Արցախի գրողների միութեան արտահերթ համագումարը նախագահ է ընտրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ — Ապրիլի 15-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցաւ Արցախի գրողների միութեան արտահերթ համագումարը, որը նախագահում էր գրական ընտանիքի նահապետ, բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանեանը։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը ներկաները յարգանքի տուրք են մատուցել Արցախեան պատերազմներում նահատակուած հայրենեաց պաշտպանների յիշատակին։ Գրական ընտանիքը լռութեան րոպէով յարգել է նաեւ վերջերս կեանքից հեռացած ԱԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Յակոբեանի յիշատակը։
Արտահերթ համագումարի օրակարգում ընդգրկուած էին Արցախի գրողների միութեան նախագահի, վարչութեան և վերստուգիչ յանձնաժողովի ընտրութեան հարցերը: Թեկնածուներ են առաջադրուել Նորեկ Գասպարեանը եւ Կիմ Գաբրիէլեանը։ Փակ գաղտնի քվեարկութեանը Կիմ Գաբրիէլեանի թեկնածութեանը կողմ է քվեարկել 19 պատուիրակ, իսկ 26-ը` Նորեկ Գասպարեանի օգտին, ով ընտրուել է Արցախի գրողների միութեան նախագահ:
«Համատեղ ուժերով ամեն ինչ անելու ենք, որպէսզի Գրողների միութեան գրական քաղաքականութիւնը բաւականին ընդգծուած լինի և ինչքան հնարաւոր է բարձրացնի գրողի հեղինակութիւնը: Գրողներն անհատապէս կարող են միայն ստեղծագործել, բայց ինչ-որ աշխատանք կատարելու, քաղաքականութիւն որոշելու առումով պիտի մենք միասին աշխատենք», — ասաց Նորեկ Գասպարեանը:
Այնուհետեւ համագումարն ընտրել է վարչութեան նոր կազմ` բաղկացած 10 անդամից, ինչպէս նաեւ վերստուգիչ յանձնաժողով:

(ԱԳՄ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *