Հերմինէ Նաւասարդեան
Հոկտեմբերի 17-19-ը Հայաստանի գրողների միութեան (ՀԳՄ) Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի ունեցաւ երիտասարդ գրողների 20-րդ համաժողովը: Մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երեւանից, Արմաւիրից, Արցախից, Գեղարքունիքից, Լոռիից եւ Շիրակից: Բացման խօսքում ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնեանը ողջունեց նրանց եւ ներկայ աւագ գրողներին. «Ամեն տարի Ծաղկաձորում հանդիպում ենք մեր երիտասարդների հետ՝ ծանօթանալու նրանց գրականութեանը, ճանաչելու միմեանց: Ուրախալի է ձեզ կրկին տեսնել: Այս տարի մեզ հետ են Արցախի ԳՄ նախագահ Նորեկ Գասպարեանը, ինչպէս նաեւ արցախցի երիտասարդ գրողներ: Մարզային մեր բաժանմունքների ակտիւ աշխատանքի, «Երկունք» եւ «Եղեգան փող» թերթերի շնորհիւ երիտասարդները հնարաւորութիւն ունեն տպագրուելու, եւ նրանք բաւականին հետաքրքիր ստեղծագործութիւններ ունեն: Երիտասարդների համար մեծ հնարաւորութիւն է «Գրեթերթը»»: Նա ներկայացրեց աւագ գրողներին՝ նշելով, որ համաժողովը նաեւ երիտասարդ եւ աւագ գրողների հանդիպման հնարաւորութիւն է: Էդ. Միլիտոնեանը շնորհակալութիւն յայտնեց Նաթելլա Լալաբեկեանին, որի աջակցութեամբ համատեղ իրականացւում են Գրողների միութեան որոշ ծրագրեր, երիտասարդների հետ հանդիպումները նոյնպէս:
Երիտասարդ գրողները բաժանուեցին երեք խմբի, եւ համաժողովի աշխատանքներն ընթացան խմբերում՝ ընթերցումների եւ քննարկումների շուրջ: Պոէզիայի ստեղծագործական խմբերից մէկում երիտասարդների հետ աշխատում էին Արտեմ Յարութիւնեանը, Նաթելլա Լալաբեկեանը եւ Անուշ Վարդանեանը, միւսում՝ Էդուարդ Միլիտոնեանը, Նորեկ Գասպարեանը, Անդրանիկ Կարապետեանը, Մանուէլ Միկոյեանը եւ Յակոբ Յարութիւնը, արձակի ստեղծագործական խմբում՝ Գուրգէն Խանջեանը, Ալիս Յովհաննիսեանը, Արմէն Աւանէսեանը եւ Նառա Վարդանեանը:
Բազմազան ու բազմաոճ էին երիտասարդ գրողների ստեղծագործութիւնները: Բանաստեղծութիւններ ընթերցեցին Լուսինէ Առաքելեանը, Լեւոն Բեժանեանը, Ալբինա Բուջատեանը, Լիլիթը, Դաւիթ Խառատենցը, Յովհաննէս Կարապետեանը, Նարեկ Կոսմոսը, Այիդա Յարութիւնեանը, Լիլիթ Յովհաննիսեանը, Քրիստինէ Յովսէփեանը, Անի Ղազարեանը, Նայիրա Ղուկասեանը, Նուէր Մինասեանը, Գրիգոր Պեպանեանը, Մարինկա Ռաֆայէլեանը, Մարիամ Սարգսեանը, Հայկ Սիրունեանը եւ Արման Վարդանեանը:
Բնականաբար, մեծ էր ուշադրութիւնը արցախցի երիտասարդների եւ նրանց ստեղծագործութիւնների նկատմամբ: Իրենց բանաստեղծութիւններն ու պատմուածքները ընթերցեցին Սոնա Համբարձումը, Աննա Յակոբեանը եւ Լիլիթ Սէյրանեանը: Նրանց ստեղծագործութիւններն արտայայտում էին արցախեան գոյապայքարը: Միւս երիտասարդների բանաստեղծութիւններում նոյնպէս գերակշռում էր հայրենասիրական թեման: Նորեկ Գասպարեանի կարծիքով՝ «Պատերազմները շատ փոխեցին հայրենիքի ըմբռնումը. 1992-94 թթ. յետոյ հայրենիքի զգացողութիւնն այլ էր, 2020 թ. եւ վերջին մէկօրեայ պատերազմից յետոյ՝ բոլորովին այլ: Ցաւօք, մեր գրականութիւնը շնչում է ողբով՝ ցաւերգութիւն անընդհատ. դրանից չենք կարողանում ազատուել, սարսափելի է, կարծես թէ դարձել ենք ցաւի պատանդը: 100 տարուց աւելի մենք սկսեցինք զբաղուել միայն ցեղասպանութիւնը ճանաչելի դարձնելով: Մենք մեր ամբողջ էներգետիկ համակարգը զոհաբերեցինք դրան եւ շատ կորցրեցինք: Սա մեզ զրկում է մի շատ կարեւոր երեւոյթից, որ կոչւում է մարդ: Որքան մնանք այդ մտածումների մէջ, այնքան կորցնելու ենք եւ այնքան հեռանալու ենք գեղարուեստից, իսկ գեղարուեստն ուրիշ պահանջներ ունի: Խօսքն, ի հարկէ, մեծ գրականութեան մասին է»:
Անդրանիկ Կարապետեանը նշեց, որ մարզային թերթերը մեծ ուշադրութիւն են դարձնում երիտասարդներին, տպագրւում են անթոլոգիաներ, կան համացանցային պարբերականներ ու մրցանակներ նրանց համար: Նրա կարծիքով՝ գրականութեան մէջ էլ են զէնքերը փոխւում. իւրաքանչիւր ժամանակ իր զէնքերն ունի, եւ պէտք է ժամանակին համապատասխան ճիշտ ընտրութիւն կատարել: Մանուէլ Միկոյեանը խորհուրդ տուեց երիտասարդներին՝ շատ կարդալ: Նրա կարծիքով՝ «Պարտադիր չէ, որ գրողն ամեն օր գրի, բայց պարտադիր է, որ նա ամեն օր զբաղուի գրականութեամբ»: Սոնա Համբարձումի կարծիքով, երիտասարդների բանաստեղծութիւնների մէջ պէտք է երեւայ սեփական ինքնութիւնը: «Այս կեանքում մենք մի փոքր բաժին ունենք, որ կարող ենք ինքներս մեզ ստեղծել», — ասաց նա:
Արտեմ Յարութիւնեանը երիտասարդների խմբի հետ հանդիպման եւ նրանց բանաստեղծութիւնների ընթերցման ընթացքում ուշադրութեամբ ունկնդրում, գնահատում էր իւրաքանչիւրին բնորոշ առանձնայատկութիւնները եւ խորհուրդներ տալիս: «Պոէզիան կտրում է մարդուն սոսկալի իրականութիւնից՝ նրան բարի դարձնելով: Այն ցոյց է տալիս, թէ ինչ բարձունքներ կան, որ կարող է մարդը նուաճել», — ասաց բանաստեղծը: Երիտասարդները հետաքրքրութեամբ էին լսում համաշխարհային գրականութեան դասականների ստեղծագործութիւններից նրա մէջբերումները տարբեր լեզուներով: Նաթելլա Լալաբեկեանը ընթերցեց իր բանաստեղծութիւնները ռուսերէն լեզուով, իսկ Արտեմ Յարութիւնեանը՝ հայերէնն իր թարգմանութեամբ:
Արձակի ստեղծագործական խմբում Դաւիթ Խառատենցը, Յասմիկ Կարապետեանը, Աննա Յակոբեանը եւ Աշոտ Ստեփանեանը ընթերցեցին իրենց ստեղծագործութիւնները, եղան տեքստերի քննարկումներ: Գուրգէն Խանջեանի եւ Ալիս Յովհաննիսեանի հետաքրքիր դիտարկումներն ու խորհուրդները շատ օգտակար էին երիտասարդ գրողների համար: Անակնկալ էր գրականագէտ Արմէն Աւանէսեանի՝ իր պատմուածքի ընթերցումը:
Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցաւ նոր տպագրուած մի քանի գրքերի շնորհանդէս. Նաթելլա Լալաբեկեանի «Տղան եւ Աստղիկը» ռուսերէն, հայերէն եւ անգլերէն լեզուներով հէքեաթի, Դաւիթ Խառատենցի «Վերադարձի՛ր» վէպի եւ Նուէր Մինասեանի «Չեչաքարի պէս» բանաստեղծութիւնների ժողովածուի: Էդուարդ Միլիտոնեանը շնորհաւորեց հեղինակներին՝ ցանկանալով ապագայ ստեղծագործական յաջողութիւններ: Անուշ Վարդանեանն ասաց, որ ուրախ էր տպագրել Նաթելլա Լալաբեկեանի գիրքը «Ծիծեռնակ» հրատարակչութիւնում, քանի որ այն մանուկների մէջ լոյս եւ բարութիւն է սերմանում, եւ յուսով է, որ հեղինակը կը շարունակի գրել ստեղծագործութիւններ մանուկների համար: Միւս երկու գրքերը տպագրուել էին «Արմաւ» հրատարակչութիւնում: Արմէն Աւանէսեանը ներկայացրեց երկու երիտասարդ գրողների գրքերը, վստահութիւն յայտնելով, որ նրանք կը շարունակեն ստեղծագործել եւ գրականութեամբ ապրել: «Գրի տարածքը շատ հետաքրքիր է ու մոգական, որքան նուիրւում ես, այնքան ինքը վերադարձնում է», — նշեց նա: Նոյն օրը՝ երեկոյեան, համաժողովին մասնակցող երիտասարդ կոմպոզիտորներ Ժիրայր Շահրիմանեանն ու Տիգրան Համբարեանը ներկայացրեցին իրենց երաժշտական ստեղծագործութիւնները:
Հոկտեմբերի 19-ին ամփոփուեցին խմբային աշխատանքները: Արտեմ Յարութիւնեանն ասաց, որ տպաւորուած է երիտասարդներով ու նրանց ստեղծագործութիւններով եւ կարծում է, որ նրանք կը շարունակեն կատարելագործել իրենց գիրը: Նառա Վարդանեանը նշեց, որ ուրախ էր մասնակցութեան, նոր հեղինակների հետ ծանօթութեան ու հետաքրքիր քննարկումների համար եւ յուսով է, որ դրանք կը նպաստեն երիտասարդների ստեղծագործութեանը: Ալիս Յովհաննիսեանի կարծիքով՝ «Երիտասարդ արձակագիրների ստեղծագործական խմբում իւրաքանչիւրն իր գոյնն ունէր, իր իւրայատուկ մտածողութիւնը, նրանք լաւ գիտէին թէ՛ հայ, թէ՛ համաշխարհային գրականութիւնը»:
Էդուարդ Միլիտոնեանը, եզրափակելով համաժողովի աշխատանքներն, ասաց, որ երիտասարդ ստեղծագործողների մէջ հետաքրքիր բացայայտումներ կային, եւ երիտասարդական հանդիպումները շատ կարեւոր են ոչ միայն անհատական զարգացման, ճանաչողութեան, ծանօթութիւնների, այլեւ ստեղծագործութեան համար: Նա յաջողութիւններ մաղթեց համաժողովի բոլոր մասնակիցներին:
«Գրական թերթ», 27 հոկտեմբեր 2023