ՎԱՐԴԱՆ ՅԱԿՈԲԵԱՆ
Ստորեւ մեր ընթերցողին կը ներկայացնենք Վարդան Յակոբեանի բեղուն գրչի վերջին արգասիքներէն այս ամանորեայ մաղթանքը։
Հորիզոն գրական
Նոր տարին նոր ժամանակի ներկայութիւն է։
Այն վայրկեան առ վայրկեան գալիս է ու մեզ առնում իր մէջ։ Բայց նրա գալը մեզանով է պայմանավորուած, քանի որ վայրկեաններին կեանքի կոչողը մենք ենք, նրանցով տարի ստեղծողը մենք ենք, նաեւ բարու եւ լաւի, յոյսի (երբեմն՝ դառնութեան) ներարկողն ենք։
Ժամանակ արարողը։
Ու Նոր տարին մեր քայլերով է գալիս, հէքեաթից դուրս, որովհետեւ երկնքից ոչինչ չի ընկնում, անգամ՝ երեք խնձորը, դրանք մեր այգու ծառից էին պոկում ու դնում փոքրերիս գլխատակին։
Ինչպիսի Նոր տարի ենք ստեղծել՝ նա է եկողը։
Վաղուց փոքր չենք, երեխաներին էլ չխաբենք։ Մեր ներշնչումի ու խիզախումի չափով է որոշւում անգամ Ձմեռ պապի գաւազանի կախարդանքը։ Գիտեմ՝ որպէս Արցախ-Սիւնիքի զաւակ, որ իմ պապերը Տաթեւի գաւազանի կերտումի մէջ շատ գեղեցիկ երազներ են դրել ու հրաշագործել։
Գաւազանի պատկերը մեր ներսից է։
Ուրեմն՝ այնպէս պիտի խփուի Ձմեռ պապի գաւազանը գետնին, որ ամենուր ծաղիկներ բացուեն ու արեգակներ, որ ժողովուրդների ու երկրների միջեւ ձիւներն ու սառոյցները հալուեն ու քչքչան ազատութեան դրախտային վարդերի տակ, երկնքից ֆոսֆորային ռումբի փոխարէն մանանայ իջնի հայոց երկրի վրայ, որ երբ Թումանեանը, Շիրազն ու Սահեանը (ասում են՝ Մաթեւոսեանն ու Սարինեանն էլ են նրանց միացել) գան Արցախ, իսկ նրանք միշտ ճանապարհին են ու մեզ հետ, ուղին փակ չլինի…
Նոր տարին Նոր լինի, ոչ թէ հայոց տխուր ժամանակների ու անվերջ ձգուող դաժան դարերի շարունակութիւն։ Աստղեր փնջելու կարգը մեր խաղաղ պատուհանից է սկսւում, մեր ձեռքի գաւազանը Ձմեռ պապի ափում էլ մերական լինի, շողք ու լոյսով ոչնչացնի բոլոր զէնքերը, որ նրա բերած նուէրներում ու խնձորների համում հօրս տնկած ծառերի ու մեր հողի հոտը շնչենք։
Որ երբ գաւազանը բարձրանայ, խաղաղութիւնը թագաւորի ամբողջ աշխարհում, հայոց համերաշխութիւնը հզօր թեւերը փռի ամենուրէք, նեռը ոչնչանայ, սիրոյ քաղաքներ բարձրանան նորանոր, գրուի մոլորակի ամենալաւ բանաստեղծութիւնը (այնպէ՜ս եմ ուզում այն կարդալ), փակ սիրտ ու վարդ, փակ ճամբաներ, դուռ ու հոգի չմնան երկրի վրայ։
Սուտն ու չարը վերանան, այլեւս աւեր-արիւն չտեսնենք, տիեզերքում տիրի միայն արդարութիւն, մայր Հայաստանն ու Արցախը ծաղկեն ազատութեամբ, մեր քաջ նահատակները վերածնուեն մանուկների մէջ, անթիւ-անհամար երեխաներ երկնեն հայոց հերոսական մայրերը… Երկնքից աստղեր իջեցնելը հէնց դա է։ Իսկ դրա միակ հողը մեր ազգային միաբանութիւնն է…
Հայոց Ամանորն աստուածային շռայլ շնորհներով խնկարկի ամեն հայի հոգում ու սրտում, ամեն յարկի տակ, բոլորի համար։ Եւ այդ ամենը պսակուի Սուրբ Փրկչի աստուածային Ծննդով։ Շնորհաւոր։ Ամէն…
(Գրական թերթ, 30 դեկտեմբեր 2022)