ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ՝ ՊԱՆԹԷՈՆՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին Կոմիտասի անուան պանթէոնում բացուեց Համօ Սահեանի կիսանդրին: Հեղինակը քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանեանն է, ճարտարապետը՝ Հայկ Ասատրեանը: Կիսանդրին բացեցին բանաստեղծի որդին՝ Նայիրի Սահեանն ու Տիգրան Արզումանեանը:
Նայիրի Սահեանն ասաց, որ իր համար ե՛ւ պատուաւոր օր է, ե՛ւ ծանր: Նա շնորհակալութիւն յայտնեց քանդակագործին եւ «Սոցիալական առաջընթաց» հիմնադրամին, որի օժանդակութեամբ իրագործուել է վաղուց ծրագրուածը: Տիգրան Արզումանեանն իր խօսքում նշեց, որ մեծ բարեբախտութիւն էր Համօ Սահեանի նկատմամբ համաժողովրդական սիրոյ ականատեսը լինել եւ տարիներ շարունակ իր արուեստանոցում բանաստեղծի ներկայութեան զգացողութիւնն ունէր: Այդպէս է քանդակուել նրա կիսանդրին:
Ողջունելով ներկաներին՝ ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճեանն ասաց. «Համօ Սահեանը բախտաւոր աստղի տակ ծնուած պոէտներից է, որ մաս կազմեց 50- 60-ական թուականներին հայ գրականութիւն եկած հրաշալի բանաստեղծների աստղաբոյլի: Սահեանն առաջին հերթին բնութեան, իր հայրենի Սիւնիքի եւ Հայաստանի բնութեան երգիչն է: Բայց նրա բանաստեղծութիւններում նաեւ իր հոգու պատմութիւնն է: Նա գնացել է դէպի յաւերժութիւն, եւ քանի կայ մեր ժողովուրդը, քանի կայ նրա բանաստեղծութիւնները ընթերցող հայը, Համօ Սահեանը միշտ լինելու է»:
Իր խօսքում բանաստեղծ Խաչիկ Մանուկեանը նշեց. «Համօ Սահեանը հայոց անմահականներից է, որ ոչ միայն ապրում է, այլեւ՝ ապրեցնում: Նրա բանաստեղծութիւնը խորքում կենսաւէտ փիլիսոփայութիւն ունի: Սահեանի գիրքը թերթելով՝ նորից աւիշ ու ուժ կը ստանանք, եւ նորից գարունն էլ է հայերէ՛ն գալու, դարերն էլ են հայերէն գալու»:
Ելոյթ ունեցաւ եւ կիսանդրու բացման առթիւ ներկաներին շնորհաւորեց Համօ Սահեանի անուան գրադարանի տնօրէն Նազենի Արզումանեանը: Համօ Սահեանի անուան դպրոցի սաներն իրենց ասմունքով ու բանաստեղծի խօսքերով գրուած երգերով օրը տօն դարձրեցին:

(«Գրական թերթ», 27 հոկտեմբեր 2023)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *