(Ֆեոդոր Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» վէպի եւ Դերենիկ Դեմիրճեանի «Դատաստան» դրամայի մեկնութեան փորձ)
ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐԵԱՆ
«… իսկ կը խղճայ մեզ Նա, Ով խղճացել է բոլորին,
եւ Ով հասկանում է ամենքին եւ ամեն ինչ,
Նա միակն է, Նա էլ դատաւոր է»։
(հատուած «Ոճիր եւ պատիժ» վէպից(1))
Գաղտնիք չէ, որ մասնագիտական դաշտում գրական սէրերը (առաւել եւս՝ առաջին սէրը) տարիներ, երբեմն՝ տասնամեակներ կանխորոշում են մեր անելիքներն ու ասելիքները։ Հետաքրքիր զուգադիպութեամբ՝ Ակսել Բակունցից (Թեւանեան, 1899-1937) յետոյ (նրա գրականութեան շնորհիւ հեռաւոր 1971-ին կտրուկ փոխեցի մասնագիտական կողմնորոշումս) համարեա քսան տարի զբաղուեցի Դերենիկ Դեմիրճեանի (1877-1956) գրական ժառանգութեամբ։ Խոստովանեմ՝ «Քաջ Նազար»-ը(2), «Աւելորդ»-ը(3) եւ «Դատաստան»-ը(4) ինձ համար մշտական զարմանքի, հիացմունքի, ճանաչման, ինքնաճանաչման առարկայ ու միջոց են։
Ֆեոդոր Դոստոեւսկու (1821-1881) եւ Դերենիկ Դեմիրճեանի այս ստեղծագործութիւնների մեկնութեան հնարաւորութիւնը բացառիկ է. վէպի ու դրամայի վերնագրերն անգամ մղում են մտորումների։ «Ոճիր եւ պատիժ»ը 1860-ական թուականների ռուսական իրականութեան, գաղափարական հոսանքների պայքարի պատմութեան գեղարուեստական պատկերն է, հանճարեղ գրողի, մեծ տառապեալի խոհերի ու ապրումների արտայայտութիւնը։ Վէպը հետաքրքիր զրոյց է ապագայ սերունդների հետ. չէ՞ որ խաղաղ կեանքի ու երջանկութեան որոնումները միշտ ուղեկցում են մարդուն։ Աստծուն փնտռելու, Աստծուն գտնելու ջանքերն ու Աստուածամարդու իդեալը Ֆ. Դոստոեւսկու գրական ժառանգութեան հենքն է, ինքնակենսագրական պատումի գեղարուեստական արժեւորման միջոցներից, որն անօրինակ անկեղծութեամբ վարակում է ընթերցողին ու մղում ինքնաճանաչողութեան։
Դ. Դեմիրճեանը «Դատաստան»-ն անուանել է «պատմալեգենդար, պատմառոմանտիկ դրամա», որը «ոչ մի աւանդութեան չի կապուած, ինքնահնար բան է ամբողջը» (X, 440(5))։ Դրամայի հերոսը՝ դատաւոր Թոմասը, «բարոյական կատարելութիւնից» հեռու է, եւ քարկոծումը նրա գործած մեղքի արդար հատուցումն է։
Այս գրողները ներկայացնում են «ներքին մարդուն»՝ հերոսներին տանելով «բռնակալ բարոյականութիւնից», «անզիղջ խստապահանջութիւնից», «խոստովանանքի դժուարութիւնից» մինչեւ «խոստովանող մարդ» ճանապարհով,– ինչպէս գրում է Դ. Դեմիրճեանը (X, 440)։ Նրանք պատրաստի բանաձեւեր չեն տալիս, բայց 1866-ին գրուած վէպը եւ 1916-ին բեմադրուած դրաման այսօր էլ խմորում են ընթերցողի սիրտն ու հոգին. ժամանակները փոխւում են, բայց մարդու ինքնաճանաչման, կատարելագործման փորձերը չեն վերջանում, մանաւանդ որ, որպէս օրէնք, անցեալից դաս չենք քաղում։
* * *
«Ոճիր եւ պատիժ» վէպում եւ «Դատաստան» դրամայում արծարծուած հարցերից առանձնացրել եմ մի քանիսը, որոնք կը քննարկեմ Ռասկոլնիկովի ու Թոմասի օգնութեամբ եւ նրանց օրինակով։ Ֆ. Դոստոեւսկին եւ Դ. Դեմիրճեանը ժամանակակից գրողներ են՝ բառի ամենալայն իմաստով, եւ շատ ասելիք ունեն մեր խառն ու խառնակ օրերում ապրող մարդ արարածին՝ անկախ ազգութիւնից ու դաւանանքից։
Աստուածաշնչին քիչ թէ շատ ծանօթ մարդը լաւ գիտի՝ աստուածայինի (իմա՝ մարդկայինի) սահմաններից դուրս ամեն ինչ ոճիր է։ Ո՞ւմ յայտնի չէ Տասնաբանեայի խրատը՝ մի՛ սպանիր։ Ռասկոլնիկովը եւ Թոմասն էլ գիտեն այս խրատական արգելքը. առաջինը մանկութիւնից ծանօթ է աստուածաշնչեան կանոններին, երկրորդն ամեն օր Նարեկ է կարդում։ Նարեկ (ասել է՝ նաեւ Աստուածաշունչ) կարդալն ու հասկանալը, առաւել եւս՝ կեանքում աստուածային սկզբունքներով ապրելը տարբեր բաներ են։ Թոմասի յօրինած չափանիշները կապ չունեն իսկական արդարադատութեան ու աստուածային ճշմարտութեան հետ, այլ խոսքով՝ իրական կեանքի ու մարդկանց հետ։
Վէպի առաջին էջերում Ռասկոլնիկովին տեսնում ենք բանտախուց յիշեցնող սենեակում երկարատեւ առանձնացման, ծայրայեղ աղքատութեան մէջ, բայց հերոսն իր պարապութիւնը «զարդարում է» մտածելով եւ դա համարում է աշխատանք։ Նա գտել է Նապոլէոն Բոնապարտ դառնալու կարճ ճանապարհը, որպէսզի ոճրագործութեամբ ձեռք բերած արիւնոտ փողերով բարի գործեր կատարի մարդու եւ մարդկութեան համար։ Փաստօրէն նրա ինքնաճանաչման խղճուկ փորձերն անցնում են մեղքի բաւիղներով։
Ամենուր իշխող աղքատութիւնն ու թշուառութիւնը, մարդկանց, յատկապէս՝ «առմիշտ վախեցած տեսքով», «մշտապէս ընդարմացած դէմքերով ու բաց բերաններով» (էջ 534) երեխաների անօգնական վիճակն ստիպում են Ռասկոլնիկովին ձեռքը գրպանը տանել ու բաժանուել վերջին պղնձադրամից, բայց նա զզւում է մարդկանց հետ ամեն տեսակ յարաբերութիւններից, անգամ՝ որդու համար գերագոյն ճիգերով ապրուստի միջոցներ հայթայթող մօրից ու անձնուէր, եղբօրն օգնելու համար Լուժինի հետ ամուսնանալու պատրաստ քրոջից։ Հերոսն այնքան է արհամարհում մարդկանց, որ չի ամաչում ցնցոտիներով փողոց դուրս գալուց։
Ռասկոլնիկովը համոզուած է՝ ոճրագործութիւնից յետոյ չի բռնուի, քանի որ մտքում տեսականօրէն ամեն ինչ կարգաւորել է. տհաճ անակնկալների մասին չի էլ ենթադրում։ Ամենակարեւորը՝ ինքն իրեն համոզել է, որ ոչնչից չի վախենում, բայց իրականում սարսափում է զրուցակիցների զննող հայեացքներից, կատարուած ոճրագործութեան մանրամասները քննարկող եւ մեկնաբանող զրոյցներից։
Ուշադիր ընթերցողն անպայման կը նկատի, որ Ռասկոլնիկովին պատկերող էջերում յաճախադէպ են «զզուանք» եւ «վախ» բառերը, որոնք դիպուկ բնորոշումներն են հերոսի տեսական ցնորքների եւ դրանցից հեռու իրականութեան բախումների, որոնք սովորական իրավիճակներ չեն. փողոցում նրան սպասում են անակնկալ, տհաճ հանդիպումներ։
Վէպի վերջին տեսարաններից մէկում, երբ հերոսն արդէն աքսորում է, զարմանքով գիտակցում է՝ «սարսափելի, անանցանելի անդունդը» (էջ 670), որը նրան բաժանում է միւս մարդկանցից. «Կարծես թէ ինքը եւ նրանք տարբեր ազգերից էին» (էջ 670)։ «Ժողովուրդ», «ազգ» բառերով բնորոշում ենք հանրութիւն, բայց իրականում հասարակական բուրգը բազմաշերտ է։ Մարդկանց տեսանելի տարբերութիւնների հետեւում կայ անտեսանելի նմանութիւն. սա պիտի հասկանայ իւրաքանչիւրը, այնինչ Ռասկոլնիկովը շարունակում է ապրել «կարծես աչքերը փակած. նայելը զզուելի ու անտանելի էր նրա համար» (էջ 670)։
Ուսումնական, Կիւրեղի բնորոշմամբ՝ «մի քիչ թունդ» (X, 65) դատաւոր Թոմասն այսպէս է ներկայանում. «… Ասում ես խի՞ստ եմ։ Ո՛չ, թոյլ եմ, դեռ չեմ դաժան ու շանթահարող» (X, 65), «Ով թոյլ է տալիս անառակութիւն, ինքը անառակ է» (X, 66), «Եթէ մազաչափ մեղմանամ, անառակ եմ», «… սուրբը չի ներում», «… ես կը նետեմ առաջին քարը» (X, 80), «Ես չեմ ներում», «Ներողներն են անբարոյացրել աշխարհը» (X, 81) եւ այլն։ Սա ասում է որպէս հաւատաւոր(6) ներկայացող մարդը՝ լաւ իմանալով Յիսուսի պատուիրանը եօթ անգամ եօթանասունեօթ անգամ եւ աւել ներելու մասին կամ չի յիշում Աստուածաշնչի հանրայայտ տեսարաններից մէկը, երբ Յիսուս հրաժարուեց եղբայրների ժառանգական վեճին միջամտելուց՝ շեշտելով, որ Ինքը դաւաւոր դատաւոր չէ։ Ներելով ուրիշին՝ ներում ենք ինքներս մեզ. ոչ ոք կանխաւ չի կարող գուշակել դէպքերի ընթացքը։
Դժուար է հաւատալ, որ ուսումնական մարդն անծանօթ է աստուածաշնչեան մի քանի սկզբունքների. «Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում եւ յիմարացան» (Թուղթ առ հռոմայեցիս 1։22), «Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ» (Մատթէոս 23։12)։ Իրեն սուրբ հռչակած Թոմասն անկարող է իրագործել այս սկզբունքները, բայց շատ է ուզում շրջապատին համոզել, որ իր կեանքում ամեն ինչ կարգին է։
Ռասկոլնիկովի եւ Թոմասի համար չկայ գոյութեան ու վայելքի ուրախութիւն, որովհետեւ մէկը տարուած է մարդկութեան փրկութեան երազանքներով, միւսը ոչ միայն ինքը չի ապրում ու վայելում, այլեւ միւսներին էլ է արգելում ապրել ու վայելել։
Ռասկոլնիկովի մասին կարդում ենք. «Միայն գոյութիւն ունենալը միշտ էլ քիչ էր նրա համար. նա միշտ աւելին էր ուզում» (էջ 668)։ Նա ոչինչ չի անում (եթե մի պահ մոռանանք անվերջ խորհելու տառապանքը) ու փորձում է հասնել աւելիին՝ առանց աշխատանքի ու չարչարանքի միանգամից հարստանալ։ Դատաւոր Թոմասն ամեն ինչ անում է դիրքը, իշխանութիւնը չկորցնելու, աւելիին հասնելու համար։ Ռասկոլնիկովի «գործի» հիմքում գոնե երեք հազար ռուբլի ձեռք բերելու մոլուցքն է, Թոմասը սպառնում է պարզել՝ ո՛վ է իւրացրել քաղաքին իր հօր կտակած տասը հազար թումանը։
Երկուսն էլ դժգոհ են եղածից, ունեցածից, այնինչ Աստուածաշնչից յիշում ենք. «Տեսայ նաեւ, որ մարդուս համար չկայ ուրիշ աւելի լաւ բան, քան ուրախ լինել իր վաստակով, որովհետեւ դա է նրա բաժինը. քանի որ ո՞վ պիտի նրան նորից բերի, որ նա տեսնի, թէ ինչ է լինելու իրենից յետոյ» (Ժողովող 3։92), կամ՝ «Աստուած ամեն մարդու հարստութիւն եւ ունեցուածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու եւ իր աշխատանքից ուրախ լինելու իշխանութիւն է տուել։ Դա եւս Աստծու պարգեւն է։ Նա իր կեանքի շատ օրերը չի յիշելու, որովհետեւ Աստուած նրա սրտի ուրախութեան համար հաճոյք է տուել նրան» (Ժողովող 5։18-19)։
Ազատութիւնը մարդուն Աստծուց տրուած շնորհներից է, բայց ինչպէ՞ս հասկանալ Ռասկոլնիկովին, որն իրեն փաստօրէն բանտարկել է խցում եւ ոճիր գործելուց բացի ոչ մի ուրիշ մտահոգութիւն չունի, իսկ Թոմասն իր ցանկութիւններից, մարդկանց ամենատես աչքերից թաքնւում է տան պատերի մեջ ու ջանք չի խնայում սրբակենցաղ ձեւանալու համար։ Այս հերոսներն իսկապէս ազատ են, երբ Ռասկոլնիկովը յայտնւում է աքսորում, իսկ Թոմասը կամաւոր յանձնւում է ամբոխի դատաստանին։ Նրանք ազատ են, որովհետեւ ոչ թե հարկադրուած են զսպել իրենք իրենց, իրենց ցանկութիւնները, այլ կառավարում են։
Ռասկոլնիկովի եւ Թոմասի կեանքում գայթակղութիւն են յօրինովի սկզբունքները, որոնք ոչ մի առնչութիւն չունեն քրիստոնէական բարոյականութեան հետ։ «Յիսուս ասաց նաեւ Իր աշակերտներին. “Անկարելի է, որ գայթակղութիւն չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կը գայ…”» (Ղուկաս 17։1): «Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը» (Առակներ 11։3), – ուսուցանում է Աստուածաշունչը։
Թոմասը յայտարարում է՝ «Ես կարողանում եմ չմեղանչել» (X, 81), իսկ Ռասկոլնիկովն «իր մեջ գիտակցական առարկութիւններ չէր գտնում», մինչեւ ինքն իրեն համոզեց, որ «իր մտածած գործը “ոճիր չէ”» (էջ 91)։ Ճիշտ է, կեանքում անարդարութիւնը շատ է, բայց ո՞վ կարող է վճռել՝ նողկալի Լուժի՞նը պիտի ապրի, թէ՞ թոքախտաւոր Կատերինա Իւանովնան, նկարիչ ու բանաստեղծ Նաղա՞շը, թէ՞ Թոմասը։ Սոնիան տարակուսում է. «Եւ ո՞վ է ինձ դատաւոր կարգել, թէ ով պիտի ապրի եւ ով չապրի» (էջ 503)։
Փառասիրական երազանքների բարձրակէտն իշխանութիւնն է «բոլոր երկիւղած արարածների եւ ամբողջ մրջնանոցի վրայ» (էջ 406)։ Համոզուած, որ իրաւացի է նա, «ով շատ համարձակ է» (էջ 515), Ռասկոլնիկովը գերխնդիր է առաջադրում՝ պէտք է պարզապէս համարձակուել ու վերցնել իշխանութիւնը։ Այստեղից էլ՝ բացատրութիւն-արդարացումը. «– Ես … ուզեցի համարձակուել ու սպանեցի…» (էջ 516-517)։ Մերձաւորներին, մարդկութեանը ծառայելու մասին բարբաջանքը սոսկ քօղարկում է հերոսի ընտրեալ լինելու մասին ցնորքը, որի գոյութեան պայմանը «ոճրագործութեան իրաւունքն» է (էջ 317)։
Ոչ մի նպատակ չի արդարացնում միջոցները, առաւել եւս՝ ոճրագործութիւնը։
«– Մի՞թե այդ փոքրիկ ոճիրը չի արդարանայ հազարաւոր բարի գործերով» (էջ 84) չքմեղանքը կապ չունի ո՛չ արդարութեան, ո՛չ զղջումի հետ։
Ռասկոլնիկովն արդարանում է. «– Չէ՞ որ ես ոջիլ եմ սպանել, Սոնիա՛, անօգտակար, գարշելի, վնասակար ոջիլ», եւ Սոնիայի «– Մարդը ոջի՞լ է» զարմանքին պատասխանում է՝ «– Ախր ես էլ գիտեմ, որ ոջիլ չէ»։
«Ո՞վ է մարդը» հարցն իսկական փորձաքար է Ֆեոդոր Դոստոեւսկու հերոսների համար։ Վէպում հանդիպում ենք նաեւ մարդու «ոջիլ» որակման տարբերակին. Ռասկոլնիկովն այս դէպքում էլ է իրեն առանձնացնում. «… Է՜հ, ես էսթետիկական ոջիլ եմ» (էջ 338)։ Ֆ. Դոստոեւսկու հերոսները գիտեն Աստուածամարդու իդեալի մասին, որը խեղաթիւրում են մարդ-Աստուած կեղծիքով։ Յիշենք՝ Դոստոեւսկին Միգել դէ Սերվանտեսի (1547-1616) «Դոն Կիխոտ» վէպը համարում էր Աստծոյ առաջ մարդկութեան արդարացման կռուաններից։ «Ո՞վ է մարդը» հարցին վիպասանի պատասխանն է՝ Աստծոյ պատկերը կրող, անձնազոհ, կենսունակ, ամենաանտանելի պայմաններում անգամ ապրող, նոյնիսկ տառապանքի մեջ փրկութիւն որոնող բանական արարածը։
Սպանողի կամ սպանելու հրահանգ տուողի զղջումը հասկանալի են դարձնում՝ մարդն իրաւունք չունի դաւելու իր նմանին, էլ ուր մնաց նրան զրկելու ապրելու տարրական իրաւունքից։ Թոմասը տրտնջում է. «…ի՜նչ դիւրին է դատապարտելը եւ ի՜նչ դժուար է արդար լինելը» (X, 100)։ Ինքն իրենից դժգոհ ու մեղքի գիտակցման տակ կքած դատաւորը խնդրում է. «…ազատիր ինձ մարդկային դատաստանից» (X,109), «ինքս անկարող եմ այնպէս դատուել, ինչպէս դատեցի» (X,109)։
Աստծուն, Վերին Երուսաղէմին ու Ղազարի յարութեանը հաւատացող մարդու գլխում չեն կարող ծնուել մարդասպանութեան ծրագրեր։ Ռասկոլնիկովը կանգնած է ճակատագրական ընտրութեան առջեւ։ Ռազումիխինն ասում է Ռասկոլնիկովին. «Խղճով արիւն թափելու այդ թոյլտւութիւնը… իմ կարծիքով աւելի սարսափելի է, քան արիւն թափելու պաշտօնական, օրինական թոյլտւութիւնը…» (էջ 324)։ Ռասկոլնիկովի որոշումն անխախտ է։ Յուսահատութեան պահին նա մտածում է ջրահեղձ լինելու մասին, բայց հեռանում է կամուրջից. «… եթէ մինչեւ այժմ ինձ ուժեղ եմ համարել, ապա թող հիմա չվախենամ ամօթանքից» (էջ 638), – վճռում է նա։
Թոմասը, լսելով Նաղաշի մահուան մասին, զարմանում է. «Մեռե՜լ է… Ես չսպանեցի…» (X-99)։ Դեմիրճեանի դրամայում չկայ, բայց ենթադրելի է այն հոգեկան կռիւը, որ Թոմասը մղել է ոչ միայն ինքնահաստատման, այլեւ ինքնարդարացման համար, որովհետեւ կշեռքի նժարին դրուած են հեղինակութիւն, ապագայ, այդքան թանկ գնով ձեռք բերած իշխանութիւն։ Ճշմարտութիւնն այն է, որ երբ նա Նաղաշին քարկոծելու հրաման է տալիս, գործում է ոչ թէ որպէս դատաւոր, այլ՝ որպէս դահիճ։
Մարդասպանութեան ծրագրի փորձը, որով սկսւում են «Ոճիր եւ պատիժ» վէպի գործողութիւնները, Ռասկոլնիկովին համոզում է, որ հանգամանքները շատ յաջող են դասաւորւում. վէպի այդ հատուածում կրկնւում է «հրաշք» բառը։ Անծանօթ ուսանողի վճռականութիւնը, թէ վաշխառու պառաւին կը սպանի առանց խղճի խայթի, հերոսի համար դառնում է ծրագրածն ի կատար ածելու իւրատեսակ հաստատում։
Սատանան մանրուքների մէջ է … Օրեր անց պարզւում է՝ կատարուածը հրաշք չէր, այլ գայթակղութիւն. «սատանան էր ինձ մոլորեցրել» (էջ 516), «Եւ ինչպէ՞ս սպանեցի։ Մի՞թէ այդպէս են սպանում։ Մի՞թէ ես պառաւին սպանեցի» հարցերն ունեն մէկ պատասխան՝ «Ես ի՛նձ սպանեցի եւ ոչ թէ պառաւին։ Հէնց այնպէս էլ ինձ ջախջախեցի առյաւետ… Իսկ այն պառաւին սատանան սպանեց եւ ոչ թէ ես…» (էջ 517, 518)։
Երիտասարդ տարիներիս Ռասկոլնիկովի այս խօսքերն ընկալում էի որպէս ինքնարդարացում, բայց այս անգամ վէպը վերընթերցելիս հասկացայ՝ աւելի ստույգ՝ սա կատարուած ոճրագործութեան բացատրութիւնն է. չէ՞ որ խելօք ու խելացի մարդն աշխարհը չի կարող միակողմանի ընկալել՝ բացառելով մանկութիւնից ծանօթ չարի ու բարու պայքարը կեանքում։ Գաղտնիքն այն է, որ հակոտնեայ ու փոխադարձաբար իրարով պայմանաւորուած այս ուժերի գոյակցութիւնն ու գոյապայքարի հաստատումը մարդու լինելիութիւնն է, իսկ դրանց մշտական կռուադաշտը՝ մարդու հոգին…
Իսկական հրաշքը Ռասկոլնիկովին օգնելու ընկերների, հարազատների, անգամ՝ անծանօթների անկեղծ ցանկութիւնն է։
Հրաշքը Սոնիայի յայտնուելն է Ռասկոլնիկովի կեանքում։
Գեղեցկուհի Թանգիկը դարձել է դատաւոր Թոմասի երազանքների թագուհի։
Ֆեոդոր Դոստոեւսկին եւ Դերենիկ Դեմիրճեանը յատուկ խնամքով են կերտել այս հերոսուհիներին։
Սոնիայի համար կարծես նախագծուած է ճակատագրական ընտրութիւնը՝ կա՛մ ջրանցքը նետուել, կա՛մ գժանոց ընկնել, կա՛մ «անձնատուր լինել անառակութեանը» (էջ 397), բայց իրականում ապականութեան մեջ գոյատեւող այս աղջիկը «պահպանել է հոգու մաքրութիւնը» եւ «իսկական անառակութիւնը դեռ բոլորովին չէր թափանցել նրա սիրտը…» (էջ 397), որովհետեւ նրա համար առանց Աստծոյ կենդանի ու մշտական գոյութեան՝ ոչինչ չկայ կեանքում։ Սոնիայից ճառագող Սէրը գնահատում են միւս աքսորականները, այդ Սիրոյ շնորհիւ յարութիւն է առնում նաեւ Ռասկոլնիկովը։ «— Հիմա արար աշխարհում քեզնից աւելի դժբախտ մարդ չկայ» (էջ 507),– իրականութեան ցաւալի այս ընկալումից է սկսւում Սոնիայի վերափոխող դերը հերոսի կեանքում։
Պարզւում է՝ կեանքն աննպատակ չէ, աշխարհը փրկելու ծրագրերը պարզապէս մեծ սուտ են. աշխարհը փրկուած է Ծննդոցի 8-րդ գլխի 21-րդ համարում տրուած խոստումով («Մարդկանց չար արարքների համար ես երկիրն այլեւս չեմ անիծի, որովհետեւ մարդկանց միտքը մանկուց չարի ծառայութեան մէջ է») եւ վասն մարդկանց հոգիների փրկութեան Յիսուսի թափած Արեամբ, իսկ մարդու գերխնդիրը սեփական հոգին չարից ու չարիքից հեռու պահելն է։
Սոնիայի վարքագիծը շատ օրինակելի է նաեւ այն առումով, որ նա չի պարտադրում իր աշխարհընկալումը։ Փաստօրէն կրկին հաստատւում է այն իմաստուն խօսքը, թե ոչինչ մարդուն այնքան չի վանում հաւատից, որքան մոլի հաւատացեալը։ Ռասկոլնիկովը սարսափում էր կրօնախեւ դառնալու հեռանկարից, բայց պարզուեց՝ Սոնիայի հաւատն ու պայծառ լաւատեսութիւնը կեանքի նոր հեռանկար են բացում։
Թոմասին չեն հետաքրքրում որբ Թանգիկի ներաշխարհը, ապրումները, նրա կեանքի դժուարութիւնները. աղջկայ գեղեցկութիւնը իւրատեսակ փորձաքար է դատաւորի համար, եւ նա ստիպուած է դիմակայել դրան ամեն օր։ «Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկութեան համար եւ մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար» (Սիրաք 11։2), «Սովորեցէք բարի՛ք գործել, արդարութի՛ւն փնտռեցէք, փրկեցէ՛ք զրկուածին, արդարադա՛տ եղէք որբի հանդէպ, իրաւո՛ւնք տուէք այրուն» (Եսայի 1։17), «Մարդու սիրտը պիտի խորհի իրաւունքի մասին, որպէսզի Աստուած ուղղի նրա ընթացքը» (Առակներ 15։30),– բանաձեւում է Աստուածաշունչը։
Ռասկոլնիկովը Սոնիային յարգում է, խոնարհւում նրա տառապանքի առջեւ, բայց երբեմն-երբեմն անբացատրելի ատելութիւն է զգում։ Թոմասը սարսափում է Թանգիկի գեղեցկութիւնից. «Դու սարսափելի՜ գեղեցիկ ես։ Ահա քո չարիքը» (X, 90)։ Փաստօրէն նա չի ճանաչում իրական Թանգիկին. աղջկայ գեղեցկութիւնը դատաւորի համար արգելուած պտղի պէս քաղցր է ու մեղքի նման հմայիչ։
Ռասկոլնիկովը չի խօսում մեղքի մասին, իսկ Թոմասը վախենում է մեղք գործելուց։
Թոմասը դժգոհում է. «Թոյլ է մարդը» (X, 90)։ Իսկապէս, մարդն առանց Աստծոյ եւ աստուածայինի գիտակցման ու արժեւորման՝ պարզապէս հողէ մարմին է, այնինչ որպէս հոգեւոր էակ՝ կապում է Երկինքն ու Երկիրը, յաւերժութիւնն ու ակնթարթը, յաւիտենականն ու ժամանակաւորը…
Նաղաշի քարկոծումից, Թանգիկի ինքնասպանութիւնից հետո Թոմասը պնդում է. «ամեն մարդ ինքն իր համար առաքինի է» (X,110), «Ոչ ոք չի կարող ասել, թէ ինքը արդար է» (X,111), «Աստուած գիտէ մեր մեղքն ու արդարութիւնը… մարդը մարդուն չպետք է դատէ» (X,111), ու ամենակարեւորը. «Ոչ ոք մարդուն այնպէս դաժան չի դատում, ինչպէս մարդը ինքը։ Թողե՛ք քարերը։ Դրանք չեն կարող սպանել իմ մեղքը…» (X,113)։
Վէպում «Ոճիր կա՞յ, թէ՞ չկայ» (էջ 313) դատարկախօսութիւնը, «ոճիրը բողոք է սոցիալական կառուցուածքի դէմ», «միջավայրն է պատճառը» (էջ 314), «Ամեն ինչ միջավայրից է, իսկ մարդը ոչինչ է», «ոճրագործութեան կատարման ակտը միշտ ուղեկցւում է հիւանդութեամբ» (էջ 317) ձեւակերպումներն ու Ռասկոլնիկովի յօդուածում «ոճրագործի հոգեբանական վիճակը ոճիր կատարելու ամբողջ ընթացքում» քննելու փորձն անմիտ են եւ յանցաւոր, քանի որ նորանոր ոճիրների դուռ են բացում։
Աստուածային Սիրոյ դաշտում կայ ներում, եթե կայ անկեղծ զղջում։ «Քո մեղքն աւելի մեծ չէ, քան Աստուծոյ սէրը», — կարդում ենք Պօղոս առաքեալի՝ հռոմեացիներին ուղղուած թղթում։ Աշխարհը բազմագոյն ու բազմերանգ է, այնինչ Ռասկոլնիկովն ու Թոմասն ընկալում են միայն առաջին հայեացքից տեսանելին։ Նրանք ընդամենը մօտաւոր պատկերացում ունեն Սիրոյ մասին. սա էլ է աշխարհից քօղարկուելու ձեւերից։
Դոստոեւսկին «պարգեւատրում է» իր հերոսին՝ նրան նուիրելով Սոնիայի հետ հանդիպումը, իսկ Թոմասը փրկութիւն չունի, որովհետեւ չի հասկանում մարդու սիրելու աստուածատուր իրաւունքը։
Դատաւոր Թոմասը ծրագրել է Հին Ջուղան ազատել գրեթէ համատարած (իր ընկալմամբ) անբարոյականութիւնից, օրինակ լինել համաքաղաքացիների համար («Եթէ ես անառակ չեմ, ասել է՝ կարող է մարդ անառակ չլինել» (X, 81) ), աննահանջ ընթանալ դէպի նպատակ՝ ուշադրութիւն չդարձնելով այն հանգամանքին, որ մարդիկ են զոհաբերւում ու ճակատագրեր են խորտակւում:
Թոմասի ընկալմամբ՝ իր մեղքը սիրելն է. սա տրամագծօրէն հակասում է աստուածաշնչեան բարոյականութեանը, քանի որ անաչառ դատաւոր ձեւացող Թոմասը չի ընդունում ո՛չ ուրիշի, ո՛չ իր սիրելու իրաւունքը։ «… Իմ դատաւորն Աստուած է» (էջ 106),— յայտարարում է նա, բայց ոտնահարում է աստուածային հանրայայտ սկզբունքները։
«Աւելորդ ամօթանքը» կրելու որոշումից (էջ 639) եւ խոստովանութիւնից յետոյ Ռասկոլնիկովը դատապարտուեց ութ տարուայ բանտարկութեան, յայտնուեց Սիբիրում։ «Բայց նա չէր զղջում իր ոճրագործութեան համար» (էջ 668), նրա հպարտութիւնը խորապէս խոցուած էր, խոր կեղծիք էր գտնում իր համոզմունքների մէջ եւ իր միակ վրիպումը համարում էր այն, որ չդիմացաւ ու խոստովանեց։ «Իմ խիղճը հանգիստ է» (էջ 669),– մտորում է Ռասկոլնիկովը։ «– Ով խիղճ ունի, կը տուժի, երբ կը գիտակցի սխալը։ Հէնց այդ կը լինի իր պատիժը, բացի տաժանակիր աշխատանքներից» (էջ 325),– ասում է նա Պորֆիրի Պետրովիչին։
Ռասկոլնիկովն իր սխալը մարդասպանութիւնը չի համարում։ Նա դժբախտ է, որովհետեւ չի կարողանում ինքն իրեն մեղադրել, քանի որ ոչ թէ մարդու է սպանել, այլ՝ սկզբունքը եւ չի կարողացել օգտուել կատարածից։ «Օ՜, ոչ մի դէպքում, ոչ մի դէպքում չեմ ների պառաւին» (էջ 339),– մտորում է հերոսը ու զարմանում, որ գրեթէ չի մտածում խեղճ Լիզաւետային սպանելու մասին։
Ֆ. Դոստոեւսկին պնդում էր, որ նաեւ աքսորում է ճանաչել մարդուն։
Յուսանք՝ հերոսի համար եւս աքսորի տարիները զուր չեն անցնի. Ռասկոլնիկովի բարձի տակ Աստուածաշունչ է դրուած, որը նա դեռ չի կարդում, բայց ընթերցողը չի մոռացել վէպի այն յուզիչ տեսարանը, երբ Ռասկոլնիկովի խնդրանքով Սոնիան կարդում է Ղազարոսի յարութեան մասին Աստուածաշնչի հատուածը. «… մարդասպանն ու անառակ կինը կարդում են յաւերժական գիրքը» (էջ 404)։ Սատանայի ընձեռած «հնարաւորութիւնների» շնորհիւ ոճրագործ դարձած մարդու առջեւ նոր ճանապարհ է բացւում. «բոլորովին նոր կարիերա» ստեղծելու եւ «նոր, անկոխ ճանապարհով» ընթանալու…» (էջ 513) երազանքը կարող է դառնալ գործ, նուիրաբերում մարդուն ու մարդկութեանը, քանի որ դրանց նախորդում է «Դէ ի հարկէ, ես վատ բան արեցի, որ սպանեցի պառաւին» (էջ 513) դառը խոստովանութիւնը։
Հետաքրքիր դիտարկում. Թովմաս առաքեալն անձնազոհութիւնից մինչեւ անիմացութիւն անցնելուց յետոյ սխրանք գործեց բացառիկ խոստովանութեամբ. «Թովմասը պատասխան տուեց ու Նրան ասաց՝ Տէ՛ր իմ եւ Աստուած իմ» (Յովհաննէս 20։28)։ Դատաւոր Թոմասը չունի աստուածաշնչեան հերոսի անձնազոհութեան ու նուիրումի ոգին։
Ռասկոլնիկովի դատապարտումն ու հոգեւոր վերածննդի հեռանկարը եւ Թոմասի ինքնադատաստանը հաստատում են, որ, փա՜ռք Աստծոյ, փրկութեան յոյս կայ։
Աւելի դաժան պատժից Ռասկոլնիկովին փրկեցին նրա կատարած մի քանի բարի գործերը, ինքն իրեն չպաշտպանելը, պառաւին սպանելուց եւ կողոպտելուց յետոյ նրա քսակը չբացելու փաստը եւ, վերջապէս, «ժամանակաւոր խելացնորութեան նորագոյն մոդայական թէորիան, որ մեր ժամանակներում յաճախ աշխատում են կիրառել որոշ ոճրագործների նկատմամբ» (էջ 657)։
Վերջին տարիներին մարդկութիւնն ապրում է Ռասկոլնիկովի երազին շատ նման իրականութեան մէջ…
* * *
Վերջում ներկայացնեմ այս գրողների գրական դասերից մի քանիսը, որոնք ամեն մի ընթերցողի համար կրկնւում են որպէս յաւերժական ճշմարտութիւններ.
ա) Աստուած չի մեռել։ Աստուած կա՛յ։ Ֆ. Դոստոեւսկու «Մարդը գաղտնիք է։ Պէտք է հասկանալ այդ գաղտնիքը» բանաձեւումն ունի բանալի՝ Աստուածաշունչը։
բ) Առանց բարոյական սկզբունքների՝ չի կարող լինել երջանիկ հասարակութիւն։
գ) Մարդու երկրային կեանքի նպատակը չպիտի լինի սեփական բարօրութիւնը, որպէսզի բանական արարածը չյայտնուի խոտաճարակ կենդանու գոյութեան դժոխքում։
դ) Գիտելիքն առանց դաստիարակութեան հրէշաւոր պտուղներ է տալիս։ Յանցանքը պատժելի է, «չի կարելի»-ների հրամայականը դաստիարակութեան հիմքն ու առանցքն է։ «Դաստիարակութիւնն առաջնային է ուսուցումից։ Մարդուն ստեղծում է դաստիարակութիւնը»,– պնդում էր Անտուան դը Սենտ-Էքզիւպերին։
ե) Օտար հովերով տարուելուց առաջ հարկաւոր է լաւ քննել առաջարկուող «բարիքի» աւերիչ հետեւանքներն ու գինը՝ բառի ուղիղ ու փոխաբերական իմաստով։
զ) Արդար դատաստանի գաղափարը քրիստոնէական բարոյագիտութեան անկիւնաքարային սկզբունքներից է, իսկ ինքնաճանաչումն ամենօրեայ տքնաջան աշխատանք է։
է) Սուտը փչացնում, ոչնչացնում է ամեն լաւ բան։ Մեր կեանքի բոլոր ոլորտներում պէտք է բնաջնջել սուտը՝ որպէս երեւոյթ։ Առաւել ցաւալի է, երբ մարդիկ օտարներից լսած սուտն են կրկնում, առաւել վտանգաւոր է, երբ ստում են ու հաւատում իրենց ստին։
Ֆ. Դոստոեւսկու եւ Դ. Դեմիրճեանի այս ստեղծագործութիւնների քննութեան փորձս ընթերցողի խօսք է, որը կարելի է վիճարկել, բայց դժուար կը լինի հերքելը։
Երեւան
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1. Ֆեոդոր Դոստոեւսկի, «Ոճիր եւ պատիժ», Երեւան, 1980, էջ 30։
Վէպը հայերէն թարգմանութեամբ լոյս է տեսել երկու անգամ՝ 1962 եւ 1980 թուականներին (թարգմանութիւնը Համբարձում Մազմանեանի)։
Վէպից մեջբերումները կատարւում են 1980թ. հրատարակութիւնից եւ շարադրանքում նշւում են փակագծերում։
2. «Դերենիկ Դեմիրճեանի երգիծանքը» (Երեւան, 2004) թեկնածուական ատենախօսութեանս գլուխներից մէկը նուիրուած է այս կատակերգութեանը։
Պիեսին անդրադարձել եմ նաեւ «Համաստեղի ստեղծագործութիւնը» դոկտորական ատենախօսութեան մէջ (Երեւան, 2004), Համաստեղի «Քաջն Նազար»-ը (1940 թ.) մեկնաբանելու առիթով։
3. «Հասկանալու եւ ներելու Աստուածային շնորհը (Դ. Դեմիրճեանի «Աւելորդը» պատմուածքի ուսուցման փորձ)», «Հանդէս» գիտամեթոդական յօդուածների ժողովածու, Երեւան, 2017, N19, էջ 224-229։
4. 2017 թ. մարտի 4-ին Դ. Դեմիրճեանի ծննդեան 140-ամեակին նուիրուած գիտաժողովին կարդացել եմ «Աստծոյ կերպարանքով ու նմանութեամբ (Դ. Դեմիրճեանի «Դատաստան» դրամայի մեկնութեան փորձ)» զեկուցումը։
5. Դերենիկ Դեմիրճեան, Երկերի ժողովածու 14 հատորով, 10-րդ հատոր, Երեւան, 1985։ Դրամայից մէջբերումների էջերը շարադրանքում նշւում են փակագծերում՝ X նշանով։
6. Յստակ տարբերակում եմ հաւատաւորին հաւատացեալից եւ նախընտրում առաջինը։