ԳԻՇԵՐԵՐԳ ՍԻՐՈՅ

ՄԱՆՈՒՇ ԱՌՈՒՇԱՆԵԱՆ

Լուսնից մի բուռ սէր է կաթում,
Ձուլւում մութի խոպոպներին,
Ու կաթնագոյն սպասումներիս
Իմ երազկոտ ժպիտներն են ծածուկ հպւում։

Լուսնի թանձր ստուերն իջնում
Ու գետակի գունատ դէմքին,
Քամու բարակ ձեռքը բռնած,
Օրօրներ է հիւսում ճերմակ։

Ասուպներից կեանքն է ծորում
Ու փաթաթւում հեռւում նիրհող երազներիս։

Ամաչում եմ լուսնին նայել
Ու… չեմ ուզում, որ լուսանայ…


Օդի մէջ կախուել են իմ ու քո թաքուն հանդիպումները,
Լոյսի թաւշոտ աղմուկի ահից՝
Նրանք լուսնի հետ դաշինք են կնքել,
Որ այսօր մի քիչ աւելի երկար լինի երկնքում,
Ու որ արեւը դուրս չգայ երկինք։
Իմ ու քո թաքուն հանդիպումները
Ու սէրը թաքուն,
Աշխարհի հունը խառնել են այնպէս,
Որ օդից կախուած մեր հանդիպումները մարդկանց աչքերին աստղեր են թւում։
Թող մնայ այդպէս. աստղեր անուանէք երկնքից կախուած մեր հանդիպումները։

Այսօր մի քիչ ուշ եմ քնելու.
Հարբելու եմ քո հայեացքներից ու
Մթան մէջ հաշուելու եմ սրտիդ զարկերը…
Թող երկնքում այսօր աստղ աւելանայ։


Գիշերը նայում է ուղիղ աչքերիս մէջ,
Ես աչքերս փակում եմ՝
Հոգիս չերեւայ…

Ամօթից շիկնում եմ, վառւում եմ մէկէն
Ու դէմքս փակում եմ՝
Ամօթս չերեւայ…

Մատներիս քնքշանքի լոյսեր են ծնւում,
Ձեռքերս փակում եմ ամօթի քօղով՝
Սէրս չերեւայ…

Ծածկում եմ թախիծս,
Յոյսս եմ ծածկում,
Ծածկում եմ մթան թանձր շղարշով…

Ծածկում եմ,
Սակայն ապարդիւն?
Գիշերն ամեն բան հանում է ի տես…


Տանս մուտքի մօտ քեզ համար մի բուռ կարօտ եմ թողել՝
Հմայուած ու խենթ,
Որ երբ նորից գաս,
Դնեմ ափիդ մէջ ու երկուսիդ էլ ուղարկեմ հեռու՝
Անդարձ, երկիւղած…
Որ երբ հեռանաս,
Ես լսեմ վտիտ քո հեռացումը,
Որ հեռուից շնչեմ օծանելիքիդ բոյրը սիրելի
Ու զգամ, որ այն մարում է հեռւում՝
Հեռացող ձայնիդ, ստուերիդ ու հայեացքիդ հետ…

Քեզ կարօտիս հետ ուղարկեմ հեռու՝
մտովի,
անդարձ,
երկիւղած…


Անձրեւը համբոյր է թողել մայթեզրին
Ու մի ջրափոս՝ կարօտով լցուած…
Քամին ծառերի հեւոցն է թողել
Ու մրսած թփեր…
Գիշերը խոնաւ թախիծ է թողել իմ պատշգամբին
Ու լիալուսնից մի փոքրիկ պատառ…
Աշունը սիրոյ մինորն է կախել վառուող լապտերից…

Երջանկութիւնս գուցէ սխալմամբ ուրիշն է գտել…

Անձրեւը համբոյր է թողել մայթեզրին,
Գնամ՝ տուն բերեմ…


Այնպէս եմ ուզում՝ գաս ու չգնաս,
Որ մենութիւնը երկուստեք կիսուի,
Եւ երազները, զոյգ թեւեր առած,
Աշխարհում ճախրեն,
Որ ծաղիկների բուրմունքը լցուի
Իմ տանն ու բակում,
Որ իմ վարդագոյն յոյսերը ծալեմ
Ու յիշողութեան արկղիկում պահեմ՝
Որպէս սպասումի ու հանգրուանի
Ապացոյց մի վեհ,
Որ այգաբացին ժպիտը ծնուի
Ու ամբողջ օրն իմ դէմքին ապրի՝
Որպէս նոյնացում՝
Իրականութեան ու հէքեաթների,
Որ ես էլ ապրեմ ու, որ ապրեցնեմ
Ինձ ու քեզ եւ… ՄԵԶ։

Ու կարծես երբէք իրար չենք կորցրել…

Արցախ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *