Հրաչեայ Բեգլարեան
Մեր ազգային-ազատագրական պայքարի մէջ նոր փուլ նշանաւորեց ԼՂ մարզխորհրդի 1988թ. փետրուարի 20-ի պատմական նստաշրջանը` արտայայտելով մայր Հայաստանին վերամիաւորուելու արցախահայութեան կամքն ու ձգտումները: Նստաշրջանը կազմակերպուած անցկացնելու գործը` նախաձեռնող խմբի կողմից, վստահուած էր գրող, շարժման ակտիւ գործիչ Վարդան Յակոբեանին։
Ղարաբաղի գրական օջախում Վարդան Յակոբեանի երևալը մի իսկական յայտնութիւն էր: Նրա խօսքի մէջ լեռներից իջնող ջրվէժի ուժ կար ու հմայք: Վարդանը գրեթէ պատանի էր, երբ Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անուան թատրոնում սկսեցին բեմադրուել նրա պիէսները, իսկ բանաստեղծութիւնների առաջին գիրքը տպագրուեց դեռևս այն ժամանակ, երբ նա ուսանողական նստարանին էր: Վարդան Յակոբեանը նոր անուն, նոր ձայն էր արդէն մղձաւանջ ապրող Ղարաբաղի գրական օջախում: Ես, որ նրա հետ ծանօթ էի նրա դպրոցական տարիներից, հասկանալի է, մեր գրողների և լրագրողների մէջ առաջին մարդն էի, որ ուրախացայ` տեսնելով նրան մեր շարքերում…
Վարդանը խիզախ անձնաւորութիւն է` թէ բանաստեղծական խօսքի, թէ լրագրային աշխատանքի մէջ: «Սովետական Ղարաբաղ» թերթում աշխատանքի անցնելուց յետոյ շատ ժամանակ չէր անցել, երբ նա նշանակուեց խմբագրի տեղակալ: Սա իսկապէս նորութիւն էր 70 հոգուց բաղկացած մի թերթի խմբագրութեան կեանքում, ուր կային աւելի քան կէսդարեայ վաստակ ունեցող շատ լրագրողներ: Խնդիրն այն էր, որ այն հերկը, որ կատարում էր Վարդան Յակոբեանը` լրագրային մեր դաշտում, աւելի խորն էր և արդիւնաւէտ: Դրա հետ միասին նա շարունակ լայնացնում էր իր գրական դաշտը` արձակ խօսքի խորութեամբ շնչող ակնարկներ, դրամատիկական գործեր, բալլադներ, պոէմներ: Յաճախ թւում էր, թէ նա Ղարաբաղում չի ապրում, ապրում է քաղաքակիրթ մի մեծ քաղաքում, որտեղից էլ գալիս էր նրա ձայնը` ինչ-որ թարմութիւն բերելով մեզ համար: Ի դէպ, նա առաջին գրականագէտն է, որ ապրելով Ստեփանակերտում, կարողացաւ Երևանում պաշտպանել և ստանալ դոկտորի գիտական աստիճան: Թւում էր, թէ շատերի պէս սերտելով Երևանի ճանապարհը, նա մի օր կը գնայ Երևան: Սակայն նա ոչ միայն թթենու ծառի պէս խորացրեց իր արմատները հայրենի երկրի քարերի մէջ, այլև հեռուներից իր շուրջը հաւաքեց բարեկամներին: Նա բանաստեղծի սիրով ու ջերմութեամբ կապուեց հայրենի մի բուռ հողին, փայփայեց այն, ստեղծելով իդիլիկ մի պատկեր` օջախով, գրքերով, գլգլան ջրերով:
Վարդան Յակոբեանն աւանդապահ որդի և աւանդապահ բանաստեղծ է, սակայն նրա ենթագիտակցութիւնը թոյլ չտուեց նրան մնալ սոսկ այդ սահմաններում, երբ փոխւում էր դարը, փոխւում էր աշխարհը: Նա զարմանալիօրէն շատ է կարդում և լաւ է կարդում: Վարդանի միտքը արթուն է, լիցքաւորուած ռադիոկայանի պէս աշխարհի գրական բոլոր ձայները լսում է նա և ստեղծում է իր ձայնը, իր գրական գործը` լինի դա բանաստեղծութիւն, գրական-քննադատական յօդուած, պիէս, ակնարկ:
Նրա գրիչը բեղմնաւոր է, միտքը` ճկուն, եռանդը` շատ:
Լեռնային Ղարաբաղի գրական օջախի նահապետ, անուանի բանաստեղծ Բոգդան Ջանեանը դեռ յիսուն տարի առաջ նկատել է, որ Ղարաբաղում ապրող բանաստեղծը չի կարող մնալ սոսկ բանաստեղծ: Կեանքի հանգամանքները ստիպում են նրան դառնալ նաև քաղաքական գործիչ, բայց այնպիսի գործիչ, որին ամենից առաջ հետաքրքրում են իր ժողովրդի շահերը, նրա վաղուայ ճակատագիրը: Այն ուղուց Վարդանը ոչ միայն դուրս չեկաւ, այլ, աւելին, խորացրեց հունը: Մնաց իր հաւատի, իր երազանքների հետ և կաղնու պէս զօրացաւ` յաճախ ճակատելով հողմերի դէմ:
Իմ և Վարդան Յակոբեանի միջև մի ներքին մտերմութիւն էր ստեղծուել դեռ այն ժամանակ, երբ նա սովորում էր Հադրութի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցում, իսկ ես այնտեղ էի գնացել գրական նոր անուններ որոնելու: Ու գտայ նրան, գտայ Դիզափայտի սիզաւէտ ծաղիկների մէջ: Նա բանաստեղծ էր ծնուել, յետագայում պիտի ընդհանրացնէր իր մտքերն ու մտածումներն այսպէս.
Արիւնս եռման… Այդ իմ լեզուն է`
Սուրբ ու մեսրոպեան ու ոսկեղինիկ,
Իմ երակներով անլուռ հոսում է
Ծաղկում են լեզւում հող ու հայրենիք:
Վարդան Յակոբեանը միշտ հարազատ մնաց իր սկզբունքներին` թէ որպէս բանաստեղծ, թէ որպէս քաղաքական գործիչ:
Կար Ղարաբաղում մի ժամանակաշրջան, երբ մեզ գրեթէ թմրեցնում էին Ադրբեջանի կենտկոմի քարտուղար Հեյդար Ալիևի շողոքորթական «շիջուկներով», ապա վիրահատում էին մեզ ամենադաժան ձևով: Վարդան Յակոբեանը սթափ միտք ունի, արտակարգ զգօնութիւն և յաճախ էր կանխում իմ և Գուրգէն Գաբրիէլեանի մոլորութիւնները:
Որպէս բանաստեղծ` Վարդան Յակոբեանի խոփը չմնաց աւանդական առի կամ գութանի ակօսների մէջ: Նա կարողացաւ բացել իր ակօսները, ընդ որում, դա խորը ազգայինից դէպի համամարդկայինը տանող ճանապարհն էր: Նա շատ ճիշտ բնորոշեց իսկական երգի ուղին: Նրա կարծիքով` լաւ երգը հիւսւում է ծիծեռնակի բոյնի պէս, բնաշխարհի բնական թելերից, ծեփւում է հողով, «Բայց նրա մէջ ծուարում է… տիեզերքը» («Երգը»): Այս բանաստեղծութիւնն իր ամբողջութեան մէջ մտքի խտացուած ադամանդ է, փոքրիկ ադամանդ, իր մէջ մի ամբողջ տիեզերք պահող ադամանդ: Բայց Վարդանը դրա կողքին ունի նաև բանաստեղծական խօսքի ծաւալուն ատլասներ (պոէմներ), որոնք իրենց ոճով յիշեցնում են մեր «միջնադարեան հանճարեղ ճորտերի» խօսքի ուժգնութիւնը: Ես նկատի ունեմ «Տաճարն Աստծոյ» նրա գիրքը, որը և առանձին-առանձին վերցրած բանաստեղծութիւնների մի շարք է` հայրենաշունչ ոգով, իսկ թէ ուզես միասին տեսնել, մի պոէմ է, որի ծնունդը ողջունեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Առաջինը` վեհարան հրաւիրելով բանաստեղծին: Այն, ինչ քեզ մօտ է` քոնն է, հասարակ ու շարքային է թւում: Վարդանը ծնուեց, մեծացաւ, պտղաւորուեց հայրենի Ղարաբաղում, և ապրում է ոչ միայն իր համար, այլև Բագրատ Ուլուբաբեանից յետոյ, քառորդ դարից աւելի է, ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Գրողների միութիւնը, կատարելով լեգենդար գործ:
Կուսակցութեան ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովը Վարդան Յակոբեանի բանաստեղծութիւնների մէջ նացիոնալիստական երանգ էր տեսնում: Ընդհանրապէս` թէ՛ նա, և թէ՛ կուսակցութեան մարզկոմի «ապարատի» նրա աշխատողները Վարդան Յակոբեանի բանաստեղծութիւնների մէջ միշտ ական էին որոնում: Խնդիրն այն է, որ Վարդան Յակոբեանը, չնայած ջահել տարիքին, բայց արդէն ճանաչուած մտաւորական էր նաև Հայաստանում, մեզանից միայն նա էր տպագրւում մայր Հայրենիքի հանդէսներում ու թերթերում: Վարդանը, ինչպէս ասացի, Ղարաբաղի բարձր լեռնային շրջանի որդի է: Խմբագրութիւնում սովորութիւն կար, առաջին հունձը, առաջին թթահաւաքը և առաջին խաղողաքաղը միշտ ես էի լուսաբանում: Երբ Մարտունու շրջանում սկսուեց խաղողաքաղը, ինձ ուղարկեցին խաղողաշատ Գիշի: Այդ օրը ես Վարդան Յակոբեանին առաջարկեցի ինձ հետ ներկայ լինել խաղողաքաղի առաջին օրուան և նա սիրով համաձայնեց: Յաջորդ օրը նա «խաղողենի» վերնագրով մի գեղեցիկ բանաստեղծութիւն կարդաց իմ ու Գուրգէն Գաբրիէլեանի մօտ: Գուրգէնը հէնց այդ պահին էլ երաժշտութիւն յօրինեց, մի լիրիկական երգ դարձրեց այն և մենք երեքով սկսեցինք երգել:
Երբ այդ բանաստեղծութիւնը տպագրուեց թերթում, Վարդանի գլխին ծանրացան սև ամպերը: Մենք գիտէինք, որ ԼՂ մարզկոմի բոլոր աշխատողներն, իրենց «հեղինակութիւնը» բարձրացնելու համար, նացիոնալիստներ էին որոնում յատկապէս գրողների մէջ: Եւ ահա Վարդան Յակոբեանի «Խաղողենի» բանաստեղծութեան մէջ գտել են իրենց որոնած տողերը, «Գրկենք ամուր ու պինդ պահենք լեռները մեր, խաղողենի»: Ումի՞ց է պինդ պահում մեր լեռները` թուրքերի՞ց: Այստեղ էր մեղադրանքը: Եւ ահա Վարդանը, Գուրգէնի ու ինձ հետ Բորիս Կևորկովի մօտ էր: Ինչպէս ասում են, մեղադրական աթոռին նստեցրեց բոլորիս: Ես ու Գուրգէն Գաբրիէլեանը հազիւ կարողացանք զսպել Բորիս Կևորկովի բարկութիւնը: Այդպէս եղել է նաև Վարդան Յակոբեանի «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» ազգային-հայրենասիրական բանաստեղծութեան առիթով: Այն առաջին անգամ տպագրուել է Երևանում: Ստեփանակերտում բանաստեղծութեան մասին գրուել է «անոնիմ» նամակ, որը, անցնելով Ադրբեջանի կոմկուսի կենտկոմով, «Գրական Ադրբեջան»-ով, հասել էր նորից Ստեփանակերտ, կուսակցութեան մարզկոմ: Ես և Գուրգէնը այս անգամ ևս կարողացանք Վարդանին փրկել վերահաս վտանգից, քանի որ նրան սպառնում էր առնուազն աշխատանքից հեռացում: Մանաւանդ, որ նման իրարանցում էր մինչ այդ առաջացրել Վարդանի «Սովետական Ղարաբաղ»-ում տպագրուած մէկ ուրիշ հայրենասիրական բանաստեղծութիւն, ուր նա դիմել է հայ մեծ վիպասան Րաֆֆու անուանը: «Ինչի էք մեր յարաբերութիւնները սրում ադրբեջանցիների հետ, չէ որ նրանք Րաֆֆուն չեն սիրում, համարում են ազգայնամոլ». այսպէս էին մտածում կոմունիստ «ինտերնացիոնալիստները»: Բայց այս ամենը չէին ընկճում Վարդանին, ազգային ոգին նրա մէջ անսահման բարձր է: Այո, հէնց այդ դժնակ ժամանակներում էր յստակ երևում, թէ ով` ով է: Սիլվա Կապուտիկեանը Վարդանին համարել է ազգային մեծ գործիչ: Իսկ ահա թէ Արցախում իրեն փոխարինած Վարդան Յակոբեանին ինչպէս է բնութագրել Բագրատ Ուլուբաբեանը. «Վարդան Յակոբեանի պոեզիայի ընդգրկումները համարեա անսահման են` այսօրերգութիւնից մինչև միջնադար, Ամարաս, որ մեր սրբազան հաւատքի ակունքն է: Մեր Արցախին Վարդան էր պէտք, և նա կայ` երիտասարդ, առոյգ, տաղանդաւոր»:
Վարդանն իր գործունէութեամբ ու նկարագրով շատ շուտ հասցրեց արժանանալ ժողովրդի և իր գրչակիցների սիրուն: Եւ ահա մի օր գրողներով (ԳՄ անդամ էինք 12 հոգի) հաւաքուեցինք (մի բան, որ այն ժամանակ ընդունուած չէր), Վարդանին ընտրեցինք ԳՄ ղեկավար: Ճիշտն ասած, նա չէր ուզում դա, որովհետև խմբագրի տեղակալի իր գործի մէջ հմտացել էր, բայց մենք նրան համարեա ստիպեցինք: Ինչ խօսք, բանաստեղծ Վարդան Յակոբեանն իր գրական ծանրակշիռ վաստակի մեծ մասը արարեց յատկապէս Ղարաբաղի մտաւորականների համար ստեղծուած դժուար տարիներին: Նա կրակի քուրայի մէջ գտնուող պողպատի պէս եռաց, կոփուեց ու միշտ մնաց շարքում: Կարող էր, ի հարկէ, շատերի պէս, ինչպէս ասում են, դաւերից հեռու ապրել իր համար: Բայց նա պայքարեց ու յաղթեց:
Լեռնային Ղարաբաղում ապրող գրողը նաև այդ երկրի լրագրողն է, հրապարակախօսը, քաղաքական գործիչը, իսկ թէ երկիրը կանգնում է մարտի առաջ` նաև առաջին գծի զինուորը: Խորհրդային տարիներին, երբ մայր Հայաստանի հետ մեր գրական փոխյարաբերութիւնները գրեթէ արգելքի տակ էին, Վարդանը կամաւոր կերպով հոգևոր կամրջի դեր էր փաստօրէն ստանձնել: Եւ իր այդ առաքելութիւնը կատարում էր լուռ ու նրբանկատ, «հսկող աչքերից» հնարաւոր չափով` հեռու: Բայց և այնպէս, քանի-քանի անգամ են տեղի «կուսակցական լիդերները» նրան նեղել` մայր Հայաստանից Արցախ եկած գործիչներին իր տանն ընդունելու համար: Իսկ Վարդանն իր սկզբունքի մէջ մնում էր անդրդուելի: Նրա օջախը դարձել էր հայաստանեան գրական-մշակութային գործիչների համար հարազատ հասցէ և մի իւրովի հաւաքատուն:
Վարդան Յակոբեանը գլխաւորեց Արցախի հարցով Մոսկուա մեկնած մեր ճանաչուած և անուանի մտաւորականների պատուիրակութիւնը, այնուհետև նա Արցախեան շարժման նախաձեռնող խմբի կողմից ստացաւ 1988թ. փետրուարեան պատմական նստաշրջանը կազմակերպուած ձևով անցկացնելու յանձնարարութիւն, որը և կատարեց հերոսաբար, նիստերի դահլիճից` ընկերների օգնութեամբ, դուրս վռնտեց Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեանը:
Ընդհանրապէս պիտի ասեմ, որ արցախեան շարժման ընթացքում Վարդանը աւելի խորը բացուեց իր ըմբոստ բնաւորութեամբ: Եւ ամենևին էլ չափազանցութիւն չէ, որ Զորի Բալայեանը չի պատկերացնում «արցախեան շարժումն ու մեր նորօրեայ քնարերգութիւնն առանց Վարդան Յակոբեանի»: Յիրաւի, այդպէս է: Ես յիշում եմ, թէ սաֆոնովեան դժնի օրերին, երբ պարետային ժամ էր յայտարարուած, Վարդանն ինչպէս հասակով մէկ կանգնեց «օմոնականների» մեքենայի առաջ, որում ինձ ևս, շարժման մի քանի գործիչների հետ միասին, տանում էին բանտ` մեր համարձակ ելոյթների համար: Կանգնեց ու կասեցրեց մեքենայի ընթացքը, դա այն դէպքում, երբ դրանից առաջ նման մի արարքի համար զինուորները գնդակոծել ու սպանել էին շարժման գործիչներից մէկին, մեր անզուգական ընկեր Արմէն Յակոբեանին:
Ղարաբաղեան շարժման ռահվիրա Բագրատ Ուլուբաբեանից յետոյ, Արցախում նրա գործն իսկապէս արժանավայել ձևով շարունակեց Վարդան Յակոբեանը: Ղարաբաղի համար ծանր ու դժուարին տարիներին, Վարդանի հետ միասին, յաճախ էինք հանդիպում Բագրատ Ուլուբաբեանին: Շատ յաճախ` Վարդանի յարկի տակ: Մեր գրական հոգսերից բացի, մշտապէս քննարկում էինք նաև Ղարաբաղի հիմնահարցը: Խնդիրն այն էր, որ Բագրատ Ուլուբաբեանին փոխարինողները (մինչև ասպարէզ կը գար Վարդան Յակոբեանը), աւելի շատ եղել են կամակատարներ, քան մտահոգուել են ազգային հոգսերով: Հասել էր մի ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի գրողների «օջախի վրայ ջուր էր մաղւում»: Իսկ գրողների միութիւնն այն միակ կազմակերպութիւնն էր, որ Արցախում հայապահպանութեան սուրբ գործով էր մտահոգուած: Գրողների միութեան 12 անդամներից 4 հոգի ադրբեջանցիներ էին, որոնք Ստեփանակերտ էին քշուել Բաքուի մանկավարժական ինստիտուտի հետ միասին` Արցախը ազերական տարրերով լցնելու հեռահար մտադրութիւններով: Դրա կողքին Ստեփանակերտում ապրող երեք հայ գրողներ (նրանց մէջ էր և Վարդանը), որոնք արդէն եօթ-ութ գրքերի հեղինակներ էին, գրողների միութեան մէջ չէին ընդունում Բաքւում:
Բաւականին դժուար ժամանակներում Վարդան Յակոբեանը ստանձնեց Ղարաբաղի գրական օջախի ղեկը: Վարդանն իր գործն ուղղակի սկսեց այնտեղից, ուր կիսատ էր թողել Բագրատ Ուլուբաբեանը: Գրողների միութիւնը յամառօրէն իր ձայնը հասցրեց Մոսկուա, հասանք նրան, որ Մոսկուայի և Հայաստանի միջոցով միանգամից Գրողների միութեան շարքերն անցան տասնվեց հոգի: Փակ դուռը բացուած էր: Յետոյ ղարաբաղեան շարժման ոգին սկսեց արարչագործել: Ընդգծեմ, որ այս ժամանակաընթացքում Ղարաբաղի գրական օջախն աճեց, զարգացաւ, դարձաւ հայ գրականութեան ամենաբեղուն ջոկատներից մէկը: Սա արդէն մի վաշտ էր. գրական վաշտ, որի անդամների կէսից աւելին հիմա նաև Հայաստանի Գրողների միութեան անդամ են:
Վարդան Յակոբեանի աւանդը մեր գրական-մշակութային և հասարակական կեանքում, իրօք, ծանրակշիռ է:
Նա բանաստեղծ է, լրագրող, հրապարակախօս, դրամատուրգ, գրականագէտ և մանկավարժ, Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ: Դժուար է, ի հարկէ. մի մարդ այդքան ծանր բեռն ինչպէս տանի: Բայց Վարդանը տանում է քաջաբար ու դեռ ժամանակ է գտնում ընկերների հետ բազմաթիւ գրական միջոցառումներ կազմակերպել, ակտիւօրէն մասնակցել արցախեան հեռաւոր գիւղերի վերականգնողական աշխատանքներին, իր հիմնադրած «Գրիգոր Նարեկացի» համալսարանը ղեկավարել, այցելել Ղարաբաղում գտնուող հին բերդերն ու խաչքարերը, քաղաքական խնդիրներ լուծել հայրենի Ղարաբաղի համար: Յիրաւի, Արցախի անկախ հանրապետութեան բարձրագոյն պարգևը` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, շատ է սազում նրան:
Լինում է, ի հարկէ, երբ կաղնիները զօրանում են այնքան, որ նրանց շուքն ու հմայքը տեսանելի է դառնում ամբողջ անտառի համար: Վարդան Յակոբեանը ղարաբաղեան գրական ընտանիքը եկաւ մի ժամանակահատուածում (նրա գրական անուան կնքահայրը Յովհաննէս Շիրազն է), երբ խորհրդային սուր կացինը հատում էր ազգային հողի վրայ զօրացող կաղնիները: Նա եկաւ լրացնելու Գրիգոր Ներսիսեանի, Բագրատ Ուլուբաբեանի, Սարգիս Աբրահամեանի, Բոգդան Ջանեանի թափուր մնացած տեղը: Վարդանը մեր գրական ընթացքի ամենից ծանր լուծն իր ուսերին վերցրեց ու պատուով տանում է:
Եւ նրա վաստակը օր-օրի աւելի է խտանում:
Ղարաբաղի համար անցեալ տարի գրական-մշակութային երևոյթ էր Վարդանի 60-ամեակի կազմակերպումը` աշխարհի գրեթէ բոլոր ծայրերից հրաւիրուած հայ գրողների մասնակցութեամբ: Արցախի յոբելեարներից ոչ ոք դեռ Ստեփանակերտի Մշակոյթի և երիտասարդութեան պալատի դահլիճն այդքան չի տաքացրել իր ներկայութեամբ, որքան Վարդան Յակոբեանը: Նա հասուն, կեանքի փորձով, իմաստութեամբ լցուած բանաստեղծ է: Նա այսօր տաք ամառ և հոգևոր, հասուն բերքի ժամանակներ է ապրում: Թող միշտ առատ լինի նրա հոգևոր հունձքը:
Ստեփանակերտ, 2008թ.