Վովա Արզումանեան
Դաւիթ Մուրատեանի գրական արուեստը ժամանակի ընթացքում չի կորցրել իր հնչեղութիւնը, քանզի բառը եւ դրանով ձեւաւորուած միտքն ուժեղ ազդեցութիւն ունի նաեւ նոյն այդ ժամանակի թոհուբոհում։ Սա կարեւոր առանձնայատկութիւն է յատկապէս գեղարուեստական արձակի համատեքստում: Այս առումով նշենք, որ գրողն արձակի ժանրային հնարաւորութիւններից օգտուելով կենդանի յիշողութիւն եւ հոգեվիճակ է պատկերում՝ մարդկային մտքի կենտրոնում պահելով այն ամենը, ինչը կարեւոր է եւ ունի հետաքրքիր ենթաշերտեր:
Որպէս երիտասարդ, Դաւիթ Մուրատեան գրողի ստեղծագործական դիմանկարը համարձակօրէն կ՚անենք՝ յոյս ունենալով, որ մեր սերնդակիցների ընկալման եւ վերլուծական մտքի ազատատասիրութեան պտուղը ինչ-որ չափով կը բացի կարեւոր չակերտներ ու կը խօսի ազնիւ գրականութեան դիրքերից: Գուցէ մեղադրուենք գաղափարախօսութեան կրողը լինելու մէջ, սակայն չենք կարող չմէջբերել Գարեգին Նժդեհի խօսքը (որը գրել եւ փոքր-ինչ խմբագրել է՝ հիմք ունենալով փիլիսոփայ Էմմանուէլ Կանտի նշանաւոր աֆորիզմը), որը, մեր դիտարկմամբ, գրողը դարձրել է իր ստեղծագործական տարածքի գլխաւոր նախապայման. «Երկու բան պէտք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու յարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերեւում եւ բարոյական օրէնքը սրտի մէջ»: Վերոնշեալ երկու միջոցները կարեւորում ենք Դաւիթ Մուրատեանի ստեղծագործութիւններում, քանզի նրա արձակի հոգեբանութիւնը միանգամայն տարբերւում է ոչ միայն ինքնատիպ մտածողութեամբ, այլեւ այնտեղ կարեւորւում է բարոյական օրէնքը տարբեր իրավիճակներում եւ հերոսի ներքին քննութիւն է ընթանում, որը տողերում բացէ-ի բաց չի երեւում, այլեւ ներքին մղում ունի՝ ներսը տեսնելու եւ ճանաչելու, ճանաչելի դարձնելու:
Դաւիթ Մուրատեանի վերջին գիրքը՝ «Ձեռքով գրուած նամակներ» վերնագրով, որում տեղ են գտել արձակ ստեղծագործութիւններ, էսսեներ, խոհաշարք եւ երկխօսութիւններ, հայ ժամանակակից գրականութեան արժէքաւոր նմոյշ է: Այն, որ հեղինակն իր արձակով մարդկային փոխյարաբերութիւնների, մտածողութեան, ապրելակերպի ու յիշողութեան կարեւորագոյն տարրեր է ընդգծում, փաստ է, բայց եթէ աւելի խորքային ուսումնասիրենք, այնտեղ կը նկատենք բուն հայ մարդուն շրջապատող երեւոյթների կարեւոր վիճակները: Դաւիթ Մուրատեանը «Հրաժեշտ» վիպակը պատահականօրէն չի սկսում գրելով. «Մի ժամանակ Երեւանի լաւագոյն պաղպաղակն այստեղ էին վաճառում»: Մարդկային յիշողութիւնն որպէս արձակի կարեւորագոյն բաղադրիչ հեղինակը գրողական հնարով հիւսում է հերոսի հետ՝ նրան ժամանակի մէջ «դասակարգելով» յիշողութեան կողքին: Այս վիպակում երկու դարերի սահմանագծում սեղմուած հայ մտաւորականի ճակատագիրն է: Այնքան թեթեւ ու ապրող ռիթմով է տողը գերում ընթերցողին, որ մէկ-մէկ մտածում ես՝ վիպա՞կ ես ընթերցում, թէ այդ նոյն մարդկանց կողքին ես ապրում եւ տեսնում այն, ինչ կայ: Այստեղ երկու դարերի սահմանագծում սեղմուած հայ մտաւորականի ճակատագիրն է:
Բազմահազարանոց լսարան գրաւած եւ ընթերցողների կողմից սիրուած «Ցուրտ քաղաք, տաք ծովեր», «Ասուպների ամիս», «Կամերային համերգ», «Լոյսի ռեժիմ», «Կաղանդի ծառ» պատմուածքները նոյնպէս տեղ են գտել «Ձեռքով գրուած նամակներ» գրքում: Նշենք, որ այս պատմուածքներն առանձնանում են իրենց կառուցուածքով, գաղափարական եւ գեղարուեստական արժէքով: Գրողն իր պատմուածքների հերոսների միջոցով արտայայտչական եւ պատկերաւոր իւրայատուկ միջոցներով, բառամթերքի հարուստ պաշարով հաղորդում է կեանքի եւ մարդու անբաժանելիութիւնը:
Դաւիթ Մուրատեան անունը վաղուց է յայտնի հայ դրամատուրգիայում: Նրա որոնումները կեանքի բազմաբովանդակ ճանապարհին անարդիւնք չեն մնում եւ դրա վկայութիւնը զգալի գրական վաստակն է, ընթերցողների, ռեժիսորների եւ գրականագէտների համակ ուշադրութիւնը: «Մեր հին դաշնամուրը» առանց ընդմիջման պիեսը հեռուստատեսային բեմադրութեան տարբերակով 2003 թուականին է ցուցադրուել, ռադիօ ներկայացումը՝ 2004 թուականին, 2005 թուականին բեմադրուեց Երեւանի Ստանիսլաւսկու անուան ռուսական թատրոնում, իսկ 2010 թուականին՝ Կիւմրու Վ. Աճեմեանի անուան պետական թատրոնում: Գործողութիւնները տեղի են ունենում 20-րդ դարավերջին երեւանեան բնակարանում: Պիեսի սկզբում դրամատուրգն ինքն է բեմական լուծում առաջարկում. «Բեմը մութ է: Ինչ-որ մէկը լուցկի է վառում, եւ մթութիւնից խլուած դեղին շրջանակի մէջ մենք տեսնում ենք Միքայէլի մռայլ-դժգոհ դէմքը: Յետոյ նա վառում է մոմերը՝ առաջինը, երկրորդը, եւ բեմը լուսաւորւում է այնքան, որ արդէն կարողանում ենք նշմարել կենտրոնի ձուաձեւ սեղանը, աջ կողմում դրուած հնաոճ դաշնամուրի ուրուագծերը եւ յատկապէս սպիտակ ստեղնաշարը, քանի որ կափարիչը բաց է, ինչպէս նաեւ բազմոց ու գրադարակներ»: Սա կարեւոր դիտարկում է, որովհետեւ բեմը ճանաչելն ու զգալը կարեւոր նշանակութիւն պէտք է ունենայ դրամատուրգի համար:
Պիեսը դինամիկ զարգացում ունի, հիմնականում գործող անձինք ապահովում են շարժուն ընթացքը: Միշտ չէ, որ պիեսները խանդավառութեամբ են ընթերցւում սկզբից մինչեւ վերջ: Այս դէպքը եւս բացառութիւն էր, որովհետեւ դրամատուրգը նոր ձեւ ու բովանդակութիւն է առաջարկում՝ զատ հոգեյուզական զգացողութիւններից, աւանդոյթ դարձած ինքնակրկնուող պայմանաձեւերից: Դաւիթ Մուրատեանը ընդհանուր միջավայրը ներկայացնում է իրական գոյներով, որոնք պայմանաւորում եւ ընդգծում են պիեսի իւրայատկութիւնները:
Պիեսում 90-ականների ծանր կեանքն է, երկրի անկայուն վիճակը, որն իր հերթին մարդկանց մօտ յուսահատութիւն է նկատում: Պիեսի գլխաւոր հերոսը 45-ամեայ Միքայէլն է, ով որոշում է մեկնել Ամերիկա՝ դստեր մօտ: Միքայէլը քաղաքի կենտրոնում գտնուող իր բնակարանը վաճառելու յայտարարութիւն է թողնում, վաճառում է տան ամեն ինչը, սկսած 200 դրամանոց Սեւակի, Տէրեանի եւ այլ գրողների գրքերից՝ մինչեւ տան միակ ջահը, որը Միքայէլը ոչ թէ վաճառում, այլ նուիրում է երեխայի սպասող զոյգին: Մնում է միայն 1953 թուականից բնակարանում գտնուող հին դաշնամուրը, որովհետեւ այն փորձում են գնել ռեստորանային դեկորացիայի համար: Դաշնամուրը ցանկանում է գնել գործարար դարձած բալետի նախկին պարուհին եւ դաշնամուր լարող նախկին երգահանը:
Պիեսի յետագայ գործողութիւնները հիւսւում են տանը մնացած մօր դաշնամուրի շուրջ, որը կարծես բնորոշում է հայրենիքի հետ կապը: Միքայէլը յիշողութիւնների յորձանքում է՝ դաշնամուրի պարապմունքներ, հայրենիքի համար կեանքը զոհած մտերիմ ընկերոջ ներկայութիւն… Սակայն նա չի յուսահատւում, փորձում է յաղթահարել դժուարութիւնները եւ դուրս գալ այդ վիճակից: Այս ամենին զուգահեռ դրամատուրգն այնպիսի միջավայր է ստեղծել ու գործող անձանց հոգեբանութեանն այնպէս է խստօրէն հետեւել, որպէսզի կարողանան այդ ամենի միջով անցնելիս նաեւ լաւատեսութիւն փոխանցեն:
Գրքի «Ձեռքով գրուած նամակներ» խոհաշարքը կարծես Դաւիթ Մուրատեանի ստեղծագործական յետհայեացքն է՝ խտացուած վառ գոյներով, մտորումներով: «Անծովութեան թախիծ կամ խորութեան անչափելի բարձրութիւնը» վերնագրուած հատւածում գրողը «ովկիանոս» բառը տարածական է համարում, որը «փռւում է քարտէզի վրայ: Եւ «քարն» էլ պինդ է ու խիտ, բայց տեղաւորւում է ափիդ մէջ: Ու քարի փիլիսոփայականն էլ կայ: Ի վերջոյ նրանք, ովքեր բանահիւսել են «Սասնայ ծռերը», ապրել են քարերով շրջապատուած: Այսպիսով, քո բնութիւնը դառնում է քո լեզուն, եւ հայերէնը, այս իմաստով, քանդակագործական է: Իսկ յունարէն կամ իտալերէն խօսում են… ծովանոյշները: Մի տեղ ալիքներ են ծփում, մէկ այլ տեղ՝ դղրդում ժայռեր»(1):
Խոհաշարքում տեղ-տեղ նկատւում է փիլիսոփայութեանը հակուող մտքեր, սակայն դրանք այնքան առարկայական են, որ յստակ պատկերացում են տալիս, թէ ինչի մասին է խորհում գրողը՝ իրականութեան ճանապարհին նայելով: Նկատելի է, որ Դաւիթ Մուրատեանն անընդհատ խօսում է հայրենիքի մասին՝ խորհրդաբանական նոր ենթատեքստ հաղորդելով ոչ միայն գաղափարին, այլեւ այդ գաղափարի շարունակականութեանը: Տողերում նաեւ ազգային յիշողութիւնն է մեկտեղուած, քանզի Հայաստանի «համաշխարհային տեսադաշտը բացւում է Արարատ լեռան գագաթից»(2), եւ այդ գագաթին նայելով էլ ծնւում է բառը՝ աստուածատուր այն մեծագոյն պարգեւը, որը կարողանում է խիզախել: Տողը նոյնպէս խիզախում է, եւ թիւր է այն կարծիքը, որ գրականութիւնը չի՛ օգնում ազգային դիմագծի պահպանման գործընթացում: Նաեւ գրականութեան միջոցով է ձեւաւորւում ազգային դիմագիծը, իսկ դրան խաթարողներ, ի հարկէ, բոլոր ժամանակներում էլ կան:
Դաւիթ Մուրատեանը հայ մարդուն հետաքրքիր բնորոշումներով է ներկայացնում, առաջնահերթ նշելով, որ «Հայը սահմանագծային բնաւորութիւն է: Միջին թուաբանականից դուրս: Սա դժուարացնում է նրա կեանքը, բայց… դիմադրողականութիւն աւելացնում»(3): Լայն ընդգրկում ունի այս խոհաշարքը: Այստեղ նաեւ մշակոյթն է կարեւորւում, գրողի խօսքով՝ լա՛յն մշակոյթը, ոչ միայն գեղարուեստականը: Իսկ լայն մշակոյթ ասելով Դաւիթ Մուրատեանը նկատի ունի մարդու յարաբերութիւններն իր անձի ու բնօրրանի հետ:
Գրքում առանձնայատուկ է «Եղանակի տեսութիւն» խոհը, որը, չգիտենք միւս ընթերցողներն ինչպէս, բայց մեզ համար հայրենիքի իրական գաղափարն արտացոլող ստեղծագործութիւն է: Դաւիթ Մուրատեանը գրում է մի երկրի մասին, որտեղ «կողքկողքի ապրում են տարուայ չորս եղանակները», «հորիզոնը փակուած է լեռնաշղթաներով», իսկ հողը «դժուար ենթարկուող» է, երկիրը՝ «դժուար պատմութեան բեռ»:
Այսքանով չի վերջանում «Ձեռքով գրուած նամակներ» խոհաշարքը, բայց արդէն գրաւում է «Երեւանեան հասցէներ» խորագիրը, որտեղ Դաւիթ Մուրատեանը զբօսանքն է տող դարձրել: Այստեղ նոյնպէս չենք կարող չնշել, որ այնքան դիպուկ ու կարեւոր ընդգծումներ է արել Դաւիթ Մուրատեանը, որ հնարաւոր չէ խորաթափանց կերպով չուսումնասիրել եւ գուցէ մի պահ գտնուել այն փողոցում, որտեղով քայլում կամ որտեղ նստած են արդէն տողերում ապրող մարդիկ:
Իսկ գրքի «Դարանցումի զգացումներ» բաժնում կինոգէտ Դաւիթ Մուրատեանի հայկական կինոյի «ախտորոշումներն» են: Կինոգէտը ներսից հայեացք է ձգում. «Կինոն բաց չի թողնում: Նա ինձ շատ է խլել գրականութիւնից: Կինոն տարածական է, իսկ գրականութիւնը՝ ինքնակենտրոն: Որն էլ թողնում ես, դառնում ես կիսատ, երկուսը միասին լրիւ չեն լինում»(4): Դաւիթ Մուրատեանի կինոգիտական խիզախում է տարբեր իրավիճակներում՝ դիտարկում հայկական կինօի կարեւորութիւնները, ստեղծաբանական նրբութիւնները, գեղարուեստական մտածողութեան զարգացման ճանապարհը եւ այլն:
Գրական շարժընթացը նոր զարգացումների սահամանագծին մէկ-մէկ կորցնում է, երբեմն՝ շահում, սակայն կան այնպիսի անուններ, որոնք բոլոր ժամանակներում ունեն իրենց ասելիքը՝ արդէն գրականութեան տեսքով: Բարդ է ճշմարիտ գրականութիւնը, յատկապէս մի ժամանակաշրջանում, երբ բառը կարծես շատերի համար կորցրել է արժէքը եւ խօսքը դադարել է խօսք լինելուց: Այնու ամենայնիւ, չենք կարող չշեշտել, որ Դաւիթ Մուրատեան գրողը առ այսօր մնում է իր դիրքում՝ ե՛ւ խօսքով, ե՛ւ գրչով: Նա հոգեբանական եւ ինտելեկտուալ գրականութեան տիրոյթում է եւ չի գրում մօտաւորութիւններով: Այդտեղից է սկսւում անվերջանալի ճանապարհը…
Արցախ
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1) Մուրատեան Դ., «Ձեռքով գրուած նամակներ», Երեւան, 2021, էջ 187-188:
2) Նոյն տեղում, էջ 190։
3) Նոյն տեղում, էջ 193։
4) Նոյն տեղում, էջ 248։