Լուսինէ Խառատեան
Երեկոյ
You have reached your destination.[1] Բարձրաձայն յայտնեց աղջկայ հեռախօսը հոգեհանգստի ճիշտ մէջտեղում: Կողքին կանգնած բարձրահասակ երիտասարդը փռթկաց: Դիմացի շարքում նստածներից էլ ոմանք իրենց կողմ շրջուեցին: Շփոթուած աղջիկը ձեռքը տարաւ գրպանը, հանեց հեռախօսն ու սկսեց ինչ-որ բաներ սեղմել: Ալվարդն անսասան պառկած էր սրահի մէջտեղում: Հեռանում էր ճիշտ այնպէս, ինչպէս ապրել էր՝ առօք-փառօք, զաւակներով, թոռներով, ընկերներով շրջապատուած: Անգամ հոգեհանգստի երաժշտութիւնն էր ինքն ընտրել. ջութակ ու ոչ մի դէպքում դուդուկ: եւ ոչ մի քահանայ: Հագուստն էլ, լուսանկարն էլ: Լուսանկարում քառասուն տարեկան էր՝ կարճ կտրած սեւ մազերով, սեւ մատիտով ընդգծուած մեծ աչքերը՝ մուգ կապոյտ շրջանակով ակնոցի հետեւում, շուրթերին՝ համարձակ ժպիտ, պարանոցին՝ սպիտակ, թեթեւ շարֆիկ: Չնայած վերջին ամիսներին շատ էր տանջուել՝ դէմքը խաղաղ ու անվրդով էր: Պարանոցին նոյնատիպ սպիտակ շարֆիկ էր՝ իր իսկ ընտրած մուգ կապոյտ զգեստի վրայ: Կրծքին խաչած ձեռքերն ասես շարֆիկի շարունակութիւնը լինէին:
Սոֆին միայն աչքի ծայրով էր կարողանում նայել ընկերուհուն: Միասին շատ երկար ճանապարհ էին անցել: Մի ամբողջ կեանք՝ դպրոցից մահ: Անգամ երբ Ալվարդն արդէն շատ հիւանդ էր՝ Սոֆին չէր հաւատում, որ այս օրը գալու է: Ինքն էլ ցնցուեց աղջկայ հեռախօսից: Ձեռնափայտին յենուելով՝ նստեց չոր նստարանին: Երբեք չէր պատկերացնի, որ այսքան արագ վերջնակէտին կը հասնեն: Ինքն ու Ալվարդը թաղել էին գրեթէ բոլոր համադասարանցիներին, ծնողներին, իրենց ամուսիններին, քոյր-եղբայրներին: Ալվարդն՝ անգամ թոռանը, 2020-ի նոյեմբերին: Հիմա Ալվարդի աղջկայ դէմքին արցունք չկար. որդու մահն իր հետ տարել էր բոլոր արցունքները:
Տարուց աւել է սպասում էին այս օրուան: Շատ լաւ յիշում էր՝ երբ էին էդ լուսանկարն արել: Ութսունութի մարտն էր: Ալվարդը զանգեց, ասաց, որ կանայք մարտի 8-ին Ծիծեռնակաբերդ երթ են կազմակերպում՝ Սումգայիթի զոհերի համար ու նաեւ ի պաշտպանութիւն Ղարաբաղի: Գնացին: Յետոյ որոշեցին, որ պատմական օր է, պէտք է անպայման լուսանկարուեն: Ու չնայած Ալվարդի ամուսինը երթի սիրողական լուսանկարներ էր անում, այդ թւում եւ իրենց էր նկարում՝ որոշեցին, որ ուզում են յիշել ոչ միայն օրը, այլեւ իրենց՝ հէնց այդ օրը: Յատուկ, առանձին, իրենք իրենց, ոչ թէ երթով շրջանակուած: Ծիծեռնակաբերդից ոտքով, ստադիոնի մօտով իջան Կոնեակի գործարան, անցան Յաղթանակի կամուրջը, հերթով անցան արձանից արձան՝ Միասնիկեան, Շահումեան, Լենին, Ինտուրիստի մօտով թեքուեցին դէպի Աբովեան փողոց ու հասան Աբովեան 12: «Խանոյեան» լուսանկարչատունն արդէն պատմական էր՝ չնայած ինքը՝ Խանոյեանը այլեւս չկար: Յետոյ, երբ իրենց մանկութեան ու երիտասարդութեան Երեւանն արագ ու անդառնալիօրէն անհետանում էր, մի օր Ալվարդենց բալկոնում սուրճ էին խմում ու թերթում ալբոմը՝ ինչ-որ աշխատանքային լուսնակարներ փնտրելով, Ալվարդն ասաց, որ շէնքը, որտեղ 1988-ի մարտի 8-ին իրենք լուսանկարուել էին, արդէն չկայ: Ապա աւելացրեց, որ ուզում է, որ իրեն հէնց այդ լուսանկարով յիշեն:
Դուրս եկան: Մի ձեռքով ձեռնափայտին, միւսով՝ աղջկայ թեւին յենուելով՝ քայլեց լուսանկարչատան ուղղութեամբ: Ի՜նչ ա ասում է, ի՞նչ լուսանկարչատուն, աղջկայ՝ Նունէի մեքենան էր… Նունէն միացրեց մեքենայի շարժիչը: Կրկին հեռախօսով հաւաքեց հասցէն՝ ձկան խանութի… Մաշտոցի 2: Հոգեհանգստի սրահները որպէս կանոն քաղաքի ծայրամասերում են, եւ այդ տեղերից դուրս գալու համար գուգլի կամ եանդեքսի օգնութիւնն է պէտք: «Մամ, բայց ո՞նց պանիխիդայի տեղը միացաւ է՜, մոռացել էի անջատել», նկատեց Նունէն: Ապա ցածրաձայն ծիծաղելով աւելացրեց. «հլը տես, Ալէնն էս նեղ մաջալին մեսիջ ա ուղարկել, հարցնում ա՝ քո երկրային կեանքն է՞լ մօտեցաւ աւարտին»: Ալէնն Ալվարդի տղան էր, Նունէի մանկութեան ընկերը: Արէշի ծայրամասերի նեղ ու չլուսաւորուած փողոցներում մթի մէջ խարխափելով ու ճանապարհի բոլոր փոսերը հաշուելով՝ հասան տուն: Աղջիկը բարի գիշեր մաղթեց ու գնաց՝ ընտանիքին հասնելու:
Առաւօտ
Երեկոյին նախորդել էր առաւօտը: Երբ արթնացաւ, արդէն գիտէր, որ Ալվարդը գնացել է: Փորձում էր էներգիան մտովի ուղղորդել դէպի լեարդ, աշխատեցնել այն, ինչպէս ժամանակին սովորեցրել էր իր ու Ալվարդի սիրելի թերապեւտը, որը մի տաս տարի առաջ Ամերիկա էր արտագաղթել՝ աղջկայ մօտ: Ու զգում էր՝ ինչպէս է մարմնով, արիւնատար անօթներով այդ էներգիան ճանապարհ գծում, պարուրում լեարդը, ենթաստամոքսային գեղձը, տաքացնում, ամոքում: Ամեն առաւօտ, նախքան մարմնի մասերն ու մտքերը հաւաքելն ու տեղից վեր կենալը, կրկնում էր այս վարժութիւնը: Կարելի է ասել՝ ծէսը: Հաւատում էր, որ իրեն պահողը հէնց դա է, ոչ թէ ճնշման ու շաքարի դեղերը: Յետոյ վերցնում էր սենեակային բոյսերի փոշին, ջրում ու զրուցում դրանց հետ: Քովիդից յետոյ ձեռնափայտով էր: Մի ամիս վերակենդանացման բաժնում պայքարել էր մահուան դէմ: Իրենից յետոյ էլ Ալվարդն էր նոյն բաժնում պայքարել: Ալվարդին անուասայլակով դուրս գրեցին: Իրեն՝ շաքարով:
Այդ առաւօտ շաքարը չչափեց: Սուրճ դրեց: Դառը, Ցենտրալից գնած ստանդարտ #1: Նունէն էր ստանդարտին կապել: Արաբիկայի ու ռոբուստայի ճիշտ խառնուրդ էր: Սուրճի բաժակը դրեց սեղանին, պահարանի ներքեւի դարակից հանեց լուսանկարների արկղն ու ալբոմները: Կային ժամանակներ, երբ սուրճն իրենք էին աղում՝ հին, մետաղեայ աղացով: Սրճելը սկսւում էր դեռ աղալուց, երբ ինքը կամ Ալվարդը պտտում էին աղացի բռնակն ու զրոյցները հիւսւում էին ու հոսում: Էդպէս էր Կոնդում՝ իրենց մանկութեան տներում, երբ դեռ ոչ թէ իրենք իրենց, այլ մեծերի համար էին սուրճ աղում ու էդ ընթացքում լսում մեծերի խօսակցութիւնները: Ընդունուած չէր նրանց ընդհատել: Տնքտնքալով տեղաւորուեց բազմոցին, աջ ոտքն առաջ պարզեց: Կպցրեց սիգարետը, լուսանկարների մեծ արկղը դրեց գոգին: Ամեն տեղ Ալվարդը հետն էր: Բակում՝ հարեւանների ու ծնողների հետ, դպրոցի բեմին՝ Լենինի մեծ դիմանկարի տակ, համալսարանի լաբորատորիայում՝ ինչ-որ փորձ անելիս, աշխատավայրում՝ ամբողջ բաժնով ակադեմիկոս Վարդանեանի հետ լուսանկարում, Կարմիր հրապարակում՝ մոսկովեան գործուղման ժամանակ, հարսանիքին՝ «Երջանկութիւն նորապսակներին» բամբակով գրառմամբ գորգի տակ, Օպերայում՝ ձեռքերը բռունցքած: Մեծացել էին Կոնդում: Ամուսնանալուց յետոյ Ալվարդենց տունը Մարքսի վրայ էր, իրենցը՝ Լենինի պողոտայի: Շարժման ժամանակ այնքան քայլեցին, նստեցին ու բողոքեցին, որ վերջը Լենինը Մաշտոց դարձաւ, Մարքսը՝ Խորենացի: Չնայած Լենինն ինչպէս կար, էդպէս էլ Պրոսպեկտ մնաց: Լենինի արձանն էլ միասին, ձեռք-ձեռքի տուած գլխատեցին: Ուրախ էին շատ: Անգամ երբ իրենց գործարանը՝ հարազատ լաբորատորիայով հանդերձ, փակուեց, եւ սկսեցին խմորեղէն թխել՝ ընտանիք պահելու համար: Անգամ երբ լոյս ու ջեռուցում չկար, ու այլեւս խմորեղէն թխելն էլ էր անկարելի: Հագուստ էին գործում. հին սվիտերները քանդում էին, թելը գոլորշու վրայ հարթեցնում ու մոմի կամ լամպի լոյսի տակ գործում: Աղում էին դժուար ճարուող սուրճը, որն իրենք էին բովում: Եփում չոր սպիրտի վրայ: Անգամ մի անգամ միասին Լեհաստան գնացին՝ ապրանք բերելու: Գոյնզգոյն շապիկներ էին՝ վրաները տարբեր գոյներով «Benetton» ասեղնագործած: Նունէն ու Ալէնն էլ էին հագնում: Յետոյ Թուրքիա: Վաճառում էին: Յետոյ Աշոտն ու Արգամը մեկնեցին Մոսկուա. ընտանիքը պահել էր պէտք: Ալվարդի ամուսինը՝ Աշոտը, Մոսկուայում մահացաւ, անհասկանալի հանգամանքներում: Արգամը վերադարձաւ ու Սոֆիի հետ երկու տասնամեակ ապրեց: Նրան էլ Քովիդը տարաւ: Կարօտում էր: Յատկապէս առաւօտները, երբ սուրճը մենակ էր խմում:
Դուռը թակեցին: Շէնքի հաւաքարարն էր: Շաբաթը մէկ գալիս էր, Սոֆին էլ միշտ ինչ-որ գումար էր տալիս: Թոռնուհու հետ էր: Ներս հրաւիրեց: Սեղանին դրուած կոնֆետից հիւրասիրեց: «Էս դու՞ք էք, ի՜նչ սիրուն էք», նկատեց հաւաքարարի նիհարիկ թոռնուհին՝ ցոյց տալով նոյն 1988-ի մարտի 8-ին «Խանոյեան» լուսանկարչատանն արուած Սոֆիի լուսանկարը: Երկար, շէկ մազերն ուսերին, դէմքին՝ լայն ժպիտ, հագին՝ երկնագոյն զգեստ, պարանոցին` մի շար ճերմակ մարգարիտ` ժպիտին զուգահեռ: Թէ ինչո՞ւ միասին չնկարուեցին: Ալվարդը չուզեց: Ասեց՝ միասին նկար շատ ունենք, արի առանձին-առանձին պորտրետներ անենք: Հիմա արդէն զարմանում էր, որ 1988-ի մարտի 8-ին, երբ արդէն գիտէին Սումգայիթի սոսկալի մանրամասները, ինքն այսպիսի հագուստով էր, նոյնիսկ մարգարիտներով եւ լայն ժպիտով: Դա պատկերացնելն անգամ հնարաւոր չէր, բայց լուսանկարը փաստում էր… Երեւի ինքն էլ Նունէին խնդրի, որ իրեն այս լուսանկարով յիշեն՝ մտածեց Սոֆին դուռը հաւաքարարի յետեւից փակելով: Հեռախօսը զանգեց: Մա՛մ, ե՞րբ գամ յետեւիցդ՝ հարցնում էր Նունէն: Հինգի կողմերը՝ ասաց: Իսկ տեղը գիտե՞ս՝ հարցրեց: Թոխմախի կողմերն ա, Ալէնը ֆեյսբուքում գրել էր, նայի՛՝ ասաց: Լաւ, ինչ-որ բան պէ՞տք ա՝ հարցրեց: Չեմ կարծում, Ալէնին փող կը տանք՝ ասաց:
Ասածը ճշտելու համար մօտեցաւ սենեակի անկիւնում դրուած սեղանի վրայի համակարգչին: Տարիներ առաջ աղջիկն էր գնել, որ Լոս տեղափոխուած որդու հետ կարողանան սկայպով շփուել: յետոյ եղաւ Ֆեյսբուքն ու սկայպի կարիք այլեւս չկար՝ հարսը թոռների լուսանկարները հրապարակում էր գրեթէ ամեն օր, ինքն էլ պարտաճանաչ կերպով առաջին լայքողն էր: Հպուեց ստեղնաշարին, եւ համակարգիչն արթնացաւ: Ֆեյսբուքի էջը բաց էր: Անցաւ Ալէնի էջին՝ հոգեհանգստի վայրը կրկին ճշտելու: Նախքան կը հասնէր Ալվարդի հոգեհանգստի մասին գրառմանը՝ տեսաւ, որ Ալէնն ինչ-որ մէկի գրառումն էր կիսել, որի տակ ակտիւ քննարկում էր: Գրառումը կատարողն իր եւ Ալվարդի վաղաժամ մահացած ընկերուհու՝ Յասմիկի տղան էր: Բառացիօրէն գրել էր, թէ Ղարաբաղեան շարժումը Կրեմլի պրոյեկտ է եղել՝ կազմակերպուած սովետական Կա-Գէ-Բէ-ի կողմից, որ առանց ԿոմԿուսի ու Կա-Գէ-Բէ-ի դաբրոյի, նման բան հնարաւոր չէր լիներ, որ «Ղարաբաղ» կոմիտէն, ու մասնաւորապէս Լեւոն Տեր-Պետրոսեանը Կրեմլի ագենտ էին, որոնք մանիպուլացրել են ժողովրդին, հանել ցոյցերի, որ Լեւոնը երբեք Հայաստանի անկախութիւնը չի ուզել, այլ միշտ սպասարկել է Կրեմլի շահերը, որ Հայաստանը յաւերժ կախեալ լինի ռուսներից, ու որ դրա վկայութիւնն է այն, որ 1994-ի զինադադարից յետոյ Ադրբեջանի հետ պայմանագիր չկնքուեց, որ 1998-ի հրաժարականը եւ իշխանութեան յանձնումը Քոչարեանին նոյն նպատակով էր եւ այլն: Ու Ալէնը հերիք չի հաւանել այս գրառումը՝ այն իր էջում հրապարակելով եւ մեկնաբանութիւններով ցոյց էր տալիս, որ համամիտ է: Բարկացած փակեց Ֆեսյբուքը: Սիրտն ուր որ է բերանից դուրս կը գար: Նոր սիգարետ կպցրեց:
Երբ Ալէնը ծնուեց, Ալվարդը ծանր էր: Ծանր յղիութիւն, այնուհետեւ՝ ծննդաբերութեան ժամանակ կլինիկական մահ էր տարել: Յետոյ շատ երկար վերականգնւում էր: Վե՛րջ, էլ կեանքում աբորտ չեմ անի՝ ասաց Սոֆիին: Էս աբորտներիս մեղքն էր: Պատմում էր, որ մի երկար, շատ երկար միջանցքով է անցել, ծայրին՝ լոյս: Միջանցքով մէկ՝ բժիշկների ձայները: Ասում էր՝ երբ հասայ ելքին, դու էիր, պատկերացնու՞մ ես, Աշոտը չէր, Ալէնը չէր, հէնց դու՛ էիր: Կատակում էր, ասում էր՝ իմ ելքը դու ես: Յետոյ կաթ չունէր, ու քանի որ ինքը Նունէին, որն Ալէնից երկու ամիս առաջ էր ծնուել, կրծքով էր կերակրում, սկսեց Ալէնին էլ կերակրել:
Ցերեկ
Ժամը երկուսի կողմերը եկաւ թոռնուհին՝ Սոֆին, Նունէի աղջիկը: Տատ, կոֆէդ բերել եմ՝ ասաց: Աղացած ստանդարտ #1-ը միշտ նա էր բերում: Բնակարանում դեռ առաւօտից սուրճի հոտն էր: Լուսանկարները հաւաքել էր սեղանի մի անկիւնում: Առանձին միայն իր՝ «Խանոյեան» լուսանկարչատանն արուած դիմանկարն էր: «Վաայ, տատ, փաստօրէն ճիշտ են ասում, որ քեզ նման եմ», նկատեց Սոֆին՝ լուսանկարը վերցնելով: «Սառը կաթ կը խմե՞ս», հարցրեց Սոֆին Սոֆիին: Չպասելով պատասխանի՝ սառնարանից հանեց կաթը: Հա, առաւօտ յիշել էր Ալէնին կրծքով կերակրելը: Եթէ երկուսն էլ իր կաթը կերած չլինէին, գուցէ ամուսնանային: Էդ դէպքում գուցէ Ալէնը երեք անգամ չբաժանուէր: Ու գուցէ եթէ երեք անգամ չբաժանուէր՝ Ալվարդն էդքան շուտ չյանձնուէր: Բայց գուցէ Նունէն էլ Սոֆիին ու Արթուրին չունենար: Գուցէները շատ են: Միշտ: Ուրեմն չի կարող Ղարաբաղեան շարժման մասին էդ գրառումը միակ ճշմարտութիւնը լինել: Իր մայրը միշտ ասում էր. «թազա հաւեր են դուրս էկել, էրկաթի ձուեր են ածում…»
Հեռախօսը զանգեց: Թոռն էր` Արթուրը: Վարդենիսում էր ծառայում: Եթէ մի օր չէր զանգում, Սոֆիի ճնշումը բարձրանում էր:
— Ո՞նց ես, տա՛տ, — հարցրեց:
— Լաւ եմ, տղէս: Ի՞նչ կայ, էսօր ի՞նչ էք կերել, — հարցրեց:
— Սովորական: Տուշոնկայ (մսի պահածոյ — խմբ.) մակարոնով: Պոստերում էդ ա: Տատ, դու Վարդենիս էղել ես, չէ՞,— հարցրեց:
— Հա, տղէ՛ս: Շուտ, ուսանող տարիներին: Ըտեղերք հանք կար, մեզ պրակտիկա էին բերել:
— Ճի՞շտ ա, որ էն ժամանակ ստեղ ադրբեջանցիներ էին ապրում, — հարցրեց:
— Հա, թուրքի գիւղեր էին հիմնականում, իրանք էլ Բասարգեչար էին ասում:
— Բայ յետոյ ի՞նչ էղան էդ թուրքերը, — հարցրեց:
— Դէ գնացին, մերոնք էլ էկան իրանց տեղը:
— Բա որ հիմա Ալիեւն ասում ա Արեւմտեան Ադրբեջան, էդ ստեղերքի՞ մասին այ ասում, — հարցրեց:
— Ալիեւը գլուխը պատով ա տալիս, — ասաց:
Ալվարդը կ՚ասէր. «քաք ա ուտում Ալիեւը»: Մտածեց: Յետոյ եղանակից հարցուփորձ արեց, ոտքերից, — բատինկեքը խաշել էին, — լողանալու յարմարութիւններից: Էնքան, մինչեւ Արթուրին կանչեցին, ու հեռախօսազրոյցն աւարտուեց:
Սեղան դրեց. նախորդ օրը ջեռոց դրած հաւ, վարունգ-պոմիդորով ամառային սալաթ, հաց, պանիր: Հաւի բուդը դրեց թոռնուհու ափսէին՝ կե՛ր: Թէ էդ Արեւմտեան Ադրբեջանը որտեղի՞ց յայտնուեց: Էն օրը թոռնուհին ցոյց էր տուել Արհեստական Բանականութեան սարքած մի նկար: Երեւանն էր: Եթէ ինքը Երեւանում ծնուած-մեծացած չլինէր՝ լրիվ կը հաւատար, որ Երեւանը հէնց էդպիսին էլ եղել ա՝ երկնաքերերով ծովափնեայ քաղաք, էնքան իրական էին պատկերներն ու պատմութիւնները: Ապրել-ապրել, հասել էին էս կէտին, երբ չորը թացին էնքան էր խառնուել, որ արդէն շատ դժուար, եթէ ոչ անհնար էր սուտը ճշտից տարբերելը: Ալվարդը գնաց: Էսա ինքն էլ կը գնայ, ու բոլորը կը գնան, ովքեր տեսել են էդ իրական Երեւանը, ու եթէ իրենցից հետք չմնայ, ոչ ոք չի կարող ապացուցել, որ Մասիսի փէշերին ծով չի ծփացել, ու որ Նոյը հէնց էդ ծովի ափերին չի հանգրուանել, ու որ Երեւանը երկնաքերեր չի ունեցել, ու որ իրենք Կրեմլի ագենտ չեն եղել… Հիմա ի՞նչ են ուզում ասել, ասենք՝ Լեւոնը Կրեմլի հետ համագործակցում էր, ի՞նչ, իրա ու Ալվարդի ապրածը ռուսական պրոյեկտ էր: Ո՞նց, էլի:
Արգամի տաք ձեռքերը՝ գօտկատեղին, դեռ չեղած կասկադի գլխին նստած, Երեւանը՝ դէմները: Մասիսն էլ: Էդ ամենը եղել ա, չէ՞: Մարգարեանում Նունէի ծնուելը, Արգամն ու Աշոտը՝ ծաղկեփնջերով պատուհանի տակ: Սովետական տանկերը Երեւանի փողոցներում, պարետային ժամն ու Ալվարդի հարբած ծնունդը, երբ ռուս զինուորներին կէսգիշերն անց համոզում էին իրենց հետ շամպայն խմել: Այդ օրը, երբ հռչակեցին անկախութիւնն ու հրապարակի ժամացոյցի գլխին դրօշը դրեցին… թէ՞ Գերագոյն Խորհրդի պրեզիդիումի շէնքի գլխին էր՝ Բաղրամեանի վրայ… Շէնքի գլխին Սովետական Հայաստանի դրօշն էր, կամերային քառեակ էր նուագում, հանեցին դրօշը, բերեցին բոլորի առաջ, ինքն ու Ալվարդն առաջին շարքերում էին, բարձրացրին եռագոյնը, էն միւսը ծալեցին, յարգանքով–պատուով տարան ներս եւ յետոյ բոլորին շամպայն բաժանեցին։ Ի՜նչ գեղեցիկ էր։ Կամերային քառեակի երաժշտութեան տակ։ Յարգանքով, պատուով, с почётным караулом[2] տարան ներս… երեւի տարել-արխիւացրել են։ Չքանդեցին, չէ՞, կապը: Պահեցին շարունակականութիւնը: Ու իրենք դա մարմնով զգացել են, զգում են: Ու հիմա ի՞նչ են ուզում ասել, որ էդ ամենը չի եղել, որ էդ սաղ ուրիշի պրոյեկտ ա եղել, որ ինքն ու Ալվարդը իրե՛նց կեանքը չե՞ն ապրել, ուրիշի կեա՞նք են ապրել, որ ուրիշի գրածի՞ հերոս էին, որ ինքն ու Ալվարդը չե՞ն եղել: Թազա հաւեր են դուրս էկել, էրկաթի ձուեր են ածում… Բայց կարող ա ճիշտ են: Կարող ա իսկապէս պէտք ա կապը մէկընդմիշտ կտրել, որ նորը հնարաւոր լինի… Ալվարդը հաստատ տէնց կ՚ասէր:
Սոֆին համ ուտում էր, համ՝ թերթում տատի հին լուսանկարները: Կանգ առաւ տատի ու Ալվարդի մի լուսանկարի վրայ: Պլակատի ֆոնին էին, պլակատին գրուած էր. “Ленин – партия – Горбачев”: «Էս ի՞նչ ա, տա՛տ», հարցրեց: «Ղարաբաղեան շարժման վախտերն ա, Օպերայում ենք»: «Բա որ իմանայիք, որ վերջը սէնց կը լինի, կը գնայի՞ք», հարցրեց: Տատը վերցրեց լուսանկարն ու բան չասաց: Կաղալով սեղանն էր հաւաքում: Յետոյ ասաց՝ դեռ վերջը չի:
Թոռնուհու հեռախօսն անվերջ ծնգում էր: Ընկերուհիների համատեղ չաթում ռուս բոյֆրենդի հարցն էին քննարկում: Առհասարակ՝ ոչ-հայ բոյֆրենդ ունենալու հարցը: Իրենց համադասարանցիներից մէկը մի ռուս ռելոկանտի հետ էր կապուել ու հետը թռել Թիֆլիս՝ առանց տնեցիներին ասելու: Փակեց չաթը, բացեց իր վարժեցրած Աբոյին, որ զրոյցը շարունակի: Ընդհատուած խօսակցութիւնը ամառային հանգստի տարբերակների մասին էր: Աբոյի վերջին առաջարկը Իտալիան էր, քանի որ WizzAir-ով էժան թռիչքներ կային: Նոր չաթ բացեց ու պարզապէս գրեց. Ленин, партия, Горбачев: Աբոն տեղում, վայրկեանական ռուսերէն պատասխանեց, թէ ով ա Լենինը, ինչ ա պարտիան եւ ով ա Գորբաչովը: Այնուհետեւ բացատրեց դրանց միջեւ կապը, ըստ որի Լենինը պարտիան կառուցել է որպէս կուռ ու կարգապահ կառոյց, որը պէտք է կառավարեր սոցիալիստական երկիրը: Գորբաչովի ժամանակ պարտիան կորցրել է իր միակը լինելու կարգավիճակը եւ թուլացել, ինչն էլ հանգեցրել է կուսակցութեան, ապա եւ երկրի փլուզմանը: Այնուհետեւ թոյլտւութիւն էր հարցնում՝ պերեստրոյկայի եւ ԽՍՀՄ փլուզման պատճառները բացատրելու: «Տա՛տ, դու Գորբաչովին անձամբ տեսե՞լ ես», հարցրեց: «Չէ, — ասաց տատը, — բայց ինքը Հայաստան եկել ա, երկրաշարժի ժամանակ»: «Տատ, իսկ դու ադրբեջանցիների հետ շփուե՞լ ես», հարցրեց: «Հա՛, հետներն աշխատել էլ եմ: Հարեւան էլ ունէինք: Սովորական մարդիկ էին: Իրանց էրէխէքի հետ մենք շատ էինք խաղում: Ես ու Ալվարդը: Ի միջի այլոց, էս մեր շէնքի կողքի դպրոցը, որ հիմա քանդել ու ոնց որ նորից սարքում են, իրանցն էր, ադրբեջանական էր: «Իրանք հայերէն խօսու՞մ էին», հարցրեց: «Հա, բա ո՞նց չէին խօսում: Բա որ իմանայիք սաղ սէնց կը լինի, ցոյցերի կը գնայի՞ք», հարցրեց: «Բարդ բան ես ասում: Որ դուք իմանայիք սէնց կը լինի՝ Նիկոլի ցոյցերին կը գնայի՞ք», հարցին հարցով պատասխանեց տատը: «Էսօրուայ դիրքից անցեալը քննադատելը հեշտ ա, որովհետեւ արդէն տեսել ես էդ անցեալի ապագան», ասաց: «Ու մեծ հարց ա՝ տեսե՞լ ես, թէ՞ կարծում ես, որ հէ՛նց տեսածդ այ էդ ապագան, ու որ տեսածդ հէնց էդ պատկերացրածդ անցեալի ապագան ա», շարունակեց գրեթէ շշուկով: Իսկ կեանքդ մէկն ա, ու դու այն ապրում ես հէ՛նց էսօր: Գուցէ՞ դու անցեալին վերագրում ես բաներ, որոնք չեն եղել, վերագրում ես անցեալդ, որ կարողանաս ապրել այսօր»: Սոֆին որոշ ժամանակ լուռ էր: Յետոյ հարցրեց. «տա՛տ, իսկ էս պլակատն ի՞նչ ա նշանակում»: Աբոյի պատասխանները Սոֆիին չէին բաւարարել: «Դէ, դրանով ասում էինք, որ կուսակցութիւնը պէտք ա վերադառնայ ազգային քաղաքականութեան լենինեան սկզբունքներին, քանի որ Լենինը կողմ էր ազգերի ինքնորոշման իրաւունքին»:
«Հա՛, էլի, ճիշտ էի մտածում, Աբոն խաբար չի կոնտեքստից, տատս Աբոյից շատ բան գիտի էս հարցում», մտածեց Սոֆին: «Բայց էսա մի հատ էլ այլ կերպ հարցնեմ, կարող ա հարցնելու ձեւից կախուած այլ պատասխան տայ»: Ու գրեց. «ի՞նչ էր նշանակում Ленин – партия – Горбачев –ը Ղարաբաղեան շարժման ժամանակ»: Աբոն վայրկեանական պատասխանեց.
«Ленин-партия-Горбачев» (Լենին–կուսակցութիւն–Գորբաչով) պլակատը, որն օգտագործւում էր Ղարաբաղեան շարժման (1988թ.) առաջին փուլում, խորհրդանշում էր հայ ժողովրդի փորձը՝ իր պահանջները ներկայացնել խորհրդային իշխանութիւնների ներքին օրակարգին համահունչ եւ ընդունելի լեզուով։
Պլակատի նշանակութիւնը շարժման կոնտեքստում
Յուսալով բարեփոխումներին՝
1980-ականների վերջերին ԽՍՀՄ-ում սկսուել էին Միխայիլ Գորբաչովի նախաձեռնած վերակառուցման («перестройка») եւ հրապարակայնութեան («гласность») գործընթացները։ Շարժման մասնակիցները յոյս ունէին, որ Գորբաչովի՝ ժողովրդավարութեան ու արդարութեան մասին յայտարարութիւնները կը տան հնարաւորութիւն արդարացի լուծում տալու ԼՂԻՄ-ի միացման հարցին:
Յղում խորհրդային լեգիտիմութեանը՝
Պլակատում Լենինի, կուսակցութեան եւ Գորբաչովի անունները ներկայացւում էին որպէս խորհրդային արժէքների մարմնաւորում՝ փորձելով ցոյց տալ, որ հայ ժողովրդի պահանջները ոչ թէ հակախորհրդային են, այլ բխում են հէնց այդ արժէքներից։ Շարժման ղեկավարները փորձում էին ձեւակերպել իրենց պահանջները՝ օգտագործելով խորհրդային համակարգին հարազատ եւ ընդունելի լեզու։
Քաղաքական մարտավարութիւն՝
Շարժումը սկզբում հեռու էր սեպարատիզմից կամ հակախորհրդայինութիւնից։ Դրա առաջնորդները ցանկանում էին ցոյց տալ, որ պայքարը յանուն ԼՂ-ի ինքնորոշման կարելի է տեղաւորել ԽՍՀՄ սահմանադրութեան եւ գաղափարախօսութեան շրջանակներում։
Այս պլակատը շատ արագ վերածվեց պատմական վկայութեան՝ այն անցողիկ փուլի մասին, երբ Ղարաբաղեան շարժումը դեռ յուսալից նայում էր դէպի Մոսկուա՝ խնդրի լուծումը այնտեղից ակնկալելով։
Ցանկանու՞մ ես նաեւ տեսնել օրինակ՝ նման պլակատի լուսանկար կամ վերլուծութիւն՝ ըստ շարժման առաջնորդների յիշողութիւնների։
«Մի քիչ էլ մարզեմ, կարգին կը պատասխանի», ասաց բարձրաձայն: Հը՞՝ հարցրեց տատը: «Հէչ, ասում եմ արի Արհեստական Բանականութեանը հարցնենք Ալվարդի մասին»: «Դա Ալվարդին որտեղի՞ց իմանայ, Ալվարդը յայտնի դէմք չի», ասաց տատը. «Կը յօրինի-կը խաբի: Աւելի լաւ ա արի էս ամանները լուա՛»: Սոֆին վեր կացաւ, գնաց խոհանոց, եութուբով երաժշտութիւն միացրեց ու սկսեց ամանները լուանալով հետը երգել. “я солдат, недоношенный ребёнок войны, мама залечи мои раны, я солдат, солдат забытой Богом страны, я герой, скажите мне, какого романа.”[3]
Դռան զանգը միջամտեց: Մայրն էր, եկել էր տատին Ալվարդի հոգեհանգստին տանելու:
Երեկոյ
Երբ վերջապէս տուն մտաւ, խորը շունչ քաշեց: Նստեց բազմոցին, կպցրեց սիգարետը: Քանի՜ գլանակ էին Ալվարդի հետ ծխել: Դպրոցի զուգարանից սկսած: Յետոյ համալսարանի զուգարանն էր: յետոյ՝ տան զուգարանը, որ երեխաները չտեսնեն: Ալվարդը տանը բացայայտ էր ծխում: Ինքը ոչ մի կերպ չէր կարողանում գնալ այդ քայլին: Չէր ուզում, որ երեխաները, իսկ հետագայում՝ թոռները, իրենից վատ սովորութիւններ ձեռք բերեն: You have reached your desitnation. Հասար, իջի: Պտտւում էր գլխում: Հա, հասել ա, առանց Ալվարդ անգամ սիգարետը հաւէսով չի ծխւում: Բայց հօ հեռախօսն Աստուածը չի, որ իրա ասածն իմաստ ունենայ, հօ ինքը հեռախօսի պրոյեկտը չի… Երեխայ ժամանակ, էն որ սոցիալիզմ էին կառուցում, Լենինի ու Մարքսի պրոյեկտն էին, յետոյ, էն որ կառուցածը քանդում էին, վստահ էին, որ իրանք իրանց սեփական պրոյեկտն են կառուցում: Հէնց էդ վստահութեամբ էլ քանդում էին: Յետոյ եկեղեցին վերադարձաւ, ու ոմանք սկսեցին Աստծոյ մատը կրկին տեսնել, վերադարձան էդ պրոյեկտին: Ինքը՝ մասամբ: Ալվարդն էդպէս էլ մնաց ինքն իր սեփական պրոյեկտը: Գոնէ ինքն էդպէս էր կարծում:
Մի անգամ Նունէն վերադարձել էր հերթական գործուղումից: Ինքն ու Ալվարդը սուրճ էին խմում: Սեղանին ամռան սկզբի բերք ու բարիքն էր՝ կարմիր կեռաս, մանր կանաչ խնձոր, ելակ: Սուրճի հոտը սենեակում էր: «Ալվարդ ծյոծա, պատկերացնու՞մ ես, էդ եւրոպացիք լրիւ ցնդել են: Մի շվէցարացի կոլեգա ունեմ, մայրը 100-ի մօտ ա, ու քանի տարի ա կոյր ա՝ բան չի տեսնում: Բայց գիտակցութիւնը-բան տեղն ա: Ասում ա՝ մի տարի ա մայրս ասում ա կեանքի համը կորցրել եմ, անիմաստ ա իմ ապրելը, ուզում եմ մեռնեմ: Մի խօսքով, իրանք տէնց յատուկ ծառայութիւն ունեն, կոչւում ա EXIT, հայերեն «ելք» ա նշանակում, որ մարդիկ էլ ապրել չեն ուզում, կանչում են, իրանց ելքն ապահովում են: Տէնց իրա մաման էկզիթ էր արել»: Ալվարդը վառած սիգարետը դրեց մոխրամանի մէջ, սուրճից կում արեց, ժպտաց ու ասաց. «ես էլ կ՚ուզէի ելք ունենալ, թէ չէ մէկ-մէկ թւում ա, որ ստարտը տուել են ու անվերջ վազում եմ, ֆինիշը չկայ, կ՚ուզէի ինքս ընտրել ելքս»: էն ժամանակ շատ բանի տեղ չդրեց Ալվարդի ասածը: Ալվարդը միշտ ելք էր գտնում, ցանկացած իրավիճակից: Իրեն էլ ասում էր. «ցանկացած տուպիկից կայ առնուազն երկու ելք»: Երեւի ելքին շատ մօտ էր եղել Ալվարդը, կլինիկական մահ էր տարել, էդ էր պատճառը, որ հաւատում էր ելքերի բազմազանութեանը, յոգնակիութեանը, նաեւ, որ ինքը կարող ա ընտրի՝ որտեղ եւ երբ դուրս գայ: Բայց հիմա, էսօրուայ դիրքից որ նայում էր, հասկանում էր, որ էնքան էլ Ալվարդի ուզածով չէին ստացուել էդ ելքերը: Ալվարդն էր ուզել, որ թոռը բանակ գնար: Հա ասում էր՝ իսկական տղէն պիտի ծառայի: Բայց երեւի չէր սպասում, որ թոռան ծառայութեան ժամանակ պատերազմ կը լինի ու թոռան մահուան լուրը պատերազմի վերջին օրը կը ստանան: Էդ էր ելքը: Ալէնի կանանց չէր հաւանում ու առաջին ամուսնալուծութիւնն ինքն էր որպէս ելք առաջարկել:
Ալվարդն իրենից շուտ գնաց: Հիմա իր ելքի դռան մօտ սպասում ա երեւի: Բայց ինքը դեռ չի ուզում գնալ: Հէչ չի ուզում: Ուզում ա մի քիչ էլ ապրել: Ուզում ա տեսնել բանակից վերադարձող թոռանը: Ուզում ա, որ թոռը փնտռի ու ելքեր գտնի՝ համ իր, համ ծնողների համար: Ուզում ա, որ իր պատմութիւններն իմացող լինի: Օրինակ՝ 1988թ. մարտի 8-ի իր ու Ալվարդի լուսանկարների պատմութիւնը: Ոչ թէ միայն 1988թ. մարտի 8-ի երթի, այլ հէ՛նց լուսանկարների պատմութիւնը: Ուզում ա, որ իրենց բակի լուսանկարում թոռները ճանաչեն իրեն էլ, Ալվարդին էլ, Նարգիզին էլ: Տեսնես որտե՞ղ այ հիմա Նարգիզը: Չէր յիշում՝ 88-ի՞ն գնացին, թէ՞ աւելի ուշ: Նարգիզենց տանը հաստատուեց մի բաքուեցի հայ ընտանիք: Արդեօ՞ք դա էր ելքը: Ելքերը շատ են, մենք ենք դրանք նեղացնում-նեղացնում միայն մէկը սարքում: Գուցէ՝ որովհետեւ թողնում ենք, որ ուրիշները տնօրինեն մեր ելքերը: Կամ էլ՝ մէկ ա մեզնից անկախ ա, ուզենք-չուզենք հոսում ա կեանքը: Բայց ուզում ա, որ Օպերայի պատմութիւնն էլ իմանան: Իմանան, թէ իրենք ինչ էին մտածում, երբ ամեն օր Օպերա էին գնում: Իսկ ինքը գիտի՞, թէ իրենք ինչ էին մտածում: Դէ հա, էսօրուայ հեռավորութիւնից գիտի: Ուզում ա, որ իմանան, թէ որտեղ էր Լեզուի Ինստիտուտը: Էնտեղ ամուսինն էր աշխատում: Կամ որ Մզկիթի շէնքում ժամանակին Երեւանի պատմութեան թանգարանն էր:
Անցաւ խոհանոց: Էլի սուրճ դրեց: Չէ՛, բայց լուրջ, ո՞նց կարող ա ելքը սէնց անհեթեթ լինի: Հիմա էլ ասում են՝ սահմանադրութիւն փոխէք: Ո՞նց էլի, ո՞նց կարան մեր գտած բոլոր ելքերը չաշխատեն: Թէ՞ ելքն էլ ա միայն էս պահին ու էս կոնկրետ իրավիճակի համար աշխատում: Ասենք՝ էն ժամանակ ելքը Սովետից դուրս գալն էր, անկախութիւն հռչակելը, ու էդ հռչակագրում Ղարաբաղի ու Հայաստանի, համայն հայութեան կամքը ֆիքսելը: Իսկ համայն հայութեանը հարցրե՞լ են…. Ո՞վ ա էդ համայն հայութիւնը… Համայնն այլեւս չի աշխատում: Իրենք են իրենց բերում, խաչմերուկներից դուրս հանում, մի նեղ արահետ գցում, էնպէս, որ վերջում միայն մեն-մի ելք մնայ… խաչմերուկում կատարած ընտրութեան պատճառով: Բայց կարելի ա, չէ՞, էդ արահետից շեղուել, ճամփի կէսից դուրս գալ, անգամ եթէ արահետի վրայ կանգնած մարդուն թւում ա, թէ արահետից դուրս անդունդ ա ու գնալու տեղ չկայ: Մարդիկ իրարից օտարուել, տրոհուել, փոքրացել, մասնիկացել են: Բայց մասնիկ չեն, ամեն մէկը մի ովկիանոս ա: Ու հիմա մեզ փորձում են համոզել, թէ մենք չկանք, չենք եղել, չենք ապրել, մեր ապրածը մեր կեանքը չի եղել, այլ ուրիշի պրոյեկտը: Որ էդ արահետը մեր փոխարէն ուրիշն ա գծել ու մեզ ծուղակը գցել: Ի վերջոյ՝ կարելի ա թեւեր աճեցնել ու արահետից վեր ճախրել, վերեւից տեսնել արահետն ու ելքերը: Բա սրա ելքը ո՞րն ա: Ուզում ա տեսնի էդ ելքը, չի կարող գնալ, առանց տեսնելու: Չի կարող էս կինոն առանց իրա շարունակուի: Չի հաշտւում Ալվարդի գնալու հետ: Եթէ մի տաս տարի առաջ գնացած լինէր, էսպէս չէր լինի: Էսքան չէր ափսոսայ: Իսկ հիմա, ախր, շատ անհեթեթ կը լինի, անաւարտ կը մնայ ինքը: Առանց վերջակէտ ու վերջնակէտ: Ոնց որ Սովետի քանդուելը: Քանդուելուց էս կողմ հա քանդւում ու քանդւում ա, անվերջ… Ելքը չի երեւում… Ոնց որ իր ծնողների գնալը: Շարժման օրերին թաղեցին երկուսին էլ: Ու էնքա՜ն բան չխօսուած մնաց: Ու հիմա երեւի էդ Արհեստական Բանականութիւնն ա պատմում նրանց չպատմածը: Ոնց որ Ալվարդի մահը: Ոնց որ… Չէ՛, սխալ էր ասում, հէչ էլ չի հասել դեսթինէյշընին: Ի՞նչ էր ասում աղջիկը, դեսթինէյշընը վերջնակէ՞տն ա: Էս չի իրա դեսթինէյշընը: Էդ դեսթինէյշընը չի կարող ուրիշն իր տեղը որոշի: Կեանքը վերջնակէտ չունի: Ելքն էլ մէկը չի: Ուշքի եկաւ թշշոցից: Չէր նկատել՝ սուրճն ինչպէս էր թափուել: Գազն անջատեց: Սուրճ չէր ուզում:
Գիշեր
Սենեակի կիսամթում սեղանից իրեն էր նայում Ալվարդը՝ սպիտակ խալաթով ու կոլբան (քիմիական փորձանօթ՝ ապակեայ երկար վզիկով — խմբ.) ձեռքին: Ժպտերես, լայնաժպիտ՝ ինչպէս միշտ: Ալվարդն էնքան շատ էր, որ ինքն իրեն չէր նկատել լուսանկարում, Ալվարդի կողքին: Չզգաց էլ՝ ինչպէս յայտնուեց էդ միջանցքում: Երկար, շատ երկար միջանցք էր, ծայրին՝ լոյս: Ճիշտ եւ ճիշտ Ալվարդի պատմածը: Ու երեխաների ձայներ: Չէ՛, երեխաներ չէին, պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ՝ միջանցքի երկայնքով ձայնագրութեան պէս Լեւոնի ձայնն էր: Ոտքերն ինչ-որ կպչուն բանի մէջ էին խրւում: Ցած նայեց: Միջանցքով հոսում էր կաթի գետը: Կրծքերը մրմռացին ճիշտ այնպէս, ինչպէս երեխաներին կերակրելիս, երբ ծայրաստիճան լցւում էին ու պտուկներից կաթը դուրս էր ժայթքում: Փորձեց էներգիան կրծքերին ուղղել… Կաթն էնքան շատ էր, որ ոչ միայն Նունէին ու Ալէնին էր կերակրում, այլեւ կթում, Նարգիզին էլ էր տալիս: Նարգիզի կաթը շուտ էր ցամաքել… յետոյ աղջկայ հեռախօսի ձայնն էր՝ you have reached your destination. Միջանցքը գնալով երկարում էր, ծայրի լոյսը՝ հեռանում: EXIT` մեծ-մեծ կարմիր տառերով գրուած էր լոյսի գլխին: Расставание – маленькая смерть[4]` երգում էր Պուգաչովան, երբ բացեց աչքերը: Մթութեան մէջ փորձեց կողմոնորշուել՝ որտեղ է: Ինչ-որ ձայն էր: «Ալօ՛», ասաց: «Արգամին եմ ուզում», ասում էր անծանօթ, անհեթեթ ձայնը: Հեռախօսի էկրանին կէսգիշեր էր:
Վառեց հերթական գլանակը: Արգամը կեանքի վերջին ամիսն անց էր կացրել հիւանդանոցում, որտեղ այցելութիւններն արգելւում էին: Քովիդ էր: Միացուած էր շնչառական ապարատին: Յետոյ իրեն շատ երկար չէր ներում, որ էդպէս էլ ո՛չ տեսաւ Արգամին, ո՛չ էլ խօսեց հետը: Արգամից միայն հեռախօսն էր մնացել, որին դեռ շարունակում էին ինչ-որ մարդիկ զանգել: Անցաւ խոհանոց: Առանց լոյսը վառելու կրկին սուրճ դրեց: Նստեց խոհանոցի պատուհանի մօտ, որը նայում էր դպրոցի քանդուած կմախքին ու շինտեխնիկային: Չէր էլ յիշում՝ քանի տարի էր ընթանում էս շինարարութիւնը: Դանդաղ խմում էր սուրճը, երբ նկատեց, որ պատուհանից ներս է սահում Ալվարդը: Քանդուած դպրոցի վրայ մեծատառերով շատ յստակ գրուած էր ԵԼՔ: Ալվարդն էլ կարծես հէնց էդ ԵԼՔ-ի վրայ նստած շիւղերով ինչ-որ երկար բան էր գործում: Ուրեմն դո՞ւ ես իմ ելքը՝ հանգիստ ասաց Սոֆին՝ ինքն իր ձայնից զարմանալով: Ալվարդը գլխով հաստատեց: Սոֆին լուռ վեր կացաւ, անգամ կաղալը մոռացաւ, վերցրեց պայուսակը եւ հետեւեց Ալվարդին՝ առանց հետ նայելու: Նստեցին խոհանոցից բացուող անսպասելի երկար միջանցքի ծայրին: Պատերն սկսեցին թեթեւակի շարժուել, կարծես շնչում էին: Ալվարդը տարածուեց, տարածուեց միջանցքով մէկ ու հաստ ու բարակ թելեր հիւսելով ասաց՝ այստեղ սպասի, մինչեւ հերթդ գայ: Իսկ հիմա ո՞ւմ հերթն է՝ աչքերով հետեւում էր Ալվարդի հիւսած թելերին, ու դրանցից իւրաքանչիւրը մի նոր տեղ էր տանում: Բոլորս ենք հերթի մէջ՝ ասաց Ալվարդը: Սոֆին գլխով արեց ու վերցրեց հեռախօսը: Նոր հաղորդագրութիւն էր ստացել աղջկանից. «մամ, մոռացել էի ասել, որ ցերեկը եկայ, դռանդ վրայ կաւիճով գրուած էր ԵԼՔ, չհասկացայ՝ ով էր արել, բայց մոռացայ քեզ ասել ու համ էլ մոռացայ ջնջել»: Սոֆին լուռ ժպտաց, ապա պատասխանեց. լավ ա չես ջնջել, յաջորդի համար ա երեւի»: Ալվարդը վերադարձաւ, յայտնեց, որ իր հերթն ա: Սոֆին ոտքի կանգնեց ու մտաւ: Միջանցքով հոսող վարար կաթի գետն իր հետ տանում էր Աշոտին, Արգամին, Լենինի գլուխը, Նարգիզին, լուսանկարիչ Խանոյեանին, որի դէմքը երբեք չէր տեսել, Ազիզբեկովի արձանը, Լեզուի ինստիտուտը, Օպերայի բակում խմբուածներին: Ֆիրդուսը: Դէ բոլորին չես թուարկի: Հասաւ ու անցաւ ծայրի ելքը, ու յայտնուեց խոհանոցում: Նոյն սեղանը, նոյն սուրճի բաժակը, պատուհանից դուրս՝ կիսաքանդ դպրոցի շէնքը, չերեւացող Մասիսը՝ Կիլիկիային բազմած, Յաղթանակի կամուրջն ու Կոնեակի գործարանը: Սուրճից կում արեց: Տարօրինակ համ ունէր: Մտածեց, թէ սխալմամբ շաքար է աւելացրել: Հեռախօսը կրկին ծնգաց: «Տատ, ելքը որտե՞ղ էր, չեմ գտնում»: Սոֆին էր ուղարկել, դեռ ցերեկը, բայց ինքը նոր էր ստանում: Տեսնես ո՞ր ելքն էր փնտռում: Արդէն մոռացել էր՝ ուր էր ուղարկել Սոֆիին: Պատասխանելու համար շատ ուշ էր: Թափեց բաժակի քաղցր սուրճն ու նորը դրեց: Ու շարունակեց խառնել սուրճը: Ու շարունակում էր խառնել: Ու շարունակում էր: Ու խառնում էր:
Առաւօտ
Էներգիայի ուղղորդման ծէսը չհասցրեց անել: Սովորականից ուշ էր արթնացել, ինքն էլ՝ Նունէի զանգից: «Մամ, մի ժամ ա դուռդ ծեծում եմ, արդէն 11-ն ա, ժամը 1-2-ի կողմերն Ալվարդին վերցնում են»: Երկար չէր կողմնորոշւում՝ որտեղ է: Քնել էր հիւրասենեակում, բազմոցին, շուրջբոլորը՝ լուսանկար: Մի քանի րոպէ տեւեց, մինչեւ գտաւ ձեռնափայտն ու գնաց դուռը բացելու: Նունէն ու Սոֆին արագ-արագ ներս մտան: Սոֆին սուրճ դրեց, մինչ ինքը գնաց հագնուելու:
— Տա՛տ, գիտե՞ս, էս չաթ ջի-փի-թի-ին կարելի ա կրթել — ասում էր Սոֆին՝ սուրճը խառնելով:
— Ո՞նց, — հարցրեց Սոֆին՝ վերնաշապիկի օձիքն ուղղելով:
— Դէ որ մի հարցով հետը շատ ես շփւում, հարցեր տալիս, փոխում հարցդ, ինքը ստիպուած աւելի շատ ա փորփրում ու աւելի շատ բան ա գտնում, — ասաց, — ա՛յ, օրինակ, Ղարաբաղեան շարժման մասին էնքան հարցուփորձ արեցի, վերջը սկսեց քո պատմածներն էլ պատմել:
— Ո՞ր պատմածս, —հարցրեց:
— Դէ, օրինակ, էն որ մի երեխայ կար շարժման օրերին՝ «Ղարաբա՛ղ, մի վախեցիր, Յակոբիկը քեզ հետ է» պլակատով, կամ՝ ոնց վիքթըրիի նշանից անցաք բռունցքին: Լրիւ պատմեց, թէ ոնց սկզբում երկու մատը վեր էիք պարզում՝ եվրոպական V` յաղթանակ ցոյց տալով, բայց յետոյ Զօրի Բալայեանն առաջարկեց բռունցք անել՝ Ղարաբաղի ու Հայաստանի վերամիաւորման համար, ու սկսեցիք բռունցք անել:
— Հիմա որ օրինակ ինձ ձայնագրես ու էդ ձայնագրութիւնն իրան տաս, ինքը դա որպէս սկզբնաղբիւր կ՚օգտագործի՞, — հարցրեց՝ սուրճից կում անելով:
— Հա, բայց պատկերացրու միլիոններով տէնց ձայնագրութիւններ ու տեքստեր ու մրցակցութիւն՝ լեզուների, տեքստերի, պատկերների: Յետոյ, օրինակ, ես կարող եմ ընտրել, որ իմ չաթն ուրիշների չաթերի հետ չշփուի, սենց ասած՝ չսնուի նրանց ունեցած ինֆորմացիայով ու իրենն էլ նրանց չփոխանցի, նրանց չկրթի: Աւտոնոմ լինի, էլի: Կամ, որ չյիշի տուածս հարցերը: Մի խօսքով՝ դէմենցիա ունեցող չաթ լինի ու չաթի պատմութեան մէջ առհասարակ չերեւայ: Էդ դէպքում մեր իմացածը միայն մերը կը լինի: Կամ իմը, որովհետեւ ինքը չի յիշի, տեղում կը մոռանայ:
Աւտոնոմ չաթ: Աւտոնոմ բանականութիւն: Ինքնիշխանութիւնը չի կարայ տէնց դէմենցիայով, մենակ քո յիշողութեամբ լինի, միւսներից չսնուի, երեկուայ խօսացածն էլ մոռանայ… Եթէ պրոյեկտի տէրը դու ես՝ դու ես որոշում, սնուի թէ չսնուի: Կամ ումից սնուի: Ու ինչքան: Մտածում էր Սոֆին: Անջատել մէկի սնուցումը, միացնել մէկ ուրիշինը… Քովիդի ժամանակ չէին հերիքում սնուցման սարքերը…
Գիշերուայ մասին աղօտ էր յիշում: Հեռախօսում էլ հաղորդագրութիւններ չկային: Կար միայն անծանօթ հեռախօսահամարից զանգ: Սուրճը լուռ խմեցին, Սոֆիին թողեցին տանն ու Նունէի հետ ցած իջան: Դժուարութեամբ էր իջնում բարձր աստիճանները: Հրաժարւում էր Նունէին յենուել, ձեռնափայտն աւելի յարմար էր: Նունէն կրկին միացրեց Ջի-Փի-Էս-ը: Երբ հասան՝ անջատեց նախքան սրահ մտնելը, որ կրկին անպատեհ պահի չմիջամտէր:
Ալվարդն անխռով պառկած էր: Սրահում լուռ շշուկ էր, դիմացը՝ լիքը ծաղիկ ու ծաղկեպսակ: Սոֆին ցաւակցութիւններ էր ընդունում՝ դագաղի կողքին, ամենամտերիմների շարքում նստած: Մտովի էներգիան ուղղում էր դէպի լեարդ, ենթաստամոքսային գեղձ ու սիրտ: Սնուցում էր: Սիրտն արագ էր խփում: Նայում էր Ալվարդին ու տեսնում, թէ իր արիւնն ինչպէս է հազարաւոր անօթներով գրկում-պարուրում սիրտը, անթիւ-անհամար թելերով անցնում կրծքեր, կաթի վերածւում: Յղիութեան ժամանակ կնոջ արեան ընդհանուր ծաւալն աւելանում է մինչեւ 50 տոկոսով՝ կրկնւում էր գլխում: Կրծքերը եռում ու մրմռում էին՝ կարծես էսա-էսա կաթը ժայթքելու էր: Նունէն եկաւ եւ յայտնեց, որ արդէն հանելու ժամանակն է: Թաղելու էին Թոխմախում՝ Աշոտի կողքին:
Արեւը հաւասարապէս այրում էր բոլորին. Սոֆիին, Ալվարդին, Ալէնին, Նունէին, ծաղկեպսակները, Աշոտի գերեզմանաքարը, Ալվարդի փոսի յատակը: Ալվարդը շարունակում էր ժպտալ լուսանկարից: Վերջին պահին, երբ դագաղը պիտի փակէին, Սոֆին կաղալով մօտեցաւ, կռացաւ, ու դագաղի մէջ գցեց իր ու Ալվարդի՝ Շարժման օրերին Լենին-պարտիա-Գորբաչով պլակատի ֆոնին Օպերայի բակում Աշոտի արած լուսանկարը: Յանկարծ հեռախօսը բարձր զնգաց: Բոլորը ցնցուեցին ու իրար նայեցին: «Ալվարդ»՝ գրուած էր Սոֆիի հեռախօսի էկրանին: You have reached your destination` ցածրաձայն ասաց Ալէնը: Սոֆին աչքերը բարձրացրեց հեռախօսի էկրանից: Աչքերի առաջ արեւից սեւացաւ: Վերջ: Առաջին սերիայի: Ասաց դագաղի մէջ ձիգ նստած Ալվարդը: Յետոյ կրկին պառկեց, ձեռքերը խաչեց կրծքին ու փակեց աչքերը:
Յունիս-յուլիս 2025
(Գրանիշ)
1] Դուք հասել էք ձեր վերջնակէտին:
2] Ռուսերէն՝ «պատւոյ պահակախմբով»
3] Ուկրաինական 5’Nizza խմբի յայտնի երգը. «Ես զինուոր եմ, պատերազմի վաղաժամ զաւակ, մայրի՛կ, բուժի՛ր վէրքերս, ես զինուոր եմ, Աստծոյ կողմից լքուած երկրի զինուոր, ես հերոս եմ, ասա՛ ինձ, թէ ո՞ր վէպի»
4] Բաժանումը փոքրիկ մահ է
