ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐԵԱՆ
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մէջ աշխարքին ես չեմ մնայ։
Որ աշխարք աւերուի, մէկ էլ շինուի,
Եբոր ցորեն էղաւ քանց մասուր մի,
Ու գարին էղաւ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կայ, որ էլնենք էդտեղէն։
(«Սասունցի Դաւիթ»,
Երևան, Հայպետհրատ, 1961, էջ 319-320)
Նախնիներիդ զիլ կանչով փառապանծ
Ագռաւաքարից դուրս ելի՛ր, Մհեր,
Եւ բացի՛ր բոլոր ճամբաներն անանց,
Որ շուտով հասնենք երազանքին մեր։
Ցորենը վաղուց մասուր է կարմիր,
Եւ գարին ընկոյզ` մեծ ու իւղալի,
Դէ՛ դո՛ւրս արի դու Ագռաւաքարից,
Հեծիր քո ձիուն` Քուռկիկ Ջալալի։
Առաջնորդիր մեզ ճամբով յաղթութեան,
Ամենուր թնդայ ձայնը քո խրոխտ,
Ժողովի՛ր շուրջդ ցրուած հայութեան,
Վառի՛ր քո սիրտը սրբազան հրով։
Ահա լսւում է խրխինջը ձիուդ,
Եւ ջուր է յորդում ճաք տուած ժայռից,
Ելի՛ր վերջապէս, պարզի՛ր բազուկդ,
Ու թող սարսափի քեզնից թշնամիդ։
Նորից արդարի հուժկու հարուածով
Զարկի՛ր, թող զարթնի ճշմարտութիւնը,
Առաջնորդիր մեզ անմար հաւատով,
Ու թող շէնանայ մեր Հայոց տունը։
Երեւան
