Արցունքներս սառչում են
Աչքերիս բիբերի վրայ,
Եւ ես կախում եմ գլուխս,
Որ թուլութիւնս չերեւայ,

Յետոյ մասունք առ մասունք
Հաւաքում եմ ինձ
Եւ շարունակում շրջել
Քո փողոցներում,

Այդպէս լինում է,
Երբ ապրում ես,
Բայց չես ապրում։

Ո’չ աշունը, ո’չ քամին
Չեն կարողանում
Ինձ պոկել քեզնից։

Այդպէս լինում է,

Երբ տերեւն
Ամուր է կառչած
Ծառից,
Իսկ ծառի արմատները
Հողի խորքերում են։

* * *

Պատերազմներ տեսած
Սէրն
Ապրեց աւելի երկար,
Քան գիտնականներն են
Համոզում։

Երբ բոլորը լքում էին
Երկիրը,
Սէրը մնաց եւ փրկուեց։

* * *

Ես աննկարագրելի անմեղ էի,
Սարսափելի` մեղաւոր.
Այնքան թոյլ չգտնուեցի,
Որ մինչեւ մահ մնայի քեզ մօտ։

Ես քեզ թողեցի դժոխքում,

Եւ չեմ գտնում դրախտը։

 

Արցախ

One Reply to “Բանաստեղծութիւններ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *