ԻՄ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ

Պետրոս Աբաջեան

Մայրս ասում էր, որ վեց տարեկանում այբուբենը սովորելուց յետոյ, ես անմիջապէս եւ հեշտութեամբ սկսել եմ կարդալ: Դեռ այն ժամանակից եւ ինչքան ինձ յիշում եմ, սիրել եմ կարդալ: Բայց մեր տանը գրքեր չկային: Չկային, եթէ չհաշուենք Աստուածաշնչի Հին ու Նոր Կտակարանները, բողոքականների հոգեւոր երգարանը եւ Հայաստանից ուղարկուած՝ Ստեփան Զօրեանի պատմուածքների շատ անգամ կարդացուելուց քրքրուած գրքոյկը: «Քրիստեանիոսի Ճանապարհորդութիւնը» վերնագրով հայատառ թուրքերէն գիրք էլ կար՝ մի նկարազարդ, հոգեւոր արկածային վէպ: Այս վերջինը միայն տատս կարող էր կարդալ: Մնացած բոլորը, ես եւ մեծ եղբայրս կարդացել եւ բազմիցս վերընթերցել էինք: Մանաւանդ շատ էինք կարդում Հին Կտակարանի հրէական պատմութիւնները: Ուրիշ ոչինչ չկար եւ ամենափոքր տարիքից մեր ընտանիքում կարդալու անյագ պահանջ ենք զգացել:
Այդ էր պատճառը, երբ եկանք Երեւան, ինձ համար մեծագոյն յաջողութիւն եւ երջանկութիւն դարձաւ, Թումանեան փողոցի վրայի մի հին շէնքի երկրորդ յարկում, գտնուող Խնկօ Ապոր անուան Մանկական գրադարանը:
Գրադարանը «Մանկական» միայն կոչւում էր: Որովհետեւ այդ գրադարանի ընթերցասրահում եմ կարդացել բացահայտօրէն ոչ մանկական՝ հայկական, ռուսական եւ աշխարհի՝ հայերէն թարգմանուած հաւանաբար ամբողջ դասական գրականութիւնը: Գրադարանը լիքն էր մեր տարիքի համար չափազանց լուրջ գրքերով: Այդպիսիք էին Ռոմէն Ռոլանի «Ժան Քրիստոֆ»-ի հատորները, Տոլստոյի վէպերը, Դոստոեւսկի, Ֆոնվիզին, Չեխով, Հիւգօ, Ռաբլէ, Սերվանտէս, Անատոլ Ֆրանս, Ստենդալ, Մոպասանի մեզ էրոտիկ թուացող պատմուածքները, Ֆեխտվանգեր, նոյնիսկ Գերցեն եւ Բելինսկի: Այս անունները անկապ կարգով եմ գրում, այնպէս ինչպէս կարդում էի: Հասկանալի է կարդացել եմ նաեւ աւելի մատչելի Մարկ Տուէյն, Ժիւլ Վեռն, Ստիվենսոն, Դիկենս, Դեֆոյ, Գայդար, Կավերին, Հաշեկ, Ալեքսէյ Տոլստոյ եւ հայ դասական եւ ժամանակակից գրողների գործեր: Հաւանաբար կարդացածս շատ հեղինակներ բաց թողեցի, որովհետեւ հիմա բոլորը չեմ յիշում:
Կարդում էի ագահաբար, առանց խտրութիւն դնելու եւ ընտրութեան, ինչ որ կար գրադարանում: Ընթերցասիրութիւնս հիւանդագին չափերի էր հասել: Գրադարանից վերցնում, հետս տանում կարդում էի տրանսպորտի մէջ, տանը, դասի ժամանակ գրասեղանի դարակում թաքցրած, որտեղ պատահէր: Որոշ ժամանակ յետոյ, ռուսերէն էլ էի կարդում, բայց հայերէն լեզուով գրադարանում անսիստեմ կլանածս գրականութիւնը կազմել է երբեւիցէ կարդացածիս գերակշռող մասը: Հասկանալի է այդ տարիքում բոլորը ընկալել հնարաւոր չէր, բայց կարդալով մտնում էի ինձ անծանօթ, շատ հետաքրքիր հրապոյրներով լեցուն աշխարհների մէջ, որտեղից ինչ որ պատկերացումներ եւ գաղափարներ, հաւանաբար նստուածք թողնում էին ենթագիտակցութեանս մէջ:
Առաջ անցնելով ասեմ, որ հետագայում հայ գրականութեան մեր ուսուցչուհի ընկեր Ալեքսանեանի ազդեցութեամբ աւելի խստապահանջ էի վերաբերւում գրողների եւ գրականութեան նկատմամբ:
Այն տարիներին, մեր սերունդի հետաքրքրասիրութիւնը յագեցնելու, կամ ինչպէս ընդունուած էր ասել՝ «Իմացութեան սահմանները» ընդարձակելու, ամենամատչելի միջոցը ընթերցանութիւնն էր: Մասամբ էլ կինոյի՝ Սովետական եւ ինչպէս տիտրերում [վերնագրերում] էին գրում, Գերմանիայից ռազմաւար վերցրած արտասահմանեան կինոֆիլմերն էին:
Չնայած այդ շրջանի կարդացածիս առանց ընտրութեան եւ անսիստեմ լինելուն, այն հնարաւոր է օգտակար էր եղել, որովհետեւ դպրոցում գրականութեան դասերը ինձ համար շատ հեշտ էին լինում:
Իններորդ եւ տասերորդ դասարաններում հայ գրականութան մեր ուսուցչուհին, ինչպէս ասացի, ընկեր Ալեքսանեան Պարուսիկն էր: Պարուսիկ անունը հաւանաբար իր ծննդեան ժամանակներում, միամտօրէն ռուսականին ամեն ձեւով տուրք տալու ձգտումով հնարած, парус – առագաստ խօսքին է համապատասխանել: Յամենայն դէպս այդ օրիգինալ անուան ծագման ուրիշ բացատրութիւն չեմ գտնում:
Առաջին հայեացքից՝ նիհար, բարձրահասակ, բարի աչքերով ընկեր Ալեքսանեանը մեր միւս ուսուցիչներից առանձնապէս չէր տարբերւում: Միայն, մեր նկատմամբ աւելի հանդուրժող, հաւասարակշիռ եւ մեծահոգի էր: Յիշում եմ, երբ իր դասին աղմկում էինք, բոլորովին չէր բարկանում: Ընդհակառակը, փոխանակ սաստելու եւ գոռալու մեզ վրայ, ձայնը իջեցնում էր: Դա շատ աւելի ազդեցութիւն էր ունենում: Բայց սա չէր գլխաւորը: Միւս դասատուներից իրեն տարբերում էր այն, որ մեզ՝ աշակերտներիս վերաբերւում էր ինչպէս իրեն հաւասար, բանական արարածների, որոնց հետ կարելի էր մտքեր փոխանակել, վիճել եւ սարսափելի է մտածել անգամ, թոյլ տալ չհամաձայնել իր հետ:
Նկատել էր, որ ես դասի ժամանակ, դարակի տակ դրած գիրք եմ կարդում: Մի անգամ, ինձ կանչեց դաս հարցնելու եւ մօտենալով իմ նստարանին, գրադարակիցս հանեց բաց դրած գիրքը: Նաեց, տեսաւ թէ ի՛նչ է կարդացածս: Դա Տոլստոյի «Մանկութիւն եւ պատանեկութիւնն» էր: Գիրքը ցուցադրաբար փակեց եւ առանց խօսելու, դրեց դարակի մէջ: Այդ դէպքից յետոյ, ես ամաչում էի իր դասերին նման բան անել: Բայց միեւնոյնն է, իր մանկավարժական մօտեցումը եւ մեծահոգութիւնը չարաշահողը՝ շատ ուրիշ հարցերում ես էի լինում:
Երբեմն իր մօտ փորձում էի գրական թեմաներով դատողութիւններ անել, համեմատելով ասենք Րաֆֆու «Սամուէլ» վէպը Վալտեր Սքոթի «Քուենտին Դորուարդի» հետ: Այդ համեմատութիւնը հայ գրողի օգտին չէր ստացւում: Ինքը համբերութեամբ ինձ բացատրում էր, որ պէտք է հաշուի առնել այն ժամանակն ու միջավայրը որտեղ ապրել են գրողները եւ այն խնդիրները որոնք իրենք դրել են իրենց առաջ: Ես այն ժամանակ միամտօրէն, գրքեր գրելու պրոցեսը պատկերացնում էի, բնական, առանց ուեւէ դրդապատճառի, ինքն իրեն ստացուող երեւոյթ եւ միշտ չէ, որ համաձայնում էի: Պնդում էի, որ գրականութեան մէջ շատ աւելի կարեւոր է գործողութիւնների, առանց յատուկ նպատակների հետաքրքիր ընթացքն ու համոզիչ շարադրելու վարպետութիւնը, քան բարոյախօսութիւնները:
Յաճախ մեր վէճերը շարունակւում էին դասամիջոցներին: Երբեմն, ես մանկական ամբարտաւանութեամբ չափն անցնում էի: Այդ դէպքում, ինքը չէր բարկանում, միայն ներողամիտ քմծիծաղ էր տալիս: Բարեբախտաբար, այնքան խելք ունենում էի, որ հասկանալով, շփոթուած լռում էի: Նկատել էի, որ սկսել էր աստիճանաբար ինձ առանձնացնել միւս աշակերտներից:
Իններորդ դասարանի երկրորդ քառորդի վերջում դպրոցական ծրագրի մէջ, Դերենիկ Դեմիրճեանի «Վարդանանք» վէպն էր: Ինչպէս միշտ, ընկեր Ալեքսանեանը հետաքրքրուեց, կարդացե՞լ եմ: Խոստովանեցի, որ սկսել եմ կարդալ, բայց չեմ կարողացել աւարտել, որովհետեւ բոլորովին չեմ հաւանել: Ինքը չընդունեց դա եւ յանձնարարեց անպայման կարդալ: Իմ մեծ եղբայր Սուրէնը նոյնպէս շատ էր կարդում, բայց ի տարբերութիւն ինձ, սիրում էր նաեւ գրքեր հաւաքել: Ես, իր գրապահարանի մէջ փնտռելով գտայ գիրքը եւ ազնուօրէն, փորձեցի կարդալ:
Թող ներեն ինձ մեր նշանաւոր գրողի երկրպագուները, բայց մի քանի էջ կարդալուց յետոյ, բառացիօրէն մի կողմ նետեցի գիրքը: Ճոռոմ ու կեղծ գրաբարեան լեզվով խօսող հերոսները, ինձ ներւայնացնում էին: Յետոյ իմ շրջապատում շատերից լսել եմ նման կարծիք:
Հիմա հանդիսաւոր երդւում եմ, եթէ ծանօթներիցս որեւէ մէկը անկեղծօրէն ասի, թէ ինքը մինչեւ վերջ կարդացել է «Վարդանանքը», ես ներողութիւն կը խնդրեմ եւ գտնելով այդ գիրքը, անպայման մինչեւ վերջին տողը կը կարդամ:
Ընկեր Ալեքսանեանը չէր մոռացել եւ յաջորդ օրը հարցրեց.
— Պետրոս Աբաջեան, կարդացի՞ր Վարդանանքը:
— Ոչ, ընկեր Ալեքսանեան, փորձեցի բայց չկարողացայ:
— Չէ, անպայման, պիտի կարդաս: Տես, այս անգամ երկու չեմ դնում, բայց վաղը նորից եմ հարցնելու:
Ես գիրքը նոյնիսկ չփորձեցի բացել:
Յաջորդ դասին, ինքը դարձեալ յիշում էր եւ դասարան մտնելով, դռան մոտից հարցրեց.
— Աբաջեան, կարդացի՞ր Վարդանանքը:
— Ոչ, — յամառօրէն պատասխանեցի ես:
Այդ օրը առաջին անգամ, գրականութիւն առարկայից երկու ստացայ:
— Պիտի կարդաս, անպայման պիտի կարդաս, — պնդում էր ընկեր Ալեքսանեանը:
Միւս դասին, արդէն ձեւաւորուած հարցը տալով եւ նոյն պատասխանը ստանալով, մատեանի մէջ իմ անուան դիմաց մի նոր երկու եւս նշանակեց:
Չերկարացնեմ. այնուհետեւ մինչեւ տարեվերջ, ընկեր Ալեքսանեանը ինձ ոչ մի անգամ դաս չհարցրեց, միայն երբեմն կրկնում էր նոյն չարաբաստիկ նախադասութիւնը, ստանում էր նոյն պատասխանը եւ ինձ երկուներ էր դնում: Մենք այլեւս չէինք խօսում, կամ վիճում: Նման յարաբերութիւնները այս ձեւով շարունակուեցին մինչեւ տարեվերջ:
Տարեվերջին, իր դասի զանգից առաջ ինձ կանչեց եւ խիստ ասաց.
— Աբաջեան, տարեկանդ երկու է գալիս: Յաջորդ դասը սովորի, հարցնելու եմ:
Հասկացայ, որ ուզում է ինձ խնայել եւ այս ձգձգուած խաղն աւարտել:
Արդէն չեմ յիշում ինչ էր դասը, որը ջանասիրաբար սովորեցի եւ յաջորդ օրը լաւ պատասխանեցի: Ալեքսանեանը աչքերիս մէջ նայելով հարցրեց.
— Հիմա քեզ չորս նշանակեմ, թէ հինգ:
— Ի հարկէ հինգ, — վստահ ասացի ես:
Ընկեր Ալեքսանեանը համաձայնեց եւ ինձ հինգ նշանակեց: Յանկարծ տեսայ, որ իմ տարեկանն է հինգ նշանակել: Չեմ թաքցնում, ինձ համար դա շատ հաճելի էր, բայց անկեղծօրէն բողոքեցի, ասացի որ ես նկատի ունէի միայն այդ դասի պատասխանը: Նա բարեհոգի ծիծաղելով, կարճ ասաց.
— Ոչինչ, դու արժես:
Այսպիսով մեր հաշտութիւնը կայացել էր եւ յաջորդ ամբողջ տարին, չնայած երբեմն ինչ որ գրական հարցեր քնարկում էինք, ես շատ աւելի պարկեշտ էի պահում ինձ եւ չէի վիճում:
Յետոյ, վերջապէս դպրոցն աւարտեցինք: Կեանքը մեզ համար բոլորովին ուրիշ դարձաւ: Մենք մեծանում էինք եւ ինչպէս մի օր դպրոցի պահակն ասաց, «դախացել» էինք: Արագ եւ անհետ մոռացւում էր դպրոցի հետ կապուած ամեն բան:

* * *

Դպրոցը մեր տանից բաւական հեռու էր եւ ես միայն մի քանի տարի յետոյ, պատահաբար եղայ այդ կողմերում: Երբ տեսայ շէնքը, անսպասելի մի տարօրինակ ու անորոշ զգացում պատեց ինձ: Կարօտեցի դասարաններին, ուսուցիչներին, նոյնիսկ նաւթի հոտ փչող միջանցքներին: Մի զարմացէք, այն ժամանակ միջանցքների փայտէ, կարմիր ներկած յատակները նաւթով էին մաքրում: Այդ օրը դաս չկար: Պահակը դեռ նոյն էր, ճանաչեց ինձ եւ ներս թողեց: Շրջեցի միջանցքներով: բացեցի դասարանների դռները: Յատուկ ջերմութեամբ յիշեցի իմ սիրելի ընկեր Ալեքսանեան Պարուսիկին: Նախկինում շատ սովորական ու բնական թուացող իր անձնաւորութիւնը, հիմա պատկերացաւ ինձ բոլորովին այլ ձեւով:
Յետոյ, շատ յետոյ, երբ աւելի քան յիսուն տարի էր անցել, մի անգամ մեր դասարանից քիչ մնացած ընկերներիցս մէկի՝ Ալիմեան Էդգարի հետ, յիշում էինք դպրոցը: Մենք արդէն զաւակներ եւ նոյնիսկ թոռներ ունէինք: Ես խօսեցի մեր ուսուցչուհի Ալեքսանեան Պարուսիկի մասին: Ասեցի, որ շատ կ՚ուզէի տեսնել իր հարազատներին եւ շնորհակալութեան խօսք ասել:
Էդգարը գիտէր որ Մանկավարժական ինստիտուտի ընկերներից մէկը ծանօթ է Ալեքսանեանի որդու հետ: Խոստացաւ գտնել եւ հանդիպում կազմակերպել:
Մի քանի օր յետոյ, Էդգարը անսպասելի լուր բերեց: Պարզուեց որ իմ սիրելի ուսուցչուհին ողջ առողջ է եւ ապրում է, իր տղայի ընտանիքում: Մեր ուրախութիւնը սահման չունէր: Պատրաստուեցինք եւ յաջորդ օրը գնացինք Այգեստանի թեք լանջի վրայի իրենց հին տունը:
Մեր ուսուցչուհին մեծացել, բայց շատ չէր փոխուել: Մենք համբուրեցինք իր խորշոմած ձեռքերը:
Էդգարին անմիջապէս յիշեց, բայց ինձ չճանաչեց: Ես շփոթուեցի եւ մտովի լրջօրէն վիրաւորուեցի: Չէ՞ որ իր սիրելի աշակերտը ես էի: Յետոյ հասկացայ պատճառը. հիմա ես առատ մօրուքով էի եւ գլխիս երբեմնի գանգուրները այլեւս չկային:
Ասացի անունս եւ ինքը անմիջապէս յիշեց.
— Աբաջեան Սուրիկը քո մեծ եղբայրն էր:
Յետոյ մտածելով աւելացրեց.
— Դուք նման չէիք իրար, ձեր հայեացքներն էին նման:
Տարիքը իննիսունից անցել էր, բայց նոյն՝ բարի եւ իմաստուն, մեր ընկեր Ալեքսանեան Պարուսիկն էր մնացել:
Այդ երեկոն շատ յուզիչ էր բոլորիս համար: Ես ջերմ խօսքեր գտայ ասելու իրեն, այն աստիճան, որ աչքերին արցունքներ երեւացին եւ գրկեց ինձ: Յետոյ խօսեցինք մեր դպրոցի եւ ուսուցիչների մասին: Յիշեցինք տնօրէն Գուրգեն Ստեփանեանին: Ինքը զարմանալի բաներ պատմեց, նրա եւ շատ ուրիշ ուսուցիչների մասին: Բայց այդ մասին, գուցէ մի ուրիշ անգամ:
Երբ վերջում հրաժեշտ էինք տալիս, ծիծաղելով հարցրեց.
— Աբաջեան, դու «Վարդանանք»-ը այդպէս էլ չկարդացի՞ր:
— Ոչ, — նոյնպէս ծիծաղելով պատասխանեցի ես:
Ամեն, ամեն ինչ գիտէր եւ յիշում էր, իմ սիրելի, իսկապէս իմաստուն ուսուցչուհի ընկեր Ալեքսանեան Պարուսիկը:
Այդ պահին, մեզ համար, ժամանակը ետ էր գնացել եւ ես իր երեխայ աշակերտն էի դարձել, ինքն էլ իմ երիտասարդ, մեծահոգի ուսուցչուհին էր:

Երեւան
2024թ. փետրուար

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *