Հեծանիւը

Լեւոն Խեչոյեան

Ձմեռային արձակուրդների հետ սկսուեց շաբաթներով չդադարող բուքը, ու մայրաքաղաքից Ախալքալաք եկած ուսանողներս տրակտորով հասանք գիւղ։ Գիշերները կարճելու եւ ինձ հետ խօսելու համար` Օվանէսը գալիս էր մեր տուն։ Թիթեղեայ տուփից ծխախոտներն էր հանում, հատիկ֊հատիկ շարում վառարանի արմունկին՝ չորացնելու։ Յետոյ ռադիոընդունիչի պտուտակն էր շուռումուռ տալիս, կանգնեցնում հեռուներից եկող մի մեղեդու վրայ ու կզակը յենած ձեռնաթաթին՝ լուռ նստում էր, ինձ էր նայում։ Կէսգիշերին, նորից երկու մատների արանքում տրորելով մի քանի հատ մնացած ծխախոտները, մէկիկ֊մէկիկ հաւաքում էր տուփի մէջ, առանց բարի գիշեր ասելու, ձմռան բքի միջով գնում էր տուն։ Գուրգէն տացուիս(*) ասելով՝ նա մեր ինչ֊որ բարեկամն էր։ Իմ գիրք կարդալու պահին` Օվանէսը նոյն դիրքով անշարժ էր. էջերը շրջելիս տեսնում էի նրա անփոփոխ դիրքը։ Ռադիոընդունիչի մեղեդին խառնւում էր սեղանի շուրջը թղթախաղով զբաղուածների աղմուկ֊աղաղակին։ Նրա անշարժ, մոռացկոտ դիրքը, թափառաշրջիկ հայեացքը, արդէն եօթերորդ օրը չդադարող գիշերուայ մէջ անընդհատ ոռնացող փոթորիկն ինձ համբերութիւնից հանում էին։ Առաջինը ես խօսեցի, ասացի. «Այն ժամանակ Բաւականն ինձ յիսուն ռուբլի տուեց»։ Աչքերի մէջ զարմանք կար, յետոյ՝ վախ։ Կակազեց. «Հասցէն յիշո՞ւմ ես, մանչ, ներսիս կրակ կայ, սիրտս մխում է»։ «Եսիմ, շատ տարիներ են անցել»,— ասի. «Համ էլ այնտեղի բոլոր գիւղերն էլ համարներով էին։ Հաստատ յիշում եմ, այն գիւղն անուն չունէր, թիւ էր»։ Ասաց. «Մանչ, բուքը որ կանգնի, ինձ հետդ տար»։ Ասաց. «խօսա, ինչո՞ւ ես լռում»։ Ես էլի չէի խօսում։ Նա մէկ֊մէկ, երկու մատների արանքում տրորելով, ծխախոտը հաւաքեց տուփի մէջ, գնաց սովորականից շուտ։

Այն ժամանակ, գիւղից հինգ֊վեց հոգի հաւաքուել, բեռնատար մեքենայով կարտոֆիլ էինք տանում ծախելու։ Օվանէսի նոսր բեղիկներով կինը, որի բերանը ծռուել, ականջին էր հասել (նրանց գոմում խաչքար կար, ասում էին՝ մութն ընկնելուց յետոյ վախեցել էր ոտաց ճանապարհ դուրս գնալ, սրբի կողքին էր վատ բան արել, գիշերը քնել, առաւօտեան զարթնել, տեսել էին բերանը ծռուել, ականջին է հասնում։ Գիւղի միւս կէսն էլ խօսում էր, թէ այդ առասպելը Օվանէսի համար է յօրինուել). արդէն հարիւրերորդ անգամ ինձ խնդրում էր, որպէս բարեկամի, Օվանէսին շուկայում տալ֊առնելու գործի մէջ լաւ նայեմ, ասում էր. «Դու քո հօրեղբօրն ինձանից լաւ գիտես, երեք իշու գարի չի կրնայ բաժանել, շփոթուել գիտէ, մանչս։ Նրա հաշիւը դու արա»։
Երկու օրում հասանք Հայաստան։ Շուկայում շեղջերով դիզուած կարտոֆիլ կար, բաժանուեցինք երկուս֊երկուսի, մեքենայ վարձեցինք, սկսեցինք շրջել գիւղերը։ Կարմիր կաւահողի միջով գնացինք, գնացինք, ոտքներիս տակ տեսնում էինք սեւ բզէզին՝ փայլող ինչպէս բիբը, երբ խանութի պատի տակ, կշեռքի կողքին դասաւորում էինք պարկերը, Օվանէսը զարմացած շուրջը նայեց. «Մանչ, տես ինչ անուշ են ծաղկել, ասես ոչխարի գառներ լինեն»։ Առաջին անգամ էինք ծաղկած ծիրանենի տեսնում։ Վարորդը վարձի մի մասը ստացաւ, երեկոյեան էլ պիտի գար մեզ տանելու։ Առեւտուրը լաւ էր գնում, երկուսիս հաշիւը ես էի անում՝ թաքուն նայելով թաքցրած բազմապատկման աղիւսակին։ Մի կին մեզանից կարտոֆիլ գնեց, Օվանէսին խնդրեց պարկը տուն հասցնել։ Ասացի. «Չէ, չտանես»։ Կինը հարցրեց. «Ինչո՞ւ»։ Ասացի. «Մենք ծառայ չենք։ Ծառայել չէ՞ք ուզի»։ Ինձ ասաց. «Էս ո՞վ է։ Դու ձէնդ կտրի։ Մատմ երեխայ է, վեց֊եօթերորդ դասարանի աշակերտ, չարչու նման գիւղերն ընկած կարտոֆիլ է ծախում։ Դու հայր, մայր ունե՞ս, չեն էլ ամաչում, գցել են փողոցները»։ Շատ վարժ էր խօսում։ Օվանէսի քրտինքը ծորում էր, ու ճոճւում էր եօթանասուն կիլոգրամանոց պարկի տակ, քստքստացող սապոգները դեղին֊դեղին հողի վրայ առաջ են գնում, աչքի միջով է քայլում։ Վերնաշապիկի թեւքի տակ կարը բացուել էր։ Կինը, բարակ գարնանային խալաթի մէջ ալիքուելով, գնում էր նրա ետեւից, պարզ գծագրւում է յետոյքը։ Այդ կնոջից վախենում էի, ցանկանում էի, որ նա առաջ անցնի, չմտնի Օվանէսիս կարկատած շալվարի յետեւը։
Արդէն վաղուց մեր երկուսի կարտոֆիլն էլ ծախել, վերջացրել էի, Օվանէսը չկար։ Խանութի պատի տակ, կշեռքին նստած՝ մտածում էի, յետոյ որոշեցի մի քիչ էլ սպասել ու գնալ միլիցիա։ Քիչ անց մոծակները պարսերով եկան, չէին թողնում քնել։ Կէս քուն, կէս արթուն յիշում էի՝ Օվանէսի փողերը ծոցագրպանումս էին։ Ցանկանում էի նրա փողերի վրայից յիսուն ռուբլի վերցնել, ահագին ժամանակ չգիտէի այդ յիսուն ռուբլին գողանա՞մ հեծանիւ գնելու համար, թէ՝ ոչ։
Արդէն արեւը ծիրանենիների պուրակում էր իջել։ Վարորդը եկել էր, մենք Օվանէսին էինք սպասում։ Վարորդը մի քանի հատ ծխել էր, ինձ ծխախոտ չէր տալիս։ Ասաց. «Քիթդ չես կարողանում մաքրել, ուզում ես ծխե՞լ»,— ասաց. «Ով գիտէ՝ ի՞նչ կնոջ ձեռք է ընկել, խոմ ես չեմ կարող այդքան երկար սպասել։ Ես գնում եմ, իմ հասանելիքը տուր, ես գնամ։ Մթան միջով, ծառերի կապտաւուն խոշոր զանգուածից կովը եկաւ, եկաւ, մեր դիմաց բառաչեց»։ Վարորդն ասաց. «Ձայնդ կտրիր, մի լացի, չեմ գնում, էլի կը սպասեմ»։ Յետոյ, կշեռքի վրայ դիզուած դատարկ պարկերին նստած, ես էլ ծխեցի։ Այստեղի մարդիկ շոգից այգիներում ու տների պատուհանները բացած էին քնում։ Օվանէսը եկաւ, ասաց. «Հաց կերցրին, դրա համար էլ ուշացայ»։ Դատարկ պարկերը գցեցինք մեքենան, ուզում էինք շարժուել, յանկարծ յիշեց, ասաց. «Փողը մոռացել եմ էնտեղ, դատարկ մեշոկը (պարկ) վերցրել եմ, փողը չեմ վերցրել, գնամ, փողը վերցնեմ, գամ»։ Գնաց, էլի ահագին ժամանակ չկար։ Եկաւ, ինձ կողքի կանչեց, ասաց. «Էստեղ ծաղկած ծառերը գառների նման են։ Մանչ, դու գնա, ես մնամ»։ Ասի. «Չէ, մէկ է, Գուրգէն տացուս կը գայ ու քեզ գիւղ կը բերի։ Համ էլ Բաւոն, ձեր Բաւականը ասել է՝ քեզ տիրութիւն անեմ։ Չգաս էլ, կը տանեմ»։ Խռովեցի։ Օվանէսն ասաց. «Սիրտս մխում է, մանչ»։ Նա լացեց, ես էլ էի լացում։ Բարձրացայ մեքենայի թափքը, որ ճանապարհին վարորդն ինձ հետ չխօսի։ Մեքենան գնաց, եւ դատարկ պարկերին նստած՝ նայում էի մթան մէջ մնացած, ծխախոտի կարմիր կրակին։
Երբ հասանք քաղաքի հիւրանոցը, տղաները բոլորն էլ վերադարձել էին, մահճակալներին նստած՝ փողերն էին հաշւում։ Դրամները դարսեցին, գլխաշորերի մէջ փաթաթած՝ մէջքներին կապեցին, սխտորահոտ երշիկ ու հաց կերանք, մէկը հարցրեց. «Էս Օվանէսն ո՞ւր է»,— ասաց. «Տղերք, Օվանէսը չկայ»։ «Անհանգստանալու բան չկայ», — ասի. «Էն կողմերը Գուրգէն տացուիս ֆռոնտի ընկերոջը հանդիպեցինք, մնաց՝ գինի բերի, մենք գնանք, մի քանի օրից կը բերեն, աւտոբուսը կը դնեն, գիւղ կը ճանապարհեն»։ Ասին. «Ափսոս, Օվանէսը լինէր, մի քիչ կ՚ուրախանայինք»։ Նրանք անցեալ գիշեր քնելիս նրա սաւանի տակ պարան էին դրել ու լոյսը մարելուց յետոյ պարանը ձգել։ Օվանէսը սարսափահար նետուեց հիւրանոցի միջանցքը՝ յարկի հերթապահուհու, կենուորների աչքի առաջ, վարտիք֊շապիկով կանգնած, աղաղակում էր. «Օձը, օձը»։ Մի կուշտ ծիծաղեցինք։ Գիւղի ակումբում էլ նրա հետ այդպէս էին վարւում. իբրեւ ձեռները յանկարծ տանում էին գլուխները քորելու, Օվանէսը կուչ էր գալիս, զոյգ ձեռներով գլուխը պահում՝ սպասուելիք հարուածից։ Քնելիս տղաներն ասացին. «Փողերդ դիր գլխաշորիդ մէջ, մէջքիդ կապիր, ասում են՝ գողութեան դէպքեր կան»։

Երբ վերադարձանք գիւղ, Օվանէսի՝ կարտոֆիլի վաճառքից ուղարկած փողերը տարայ նրանց տուն, Բաւոյին ասացի. «Օվանէսն ասում է՝ մոզին էլ չկապես Դարբինենց չայիրը, ասում է՝ մոզին բաց արեւի տակ արնի կ՚ընկնի։ Էս էլ կարտոֆիլի փողը, մի կոպեկ էլ իրեն չի պահել, լրիւ ուղարկել է»։ Երեկոյեան մերոնք՝ Գուրգէն տացուս ու Բաւոն, ասին. «Էդ ո՞ր գիւղն էր, մանչ, որ հասնենք Հոկտեմբերեան, յետոյ ո՞ւր պիտի գնանք»։ Ասի. «Էնտեղ մերի նման չի, էնտեղ բոլոր կոլխոզներն ու սովխոզները համարներով են, անուն չունեն։ Գնալն անիմաստ բան է»։ Գուրգէն տացուս ասաց. «Ի զուր էլ չես ասում, որ ասես, քեզ Բակուրեանի ճամբարը կ՚ուղարկենք, ճամբար գնալու համար լացում էիր, չէ՞։ Պիոներներն էնտեղ գիշեր ու զօր երգ ասելով ման են գալիս»։ Տատս ասաց. «Որ ասես, մի ամբողջ շաբաթ կաթի սէրը կը քաշեմ, կը տամ, որ ուտես»։ Ասացի. «Չգիտեմ, էդքան գիւղեր ման եկանք մեքենայով, եսիմ, որ մէկն էր»։
Գուրգէն տացուս ասաց. «Պէտք չէ, թող չասի։ Մացոն՝ Ֆռոնտավիկ ընկերս, Հոկտեմբերեանի ուգռոզիսկի նաչալնիկի ընկերն է, գնամ ասեմ, մի ժամում կը գտնեն։ Էս լակոտի ոտքերն ընկած պիտի խնդրենք, թէ՝ ասա, ասա։ Պէտք չէ, վեշերս (բեռներս) դրէք, առաւօտեան գնում եմ»։ Ասի. «Էնքան գնա, մէկ է, չես գտնի»։
Բաւոն Գուրգէն տացուից ու ինձանից շրջուեց, փէշը յետ տարաւ, ներքնաշորի փողքից փող հանեց ու ասաց. «Յուսիկ տղայ, եթէ ասես, էս կապոյտ յիսունանոցը քեզ հալալ։ Սելպոն հեծանիւ է ստացել, չորս ռուբլի էլ Հայկուշ տատը կը տայ, վրան դիր, վաղը գնա հեծանիւն առ ու ֆռֆռայ»։ Բաւոն ասաց. «Էդ ինքն է ասել, չէ՞։ Հլը տես, թէ մատմ երեխու մօտ ի՞նչ խօսք է ասել։ Գետինը մտնես, Օվանէս։ Բաւական, էս ինչ օրի ես հասել»։ Հայկուշ տատս Գուրգէն տացուից չորս ռուբլի, Բաւոյից յիսունը վերցրեց, դրեց բուռս ու թեւս էլ չթողեց, ասաց. «Հայդէ, Յուսիկ տղայ, բախտդ բերել է, հեծանիւը առ ու փաշի նման գիւղի մէջ ման արի։ Էդ ինչ մեծ բան է, որ գիւղի անունը չես ասում։ Հա, կախ գլուխ, ասենք թէ չասես, Բաւոն անմարդ, որբ մնայ, բուի պէս աւերակների մէջ նստի, նրանց խոտը անհարել մնայ, քարթոլը՝ անջուր, աղունը՝ անաղալ, ոչխարը՝ անխուզ, յետո՞յ, վերջն ի՞նչ է լինելու, անխելք։ Առ, փողդ առ, գնա պլպլան հեծանիւդ բեր, մենք էլ ուրախանանք», — ասաց. «Բայց Ներսիկ ախպօրդ էլ պիտի տաս, որ քշի»։ Ասի. «Չէ»։ Ասաց. «Կը տաս, բայ չորս ռուբլին ինչի՞ եմ տուել, որ չտա՞ս»։
Յետոյ Գուրգէն տացուս գնաց Հոկտեմբերեան։ Յետադարձին Ախալքալաքից լուր էր ուղարկել, թէ երեխէքը գան, ճամբաբաժնին սպասեն, վէշով ենք։ Երբ վերին գիւղերը գնացող աւտոբուսը հեռացաւ, Գուրգէն տացուս, Ներսիկը բեռը կապում էին մեր հեծանիւի վրայ։ Օվանէսին ասի. «Բաւոյին ասել եմ՝ մոզին Դարբինենց չայիրը չկապի, լսողն ո՞վ է։ Էլի էնտեղ է կապում»։ Ասացի. «Ձեր շանը կոլխոզի շները խեղդել են»։ Ասացի. «Որ ուզենք, էստեղ էլ ծիրանի ծառ կ՚աճեցնենք»։ Նա ամբողջ ճանապարհին Ներսիկ եղբօրս հետ խօսում էր, ինձ հետ չէր խօսում։

…Արձակուրդների հետ Եօթնօրեայ բուքն էլ էր վերջացել։ Կոլտնտեսութեան տրակտորները գիշերը ճանապարհները բացել էին։ Առաւօտ վաղ, գիւղխորհրդի պատի տակ կանգնած՝ Ախալքալաքից ժամանող աւտոբուսին էի սպասում։ Օվանէսն եկաւ, երկու ափերի մէջ «Պրիման» վառեց, պարկը մի ձեռքից միւսը փոխանցեց, յետոյ դրեց ճամպրուկների հետ. «Ոչխարի գլուխ պանիր է, մի քիչ էլ արդար իւղ, խոմ դրանք էլ փողով չե՞ս առնելու»։ Ասաց. «Հայաստան ես գնում, մանչ, ինձ էլ տար, ներսդիս մխում է, բալքի անցնի»։ Ասացի. «Այդքան ժամանակ չկայ, որտեղի՞ց այդքան ժամանակ, որ քեզ ման տամ»։ Ասացի. «Համ էլ հիմա տարիքդ մեծ է, տարիներ են անցել, տարիքիդ մասին մտածե՞լ ես, ախր ինչո՞ւ չես մտածում»։ Ասաց. «Բակում ծաղկած ծիրանի կար, համ էլ, որ լաւ նայես, դուրս գալուց դռան վերեւը ձիու մի մեծ նալ եմ խփել։ Դու իմ խփելը գիտես, իմ խփած մեխը կը ճանաչես»։ Աւտոբուսը եկաւ, բաժանուեցինք։

Գիւղից մարդ էր եկել Երեւան՝ հանրակացարան, ասաց. «Ձեր Օվանէսը մեռաւ»։

(Գրանիշ)

*) Տացու .— յարգական մակդիր՝ քեռի կամ հօրեղբայր իմաստով. տիրացուի կրճատումը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *