Կը վերահրատարակենք «Երկիր» կայքէջին վրայ 27 յունուար 2014-ին լոյս տեսած հարցազրոյցը Ռուբէն Յովսէփեանի հետ։
— Սկսե՞նք:
— Պատրաստ եմ, ահա, դէ, կրակեցէք:— Ամեն տարի նոր տարուց ակնկալիքներ ու սպասումներ ենք ունենում, բայց չէ՞ որ տարին, որքան էլ նոր, միեւնոյն է, նախորդի շարունակութիւնն է, եւ մինչեւ հնի հետ հաշիւները չպարզենք, նորից ինչ-որ բան ուզելն արդարացուա՞ծ է:
— Ամեն օրուայ վերջին պէտք է հաշիւ տանք մեզ, ամեն օրուայ հետ պէտք է մեր հաշիւը մաքրենք, քանի որ օրուայ վերջը բնական վերջ է, իսկ մնացած բոլոր ժամանակահատուածներն ինձ համար պայմանական են: Ամեն երեկոյ պէտք է մտածես, թէ աշխարհի, քեզ համար օրդ ո՞նց անցաւ, վերլուծել օրուայ անցուդարձը, եթէ կարող ես: Ես մեծ ու պայմանական ո՛չ թուարկութիւններն եմ ընդունում, ո՛չ էլ տարիները: Հաշուետւութիւնները ժամանակը կտրտելու յատկութիւն ունեն. պայմանականութիւնը բերում է ժամանակի հատուածայնութեան եւ կտրում է շարունակականութիւնը, իսկ ես շարունակականութեան կողմնակից եմ:
— Տեղաւորւո՞ւմ էք օրուայ մէջ: Ասում են՝ որքան տարիքդ առնում ես, այնքան, կարծես, օրը քիչ է թուում:
— Այո, քիչ է թուում, թուալը տեղին է ասուած: Եթէ ամեն մէկը յիշի իր մանկութեան մէկ օրը, կը տեսնի, թէ ինչ երկար-երկար է այն (ես մի գիրք ունեմ՝ կոչւում է «Երկար, հրաշալի օր»): Մանկութեան օրը երկար բովանդակութիւն ունի, քանի որ երեխան շատ ընկալունակ է՝ նրան երկար է թուում օրը: Մեծ տարիքում աւելի քիչ ես շարժւում, նստակեաց ես, խոհերին ես տրւում, դրա համար օրդ կարճանում է: Չնայած գուցէ աշխարհում աւելին է կատարւում, քան քո մանկութեան տարիներին, բայց դրանք արդէն կարծես թէ քեզնից շատ հեռու են կատարւում: Մանկութեան տարիներին ամեն ինչ հետաքրքրում է քեզ՝ թիթեռը ո՞նց է թռչում, ոնց բազմանում: Մանկութիւնը յայտնագործութիւնների շրջան է, իսկ մեր տարիքում աւելի շատ դատողութիւններ են, մեկնաբանութիւններ:
— Ժամանակը, օրուայ աւարտն ինչ-որ փոփոխութիւն է ենթադրում, բայց վերջին շրջանում ոնց որ ժամանակը կանգնած լինի: Մի տեսակ շատ չի՞ կրկնւում ամեն ինչ:
— Կարծես, աշխարհն ինքն էլ է ծերացել, ինքն էլ մեզ նման զբաղուած է աւելի շատ վերլուծելով, քան յայտնագործութիւններով: Քաղաքակրթութեան այն աստիճանին, որին հասել է մարդը, նիւթական կառոյցների վիճակը չի բաւարարում, այսինքն՝ նիւթական կառոյցներն էլ են ծերացել, եւ հիմա փոփոխութեան խնդիր է առաջացել: Քանի որ նորը քիչ է նշմարւում, մեզ թուում է՝ կրկնւում է, իսկ կրկնութիւնից վատ բան չկայ: Եթէ քո կեանքի պատմութիւնը կրկնւում է, նշանակում է՝ սխալ ես ապրել: Պատմութիւնը պէտք է շարունակուի, ոչ թէ կրկնուի, եթէ կրկնւում է, նշանակում է՝ մենք մեր սխալների դասերը լաւ չենք առել:
— Մեզնից դուրս, մեզնից չկախուած շա՞տ բան կայ:
— Անշուշտ: Ճիշտ է, մենք շատ հարցերում ասում ենք՝ մենք պէտք է պինդ լինենք, կարեւորը մենք ենք, բայց մեզնից դուրս ուժեր կան, հոսանքներ եւ երեւոյթներ: Այդ ինչքա՞ն հզօր պէտք է լինես, որ կարողանաս այդ ամենին դիմակայել: Մեծ ազգերն անգամ չեն կարողանում դիմակայել դրանց, չնայած պէտք էլ չէ արդարացնել մեր թերութիւնները: Կարեւորը քո՝ պատրաստ լինելն է ամեն ինչին, ի վերջոյ, փոքրին էլ փոքր դիմակայութիւնների առջեւ է կանգնեցնում կեանքը: Մենք, մենք պէտք է լինենք, չդաւաճանենք մեզ, որ կարողանանք դիմակայել նրան, ինչ մեզնից դուրս է: Անակնկալ երեւոյթներ միշտ էլ պատահում են, եթէ կարողանանք դրանց պատրաստ լինելու չափ հզօր լինել՝ կեանքը հիասքանչ կը լինի, բայց բանն էն է, որ մեզ յատուկ, մեզ տրուած խոչընդոտներին դիմադրելուն դեռ կարգին պատրաստ չենք, ուր մնաց՝ պատահականութիւններին դիմադրենք: Այ, է՛ս է ցաւը:
— Երջանկութեան պահը կարողանո՞ւմ ենք որսալ, քանի որ այնպիսի տպաւորութիւն է, որ սոցիալական խնդիրները երջանիկ պահերից էլ են կտրում, ասենք՝ երեխայիդ առաջին քայլի, լաւ գիրք կարդալու հաճոյքը վայելելուց:
— Ես ցաւով եմ նայում այդ երեւոյթին, որն, այո, գոյութիւն ունի: Այս մասսայական ինֆորմացիաները, «ֆէյսբուք»-ները խուճապային այն տրամադրութիւնը, որ մեր երկրում ինչքան ժամանակ է գոյութիւն ունի, իրօք, մարդու կողքից երջանկութեանն անցնել են թողնում: Անընդհատ քեզ գցում են եռուզեռի մէջ, եւ երջանկութեան պահերի (ի դէպ, այո, դրանք պահեր են լինում, երկար չեն տեւում) վայելքը սկսում է պակասել: Մարդն իր երեխայի առաջին բառով ուրախանալու եւ այդ պահն ապրելու պահը բաց է թողնում: Օրուայ մէջ այնքան փորձանք կարող է պատահել, բայց դու պէտք է ունենաս երջանկութեան պահը որսալու յատկութիւն, որ մնացած դժուարութիւնները յաղթահարես: Երջանկութեան պահերը, բարեբախտաբար, ես չեմ կորցնում. անձնական կեանքս այնպէս է դասաւորուել, որ գոնէ մանկութեան հետ յարաբերւելու երջանկութիւնն ունենում եմ՝ տանը 4 տարեկան թոռնիկ ունեմ, որի ամեն մի շարժումն ինձ երջանկութիւն է պատճառում: Ամեն երեխայի հետ մեր լեզուն եւ մտածողութիւնը թարմանում է: Երջանկութեան պահերի համար շատ առիթներ կան, ուղղակի դրանք օգտագործել է պէտք: Կեանքը միայն այն չէ, ինչ այսօր տեսնում ենք, մանաւանդ՝ բոլորս էլ անգիր գիտենք վատ դէպքերի հերթականութիւնը: Այդ ինֆորմացիայի դէմ հէնց մեր երջանկութեան պահերն է պէտք աւելացնել: Ուրիշ կերպ հնարաւոր չէ, մարդը չի դիմանայ: Երկրի սխալ իշխանութեանը, սխալ քաղաքականութեանը, իշխանութիւնների թերութիւններին ու յանցագործութիւններին կը դիմանաս, բայց երջանկութեան պահերի կորստին չես դիմանայ:
— Վերջերս քաղաքացիական հասարակութիւն ունենալու ծիլերը սկսել են հասունանալ: Յոյսներս ինչի՞ վրայ պէտք է դնենք՝ քաղաքացիական հասարակութեան գոյութեա՞ն, թէ՞ այս կամ այն կուսակցութեան կամ իշխանութեան ներկայացուցչի:
— Ես վաղուց եմ քաղաքացիական հասարակութեան ձեւաւորման եւ կայացման կոչն արել: Հասարակարգի փոփոխման համար դա շատ կարեւոր է: Այս վերջին հանրահաւաքը, որ կազմակերպել էին «Դէմ եմ պարտադիր կենսաթոշակայինին» երիտասարդները, շատ ուրախացրեց: Եթէ ոտքս չցաւէր, ես այնտեղ կը լինէի: Ես տեսայ, որ այս տղերքը խօսել գիտեն, համարձակ են, առողջ, նպատակասլաց, աչալուրջ: Երբ կուսակցական ընկերներից մէկն իր կոչն արեց, նրանք տեղնուտեղը խլացրին վերջնիս ձայնը՝ վանկարկելով իրենց կոչը՝ դա ինձ շատ դուր եկաւ: Առողջ մտածող երիտասարդներ են, եւ ոչ թէ նրա համար, որ ամբիցիայի համար են կռիւ տալիս, այլ գիտակցում են՝ սա մեր շարժումն է, մենք մեր կոչով ենք եկել, ձեր քաղաքական եւ կուսակցական կոչը մի խառնէք այս ամենին: Ուզում եմ՝ յանկարծ չխանգարեն նրանց, միայն այս շարժման զարգացումն է փրկելու երկիրը, կուսակցութիւններին թարմացնելու եւ զգօնութեան կոչ անելու:
— Այն, ինչ կատարւում է, չի՞ փաստում, որ մեր վերեւները ոչ միայն քաղաքացու պատրաստմանը չեն նպաստում, այլ, կարծես, ամեն գնով կը ցանկանան ճնշել անհատին, անհատականութեանը:
— Ինձ թոյլ չեմ տայ ասել, թէ դիտմամբ է արւում, քանի որ, եթէ այդպէս մտածեմ, պէտք է աւտոմատն առնեմ ձեռքս ու գնդակահարեմ ոմանց: Բայց, ցաւօք, արուած քայլերը ցոյց են տալիս, որ անհատի զարգացմանը նպաստելու փոխարէն աւելի են խանգարում: Ոչ մի հնարաւորութիւն չի ստեղծւում, որ տաղանդը կարողանայ իրեն դրսեւորել, ի վերջոյ, հօ անշնորհք ազգ չե՞նք: Մենք էն քրջոտ ազգերից չենք, որ տաղանդի ծննդի պակաս ունենայ: Մտաւորականութեան կարկառուն ներկայացուցիչները բոլորը սովետի շրջանից են, իսկ նրանք, քանի գնում է՝ տարիքի, կեանքի անտանելիութեան հետ կապուած, հերթով «գնում» են: Սակայն անկախութեան սերնդի տաղանդաւոր ներկայացուցիչներ էլ ունենք, բայց ո՞վ է գնահատում, արժեւորում նրանց, որ այս բացը լցնեն: Երբ թերթում էի աշխատում, Համօ Սահեանի հետ ընկերութիւն էինք անում, նա մեր խմբագիրն էր: Ամեն շաբաթ մէկ-երկու բանաստեղծական շարք էր գրում, եւ դէմքից էլ էր երեւում, որ նոր բան է գրել: Բարձրանում էինք Մոնումենտի ռեստորաններից մէկը, ընթերցում, քննարկում դրանք: Պետութեան հիմքը պէտք է մշակոյթը լինի, առանց մշակոյթի կը չորանան միւս բոլոր յաջողութիւնները: Մի գուցէ միստիկ հնչի, բայց մեր բոլոր անյաջողութիւնները մշակութային գործօնի պակասից են գալիս:
— Մշակութային քաղաքականութի՞ւն չունենք, թէ՞ նրանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել, հնարաւորութիւն չի տրւում:
— Վերեւները հեռու են մշակոյթից, անտեղեակ են, բացի յոբելեանական նշանաւոր դէպքերից, ոչնչի մասին տեղեակ չեն, եւ միայն այդ ժամանակ կարող ես տեսնել երկրիդ ղեկավարին մշակութային միջոցառման մասնակցելիս: Սովորութիւն է դարձել՝ ինչ միջոցառման նախագահը մասնակցում է, միւսները նոյնպէս գնում են, իսկ եթէ նախագահը չկայ, միւսներն էլ չկան: Միթէ նրանց չի՞ հետաքրքրում՝ ինչ է կատարւում էս երկրում: Լաւ, եթէ քեզ չի էլ հետաքրքրում, վաղ, թէ ուշ, պէտք է գալու՝ միգուցէ երբ ժողովրդի հետ հանդիպման գնաս, 1-2 տող միգուցէ մէջբերում անես լսածիցդ:
— Վերջ: Աւելացնելու բան ունէ՞ք:
— Չէ, մնացածն էլ թող մնայ յետոյ: