Բանաստեղծութիւններ

Վարդան Յակոբեան

Արցախը հիմա բոլորի բերանում է՝
և հերոսի, և սրիկայի, և զոհի…
ժամանակի մէջ ամեն ինչ վերանում է,
ու նոր գաղափարներ են նետւում գրոհի։
Խաւարում վաղն ու գալիքը մեռնում են,
հորիզոնը հանգչում է բութ կրնկի տակ,
հազար տարուայ խոցերը կրկին յառնում են,
փոշի է կեանքը մեղքերի մէջ անյատակ։
Ընդդիմանում են զոհերն արդէն արթնացած,
ճահիճ է, չկան մեզ մեկնած ձեռք ու յենակ…
Մեռոնով օծուած հողիս արիւն կայ լերդացած,
ուսիս դրէք երկիրս, տանեմ մեն-մենակ։

* * *

Ես ոչ մի տեղ չունեմ հեռանալու, երկիր,
աւելին, ինձ ու քեզ թողնելու սիրտ չունեմ,
սուտ դուրս եկան երազ, խորհուրդ ու գիր,
խինդ ու ցաւիդ բիհրից կապուած շուն եմ։
Կը մաքառեմ, կը հսկեմ ՝ մինչև շունչս վերջին,
անշիրիմ մեր զոհերի ոգեղէն սրբութիւնը։
Կը սպասեմ, գայ Ամենակարողը, իմ ականջին
շրշայ բաղձալի երկու բառ՝ փրկուած է տունը։

 

ԼՌՈՒԹԻՒՆ

Եթէ եղել ես ինձ մօտ, թէկուզ՝ մի վայրկեան,
քո հեռանալուց յետոյ
բուրելու է ներկայութեանդ չմարող պահը,
բուրելու են կարօտը,
երազի մանուշակը,
յիշողութիւնը, չասուած խօսքը,
լռութիւնը չարտաբերուած…
Մի խօսքով, քանի եղել ես դու ինձ մօտ,
թէկուզ՝ մի վայրկեան,
քեզանից յետոյ չի լինելու քեզանից յետոյ։
Օրը կը հեռանայ առանց ինձ՝ պատկերս թողած
անցեալում, և երբ վերադառնայ, ես արդէն
չեմ գտնուի։ Իմ ափի մէջ
պահում եմ այն հեռուները, որոնք
ես երբևէ նշել եմ ցուցամատով,
դրանց մէջ հազարաւոր հորիզոններ կան։
Լեռը շատ ծանր է, որպէսզի թռչունը
կարողանայ երբևէ պոկուել նրանից։

ԾԱՆՐԱՑՈՂ ԻՐԻԿՈՒՆ

Իմ ապրած ժամանակի մէջ կան վայրկեաններ, որ, փաստօրէն,
ինձ շրջանցել են։ Եւ երբ ես նայում եմ քեզ՝ չգիտեմ, թէ
ուր եմ նայում։ Ամեն ինչ երեւում է վերջում, բացի վերջից։
Ծառ,
արի ինձ վառեմ, դու
մի քիչ տաքացիր։

Ընդդիմադիր գծերի հայր Խոան Միրոյի տիեզերական քմծիծաղը
կախուել է երկնքի քիւերից՝ որպէս կրակի ստուեր։ Եւ զանգն
ինձ հնչեցնում է։ Մութը ձորերում խիտ է, սարի վրայ՝ լոյսից մի թեթեւ վախեցած։
Մոմ,
ինձ վառեմ քո առաջ, դու
մի քիչ աղօթիր՝ առ երկինք։

Երբ ես ընկնում եմ, ոչ ոք մեղաւոր չէ դրանում, առաւել եւս՝ ես։ Յայտնի
ճանապարհները մարդուց դուրս են մնում, որ նա կարողանայ հասնել։ (Ինձ յաւերժ անհաս մնացին այն գագաթները, որոնց ես հասայ)։
Աղաւնի,
դու սպասիր Մասիսի վրայ, ես
ձիթենու ճիւղը կտցած՝ թռչեմ քեզ մօտ։

Ծառերն ընթանում են ջրերից արագ։ Լուսաստղն ինքն իրենից
ուշացաւ։ Ծաղիկներ վերցրու քեզ հետ, որ ուղին ընթանայ անսխալ։ Իսկ
ես ուզում եմ անպայման գնալ մի տեղ, ուր չի կարելի գնալ։

 

ՍԻՐԵՑԷՔ ԶՄԻՄԻԱՆՍ

Ծաղիկը, լոյսը, երեխան,
ամեն ինչ աշխարհում
ծնւում է սիրուց։

Կանգնել է ճամբի մօտ ծաղիկը,
ճչում է սեթեւեթ,
չպոկես՝ ի՞նչ անես։

Անձրեւը, շողը, հաւատը,
ամեն ինչ աշխարհում
ծնւում է սիրուց։

Կանգնել է ճամբի մէջ երեխան,
ձեռքը մեկնել է,
չգրկես՝ ի՞նչ անես։

Կարօտը, տունը եւ ճամբան,
ամեն ինչ աշխարհում
ծնւում է սիրուց։

Կանգնել է ճամբին մեր տունը հին,
կանչում է հայեացքով,
չգնաս՝ ի՞նչ անես։

Երազը, յոյսը եւ սէրը,
ամեն ինչ աշխարհում
ծնւում է սիրուց։

Կանգնել է ճամբին մեր սէրը մեծ՝
հրեղէն փշերով,
չվառուես՝ ի՞նչ անես։

ԱՄԵՆ ԻՆՉՆ ՈՒ ՈՉԻՆՉԸ

Մի փոշմանիր, որ եկել ես,
դու շատ փոքր մարդ ես՝ չգալու համար,
մի փոշմանիր, որ գնալու ես,
դու շատ փոքր մարդ ես չգնալու համար:
Ամենահզօր կամքով Վերին
գետը հոսում է յորդաբուխ ու անկասելի,
մի ալիք ծնւում է ճիչով,
մի ալիք ձուլւում հոսանքին, կորչում է,
և այն, ինչ դու ես անում,
դա խաղն է պարզապէս ջինջ ալիքների,
դու՝ ձուլուած կամքին
արարման,
կեանքին,
լոյսին ու մութին,
ապրիր քո հոսքով մեծ ու տիեզերական
և այն ամենով, ինչը քեզանով եղել է ու կայ:
Դու՝ ամեն ինչ ես, բացարձակապէս՝ ոչինչ:

Վարդան Յակոբեան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *