ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Յիշողութիւնս
աչքեր ունի,
Որոնք մնացել են
Տանս կիսաճաք պատերին
եւ ակնդէտ նայում են
Լռութեանս…
Յիշողութիւնս ընկել է
Մանկութեանս
Գիժ խաղերի ետեւից
եւ վազում, վազո՜ւմ՝
Չի՜ կարողանում
հասնել նրանց…
Տատիս գոգնոցից
Մի քանի չամիչ է ընկել
եւ յիշողութեանս
Բերանը քաղցրացել է նորից.
Ծամո՜ւմ, ծամո՜ւմ է…
Բակի տանձենուց
Պապս ահա ճօճք է կապել
եւ յուշերս հերթով կանգնել
Ու կռիւ են տալիս
Ճօճուելու համար…
Հին նստարանին
Իրար կողք կողքի
նստոտել են բոլոր կարօտներս
եւ շնչում են բոյրը
Տաք թոնրահացի…
Յիշողութիւնս
ձեռքեր ունի,
Որով ծամերս էին հիւսւում,
եւ մազերիս մէջ մնում էր
Փափկութիւնը մատների…
Մի բուռ երկինք է
Հաւաքել յիշողութիւնս
եւ աստղեր է նկարել.
Աստղերը խաղալիքներ են,
Որ չեմ ունեցել….
. . . . . . . . . . .
Յիշողութիւնս աչքեր ունի.
Աչքերը վկաներ են,
Որ ես ներկայ եմ եղել
Այնտեղ…
***
Դու կարօտդ նկարեցիր
Սենեակիս ճերմակ պատին
եւ հեռացար:
Ես ոտաբոբիկ մտայ նկարի մէջ՝
Ինչպէս յայտնի հէքեաթում,
Բայց ոտնահետքերիդ տեղ
Աշնան տերեւներ էին
եւ համատարած խշշոց…
յետոյ Յուշերի պապիկը
Ինձ երազներ պատմեց
Խռմփացնելով,
եւ ես լաց եղայ բոլոր
Կորած երազներիս համար:
յետոյ աչքերս թռչուններ դարձան,
եւ վերդարձան բոյնը
Իրականութեան.
Ձեռքերիս մէջ ոտնահետքերդ էին՝
Դեղին տերեւներ…
յետոյ աշունը մտաւ սենեակս,
Քանզի ուրիշ տեղ չունէր գնալու
եւ խոստացաւ, որ անտեղի չի անձրեւի…
յետոյ…
Դու կարօտդ նկարեցիր
Իմ սենեակի ճերմակ պատին,
Իսկ ես չնկատեցի,
Որ պատը ներսումս է,
Իսկ դու մոռացար
Մի քանի գոյն թողնել՝
Այն ներկելու համար…
Արցախ, գիւղ Աշան