ԳԵՐԴԱՍՏԱՆ

Գրիգոր Ջանիկեան

«Բնիկ որտեղացի՞ էք»։
Կ. ՍՈՒՐԷՆԵԱՆ

Ա — Անուադիրը

Անուադիրը ապուպապն է, նահապետն է, տոհմապետը, ում անունով կոչւում է գերդաստանը ու ընդմիշտ հաւատարիմ մնում անուանակոչութեանը։
Մեր գերդաստանի անուադիրը այնքան է սիրել ու գուրգուրել իր զաւակներին, թոռներին, վերջում նաեւ ծոռներին, «ջանիկ ջան, ջանիկ ջան» ասել, որ Ակնի Սուրբ Նարեկ մայրավանքի արժանապատիւ աւագ քահանայ Տէր Մովսէսը մկրտելիս նրանց բուն ազգանունները մոռացել (եթէ, ի հարկէ, իմացել է) ծխական մատեանում «Ջանիկեաններ» է արձանագրել։
Հիմա այդ ջանիկեանները չկան, գրեթէ չկան։
Ազգասպանդի արհաւիրքին, մեր գերդաստանի ինքս էլ չգիտեմ ինչպէս փրկուած անուադիրը, Ռաքքայի արնակալա՞ծ, թէ՞ սեւակնած մայրամուտի մատոյցներում, տարագրի վհատ վրանում, ընտանեկան Աստուածաշնչի «Ծնունդք», «Ամուսնութիւնք», «Մահք» բաժիններում, արագ-արագ գրառել է (չի իմացել, թէ ինչ է իրեն բերելու բացուող օրը), այն զաւակների, թոռների, ծոռների՝  «ջանիկ ջան»-ների անունները, որոնց կորցրել է բռնագաղթի արցունքոտ աւազուտներին։ Վերջում, քանի որ մեր ընտանեկան Աստուածաշնչի երեք՝ «Ծնունդք», «Ամուսնութիւնք», «Մահք» բաժիններում անգամ բոլոր նահատակների անուն-ազգանունները չեն տեղաւորուել, «Յիշատակարան» է թողել. «Մեր գերդաստանում, այսուհետ, ով, երբ ծնուի՝ 1915 գրուի, մեր գերդաստանում, այսուհետ, ով, երբ վախճանուի, 1915 գրուի»։
Աստուած ողորմի քեզ, ապուպա՛պ, չգիտեմ էլ որտեղ են հող դարձել ոսկորներդ։

Բ — Յարութիւն մեծհայրիկս

Ես, ի հարկէ, նրան չեմ տեսել, բայց մի շտապէք վշտակցել, ազգասպանդի արհաւիրքին զոհ չի դարձել, ընդհակառակը, քանի որ իր հաստատուած Չորլու քաղաքում միակ պայտարն է եղել, բոլոր հայերի հետ չեն աքսորել, պահել են, որ թուրք մեծամեծների ձիերը պայտի, գաւակները թիմարի։ Նման առանձնաշնորհման համար մեծհայրիկս իրեն հպարտ է զգացել, միակ ու բացառիկ հայը համարել։ Սակայն, երբ բռնագաղթի վերապրողները վերադարձել ու պատմել են, թէ իր պայտած ձիերով թուրք զինուոր-ոստիկանները ինչպէս են աքսորի ամբողջ ճանապարհին ասպատակել, տղամարդկանց խողխողել, կանանց զարդեղէնը կողոպտել, կոյս աղջիկների լլկել, Յարութիւն մեծհայրիկս ամօթից ինչ անելը չի իմացել։ Որպէսզի իրեն չճանաչեն, արածները չյիշեն, ընտանիքը վերցրել, գաղթել է Յունաստան, Յունաստանից Ռումինիա, Ռումինիայից՝ Բուլղարիա։ Բայց ո՛ր անյայտ ու աննշան քաղաքում էլ որ հաստատուել, հայկական անկելանոցներ, այրիանոցներ ու որբանոցներ է տեսել։ Ու այդ ամենի համար իրեն է մեղաւոր համարել։ Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքում չի դիմացել, կախուել է փորձել, բայց վերջին պահին դեռեւս մանուկ հայրս ու հօրեղբայրս վրայ են հասել, փրկել։
Երկրորդ անգամ Յարութիւն մեծհայրիկս իրեն կրով լեցուն հորն է նետել, կրայրուել։ Փրկելն անհնար է եղել։
Չասե՞նք ողորմի։

Գ — Գրիգոր մեծհայրիկս

Բուլղարիայում մնացած Գրիգոր մեծհայրիկիս, ում անունով էին մկրտել ինձ, ճիշտ է, շատ աղօտ եմ յիշում, բայց ոչ այն պատճառով, որ մեր Հայաստան վերադառնալուց յետոյ ներգաղթն անսպասելի կասեցրին, ու ես այդպէս էլ նրան այլեւս երբեք չտեսայ։
Խասկովօ՝ փոքրիկ, բայց գողտրիկ քաղաքում, որտեղ ծնուել ու մկրտուել էի, ի հարկէ, չգիտէի, թէ Գրիգոր պապս ինչ է աշխատում, բայց նա ամեն երեկոյ ժամացոյցի ճշգրտութեամբ տուն էր վերադառնում, յարդարւում էր, ընթրում, որպէսզի վայելի Երեւանի ձայնասփիւռի՝ Արտասահմանի հայութեան համար սփռուող տուեալ օրուայ յայտագիրը։ Այդ ընթացքում նրա սենեակը ոչ ոք չէր մտնում, հարեւան սենեակներում ոչ ոք ծպտուն հանել չէր համարձակւում, երբ հնչում էր Խորհրդային Հայաստանի՝ «Սովետական ազատ աշխարհ Հայաստան…» փառերգը, թէ՞ օրհներգը, ոտքի էր կանգնում ու աչքերից երանութեան արցունքներ էին հոսում։
Աստուած մեղք չհամարի, բայց հաւանաբար երեւի լաւ արեցին, որ ներգաղթը կասեցրին, ու Գրիգոր մեծհայրիկս այդպէս էլ համոզուած մնաց, որ Խորհրդային Հայաստանում, Հայրենիքի աղբիւրներից կաթ է ծորում, հաւերը ամեն թփուտում ձու են ածում։
Ողորմի՛։

Դ — Իսկուհի մեծմամաս

1946-ին, երբ մեր ընտանիքը Խորհրդային Հայաստան է ներգաղթել, մեզ կեցավայր են յատկացրել այն ժամանակ Ղշլաղ, յետոյ՝ Ժդանով, հիմա արդէն չգիտեմ ինչպէս վերանուանուած բնակավայրում: Մեծ մամաս ամբողջ օրը հիացել է Լոռուայ տարաշխարհիկ բնապատկերներով, իսկ երեկոյեան յանդիմանել է հօրս.
—Այս ո՞ւր բերիր ինձ:
—Ուր որ ուզում էիր՝ հայրենիք,— արդարացել է հայրս:
—Հայի հայրենիքն առանց Արարատի չի կարող լինել,— համոզուած պնդել է մեծմամաս:
Ու նոյնն այնքան է կրկնել, որ հայրս Երեւան է եկել, Նոր Արաբկիր թաղամասում՝ Ֆուրմանով փողոցի 1-ին նրբանցք, թիւ 12-ում արարատահայեաց բնակարան է վարձել: Մնացածը ես յիշում եմ: Մեծմամաս ամեն առաւօտ պատշգամբում նստում, հայեացքը Արարատին յառելով էր խաչակնքում, սուրճ խմում, գիշերները Արարատին ուղղուած գոհաբանական աղօթքով էր անկողին մտնում:
Ռոդոստոյի Սուրբ Խաչ եկեղեցու նախակրթարանում նրա վարժուհին Վազգէն 1-ի՝ ապագայ վեհափառի մայրն էր եղել, մեծմամաս համոզուած էր, որ Աստուածաշունչ մատեանում մի բառ յամենայն դէպս հայերէն սխալ է թարգմանուած՝ երբ ջրհեղեղի ջրերը քաշուել են, աղաւնին Նոյին ոչ թէ ձիթենու, այլ խաղողի ոստ է բերել, ու մեր նախահայրը, որպէս իրեն ու իր գերդաստանին փրկելու երախտիք, Արարատի մատոյցներում է տնկել, ուխտել փրկարար լեռանը յաւերժ հաւատարիմ լինել: Վկայութիւն՝ դաշտավայրը այդպէս է կոչուել, մինչեւ հիմա էլ կոչւում է՝ Նախիջեւան: Ըստ մեծմօրս՝ ճիշտ նոյն կերպ, Տրդատ հայոց գերհզօր արքան, որպէսզի առաջին քրիստոնէական տաճարն անսասան մնայ, մէջքով Արարատից է հիմնասիւների ժեռ քարերը կրել: Վկայութիւն՝ Էջմիածնի Մայր տաճարը մինչեւ հիմա կանգուն է, Արարատի զօրութեամբ կանգուն է մնալու յաւերժ:
Մահուան մահճում անգամ Իսկուհի մեծմամաս պատուիրեց.
—Չլսեմ, չիմանամ յուղարկաւորող քահանաներին անսաք՝ դէմքս արեւելք, ոտքերս արեւմուտք ուղղէք, այնպէս հողին կը յանձնէք, որ Արարատը միշտ դիմացս լինի։
Չէ՞ք հաւատում, գնացէք տեսէք ու համոզուէք (Նոր Զէյթունի գերեզմանոց, 3-րդ ծառուղի, 15-րդ շիրմաթումբ):

Ե — Սրբուհի մեծմամաս

Դուք մեծմամա ունեցե՞լ էք, կիրակի օրերին նա ձեզ ստիպե՞լ է, որ իրեն թեւանցուկ անէք, ոտքով՝ այն էլ ոտքով, հայկական եկեղեցի ուղեկցէք, որպէսզի ամբողջ Երեւան քաղաքը տեսնի՝ իր Գրիգոր ամուսնու անունը կրող Գրիգոր թոռ ունի (Սրբուհի մեծմամաս ութսունն արդէն անց էր, բայց դեռեւս ամուսնու անունը քաշւում էր բարձրաձայնել, ինձ էլ «Փաշա մանչս» էր ասում)։ Եկեղեցու ճանապարհին նա որտեղ որ գետին ընկած մի պատառ հաց էր տեսնում, համբուրում, ինձ էլ էր ստիպում, որ համբուրեմ, քսում էր ճակատին, փղձկում՝ «Աս մէկ պատառ հացին համար, մանչս, գիտե՞ս քանի-քանի հոգի աքսորի վրաններուն մէջ անօթի մեռան»։
Երբ մեծմամաս զգաց, որ մահամերձ է, ինձ, քանի որ աւագ թոռն էի, կանչեց ու մանրամասն նկարագրեց, նոյնիսկ գծագրեց, թէ Ակնի իրենց առանձնատան ո՞ր ծառի տակ է պահուած գերդաստանի՝բղուկով չէ, կճուճով ոսկին։
Ես մեծմամայիս հողին յանձնելուց յետոյ բազմաթիւ անգամներ իմ բնօրրանը՝ Ակն գնացի, բայց բղուկով չէ, կճուճով ոսկի որոնելը մտքովս էլ չանցկացրի։ Չէի հասկանում, մինչեւ հիմա էլ չեմ հասկանում՝ կճուճով ոսկի ունեցողներն ինչո՞ւ էին մի պատառ չոր հացի համար սովամահ լինում տարագրութիւնում։
Աստծոյ արքայութիւնը քեզ սիրելի՛, սիրելի՛ մեծմամա։

Զ — Սիրանուհի մօրաքս

Բուլղարիայից բօթ ստացանք՝ մահացել է մօրաքոյրս: Տեղանունը ձեզ ոչինչ չի ասի՝ ազգասպանդից յետոյ Գրիգոր պապս հաստատուել է այդ աննշան բնակավայրում, որպէսզի սիրած գործով՝ հողագործութեամբ զբաղուի: Նա Ակնից հետը սմբուկի, ստեպղինի, ազատքեղի սերմեր է բերել, բայց ինչքան տանջուել-չարչարուել է, բերք չի ստացել: Երկրի սերմերը օտար հողում ծիլ չեն տուել:
Բուլղարիայում մահացել է մօրաքոյրս: Հարիւրն անց կնոջ համար դա շատ բնական կը թուար, եթէ չլինէր մի հանգամանք. երկար ժամանակ անկողնուն գամուած ծերուհին, որ յիշողութիւնը կորցրել, խնամակալներին անգամ չի ճանաչել, ամեն այցելողի ձեռքը բռնել, աղաչել-պաղատել է.
—Ինձ մեր տունը տարէք…
Տարագրութեան ճանապարհին մեր գերդաստանը տարբեր բնակավայրերում տարբեր կացարաններ է փոխել, երբ հիւանդտեսի եկողները ցանկացել են իմանալ, թէ ո՞րը նկատի ունի, նա ամենայն մանրամասնութեամբ նկարագրել է Ակնի մեր փողոցը, քաղաքի միջով Եփրատ գահավիժող ջրվէժը, ձիթենիները, նշենիներն ու նորից թախանձել է.
—Ինձ մեր տունը տարէք…
Հիւանդտեսի եկողներն իրենց լսածին չեն հաւատացել: Բռնագաղթին մօրաքոյրս հինգ տարեկան է եղել, հարիւր տարի է անցել, հարիւր…
Ի հարկէ՝ այս ամենը ես մօտաւորապէս իմացայ: Լուսին զարմուհիս նամակը գրել էր բուլղարերէն տառերով, արեւմտահայերէն բառերով, եւ ես կարծում եմ սա նրա առաջին ու վերջին նամակն է: Լուսինից բացի ոչ ոք նրանց տանը հայերէն չգիտի, եւ երբ մենք ազգականներով դէպքից դէպք հանդիպում ենք, իրար գրեթէ չենք հասկանում: Չնայած դրան, ես համոզուած եմ՝ իմ զարմիկները, նրանց զաւակներն ու թոռները, եթէ ոչ միայն Հայաստանի տեղը, անունն անգամ մոռանան, մահուան մահճում կրկնելու են.
—Ինձ մեր տունը տարէք…

Է — Հայրս

Մանկութեանս տարիներին ես այնպիսի փորձանք զաւակ եմ եղել հօրս համար, որ քիչ է մնացել ոչ միայն իր, այլեւ մեր ամբողջ ընտանիքի կործանման պատճառ դառնամ։ Առնուազն երկու անգամ։
Նոր էի ընդունուել Նոր Արաբկիրի թիւ 36 խարխուլ դպրոցը, վերեւներից, ինքս էլ չգիտեմ, որտեղից հիւրեր էին եկել, ու տնօրէնը հպարտութեամբ ներկայացրեց ինձ՝ հայրենադարձ աշակերտիս, հիւրերն էլ  առաջարկեցին, որ արեւմտահայերէն որեւէ ոտանաւոր արտասանեմ։ Ես, առանց երկմտելու, հպարտ-հպարտ արտասանեցի Գրիգոր պապիս դեռեւս Խասկովօ՝ փոքրիկ, բայց գողտրիկ քաղաքում սովորեցրած բանաստեղծութիւնը.
Հա՛յ եմ ես, հա՛յ եմ ես,
Սուգ ու վրէժ ունիմ ես,
Շուն թուրքերուն կոտորող
Անդրանիկին թոռն եմ ես։

Հիմա արդէն չեմ յիշում՝ բանաստեղծութիւնը շարունակութիւն ունէ՞ր, թէ՞ ոչ, ինձ լռեցրին, հօրս այնքան տարբեր հաստատութիւններ տարան-բերին, որ նա սկսեց գիշերները անքուն, ճամպրուկին նստած լուսացնել։ Այդ տարիներին գրեթէ ամեն գիշեր Նոր Արաբկիրում գերմանացիներից աւար վերցուած բեռնատարներ էին յայտնւում, ու առաւօտեան իմացւում էր, որ այսինչեաններին կամ այնինչեաններին ընտանիքով աքսորել են։ Հայրենադարձներին աքսորում էին պարզապէս «ախպար» լինելու, տեղացիներին՝ պատերազմի ընթացքում գերի ունենալու համար։ Ու հէնց յաջորդ օրը, որպէս կանոն, թաղի տնայնագործ կանանց պարտադրում էին «Կարմիր ջուլհակ» մանածագործարանը ներկայանալ, որտեղ կենտրոնից եկած, ինչպէս այն ժամանակ էին կոչում՝ «ագիտատորները» դասախօսութիւններ էին կարդում այն մասին, որ ամերիկացի իմպերիալիստները ճնշում են մեր անգոլացի եղբայրներին ու քոյրերին, ֆրանսիացի իմպերիալիստները՝ ալժիրցի եղբայրներին ու քոյրերին, բելգիացի իմպերիալիստները… Արաբկիրցի ջուլհակուհիները տարակուսած տուն՝ իրենց գործին էին վերադառնում, այդպէս էլ չհասկանալով, թէ ինչպէ՞ս եղբայրներ ու քոյրեր ունեն աշխարհի այն երկրներում, որոնց տեղն էլ չեն պատկերացնում, անուանումներն անգամ չեն իմանում։
Այդ առաջին անգամ մենք Ալթայի երկրամասում չյայտնուեցինք՝ թող արտառոց չհնչի, հօրս հայասիրութեան շնորհիւ։ Երկրորդ աշխարհամարտի վերջում, նախքան ներգաղթը, Կարմիր բանակը, որի շարքերում բազմաթիւ բարձրաստիճան հայ սպաներ էին եղել, «ազատագրելու» համար Բուլղարիա էր մտել։ Հասկանալի է՝ հայրս հայրենակիցներին ջերմօրէն ընդունել, օրերով հիւրասիրել էր։ Նրանք լիուլի վայելել էին հօրս առատաձեռնութիւնը, հրաժեշտի պահին իրենց կարծիքով մի լաւութիւն էին արել, թաքուն խորհուրդ տուել. «Ինչ անես-չանես, Հայաստան գալը առայժմ մտքիցդ հանես»։ Նոր Արաբկիրում արդէն, իմանալով, որ հայրս այնուամենայնիւ իրենց չի լսել, եկան, մեր տունը գտան, որպէսզի ամենայն հաւանականութեամբ նախատեն, բայց իմանալով, թէ իմ պատճառով ինչ ահ ու սարսափի է մատնուել, ըստ երեւոյթին միջնորդեցին, յամենայն դէպս անխուսափելի աքսորից փրկեցին։
Բայց դա ինձ դաս չեղաւ՝ երկրորդ անգամ ես աւելի վտանգավոր փորձութիւն պատճառեցի հօրս։ Հաւանաբար մեր ամբողջ ընտանիքին։
Արդէն երրորդ, թէ չորրորդ դասարանում, ոչ թէ խարխուլ թիվ 36, այլ Րաֆֆու անունով անուանակոչուած Նոր Արաբկիրի նորակառոյց դպրոցում էի սովորում։ Հայրս, ինքս էլ չգիտեմ որտեղից, մեր թաղի հայրենադարձ ծերունիների համար մի խռպոտ ընդունիչ էր ձեռք բերել, որոնք ամեն երեկո հաւաքւում, այնպիսի աչալրջութեամբ էին «Ամերիկայի ձայնի» կէս ժամանոց հայերէն հաղորդումները լսում, ինչպէս Բուլղարիայում պապս էր Հայաստանի ձայնասփիւռի արտասահմանի հայութեան համար տրուող հաղորդումները լսում։ Նման ապրումների համար հայրենադարձ ծերունիներն անհամեմատ լուրջ պատճառ ունէին։ Աշխարհի տարբեր երկրների ներգաղթ կոմիտէներում, որտեղ Հայաստան գալու համար օրերով հերթ էին կանգնել, նրանց հաւատացրել էին, որ պատերազմը յաղթանակով աւարտելուց յետոյ հայր Ստալինը խոստացել է, ազատագրելու է Կարսը, Արտահանը, Վանը, ու բոլոր արեւմտահայերն իրենց բնօրրանն են վերադառնալու։ Մեր հայրենադարձ հարեւանները լարուածութիւնից մայրիկիս սուրճն անգամ պաղեցնում, ու քանի որ «Ամերիկայի ձայնը» հայր Ստալինի խոստումը մոռանում, Կարսի, Արտահանի, Վանի տեղանուններն անգամ չէր յիշատակում, յուսաախաբ, հոնգուր-հոնգուր լաց էին լինում։ Այդպէս ամեն երեկոյ։ Ամեն կէս-ժամանոց հաղորդումից յետոյ։ Ի վերջոյ ես խղճացի մեր թաղի հայրենադարձ ծերունիներին։ Դուք լինէիք չէի՞ք խղճայ։ Մեր՝ Նոր Արաբկիրի Րաֆֆու անուան նորակառոյց դպրոցում ես գերազանց էի սովորում, հրաշալի գիտէի, որ Լենինը բոլորիս պապիկն է, Ստալինը՝ հայրիկը, նա մեզ այնքան է սիրում, որ կատարում է իր բալիկների ցանկացած ցանկութիւնը։ Այդպէս էին հաւատացրել մեզ՝ այն ժամանակուայ աշակերտներիս, մենք էլ հաւատացել էինք։ Ու ես որոշեցի նամակ գրել հայր Ստալինին։ Նամակ գրել գիտէի, ամեն օր գրեթէ տեսնում էի։ Մեր տանը ծրարների մի ամբողջ դէզ՝ տրցակ կար։ Մայրս, այն բանից յետոյ, երբ ներգաղթն անսպասելի ընդհատուեց, արտասահմանում մնացած ծնողների, քոյրերի, զարմիկների կարօտից շատ էր տանջւում, տառապում, անընդհատ նամակներ էր գրում, որ ես էի դպրոց գնալիս Ֆուրմանով-Ֆիոլետով փողոցի խաչմերուկում ամրացուած փոստարկղը նետում։ Ինքս բնական է, մամայիս նամակները չէի կարդում, բայց որովհետեւ չափազանց շրջահայեաց էր, ենթադրում էի, որ նկարագրում է, թէ ինչպէս են Հայրենիքի աղբիւրներից կաթ ծորում, ինչպէս են հաւերն ամեն թփուտում ձու ածում։ Այդ պատճառով էլ նամակները շատ արագ տեղ էին հասնում, նոյնքան արագ էլ պատասխաններն էին ստացւում։ Ես, ճիշտ է ոչ նոյն բառերով, բայց նոյն ոգով նամակ գրեցի հայր Ստալինին, որդիական խոնարհութեամբ խնդրեցի գթալ մեր թաղի ծերունիներին, այնպէս անել, որ մինչեւ վերահաս մահը վերադառնան իրենց Կարսը, Արտահանն ու Վանը, հողին յանձնեն հարազատների մարմինները, որոնց, ինչպէս իրենք էին մղկտում, անթաղ էին թողել բռնագաղթի արհաւիրքում…
Այս անգամ հօրս հետեւից ոստիկանական արագագնացով, համազգեստաւոր զինուորականներ եկան։ Նա տուն վերադարձաւ ուշ գիշերին, ո՛չ, ինձ չծեծեց, գիրկն առաւ, փղձկալով, որպէսզի հարեւանները չլսեն, արցունքները կուլ տալով լաց եղաւ։ Յետոյ բացեց պատուհանն ու գրողի ծոցը շպրտեց խռխռացող հնամաշ ձայնասփիւռը…
Արեւմտահայաստանի ազատագրութեան վերջին յոյսը փշրուեց խաւարում։

Ը — Մայրս

Իմ կեանքի ամենաանամոք մորմոքը եղել է ու հաւանաբար կը մնայ մօրս կորուստը։ Մեր Նոր Արաբկիրի վարձու երկյարկանիում նա մահամերձ էր, ու ես հասկանալով հանդերձ, որ ի վիճակի չեմ փրկել, արցունքներս կուլ տալով աղերսում էի.
—Մամա ջան, ասա՛, ի՞նչ ես ուզում, քո համար էլ ինչ անեմ։
Դժուարութեամբ շարժեց շրթունքները.
—Թէ կարող ես մեր Ակնայ Ժամու աղբիւրից մի բաժակ ջուր բեր, խմեմ, հոգիս հովացնեմ, կարօտ չմեռնեմ։
Ես խոհանոց նետուեցի, որքան կարողացայ ծորակի ջուրը սառեցրի, բերեցի։
Մայրս կում արեց, օրհնեց ինձ, աչքերը փակեց։ Ընդմիշտ։ Բայց ես երկար խղճի խայթ էի զգում, որ յաղթահարել չէի կարողանում։ Շատ տարիներ անց միայն կարողացայ Ակն հասնել, Ժամու աղբիւրից մի փարչ ջուր բերել, մօրս շիրիմին ցողել։ Ու զգացի, թէ ինչպէս այդքան տարիներ անց նա շարժուեց հողի տակ, ձայնեց.
—Տուն գնալու ժամանա՞կն է։
Նոր Զէյթունի գերեզմանոցի արաբկիրցի, վանեցի, ղարսեցի հին ու նոր մեռելները շարժուեցին գերեզմանաթմբերում, արձագանքեցին.
—Տունդարձի՞ ժամանակը։

Թ — Ես

Երբ ես միջնակարգն աւարտեցի, մեր տանը խնջոյքի նմանուող երեկոյ տեղի ունեցաւ, որի ընթացքում մեր ազգականները վեր էին կենում, նոյնը բարեմաղթում. «Մեզ ամօթով չթողնես, այնպէս արա, որ Հայրենիքը քեզ նման զաւակ ունենալու համար չզղջայ»։ Ես այն ժամանակ, դեռ չգիտէի, որ նրանք Դանիէլ Վարուժանին են մէջբերում, բայց երբ իմացայ, առաւել եւս նման պատգամ-պատուիրանին հաւատարիմ մնալ ձգտեցի։ Երբ «Գարուն» ամսագրում էի աշխատում, պարբերաբար Արփա-Սեւան փապուղու կառոյցում էի լինում, Սեւանի փրկութեան մասին գրում, «Գրական թերթում» աշխատածս տարիներին՝ կործանարար երկրաշարժի (առաջին Նոր տարին նոյնիսկ աղէտեալների հետ, խարոյկի շուրջը դիմաւորեցի), «Հայ զինուորում» աշխատածս տարիներին՝ Արցախի արդարամարտի։ Վերջիններն իմ հրապարագրական գործունէութեան ամենաերջանիկ տարիներն էին՝ բարձրանում էի յաղթանակած Շուշիի ամենաբարձր բերդաշտարակն ու արդէն ազատագրուած տեսնում Նախիջեւանը, Վանն ու Սասունը, ամբողջ Արեւմտահայաստանը։
Ես հաւատում եմ՝ դարձեալ բարձրանալու եմ յաղթանակած Շուշիի ամենաբարձր բերդաշտարակն ու ազատագրուած եմ տեսնելու Նախիջեւանը, Վանն ու Սասունը, ամբողջ Արեւմտահայաստանը։
Ես հաւատում եմ ու ուզում եմ, որ դուք էլ հաւատաք։ Հաւատա՛ք ու հաւատացնէ՛ք։

Երեւան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *