Օլ-ինքլուզիւ ապաշխարանք դրախտում

Մհեր Իսրայէլեան

Երբ առաջին անգամ ուղտ նստեցի, գլուխս մի թեթեւ պտտուեց, եւ ուղտի ծուռ սապատների վրայից աշխարհն էլ ծուռ թուաց։ Պատերազմը դեռ չէր սկսուել, իսկ իրականում ոչ էլ աւարտուել էր, երբ ընկերոջս` տաղանդաշատ նկարիչ Արմէն Հինաւուրցեանի հետ հրաւիրուեցինք Անթալիա` մասնակցելու Սեւծովեան աւազանի երկրների նկարիչների մի միջազգային ցուցահանդէս-մրցոյթի։ Հրաւէրը մեզ հասաւ ընկերոջս ապուպապի սահմռկեցուցիչ սպանութիւնից համարեայ հարիւր տարի յետոյ։ Ու թէեւ ականատեսները վաղուց հեռացել էին այս անիրաւ աշխարհից, դէպքը յիշողութեան նեարդին կառչած յանդգնել էր գալ ու միախառնուել թոռանթոռան վրձնի վարպետական թրթիռներին։ Ու քանի որ պատերազմը դեռ չէր սկսուել, իսկ իրականում ոչ էլ աւարտուել էր, ակնկալւում էր, որ ցուցահանդէսը՝ իր խորհրդաւոր «Ապաշխարանք» գլխագրով, անկախ անցեալի մութ ու արիւնոտ էջերից, մի փոքր մխիթարանք էր բերելու արուեստագէտի մեր չարչարանքներին, ու մեր կտաւներին մի քանի գոյն ու երանգ, մի քանի քաջալերանք աւելացնելու հետ՝ յընթացս նպաստէր տարածաշրջանային խաղաղութեան բազմաչարչար գործընթացին։ Մշակութային դիվանագիտութիւն են ասում, ինչ են ասում։ Ու յատկապէս գնահատելի էր այն հանգամանքը, որ «Դրախտ» երանելի անունը կրող հիւրանոցը, որ առատաձեռն կազմակերպիչները պատուիրել էին մեզ համար՝ «օլ-ինքլուզիւ» էր, հինգ հարիւր մետր շառաւղով ցանկացած ուտելիք, իսկ ինչն աւելի կարեւոր է՝ խմելիք, բացարձակ անվճար էր, էլ չասած ծովի տաք ու հոգեպարար ալիքների մասին։
— Թքած թէ ձրի պանիր միայն թակարդում է լինում, — ասելու էր տաղանդաշատ նկարիչ Հինաւուրցեանը։
— Էն Այվազովսկին սուլթանի մեդալները ի զուր էլ էշ-էշ տարաւ ջուրը գցեց, — ցինիկանալու էի ես։
— Ջուրը չգցեց, սիրելի շանը նուիրեց, — հրճուելու էր ընկերս։
— Ձրի խաղաղութիւն, — սրամտելու էի ես։
Եթէ տաղանդաշատ նկարիչ Արմէն Հինաւուրցեանին մի խաղաղ մարդ էք պատկերացնում, հաւանաբար ես եմ մեղաւոր, որ իմ մեղմացուցիչ գրչով նման պատրանք ստեղծեցի։ Նկարիչն ամբողջ ճանապարհին խօսում էր հարիւր տարի առաջ սպանուած իր ապուպապի վրէժը լուծելու՝ ընձեռուած բացառիկ հնարաւորութեան մասին։ Կտաւն էլ, որ մի շնչով ծեփել ու հետն էր բերել ցուցադրելու համար՝ անցեալի ողբերգութեան ինչ-ինչ ակնարկներ էին պարունակում ու գիտակ լսարանին յատուկ յուշելու հարկ էլ չէր լինի։ «Ապաշխարանք դրախտում»՝ հէնց այդպէս էլ վերնագրել էր, իբր ցուցահանդէսի ոգուն ու գաղափարին իր երախտիքի տուրքը մատուցելու շարժառիթով։ Իրականում, մի ծով էր նկարել, հաւանաբար Սեւ ծովը, որի ալիքների փրփուրին կարմրին էր տալիս հարիւրամեայ արիւնը, որ տեղ-տեղ ժամանակի վրձնով լերդացել ու սեւ երանգ էր ստացել։
Ինչ-ինչ, նրանք հիւրընկալութեան յարգը գիտեն, եթէ չեն սպանում՝ տեղը տեղին պատւում են, հինգ հարիւր մետր շառաւղով` «օլ-ինքլուզիւ»։ Հիւրընկալութեան յատուկ խումբը ամեն ինչ անում էր, որ մենք զգանք ինչպէս մեր տանը, ուզում էինք խմել՝ հեռւում կանգնում ու համբերատար սպասում էին, որ չխանգարեն այդ կարեւոր ծէսին։ Ուզում էինք լողալ ծովափին՝ պատրաստուած, լողազգեստով ու փրկօղակներով գալիս էին մեզ հետ՝ բան է թէ յանկարծ խեղդվելու լինենք՝ իրենց հիւրընկալ ձեռքը մեկնեն կամ թէ փրկօղակը նետեն օգնութեան։
— Ճիշտ է, Այվազովսկին մեդալները ջուրը գցեց, բայց իր կտաւները հետագայում պէտք եկան էն ցնդած բիձին, անունը չեմ յիշում, — մտորում էր տաղանդաւոր նկարիչ Հինաւուրցեանը, —հիւպատոսին մոլորեցնելու համար։
— Իրականում նա էր խոր մոլորութեան մէջ, — թեման ցրում էի ես, — աւելի ճիշտ ճանապարհներ կան, ասենք՝ արուեստը, մշակութային դիւանագիտութիւնը։
— Կարմիր ներկ եմ բերել հետս, ամեն դէպքում, — շշնջում էր ընկերս, — որդան կարմիր, վերջում շաղ եմ տալու ցուցահանդէսի բեմահարթակին` ի նշան երախտագիտութեան։
— Շշշ…, — ցուցամատս շուրթերիս էի դնում ես, — իբր ասածը լուրջ ընդունելով։
Մենք մեզ զգում էինք ինչպէս մեր տանը։ Մենք մեր տանն էինք։ Հիւընկալութեան խումբը՝ երեք հոգի, մշտապէս ուղեկցում էր մեզ։ Երեքն էլ՝ տարբեր գերատեսչութիւններից, այն կառոյցներից, որ պատասխանատու են հիւրընկալութեան վեհ գաղափարի համար։ Մէկը պատասխանատու էր մեր անվտանգութեան համար, միւսը՝ բարօրութեան, երրորդը` զուարճանքի։ Ու քանի որ հեռուներում մեծացող որդուս դպրոցական դասարանում կային այդ ցեղի` նոյնանուն երեք զաւակ ու նրանց տարբերակելու համար յաճախ անվանում էինք Մեծ Մըրթ, Միջնակ Մըրթ ու Փոքր Մըրթ, որոշեցինք մեր գործը հեշտացնելու համար այս երեքին էլ համաբանութեան օրէնքին հլու՝ մենք մերոնցով անուանել Մըրթ Մէկ, Մըրթ Երկու, Մըրթ Երեք։
Մըրթ Մէկը մեզ պէտքարան էր ուղեկցում ու հետեւում, որ այդ կարեւոր արարողութեան ժամանակ մեզ վտանգ չսպառնայ, գօտիներս ինչպէս հարկն է ձգենք, վերնաշապիկի ճոթերը դրստենք, մի խօսքով նման մանր-մունր հարցերի գծով էր՝ ինչպէս ասում են։ Մըրթ Երկուսը սրբիչներն ու փրկօղակներն էր պահում, իսկ Մըրթ Երեքը, որ ներկայացաւ որպէս զբօսաշրջութեան ուղեկցորդ, չգիտես ինչու սրան-նրան էր ճանապարհը հարցնում, երբ պէտք էր լինում մի կարեւոր տեսարժան վայր գտնել։ Մի խօսքով՝ օլ-ինքլուզիւ։
Մինչ մենք հինգ հարիւր մետր շառաւղով սկսեցինք չեզոքացնել թշնամական ցանկացած ոտնձգութիւն, պարզուեց տեղական ցածրակարգ գինին, որ օլ-ինքլուզիւի ցանկում էր ներառուած, ոչ էլ արեան համ ունէր։ Գլգլալէն իջնում էր մեր ըմպանով ու ջերմացնում մեր հոգիները։
— Տարօրինակ է, ոչ մի արեան համ, — զարմանում էր ընկերս։
— Դէ հարիւր տարի է անցել,- ուշադրութիւն մի դարձրու, — տարակուսանքը ցրում էի ես։
Մըրթ Մէկը պատմում էր, որ մինչեւ ականջները սիրահարուած է Կարինէին, ում հետ չորս տարի առցանց գրագրութիւն է վարում։
— Մենք սիրում ենք իրար, — հաւաստիացնում էր նա ու լուսանկարը պարզում մեզ` ճանաչու՞մ էք, գեղեցկուհի է։
— Էհ, մեր երկրում կայ շուրջ հինգ հազար Կարինէ, բոլորն էլ` գեղեցկուհի, — բացատրում էի ես։
— Չգիտեմ ինչ կը լինի, — հոգոց էր հանում Մըրթ Մէկը, ու մենք համոզում էինք նրան, որ Կարինէն աշխարհի ամենահմայիչ աղջիկն է ու արժէ երբեւէ յանուն նրա լողալ գետի հոսանքին հակառակ։
— Ափսոս, քո ապուպապը գուցէ սպանել է իմ ապուպապին, — երազին սառը ցնցուղ էր ցայում վաստակաւոր նկարիչ Հինաւուրցեանը։
Մըրթ Երկուսը, որ սրբիչն ու փրկօղակն էր պահում, իր հերթին հետեւում էր, որ չխախտենք հիւրընկալութեան կարգն ու կանոնը։ Երբ ուղտ բանեցնող տղային ինձ օգնելու համար գլանակի պէս ներս ոլորած հինգ դոլար տուեցի, իբր աննկատ՝ Մըրթ Երկուսը անմիջապէս իրար խառնուեց, հետ խլեց դրամը ու խցկեց գրպանս։
— Ուղտն էլ է մերը, հիւրերն էլ են մերը՝ օլ-ինքլուզիւ, — բացատրեց նա։
Ասեմ, որ ուղտի վրայից աշխարհն այլ էր երեւում, թէ սապատներն էին ծուռ, թէ՝ աշխարհը։ Բայց ամեն ինչ անցողիկ է, բարձրանում ես ուղտի վրայ, գլուխդ մի թեթեւ պտտւում է, որոշ բաներ հասկանում ես, որոշներն էլ մութ են մնում, յետոյ` իջնում, հինգ դոլարը մեկնում ես տղային, ու ամեն ինչ վերադառնում է ի շրջանս իւր, ասես ոչինչ էլ չի եղել։
— Իսկ գուցէ քո ապուպապն է սպանել իմ ապուպապին, — Մըրթ Երկուսին էր դիմում տաղանդաշատ ընկերս։
— Չէ հա, ուղտից ընկած կը լինի, — իբր կատակում էր Մըրթ Երկուսը։
Մըրթ Երեքն էլ վատ տղայ չէր, բայց կատակելու գլուխ չունէր։ Նա լրջօրէն ցուցադրում էր քաղաքամուտքի կամարի վրայի «Ուրարտու» մակագրութիւնը, բացատրում այդ հնամենի երկրի կապը իր ցեղակիցների արմատների հետ ու հպարտանում։ Ի վերջոյ զբօսաշրջութեան ուղեկցորդ էր։ Բայց ի ծնէ լինելով զբօսաշրջութեան մեծ վարպետ, հենց միանգամից արդարացաւ, թէ ապուպապերի հարցից բան չի հասկանում։ Բացատրեց, որ մի չորրորդ մարդ էլ կայ՝ Շեքիւրէն, իսկական հարցի փորձագէտ, որ հիմա կը կանչի նրան ու մենք մեզ իսկապէս կը զգանք ինչպէս մեր տանը։ Մինչ մենք սպասում էինք փորձագէտին, գինին գլգլալէն մեր ըմպանով գլորւում էր ցած ու մի աներեւակայելի ջերմութեամբ պարուրում մեր հոգիները։ Մըրթ Երկուսը անվերջ պատմում էր, թէ ինչ չքնաղ էակ է իր Կարինէն, թէ վաղ թէ ուշ հասնելու է նրան ու մեծ երկիր բերի։ Մըրթ Երկուսն ու Մըրթ Երեքը անվերջ ժպտում էին յիմարաւուն ժպիտով, իսկ տաղանդաշատ նկարիչ Հինաւուրցեանն արդէն սպառնում էր պատմել իր ապուպապի սահմռկեցուցիչ սպանութեան բոլոր մանրամասները, մի արնաշաղախ պատմութիւն, որին ամեն փխրուն սիրտ չէր դիմանայ։
— Մի օր համբերի, ցուցահանդէսին կը մեխես, մրցանակը քոնն է, — իբր հանգստացնում էի ես։
Ամեն ինչ շաղւում էր մեր աչքի առաջ, ուղտն արդեն չորս սապատանի մի հրէշ էր մեր աչքին, որ հիմա թուքը կը կուտակի բերանում ու կը թքի աշխարհի երեսին։ Մենք փորձել էինք ամեն-ամեն ինչ, հինգ հարիւր մետր շառաւղով։ Մենք կլլել էինք թափանցիկ եւ գունաւոր բոլոր տեսակի հեղուկները ու նոյնիսկ տեղական զզուելի անիսոնը, ու պատրաստ էինք փսխել մեր մաղձը մեր դառը ճակատագրի վրայ, երբ իր ողջ շքեղութեամբ յայտնուեց չորրորդ մարդը` Շեքիւրէն։ Ես ասեմ մարդ, դուք պատկերացրէք մի արեւելեան դշխուհի։
—Շեքիւրէ, — ներկայացաւ նա, — դուք մեր հիւրերն էք, եւ ես պարտաւոր եմ ապահովել ձեր հոգու ներդաշնակութիւնը։
Ասեմ, որ Շեքիւրէի սեւ կրակոտ աչքերն ու հրաշագեղ մարմնամասերը ոչ մի ընդհանուր բան չունէին տաղանդաշատ նկարիչ Հինաւուրցեանի ապուպապի սահմռկեցուցիչ սպանութեան հետ։
— Մենք մեծ երկիր ենք, — ասում էր Շեքիւրէն, — մեծ ազգերը մեծ սխալներ են գործում, փոքրերը՝ փոքր։ Հիմա խաղաղութեան դարաշրջան է։
— Իսկ եթէ քո ապուպապը սպանել է իմ ապուպապին, — արդէն համարեա թոթովում էր նկարիչ ընկերս։
— Առաջարկում եմ երաժշտութիւն լսել, մոռանալ անցեալի արիւնոտ էջերը, ընդհանուր ապագայ կառուցել, — ժպտում էր Շեքիւրէն, ու աչքերից կրակ էր թափւում։
— Իսկ եթէ քո պապը մարդասպա՞ն է, — անդրդուելի էր տաղանդաշատ նկարիչը, — իսկ եթէ…
Շեքիւրէն ընկղմուել էր պատմութեան խրթին խորխորատների մէջ։ Դրութիւնը փրկելու համար նա գործի էր դրել կախարդի ողջ հմայքը։ Նազանի ձեռքերը այսուայնկողմ էին տարուբերւում, հիւթեղ կուրծքը աշխոյժ թրթռում էր ու խտտում մեր ծածուկ երեւակայութիւնը։ Թւում էր, թէ ու որ է՝ շառաչուն ապտակը կ՚իջնի տաղանդաշատ նկարչի՝ գինուց կաս կարմիր կտրած դէմքին ու կը սթափեցնի նրան, ուր որ է՝ կ՚աքցանի նրա կոկորդը ու կը սկսի անխղճաբար խեղդել, ուր որ է՝ ճանկերը աչքը կը խրի, երբ մեր նկարիչը օդում ճարպկօրէն որսաց Շեքիւրէի նազանի ձեռքը ու … մի քնքուշ համբոյր դրոշմեց ափին։ Մի քանի վայրկեան լռութիւն, եւ հռհռոցը տարածուեց հինգ հարիւր մետր շառաւղով։ Հռհռում էի ես։ Հռհռում էին Մըրթ Մէկը, Մըրթ Երկուսն ու Մըրթ Երեքը։ Հռհռում էր Շեքիւրէն։ Հռհռում էր տաղանդաշատ նկարիչ Արմէն Հինաւուրցեանը։ Եթէ Կարինէն այդտեղ լինէր, Մըրթ Մէկը ամուսնութեան առաջարկ կ՚անէր նրան։ Եթէ նկարչի ապուպապը այդտեղ լինէր, հաստատ ինքն էլ ծիծաղից կը մեռնէր։
Այդ գիշեր տաղանդաշատ նկարիչ Արմէն Հինաւուրցեանը երազ տեսաւ։ Շահած մրցանակը` սուլթանի շռայլ մակագրութեամբ «Կարմիր վրձինը» սիրելի շան վզին կապեց, յետոյ նաւարկեց ծովի խորքը ու զզուանքով ալիքների ողորմածութեանը յանձնեց, ճիշտ մեծ ծովանկարչի պէս։ Ապուպապը երկնքից ժպտաց ու թփթփացրեց ուսին։
Երբ առաւօտեան, խիղճներս հանգիստ, բացեցինք մեր աչքերը, ընկերս ասաց.
— Լիակատար դրախտի համար մեզ միայն սեւ սուրճն է պակասում, հենց ծովի ափին, ոտքներս ջրի մէջ կախած։
Այ սա դրախտ է որ կայ, իսկական ապաշխարանք։ Ծովի գոլ ծփանքը խտտում էր մեր մերկ ու անմեղ ոտքերը։ Շեքիւրէն հանդարտ լողում էր ու կոհակ առ կոհակ մօտենում մեզ։ Այ քեզ բան… Եւս մի քանի մետր, եւ ձկնիկը ցանցը կ՚ընկնի։ Այ սա իսկական վերջաբան կը լինի։ Այ թէ կարթի կեռիկից կախուած ոնց կը թփրտայ, ինչ տեսարան կը լինի, կ՚ուզենք ջուրը կը նետենք, չենք ուզի՝ չենք նետի։ Կ՚ուզենք ձեռքը կը պաչենք, չենք ուզի` չենք պաչի։
— Վրձի՛նս, — գոռալու էր տաղանդաշատ նկարիչը։
— Ու՛ղտ բերէք ինձ, — գոռալու էի ես։
Բայց ցաւօք, միշտ չէ, որ պատմութիւնը մեր ուզածով է լինում, յաճախ խոտոր ընթացք է բռնում։ Մանաւանդ, երբ գործին Շեքիւրէի պէս կրակոտ մէկն է խառնուած։ Այնպէս որ, մեզ տեսնելով աղջիկը պիտի այլայլուէր ու կտրուկ շրջադարձով ու թիթեռնիկ լողաոճով յօդս ցնդեցնէր մեր սին յոյսերը։ Խումարի թեթեւ գլխապտոյտը աւելի էր գեղեցկացրել նրան։ Շեքիւրէն չքնաղ էր հանց ջրահարս։ Նրա սլացիկ ու հիւթեղ մարմինը համաչափ ճողփիւններով ճեղքում էր ծովի փրփրաշատ ալիքները ու հանդարտ հեռանում դէպի պատմութեան հարիւրամեայ խորքերը։ Մենք կկոցել էինք մեր աչքերը, որ աւելի երկար վայելէինք խումարի բերած ճօճքը։ Ծովը ալեկոծւում էր ու տեղ-տեղ կարմրին տալիս…

Երեւան

(Գրանիշ)

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *