ՃՆՃՂՈՒԿՆԵՐԸ

Պետրոս Աբաջեան

Մի ամառային առաւօտ՝ ժամը հինգի մօտ արթնացել էի եւ փորձում էի նորից քնել: Ոչինչ չէր ստացւում: Անկողնում պառկած, տարբեր, բոլորովին անկապ մտքեր էին անցնում գլխովս: Այսպէս, կէս քուն, կէս արթուն վիճակում տանջւում էի, երբ պատուհանի թանձր վարագոյրի ճեղքից, պատահաբար դուրս նայեցի: Արեւը դեռ չէր ծագել, բայց երկինքը արդէն լուսաւոր էր: Երեւում էր անամպ երկնքի մի կտոր եւ, դրսի պատին ամրացրած, հարեւանի հեռուստացոյցի հաւանաբար վաղուց չգործող անտենայի ժանգոտած եզրը:
Այդ անտենայի միջին լարի վրայ մի թռչուն էր նստել: Ճնճղուկ էր, բայց երկնքի ֆոնի վրայ աւելի մեծ էր թւում: Սկզբում կարծեցի քնած է, բայց տեսայ, որ այս ու այն կողմ է նայում: Կարծում էի կը թռչի կը գնայ, բայց ըստ երեւոյթին այս անկիւնը իր սովորական, ապահով վայրն էր եւ երկար պիտի մնար: Հետաքրքրուած շարունակեցի դիտել: Հանգիստ դէս, դէն նայելուց յետոյ, սկսեց ինքն իրեն կարգի բերել: Տպաւորութիւնն այնպէս էր, կարծես իր առաւօտեան, ամենօրեայ եւ շատ սովորական զբաղմունքն է: Ամենից առաջ, գործնականօրէն ձեռնարկեց վզի մշակումը: խնամքով յարդարում էր աղուամազը, յետոյ կենտրոնացած անցաւ մարմնին: Երկար ու հիմնաւոր ձեւով, կտուցով փետուրներն էր մաքրում: Բաւական ժամանակ այսպէս աշխատելուց յետոյ, անցաւ թեւերին: Ծիծաղելի ձեւով երկարացնելով ձախ տոտիկը, հովհարի նման բացեց թեւը: Ամեն մի փետուրը ամբողջ երկարութեամբ մեծագոյն խնամքով մաքրում էր: Երկրորդ թեւիկին անցնելով, առանց շտապելու շարունակեց կատարել նոյն բանը: Երբեմն թեւերը թողնելով, վերադառնում էր մարմնի եւ վզիկի մշակմանը: Կարծես արածը իրեն չէր գոհացնում եւ նորից ու նորից վերադառնում էր նոյն տեղերին: Այսպէս շարունակեց երկար:
Այս տեսարանը զարմանալիօրէն յիշեցնում էր կնոջս երիտասարդ տարիներին հայելու առաջ կրկնուող առաւօտեան ծիսակատարութիւնը: Կենտրոնացումի եւ շրջապատից վերանալու նոյն վիճակն էր կարծես թէ:
Քիչ յետոյ, մի ուրիշ ճնճղուկ էլ եկաւ եւ մի փոքր աւելի հեռու նստեց նոյն լարի վրայ: Առաջինից աւելի փոքր ու աւելի անշուք տեսք ունէր: Այս նոր եկածի վրայ մի պահ հայեացքը դարձնելով, թռչնակը շարունակեց գործը: Սա, համբերութեամբ սպասում էր: Յետոյ թռաւ գնաց, բայց վերադառնալով նորից համեստօրէն նստեց նոյն տեղում: Մի քանի րոպէ իրար էին նայում: վերջապէս, կարծես համաձայնութեան եկան եւ թռան գնացին: Անշուշտ, միասին կարեւոր գործեր ունէին անելու:
Այս փոքրիկ ներկայացումը դիտելուց յետոյ, սկսեցի մտածել, թէ մենք՝ մարդ արարածներս արդեօք շա՞տ ենք տարբերում այս կենդանիներից: Ակամայ եկայ այն եզրակացութեան, որ դէպի մաքրութիւն եւ գեղեցկութեան կատարելութեանը ձգտելու, միմեանցից կախուածութեամբ, իրար ենթարկելու եւ ենթարկուելու յատկութեամբ, բացայայտօրէն նման ենք իրար: Չեմ կարծում թէ բացի ֆիզիլոգիական բազմազանութիւնից եւ լեզուական, այսինքն իրար հետ յարաբերութեան մէջ մտնելու ձեւերի տարբերութիւնից, ուրիշ որեւէ տարբերութիւն կայ մեր եւ իրենց միջեւ:
Մեր հայ նախնիները, իմաստութեամբ ու իրերի էութեան մէջ թափանցելու ունակութեամբ, կարողացել են ստեղծել բառեր եւ տուել անուններ: Այդ թւում՝ անասուն բնորոշումը, որով կոչել են կենդանիներին՝ ան-ասուն՝ խօսելու կարողութիւն չունեցող: Կարծես թէ մնացած առումներով բոլորովին նոյնն ենք: Գուցէ ճի՞շտ էին եզրակացրել:
Այդ դէպքում ինչպէ՞ս բացատրել, արագ թափ առնող գիտատեխնիկական առաջընթացի օգնութեամբ, մարդկութեան հեռացումը կենդանական եւ բուսական՝ Բնութիւն կոչուող աշխարհից: Մտքի կարողութեամբ, մարդ արարածը քիչ է փոխուել: Չեմ կարծում կրակը իրեն ենթարկած, անիւը ստեղծած կամ քարանձաւի պատին բիզոն նկարած առաջին մարդը պակաս հանճարեղ է եղել, ասենք Նիւտոնից, Լեոնարդոյից, Գալիլէյից կամ Արիստոտէլից: Խոստովանենք, մարդկութիւնը իր ունակութիւններով կարողացել է միայն կեանքին փոքր ինչ յարմարաւետութիւն եւ երկարակեցութիւն աւելացնել: ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ:
Հիմա փորձում եմ մտածել այդ տեսանկիւնով: Արդեօ՞ք իմ տեսած թռչնային զոյգը պակաս երջանիկ էր, քան մեր շրջապատի բարեկեցիկ ապրող շատ մարդիկ: Չէ՞ որ կեանքի իմաստը ապրելն է, փորձել երջանիկ լինելն ու կեանքին նպաստելը: Եթէ ուրիշ բան կայ, բացատրէք ինձ:
Բնութիւնը թէ Արարիչը, անունն ինչ ուզում ենք դնել, բոլորիս՝ մեզ էլ, միւս կենդանիներին էլ տուել է այդ նոյն՝ ապրելու եւ երջանկութեանը ձգտելու հնարաւորութիւնը: Ուղղակի անբաւարարուածութիւնն ու անկշտութիւնը հանգիստ չեն տուել եւ չեն տալու Homo Sapiens կոչուող արարածներիս: Այդ առումով, մենք անուղղելի ենք: Դա էլ, շատ հաւանական է, երբեւէ ամբողջովին վերացնելու է մարդկային գոյատեւութիւնը: Այս դատողութիւններով, մի գուցէ շատ եմ պարզեցնում խնդիրը, բայց կարծում եմ հեռու չեմ ճշմարտութիւնից:

Երեւան
Յուլիս 2023թ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *