Ամալիա Գրիգորեան
Արցախի ազատագրական շարժումն իր բովանդակութեամբ համազգային էր, և, բնականաբար, այն իր արտացոլումը գտաւ հայ գրականութեան, հրապարակախօսութեան և բանաստեղծութեան մէջ:
Իրենց ստեղծագործութեամբ շարժմանն արձագանգեցին Սիլվա Կապուտիկեանը, Վահագն Դաւթեանը, Հրաչեայ Յովհաննիսեանը, Յովհաննէս Գրիգորեանը, Դաւիթ Յովհաննէսը և շատ ուրիշներ: Պէտք է ասել, որ ասպարէզի վրայ էին, առանց բացառութեան Արցախի բոլոր գրողները՝ Վարդան Յակոբեան, Հրաչեայ Բեգլարեան, Գուրգէն Գաբրիէլեան, Նուարդ Աւագեան, Ռոբերտ Եսայեան, Նորեկ Գասպարեան, ժաննա Բեգլարեան, Արիս Արսէնի և այլք։ Արցախի բանաստեղծութիւնը մասնակից եղաւ ազատագրական շարժման իրադարձութիւններին:
Վարդան Յակոբեանն արցախեան պայքարի առաջին գծում էր ոչ միայն որպէս գրողների միութեան նախագահ, ազգային-հասարակական գործիչ, այլև որպէս բանաստեղծ և հրապարակախօս: Ուշագրաւ փաստ է, որ «Ամարասի զանգերը» շարքը Վարդան Յակոբեանը բացում է «1988» բանաստեղծութեամբ: Յաջորդ շարքում («Արցախայ ծուխ») նա բանաստեղծութիւն է տեղադրում «1988 թուական, փետրուար» վերնագրով: Երկու շարքերի գրութեան թվականները նոյնն են` 1987-1989:
Անցնող տարին կարծես որևէ անակնկալ չի բերում, բայց ինչ-որ ներքին, տագնապ պաշարում է բանաստեղծի հոգին: «Անցուոր օրուայ սաղմոսի մէջ փուշ կայ սրտի», անդուռ ցաւ կայ հոգում և բնութեան ներդաշնակութիւնը ճեղքւում է այլ դասաւորութեամբ.
Ճաք է տուել խաչքարաբուռ ակն աղբիւրի.
այս որտե՞ղ է կորչում, արդեօք, ջրիկը ջինջ,
այս որտե՞ղ է երգն աղբիւրից զատել իրեն,
այս որտե՞ղ է հաւքը իր մէկ ոտքին կանգնում,
իրար բեր քո ափերը զոյգ, թող ակ լինի…
«Եւ ես տխուր եմ, չափազանց տխուր», — ասում է բանաստեղծը և մտովի անձնաւորում ֆիդայուն` Գէորգ Չաւուշի, Անդրանիկի, Աւոյի կերպարներով, յիշում Աւարայրն ու Սարդարապատը և հպարտութեամբ ակնարկում, թէ «Ես օծուել եմ արեամբ պատմութեան, ինչպէս Վարդանի կամ Անդրանիկի սուրը»: Բայց նոյն թուականի փետրուարը բացում է վարագոյրները և բացայայտում կեղծիքը` եղբայրութեան գաղափարով քօղարկուած պետութեան քաղաքականութեան մէջ: Եւ բանաստեղծը ներկայացնում է գորշ իրականութիւնը, ուր ազերական վոհմակները ոչնչացնում են այն ամենը, ինչ հայկական է, փորձում են սեփականացնել մեր ազգային մշակոյթի կոթողները, երբ չի ստացւում դա, աւերում, հողին են հաւասարեցնում: Եւ իրենց այդ զազրելի ու «պատիր բնոյթով» անգամ չեն կարողանում յանկարծակիի բերել հայոց քաջերին, որովհետև նրանք լաւ են ճանաչում թշնամու «ենիչերական մոլուցքը վայրի», աւելին, պատրաստ են ամեն գնով արժանի հակահարուած տալ նրա ոտնձգութիւններին, քաջ իմանալով պատմութեան դասերը՝ որտեղ ոտք է դնում թուրքը, այնտեղ աւերուածութիւններ են լինում, մահ ու աւեր: Դիպուկ է նկատել Վիկտոր Հիւգոն, նա սարսափները հակիրճ նկարագրելու համար ընդամենը գրում է մի քանի բառ. «Այստեղով անցել է թուրքը»: Եւ դրանով ամեն ինչ ասւում է: Իսկ ահա համաշխարհային գրականութեան մի ուրիշ տիտան՝ Ֆ. Դոստոևսկին, ուղղակի երևոյթը պատկերում է ամբողջութեան մէջ բացառիկ վարպետութեամբ՝ ներկայացնելով թուրքի ամբողջական նկարագիրը «Կարամազով եղբայրներ» վէպում. «Իսկ այդ թուրքերը, ի միջի այլոց, հեշտասիրութեամբ տանջել են նաև երեխաներին, մօր արգանդից դաշոյնով կտրել-հանելուց սկսած մինչև ծծկեր երեխաներին վեր նետելը և սուինի ծայրով բռնելը, այն էլ մօր աչքերի առաջ: Հէնց բուն հեշտանքն էլ մօր աչքերի առաջ անելն էր: Բայց ահա այսպիսի մի տեսարան յատկապէս հետաքրքրել է ինձ: Պատկերացրու. ծծկեր մանկիկը դողահար մօր ձեռքերին, շուրջը ներխուժած թուրքեր: Նրանք մի զուարճալի խաղ են սկսել. փայփայում են փոքրիկին, ծիծաղում են, որպէսզի նրան էլ ծիծաղեցնեն, և յաջողում են, մանկիկը ծիծաղում է: Այդ րոպէին թուրքը նրա վրայ ատրճանակ է ուղղում դէմքից չորս մատնաչափ հեռաւորութեամբ: Մանկիկը ուրախ ծլվլում է, թաթիկները երկարում, որ բռնի ատրճանակը, և արտիստը յանկարծ չրթացնում է բլթակը ուղիղ նրա երեսին, ջախջախում նրա գլուխը… Արուեստ է, այնպէս չէ՞: Ի դէպ, ասում են, որ թուրքերը քաղցրաւենիք շատ են սիրում»:
Ժամանակը փոխւում է, սակայն թուրքի բնոյթը չի փոխւում: Եւ Վ. Յակոբեանը ճշմարտացի գոյներով է ներկայացնում թուրք-ազերի թշնամու կերպարը.
Ինքն իրեն բացեց կապանքը ստի,
աւարտուեց ամեն դիմակահանդէս,
Գայլը գայլն է նոյն բնոյթով պատիր
Գառան մորթու մէջ, թէ որջում անտես:
Ոսոխը նենգ է ու դաւադիր, բայց գրողը չի կորցնում իր լաւատեսութիւնը, նա սխրանքի է մղում ազգի զաւակներին, հաւատալով, որ, ի վերջոյ, մշտապէս յաղթում է արդարութիւնը: Վ. Յակոբեանը հաւատում է ազգային ոգու անվեհերութեանն ու բացարձակ ուժին, գտնելով, որ Մայր Հայաստանի «անուշ ձայնը», որ կանչում ու կոչում է իր որդիներին հերոսութեան, մեզ համար «և սէր է, և սուր», իսկ սէրն ու սուրը միասին անյաղթելի են.
Մենք` որդիք Հայկի, արդար ու վսեմ,
ցաւու դառնութիւն այդ ե՞րբ չենք տեսել,
բայց ոչ մի անգամ, Աստուած է վկայ,
Արցախին յաղթող չի եղել, չկայ…
1988 թ. յունուարին բանաստեղծ Վ. Յակոբեանը Գուրգէն Գաբրիէլեանի, Հրաչեայ Բեգլարեանի և այլ մտաւորականների հետ վերջնական տեսքի է բերում ԽՄԿԿ Կենտկոմի գլխաւոր քարտուղար Մ.Ս. Գորբաչովին ուղղուած այն նամակը, որով պահանջւում էր Արցախը վերամիաւորել Հայաստանին: Մոսկուայում այն յայտնի դարձավ «23-ի նամակ» անունով, որովհետև նամակի տակ ստորագրել էին քսաներեք մտավորականներ: Որպէս բանագնացներ Մոսկուա մեկնեցին Վ. Յակոբեանը, Գ. Գաբրիէլեանը, Հ. Բեգլարեանը: Մոսկուայից վերադառնալուն պէս նրանք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ժողովրդի առջև հանդէս եկան` հնչեցնելով մինչև վերջ պայքարելու կոչը:
Վ. Յակոբեանն այդ թէժ օրերին ցած չդրեց գրիչը` ստեղծելով մարտաշունչ երգեր, պոէմներ, բալլադներ և այլ գործեր: Կարևորելով գրողի դերն ու առաքելութիւնը` բանաստեղծը գրել է. «Մեր իւրաքանչիւր տող պիտի գնայ այն ուղղութեամբ, ինչ ուղղութեամբ հոսում է մեր հողի համար ընկած զինուորի արիւնը»: Սա խօսում է այն մասին, որ գրողը պայքարի պահին գրիչը պէտք է փոխարինի զէնքով, մարտի նետուի գրչով ու զէնքով: Չափազանց բեղմնաւոր եղաւ Վ. Յակոբեանի գրիչը շարժման և պատերազմական տարիներին: Իրար հետևից տպագրուեցին նրա «Ամարասի զանգերը» (1989թ.), «Արցախայ ծուխ» (1989թ.), «Մեսրոպ Մաշտոցն Ամարասում» (1990թ.), «Տաճարն Աստծոյ» (1991թ.), «Սոսէ» (1994թ.), «Մենարան» (1996թ.) և այլ գրքեր:
Գրականագէտ Ս. Սարինեանը Վ. Յակոբեանի «Մենարան» ժողովածուի առաջաբանում գրում է. «Անամպ էր Վարդանի հոգու երկինքը մինչև 1988-ի փետրուարը: Վերահաս իրադարձութիւններն այլ գոյներով են ներկում Արցախի բնանկարը: Մնում է Սէրը, որ նախաստեղծ է, Բնութեան և կարօտի արձագանգներն ածանցւում են Արցախ-Պատմութիւն-Ցաւ երրորդութեան հոգեբանական տագնապներին: Բանաստեղծի հոգու վրայ ծանրանում է օրերի մղձաւանջը, իրերի շարժումը փոխակերպւում է անկերպութեան քաոսի… Այլ ղօղանջներ են յղում Գանձասարի և Ամարասի զանգերը, հողի յիշողութիւնից վերընձիւղւում է Հայկ Նահապետի ձգուած աղեղը և պատմութիւնը մեր ազգային օրացոյցի վրայ դրոշմում է Աւարայրի և Սարդարապատի զինանշանը»:
Եւ ինչպէս բանաստեղծ Հրաչեայ Բեգլարեանն է նկատել, Վարդան Յակոբեանն իր գործն ուղղակի սկսեց այնտեղից, ուր կիսատ էր թողել Բագրատ Ուլուբաբեանը. «Վարդան Յակոբեանը գլխաւորեց Արցախի հարցով Մոսկուա մեկնած մեր ճանաչուած և անուանի մտաւորականների պատուիրակութիւնը, այնուհետև նա Արցախեան շարժման նախաձեռնող խմբի կողմից ստացաւ 1988թ. փետրուարեան պատմական նստաշրջանը կազմակերպուած ձևով անցկացնելու յանձնարարութիւն, որը և կատարեց հերոսաբար, նիստերի դահլիճից` ընկերների օգնութեամբ, դուրս վռնտեց Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեանը:
Ընդհանրապէս պիտի ասեմ, որ արցախեան շարժման ընթացքում Վարդանը աւելի խորը բացուեց իր ըմբոստ բնաւորութեամբ»:
Վ. Յակոբեանի «Արցախայ ծուխ» ժողովածուն հեղինակի հոգևոր աշխարհը նորովի բացեց ընթերցողի առաջ թէ թեմատիկ ընդհանրացումների, թէ գրական-գեղարուեստական առանձնայատկութիւնների բազմազանութեան առումով: Նա զգում է հայրենիքի ցաւը և հնչեցնում պայքարի կոչը:
«Մղձաւանջ» բանաստեղծութեան մէջ ներկայացւում է Արցախ աշխարհի մռայլ իրականութիւնը: Եւ ընդհանուր այդ քաոսի մէջ գրողը լոյսի ելք է փնտռում, որովհետև գնալով, «գիշերուայ սև ստուերները» խորանում են, «քարերի ճիչը ականջ է պատռում», և լուսինն անգամ բանաստեղծի աչքին «արիւնոտ կրնկի հետք է» թւում: Սակայն այդ գորշութեան մէջ, Տունը, որ գրողի գրչի տակ ներկայանում է Արցախի հաւաքական կերպարի մէջ, շարունակում է մաքառել, փնտռել փրկութեան դուռը.
Մղձաւանջը Տան լոյսից մարում է,
ամեն նահատակ՝ գոյութեան վճիռ,
հաւատը` սուրբ տուն, տաճարուող միամբ,
առաւօտը բաց դաս է յառնումի,
և դարձն արմատանց` մարտիրոսութիւն:
«Ձգուած աղեղներ» բանաստեղծութեան մէջ, ուր գրողի պատկերաւոր մտածողութիւնն ու խօսքի ամբողջականութիւնը ստեղծում են զգացմունքի ու փիլիսոփայական ընդհանրացումների մի ամբողջութիւն, դարձեալ խօսում է արցախցու լուսաւոր կերպարը: Այստեղ ժամանակը ներկայանում է իր ողբերգական գծերի մէջ, և սակայն դա չի խանգարում, որ «անմաշ ցաւի դէմ» հայրենի եզերքը մնայ կրկին լուսեղէն ու մաքուր. «լեռան փէշից մեռոն է թափւում»:
Քարտէզի վրայ մի ծառս եղած ձի
Արցախ — դաժան սէր, վիրաւոր անուն,
տունը փնտռում է աչքեր մայրական,
հայկեան աղեղը լարում է հոգու,
և օրերն անցնող սլացող նետ են:
Եւ դարձեալ բանաստեղծութիւնն աւարտւում է լաւատեսական տողով, որը յագեցած է հայկական ժողովրդական իմաստութեամբ. «Ինչ էլ որ լինի՝ մենք լինելու ենք»:
Գրող-հրապարակախօս, Արցախի հերոս Զորի Բալայեանը բարձր գնահատելով Վ. Յակոբեանի տեղն ու դերը Արցախեան շարժման տարիներին, գրում է. «Մեր նորագոյն պատմութիւնն ու արցախեան համազգային շարժումը դժուար է պատկերացնել առանց Վարդան Յակոբեանի: Դժուար է պատկերացնել և մեր պոեզիան առանց մարտնչող պոէտ Վարդան Յակոբեանի: Այնպէս են դասաւորուել իմ ճակատագիրն ու կեանքը, որ ես մշտապէս եղել եմ կամ մասնակիցը, կամ ականատեսը մեր ազգային գոյամարտի բոլոր կարևորագոյն ու ճակատագրական անցուդարձերի: Եւ կարող եմ վստահօրէն ասել, որ ամենածանր ու դժուարին ճանապարհների գրեթէ բոլոր խաչմերուկներում հանդիպել եմ Վարդանին` լինի դա մեր ողբերգաշունչ նկուղներում (այս մասին Վարդանը պիես է գրել` «Արցախեան բալլադ»), լինի դա հոսպիտալում, որտեղ բուժւում էին հերոսները, թէ այլուր»:
«Ամարասի զանգերը» խորագրով ժողովածուում բանաստեղծն անդրադառնում է մեր դժուարին ու հերոսական անցեալին, անձնաւորում բնութիւնը` ժողովրդի ճակատագրի միասնութեամբ: Նա գրում է.
Քարերը հասցէ են ու գիր
և ճամբաներ են ծորում արիւնից
և մանանայ է հողը սրբազան,
Արցախն էլ` յոյսի անտառ վեհարան:
Պոէտը հայոց երկիրը համարում է Աստծոյ տաճար և մտնելով վանք, իր աղօթքն է հնչեցնում.
Երբ վանք են մտնում, մտնում են տաճար,
ուրեմն` Ատծուց լսելիք ունեն,
ուրեմն` Աստծուն ասելիք ունեն,
ուրեմն` լոյսը դեռ բաց է մնում,
ուրեմն` յոյսը դեռ հաց է մնում,
և հոգու կանչ է ղօղանջը զանգի:
Հետաքրքիր է ժողովածուի «Այս խաչքարը ես եմ» բանաստեղծութիւնը, որտեղ հեղինակը ընդգծում է հայ ժողովրդի իմաստնութիւնն ու անմահութիւնը: Հայրենի երկրի ամեն մի խաչքար հայոց պատմութեան խօսուն վկան է, որն իր մէջ կրում է մեր նախնիների սրբազան պատգամները: Եւ ոչ միայն խաչքարերը, այլև անգիր քարերը լուռ պատմում են մեր երկրի պատմութիւնը.
Մի փունջ խոտ պոկիր և սրբիր փոշին`
ինչ քար էլ լինի,
հողում տարանջատ,
սուրբ ու արցախեան:
Եւ կը տեսնես, որ աչքերիդ առաջ
կ՚ելնի-կը յառնի
անուշ մի երկիր`
աշխարհ Հայաստան:
Վարդան Յակոբեանը «Սօսէ» ժողովածուի մէջ դիմում է գեղարուեստական հետաքրքիր հնարանքի վերակենդանացնելով ու ժամանակակից իրականութիւն բերելով մեր ժողովրդի ազատութեան ու անկախութեան համար նահատակուած հերոսներին, նրանց մասնակից դարձնում ազատագրական պայքարի նոր ծաւալումներին: Մոնթէի, Աւոյի, Աշոտի և միւս երևելի ազատամարտիկների կողքին՝ զէնքը ձեռքներին կռւում են և Անդրանիկ Զօրավարը, և Նժդեհը, և Աղբիւր Սերոբը, և Սօսէն… Եւ համազգային այս միասնականութիւնը, երբ զոհերն անգամ անմահ են և հողից ելնում, կռուի դաշտ են մտնում հայրենիքի համար ճակատագրական պահին, հայոց քաջերին դարձնում է անպարտելի: Եւ գրողն այդ ամենին հասնում է բազմապիսի պատկերների, գրական-գեղարուեստական հնարանքների միջոցով յաճախ միֆիկան զգեստների մէջ ներկայացնելով իր հողի ազատութեան համար պատերազմող հայ շինականին: Արցախեան ազատամարտի բնորոշ գծերից մէկն էլ այն է, ըստ գրողի, որ այստեղ կողք-կողքի են և՛ Աւարայրի, և՛ Սարդարապատի հայոց բանակները:
Գեղարուեստական նուրբ ու համոզիչ հնարանքներով բանաստեղծն ամբողջական մի պատկեր է ստեղծում «Վարդանանց բլուր»-ում, որը, կարելի է ասել, նորարարականն շունչ ու ոգի է բերում, մտքի ու մտածողութեան նորոգով իմաստասիրական ինքնատիպ լուծումներով: Բանաստեղծութեան համար հեղինակը հետաքրքիր բնաբան է ընտրել, որը և առաջին իսկ տողերից յիշեցնում է ստեղծագործութեան թեմատիկ ուղղուածութեան մասին. «Արցախեան մի զօրամաս կռուել է Աւարայրում և վերադարձին հերոսաբար նահատակուել Եղեգնաձորում: Հերոսների աճիւններն ամփոփող բլուրը հիմա կոչւում է Վարդանանց բլուր»: Այդ գործը ստեղծելիս հեղինակին, ինչպէս ասում են, նիւթ է տուել նաև Վարդանանց բլրի հետ կապուած այն ժողովրդական լեգենդը, ըստ որի մի մեծամայր ամեն օրուայ իրիկնադէմին մօտ սպիտակ քօղերի մէջ, աննկատելի մօտենում է Վարդանանց բլրի վրայ ամփոփուած շիրիմներին և նրանց վրայ իր համբոյրը թողնում: Եւ իրականն ու տեսլականը բանաստեղծի մտապատկերների մէջ միաձուլւում են ծնունդ տալով մի գեղեցիկ ստեղծագործութեան, որը, յիրաւի, կարելի է համարել արդի մեր քնարերգութեան այդ թեմայով գրուած լաւագոյն գործերից մէկը: Վ. Յակոբեանը չի գնում տրորուած ճանապարհով, թարմ է և յղացումը, և գեղարուեստական կատարումը: Կատարւում է հրաշքը «և հողում թաղուած խաչը ելնում է, և ոտք է բռնում ճամբան Արցախայ»: Բանաստեղծութիւնը բաղկացած է տասնհինգ տողից: Իւրաքանչիւր հնգատողի մէջ ամփոփւում է պատմական մի դրուագ ընթացքի դինամիկ զարգացման մէջ, տողից տող ուժգնանում է տպաւորութիւնը, գործողութիւն-պատկերներն ընթերցողի համար դառնում են շօշափելիութեան աստիճանի տեսանելի: Եւ գործողութիւնների, ապրումների միահիւսուած տրամադրութիւնը դառնում է խիստ վարակիչ: Բանաստեղծութեան ընդհանուր համապատկերի մէջ Եղեգիք գետը դառնում է շարական, վանքի զանգը միանգամից Այբբենարան է դառնում, հայոց աղեղները պրկւում են նորից ու նորից, մեր քաջերի ձեռքերում շողում է Թարթառը որպէս սուր… Ասել է թէ նոր մարտ է ծաւալւում մարտից յետոյ: Եւ այս պարագայում Վարդանի ու նրա ձիու կարմիրը խորհրդանշում է ոչ թէ արիւն, այլ յաղթանակ:
«Վարդանանց բլուր» բանաստեղծութեան մէջ, թւում է, տողերից իւրաքանչիւրն իր ինքնուրոյն կեանքով է ապրում և մէկը-միւսի հետ մտքի կապ չունի, բայց ամբողջականութեան մէջ նրանք հնչում են ներդաշնակ ու օրգանապէս իրար հիւսուած.
Դարձը ճամբի հետ մաքառող տուն է,
և ամեն թուփ-քար` զինուոր, Եղիշէ,
և Խաչէնն ի վար Տղմուտն է հոսում
և հողից ելնող-ծլող հերոսներ
և Աստուած մէկը հազար է անում:
Վարդան Յակոբեանի «Մենարան», «Անդրադարձի տեսիլներ» շարքերում և «Գողգոթայ», «Քրիստոսի ծաղիկները», «Դադարներ» և այլ պոէմներում ղարաբաղեան մոտիւը նոր որակ է ստանում: Այստեղ աւելի է ընդգծւում փիլիսոփայական ընդհանրացումը: Այսպէս, օրինակ` «Դադարներ» նախերգանք-պոէմում, որը կոչւում է «Քրիստոսի վերջին խօսքից առաջ և յետոյ», Յակոբեանը խորհրդանիշ է դարձնում Մոնթէի կերպարը` որպէս նուիրումի, նահատակութեան և հերոսութեան պատգամ.
Իսկ Աւոն, ահա, Մելքոնեան Մոնթէն,
զաւակների հետ երկրի
տնտղում է ափի մէջ տիեզերական
փոշին աստղապէծ`
վերագտնելու
առասպելները հինաւուրց հողի`
իրեն իսկ պատկերով,
դեռևս չքանդակուած ոչ արծաթէ,
առաւել ևս ոչ ոսկէ
մետաղադրամի վրայ:
Արցախեան ազատամարտի գրականութեան ամենագեղեցիկ էջերից է Վարդան Յակոբեանի «Քրիստոսի ծաղիկները» ասքը: Բանաստեղծական «դադարներով» ընդմիջուող պատմութիւններում ներկայանում է պայքարող Արցախը` գիւղ առ գիւղ, անուն առ անուն, ընդգծելով արցախցու բնոյթը, նրա սրբազան հաւատը հայրենի հող ու ջրի պահպանութեան համար.
Սև սամումը եղեռնական մոլեգնում է Արցախայ
սուրբ լեռների մէջ…
իւրաքանչիւր վայրկեան, որ նոր է գալիս,
մեզ տխրեցնում է,
առաւել,
Քանզի աւելի խորն ենք ապրում նախորդ վայրկեանի
ողբերգութիւնը:
Այս հոգեբանութեամբ են արարւում քարինտակցիների պայքարն ու յաղթանակը, Միքայէլ պապը յուսադրում է ապրողներին. «Մենք չենք գնում, ժողովուրդ, մենք միշտ գալիս ենք և երբէք չենք գնալու: Էս մեծ, էս անսահման դաւի մէջ էսօր ես համոզուեցի, որ իսկապէս, Աստուած էլ ղարաբաղցի է»:
Ի զուր չէ Վարդան Յակոբեանը «Քրիստոսի ծաղիկներն» անուանել ասք, այսինքն` աւանդավէպ, պայքարի, նահատակութեան երևոյթը դարձրել լեգէնդ, ասել է թէ բնութեամբ իմաստաւորուած յաւերժութիւն: «Պատմում են, — գրում է Յակոբեանը, — որ այդ օրից սկսած, ամեն օր լուսաբացից առաջ արծիւները գալիս երամով, շէնի շուրջ կանգնում են, ամեն մէկը մի ժայռի վրայ, հսկում քարինտակցիների առաւօտը, իսկ լոյսը բացուելուց յետոյ թռչում են երկինք: «Էն մեր սուրբ նահատակների արթուն ոգիներն են…»:
Նոյն գաղափարը արտայայտուած է նաև «Գողգոթայ» պոէմում: Պոէմի առիթով գրականագէտ Ս. Սարինեանը նկատում է, որ Յակոբեանի պոէտական ոճին իւրայատուկ է դառնում միստիկ-տեսիլային ուրուապատկերը: Այսպէս էլ գողգոթայի ամբողջ միստերիան կատարւում է ցնորամիտ տեսիլքում:
Մարդիկ լսեցէք, մարդիկ, դուրս եկէք,
ժողովուրդ, աչքդ լոյս,
նահատակները, տեսէք, գալիս են,
ելել, գալիս են, յաղթել` գալիս են,
մի-մի մոմ վառէք` ի սէր Յիսուսի,
յարութիւն առել` վերադառնում են,
սեղաններ գցէք, բացէք շուրջպարը,
չգալուց յոգնել, արդէն գալիս են,
վերադառնում են,
վերադառնում են նահատակները:
Յայտնւում է նահատակ զինուորի կինը, վերյիշում սիրոյ ու գորովանքի երդումը և «հպարտ ու անպարտելի կանգնում է շիրիմին` որպէս յաւերժ կենդանի մի խաչ»: Նահատակների շիրիմներից «դուրս են գալիս աղաւնիներ հազար ու հազար ու թռչում են անյայտ, անօթևան ուղղութիւնների աշխարհ»: «Ամբողջ այս միստերիան, — գրում է Սարինեանը, — կատարւում է գործողութիւններից դուրս, հոգեկան էկզալտացիայի անգիտակից սևեռումի պարագայում, որ առհասարակ բնորոշ է Վարդան Յակոբեանի ստեղծագործական խառնուածքին»:
Այստեղ արտայայտւում է նաև Յակոբեանի տեսակէտը բանաստեղծի կոչման և բանաստեղծութեան իմացական նշանակութեան մասին: Այս հարցին Յակոբեանն անդրադարձել է բազմիցս` թէ հարցազրոյցներում և թէ տեսական յօդուածներում: «Ես պաշտում եմ Արցախեան շարժման բոլոր նահատակներին, — գրում է նա, — իմ կեանքի րոպէներն այլևս նրանց անուան մէջ բացուող խնկածաղիկներն են… Առանց դրան բանաստեղծութիւնը այլասերութիւն է»: Եթէ այս տողերը վերաբերում են ժամանակի զգացողութեանը, ապա մի այլ ընկալմամբ բանաստեղծութիւնը համազօր է ճշմարտութեանն ու աշխարհի ճանաչմանը, ի զօրու է գուշակելու ապագան, ճանաչելու իրերի բնոյթը և գիտակցելու ազգային շարժման պատմական հեռանկարը: Ծանր փորձութեան առաջ է դրուած Արցախը, մաքառումը կը լինի դաժան, բայց «մխիթարութիւնն այն է, որ մեր ժողովուրդը աննկուն է ու ամուր, ոչ միայն չի զիջում, չի նահանջում, այլև գնալով դառնում է աւելի վճռական, աւելի փարձառու, աւելի անսխալ»:
Պայքարի այս զգացողութիւնը մշտատև է եղել, այնպէս որ, բանաստեղծի համոզմամբ այն եղել է «մեր գոյութեան մշտական պայքարը, մեր յաւերժական լինելիութեան ձգտումը»: Ուշագրաւ է, որ բանաստեղծի ներզգացողութեան մէջ դեռ պայքարի իրական վիճակից առաջ, եղել է նրա հոգու արձագանգը դեռևս 1987թ. գրած բանաստեղծութեան մէջ.
Բանաստեղծութեան համար չեմ ասում…
Մէկ-մէկ թւում է` Դաւիթն եմ, վրաս`
քառսուն ջաղացքար —
Ձէնով Օհանի ձէնն է ինձ հասնում:
Մէկ-մէկ թւում է, թէ Աւարայրի
Հողն է ոտքիս տակ,
Վարդանանց կռուի ձէնն է ինձ հասնում:
Մէկ-մէկ թւում է, թէ ճգնաւոր եմ
Փակուած մի վանքում —
Խալխի դուրս կանչող ձէնն է ինձ հասնում:
Մէկ-մէկ թւում է` Սարդարապատում
Ընկած զինուոր եմ —
Յաղթանակի սուրբ ձէնն է ինձ հասնում:
Մէկ-մէկ թւում է` Արցախի սրտից
Կաթած արիւն եմ —
Չմեռնող յոյսի ձէնն է ինձ հասնում…
Աչքովս տեսայ,
Երկինք ու երկիր և Աստուած վկայ,
Բանաստեղծութեան համար չեմ ասում:
Իսկ այն, ինչ Յակոբեանն ասում է բանաստեղծութեան մասին, ապա միանգամայն խորիմաստ բնութագիր է ժանրի իմացական արժէքի տեսակէտից. «Ժողովրդի մաքառման փիլիսոփայութիւնը, դա նրա բանաստեղծութիւնն է, հայրենիքի հոգևոր շարժման, կենսական զարգացման դինամիկան: Եւ հէնց այստեղ է, որ ժողովրդի ցաւը հայ գրականութեան մէջ «վերածւում է կենսական էներգիայի, մեծացնելով իր ազդեցութեան ուժը գոյութեան պայքարի բոլոր ոլորտներում»:
Այստեղից տրամաբանօրէն բխում է սահմանումը, թէ «իսկական բանաստեղծութիւնը պէտք է ֆիդայական լինի» և բանաստեղծութիւնն ինքնին պայքար է: Յիրաւի, տեղին է ասուած Ս. Խանզադեանի խօսքը Վ. Յակոբեանի մասին. «Ֆիդայի է նա էութեամբ, իր պոեզիան էլ ֆիդայական»:
Պայքարի, յաղթանակի, կատարեալի ձգտման փիլիսոփայական յղումների մի ամբողջական մատենաշար է կազմում Վարդան Յակոբեանի պոեզիան:
Ամալիա Գրիգորեան
Բանասիրական գիտութիւնների
թեկնածու, դոցենտ
Ստեփանակերտ