ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ՍՈՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

* * *

Ես դուրս եմ ինձնից,
Փողոց եմ առանց կանգառների,
Առանց անցորդների…
Միտքս իմը չէ,
Ինձ չեն տեսնում՝
Անծանօթ եմ,
Տեսնում են՝
Տեսնո՞ւմ են:
Այլ հոգի է քամին,
Հանդիպողը
Դէմքիս
Փնտռում է գանգատ…
Բայց ես երջանիկ եմ,
Խելագար քար եմ
Եւ ծով եմ մտնում,
Երջանիկ եմ,
Որ փողոցում երջանկութիւն
Փնտռողներ կան:
Այս ամենը որքան իմն է,
Այնքան շրջադարձուած կարող է լինել ուրիշինը,
Իմը եւ ուրիշինը միմեանց հետ կապուած
Հակասող ելոյթներ են
Քաղաքի կայարանում
եւ հրապարակում,
բակերում եւ ազգային ժողովում:
Մատներդ նուագում են
Անստեղն մարմինս…
Քանի դեռ
ունեմ ուսանողուհի, ով
Դասերիս ընդհանրապէս չի խօսում,
Որովհետեւ նա շատախօս է,
Ինձնից դուրս
Ամենը
փողոցներ են թուալու:

* * *

Թաւ օրերի միջով
Կտրում-անցնում եմ,
Հետ եմ տանում
Երեսիս քսմսուող ճիւղերը,
Քիթս երկնքից
Որսում է ամենամաքուրը՝
Օրերից բուրող ազատութեան հոտը…
Երկրիս ցաւը ոռնում է
Շուրթերից
Աչքերից
եւ աղաւաղւում է
փորձառու խաղացող մատների
եւ շուրթերի արանքում:

* * *

Այսօրը գալիս է
Որ հարցական դառնայ յետոն,
Որ հաւատն էլ դեր ունենայ:
յետոն գալիս է ,
Որ հերքուի անցեալը,
Որ յուշն էլ դեր ունենայ:
Անցեալը գնում է,
Որ այսօրն ու յետոն դեր ունենան
Ժամանակի մէջ:
Եւ քանի ժամանակ ունեմ
Ես ձմեռ եմ ուզում,
Ձմեռուա՛յ ջերմութիւն:

Հեղինակին մասին
Սոնա Համբարձում կը պատկանի յետարցախեան-ազատամարտի սերունդին, որ աչքը բացաւ ազատութեան մէջ։ Ծնած է Արցախի հանրապետութեան Մարտակերտի շրջանի Մատաղիս գիւղը, 1990-ին։ Աւարտած է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի իրաւագիտութեան բաժինը՝ մագիստրոսի աստիճանով։ Հեղինակ է բանաստեղծական երեք ժողովածուներու, ինչպէս նաեւ բազմաթիւ գրութիւններու եւ յօդուածներու Արցախի, Հայաստանի եւ այլ երկիրներու պարբերականներուն մէջ։ Անդամ է Արցախի, Հայաստանի եւ Պուլկարիոյ գրողներու միութիւններուն։
Մեր նախորդ թիւով տուած էինք իր «Տողեր՝ 12-ամեայ Վաղարշակին, Ով մեր յիշողութեան մէջ միշտ քայլելու է» քերթուածը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *