Լաւոնաս

Վահագն Գրիգորեան(*)

Անսպասելիօրէն, արտաքուստ անառիթ՝ ուղեղիս չգիտես որ անկիւնից դուրս սողաց բառը։ Լիտվերէն առանձին բառեր, որոնց նշանակութիւնը չգիտէի, բայց ինչ-որ տեղ լսել էի, մինչ այդ էլ էին յանկարծ լեզուիս գալիս։ Երեւի բնական է, եթէ երկար տարիներ կապուած ես մի երկրի հետ ու որոշ չափով գիտես լեզուն։ Նման դէպքերում ես սովորաբար կողքինիս հարցնում էի բառի նշանակութիւնը, երբեմն ուրախանում, որ մի նոր բառ էլ սովորեցի, երբեմն էլ պարզւում էր, որ այդպիսի բառ չկա՝ շփոթում եմ։ Հարցնում էի, պատասխանում էին, անցնում-գնում էր։
Այս անգամ կողքիս ոչ-ոք չկար, իսկ բառը հնչում ու հնչում էր ուղեղումս։ Երբ համոզուեցի, որ հիմնաւորապէս եմ նրա թակարդն ընկել, կասկածելի աղմուկ լսած գազանի պէս դանդաղեցրի քայլս ու ականջ դրեցի։ Բառը հնչում էր սահուն, երգեցիկ։ Դա լաւ էր, մինչեւ նրա իմաստը պարզելն ու հոգիս ազատելը շատ չէի տանջուելու, բայց ինձ հաճելիօրէն զարմացրեց մէկ ուրիշ հանգամանք՝ բացարձակ վստահութիւնս, որ այսպիսի բառ, իրօք, կայ, եւ, որ աւելի հազուադէպ բան էր, միանգամայն ճիշտ է նաեւ շեշտադրութիւնը. լաւո՛նաս։
Տրամադրութիւնս լաւ չէր, մի վիճակ, որ յաճախակի հիւրս էր վերջին տարիներին։ Իսկ վատ էին նախ եւ առաջ ֆինանսական գործերս, որից էլ ձգւում էր զանազան տհաճութիւնների մի երկար շղթայ։ Արդէն մի քանի օր ինձ բզկտում էի այն մտքով, որ այլեւս երբեք չեմ տեսնելու Երեւանը։ Անցած գիշեր, առաստաղին նայելով, ի հարկէ, քննարկել էի նաեւ ոտքով Երեւան հասնելու տարբերակը, բայց հէնց այնպէս, ի միջի այլոց։ Ես փող չունէի, իսկ խելք դեռ ունէի այնքան, որ լուրջ չընդունէի մի քանի հազար կիլոմետր ոտքով անցնելու գաղափարը։ Նման օրերին, երբ խեղդում է կարիքը, երբ վաղուայ օրը, հակառակ բոլոր ազնիւ ջանքերիդ, ներկայանում է աւելի մռայլ գոյներով, անպտուղ է նոյնիսկ գրասեղանի առաջ փրկուելու ծանօթ փորձը։ Առաւել եւս, որ ոչ մի խելքը գլխին բան վաղուց չէր յաջողւում գրել։ Եւ ահա, որպէսզի որեւէ յիմարութիւն չանեմ, անտառ էի գնացել։ Լիտվայում դա ծախս չի պահանջում։ Նստիր աւտոբուս, վճարիր 60 ցենտ (որն ամերիկեանից չորս անգամ էժան է) եւ, խնդրեմ, կէս ժամ անց արդէն անտառում ես։ Սունկ հաւաքելու էի գնացել։ Հայաստանում երկու-երեք անգամ եմ սունկ հաւաքել։ Առաջին անգամ երեխայ ժամանակ, Արագածի փէշերին, տատիս հետ։ Հաւաքեցինք աթարի վրայ աճած ինչ-որ մանր սնկեր, իւղով ու ձւով տապակեցինք։ Բոլորը թունաւորուեցին, բարեբախտաբար, ոչ մահացու, բացի ինձնից, որովհետեւ միայն ես՝ սնկահաւաքի նախաձեռնողս, մօտ չէի եկել այդ համադամ կերակրին։ Երկրորդ անգամ կեանքիս հինգերորդ տասնամեակում, Կոտայքի սարերում, որտեղ հաւաքած սնկից թէեւ կերայ, բայց առ այսօր նախ եւ առաջ յիշւում են կիզիչ արեւն ու քարերի վրայ կուտապ-կուտապ տաքացող օձերը։ Այս երկուսի արանքում երրորդ դէպքն էլ էր եղել՝ Ստեփանաւանում, որը, սակայն, չի տպաւորուել։ Մի խօսքով, Հայաստանում սունկը ամենեւին էլ այն տեղն ու դերը չունի, ինչ, այսպէս ասենք, սնկային երկրներում։ Երեւանցու համար, օրինակ, սունկ կոչուածն ընդամենը շուկայում վաճառուող սննդամթերք է եւ մեծաւ մասամբ նոյնանում է ներքնայարկերում աճեցուող շամպինիոնի հետ։ Լիտվայում սունկը, ի հարկէ, նոյնպէս սննդամթերք է, նոյնպէս ապրանք, բայց հասցուած պաշտամունքի աստիճանի։ Լիտվացին, ի տարբերութիւն մեզ եւ անկախ նրանից գիւղաբնակ է թէ քաղաքաբնակ, եղանակի տեսութեանը հետեւում է նաեւ որոշելու համար, թէ ինչպիսին է լինելու սնկի գործն այս տարի, այս ամիս, միւս օրը։ Իր արձակուրդը նա յաճախ յարմարեցնում է լաւագոյն սնկաբեր ամսին։ Ընտանիքի հոգատար հայրը, կնոջն ու երեխաներին սրտանց ուրախացնելու համար, նրանց սունկ հաւաքելու է տանում։ Սունկ են հաւաքում տատիկն ու թոռնիկը։ Մի իսկական գեղեցկուհի ու իր ազնուացեղ շունը։ Ընկեր ու բարեկամ այնպէս են իրար գլխի հաւաքւում, ասես խաշի պիտի գնան եւ ոչ թէ սնկի։ Զառամեալ մի ծերունի, որին բարի մարդիկ հրելով-քաշելով հազիւ են աւտոբուս բարձրացնում եւ որի զամբիւղում ընդամենը մի քանի ճլորած սունկ կայ, այլոց լիքը զամբիւղներին նայելով, արդարանում է, ասես Աստծուն դիմելով. «Ես էսքա՛ն գտայ։ Աչքերս չեն տեսնում, ոտքերս չեն տանում»։ Հարցնում ես. «Որտե՞ղ է ամառանոցդ», պատասխանում է. «Հոյակապ տեղում։ Սունկ՝ ինչքան ասես»։ Միլիոնանոց գործարք կնքելու արանքում արտասահմանեան գործընկերոջը ոչ միայն թանկ ռեստորաններ են հրաւիրում, ոչ միայն երկարոտ աղջիկներով պատւում, այլեւ սունկ հաւաքելու տանում։ Նորութիւնների հեռուստատեսային թողարկման հեղինակը չի զլանում գոնէ մի երեսուն վայրկեան եթերային ժամանակ յատկացնել որեւէ արտակարգ գեղեցիկ կամ խոշոր սնկի, երդուեալ գինեմոլի քիթումռութով, բայց վերին աստիճանի յաջողակ սնկահաւաքի, եւ դու, երկրի նախագահի բախտորոշ խօսքը կէսականջ լսելուց յետոյ, ականջներդ սրած որսում ես նրա անյօդաբաշխ լմլմոցը։

Ինչու՞ եմ այս ամենը պատմում։
Ոչ մի այլ ասպարէզում երեւի այսքան բնականօրէն չեն ջնջւում հասարակութեան տարբեր շերտերին իրարից բաժանող անջրպետները։ Հազիւ լոյսը բացուած՝ քաղաքից դուրս եկող աւտոբուսում քիթ-քթի ու քամակ-քամակի, դոյլ ու զամբիւղ գրկած, քնաթաթախ կանգնած են պճնամոլ օրիորդն ու աղքատիկ կենսաթոշակով ծայրը ծայրին հասցնող պառաւը, ընտանիքի օրինաւոր մայրն ու էժան պոռնկուհին, պրոֆեսորն ու կիսագրագէտ գործաւորը, պետական պաշտօնեան ու գործազուրկը։ Թէեւ բարձրաստիճան պետական այրերն ու հարուստները սնկի են գնում, պարզ է, աւտոմեքենաներով, բայց անտառի հովանու տակ նրանք եղբայրանում են կործանուած հարբեցողին ու վերջին չքաւորին։ Թէեւ բնութեան գրկում էլ հնարաւոր չէ չզանազանել բուրմունքները՝ բարեկեցութեան անուշահոտութիւնն ու թշվառութեան միզահոտը, սրտները նոյն փափագով են տրոփում, նոյն ռիթմով յուզւում ու ցնծում։ Մի քանի ժամով քաղաքակրթութեան պողպատեայ սանդղակը փլւում է, մարդիկ յայտնւում են իրենց անտառաբնակ նախնիների մորթու մէջ, իսկ շատ դէպքերում կեանքի հակառակ յատակում յայտնուածն է աւելի յաջողակ, եւ տնտեսական ու քաղաքական բուրգերի գագաթներին թառածները չեն խորշում անկեղծօրէն երանի տալ նրան։ Ուրեմն ինչո՞ւ այնտեղ, ուր այսպէս խաղաղ ներդաշնակում են բարեկիրթ աւազակն ու կոշտուկոպիտ թշուառը, կոյսն ու բոզը, բիւրոկրատն ու նրա զոհը, տեղ չգտնուի նաեւ սեւ բեղ ու մորուքով մի օտարականի համար։ Փարիզում առաջին իսկ օրը սովորեցի ամենաիսկական ֆրանսիացու պէս մի գաւաթ սուրճի առաջ ժամերով վեր ընկնել սրճարանում։ Վատ չէր, նոյնիսկ՝ շատ լաւ, ինձ դա էր փրկում։ Կահիրէում առաջին իսկ շաբաթուայ վերջում ընտելացայ լուսումութին բարձրախօսից որոտացող Էզանին։ Հաւատափոխ չեղայ, բայց այլեւս դիւահար չէի լինում, շարունակում էի քունս։ Նոյնպէս փրկութիւն էր։ Վիլնիւսում առաջին իսկ տարին խանդավառուեցի սնկով։ Սա արդէն փրկութիւնների փրկութիւնն էր, եթէ նկատի ունենանք այնտեղ գտնուելուս յաճախականութիւնն ու տեւողութիւնը։
Ես օտար էի այդ կոկիկ քաղաքի փողոցներում՝ նրա քաղաքավարի անցորդների աչքում, սրա-նրա տուն հրաւիրուելիս՝ գուցէ թէ հաճելի, բայց օտար զրուցակից էի, տեղացի գրողների հետ շփուելիս՝ բախտակից, բայց օտար բախտակից։ Պատճառը միայն ազգութիւնս չէր, ոչ էլ լեզուն չիմանալս, այսինքն, միայն նրանց մէջ չէր, այլեւ իմ մէջ, կամ՝ նախ եւ առաջ իմ մէջ, որ տէր չէի այս երկրի ու նրա մարդկանց սէրերին ու տխրութիւններին։ Բայց սունկ հաւաքելու մարմաջով ես դարձայ տեղաբնակից էլ տեղաբնակ։ Սիրեցի բարձրաբերձ սոճիներն ու կանաչ մամուռի անվերջանալի գորգը, սովորեցի անտառի լեզուն։ Յուզմունքով էի ոտք դնում անտառ, հրճւում սունկ գտնելիս։ Եթէ լեփլեցուն աւտոբուսում կամ արդէն անտառում որեւէ մեկին զարմացնում էր, որ սնկի ետեւից է ընկել տարօրինակ արտաքինով մի օտարական, ես այդ չէի զգում՝ ես տարերքիս մէջ էի։
Բայց ոչ այս անգամ։ Այս առաւօտ վաղորդեան թարմ օդում ես շնչահեղձ էի լինում մթնոլորտից զուրկ մոլորակում յայտնուածի պէս։ Նայում էի ուղղաձիգ սոճիներին, ճերմակաբուն կեչիներին, դալար եղեւնիներին ու ատում ծառ կոչուածը։ Նայում էի ոտքերիս տակ զսպանակուող կանաչ գորգին ու ատում։ Լսում էի բազմալեզու անտառի խորհրդաւոր ձայներն ու ատում։ Զարմացած մտածում էի՝ ի՞նչ եմ անում այստեղ, յիշում էի, որ սնկի եմ եկել եւ ատում էի այդ անիմաստ զբաղմունքը։ Պարապ մարդու ժամանցը։ Կեանքում աւելի լուրջ արժէք չգտած անբանի հրապուրանքը։ Իրականութիւնից փախչող ջայլամի սին ապաստարանը։ Ողորմելի սրիկա, չես կարողանում գրել, սունկ ես հաւաքում։ Չես կարողանում Երեւան հասնել, անտառ ես եկել։ Արդէն երկրորդ ժամն էր անտառում էի, ոչ մի սունկ չէի գտել, գտնելու ցանկութիւն էլ չունէի։ Ես ուզում էի Հայաստան գնալ։ Ուզում էի Երեւանում լինել։ Հանդիպել դատարկ գրպանով ընկերներիս։ Գլուխս քաշել մի քանի հարիւր դրամանոց թունաւոր օղին։ Ձեռքս առնել մեր բարալիկ թերթերը։ Լսել մեր անճարակ քաղաքագէտներին։ Հաւաստիանալ, որ հայ կոմունիստը բնութեան առաջնութիւնը ոչ ոքի չի զիջել։ Եթէ ինձ վիճակուած է գոնէ մի անգամ էլ որեւէ գլխարկի մէջ թղթադրամ նետել, թող դա հայ մուրացիկը լինի։ Եթէ իմ գլխարկի մէջ պիտի գցեն, թող հայը գցի։ Երիցս օրհնեալ իմ հրաշք երկրում եթէ ոչ մի լաւ բան էլ չկայ, ապա մէկը միւսից բարձր ու շքեղ այնքան ժայռ ու քարափ կայ որ ուզածիցդ նետուելով կը ջախջախուես անմնացորդ, իսկ այս անիծեալ տափարակում քանոնով գծուած սոճիների ճիւղերն այնքան բարձր են, որ կախուիր, եթէ տղայ ես, եթէ նոյնիսկ ունես պարանի փող։ Եթէ ոչ մի լաւ բան էլ չկայ իմ հեռու, հեռու, հեռաւոր երկրում, ապա գոնէ չկայ սունկ հաւաքել կոչուող այս մոլորութիւնը։ Հէնց միայն սրա համար արժէ հայ ծնուել ու ապրել Հայաստանում, ապահովութեան համար յամենայն դէպս հեռու նրա անտառոտ շրջաններից՝ Երեւանի նման կիսաանապատում…
Եւ յանկարծ այդ բառը։ Ինչպէս արդէն ասացի՝ սահուն, երգեցիկ։ Ասես ինչ-որ մէկը փափուկ շուրթերով շշնջար ականջիս…
Ազնուօրէն քարշ տալով խաչս նեղութիւններիս կածանն ի վեր, միեւնոյն ժամանակ էլ փորձում էի յիշել՝ երբ, որտեղ, ինչ պայմաններում, ումից եմ լսել այդ բառը։ Ի զուր։ Մի բան, սակայն, յստակուեց. այսքան վստահ եմ, որ բառը գոյութիւն ունի, շեշտադրութիւնն էլ ճիշտ է, որովհետեւ ոչ թէ պարզապէս բառ է գեղգեղում ուղեղումս, այլ ինչ-որ մէկի ձայնը։ Ըստ որում՝ կանացի։ Կանացի հաճելի մի ձայն ու նոյնքան հաճելի մի բառ։ Ես այդ չէի գիտակցում, բայց շուտով, պատկերաւոր ասած, երեւի երբեմն շալակիցս իջեցնում էի խաչս, շունչս տեղը բերում ու ականջ դնում։ Չէ, ես հաւատարիմ էի ինքնածուատմանս, բայց բառի շոյեանքների կարկտի տակ երեւի բթացայ՝ ինչպէս անքնութեան ժամանակ ոչխար հաշուելիս։ Ուզում եմ ասել, հայեացքս երեւի սկսեց պարզուել։ Յանկարծ սունկ տեսայ։ Այդ օրը, ճանապարհուելով անտառ, երդուել էի՝ կը վերցնեմ, եթէ միայն սպիտակ սունկ պատահի։ Ես չեմ մթերում, չեմ արտահանում, չեմ վաճառում, չեմ չորացնում, աղ դնում, պահածոյացնում, մի յայտնի ուտող էլ չեմ, ինձ համար կարեւորը փնտռելն ու գտնելն է, ուրեմն, եթէ բախտ ունեմ, թող կատարեալ լինի։ Իմ կարծիքով, անիրականանալի որոշում էի կայացրել, բայց Աստուած ինձ պատժում էր բոլոր տեսակէտներից, այս հարցում ինչու խնայէր։ Վստահ, որ դատարկաձեռն եմ վերադառնալու, զամբիւղ չէի վերցրել, սոսկ մի ճմրթուած տոպրակ էի խոթել գրպանս։ Եւ ահա, հակառակ ամեն ինչի, առաջին իսկ հանդիպած սունկը արքայից արքայ սպիտակն էր։ Տեսայ բաւականին հեռուից։ Ոտքը՝ հաստ ու ամուր, գլխարկը՝ բարձր ու հպարտ, ինչպէս նկարում։ Երբ նստել, ոտքն ազատում էի մամուռից, համոզուելով, որ տռուզ ու առողջ է, եւ ամեն կերպ ձգձգում էի կտրելու ինձ երբեք էլ շատ չոգեւորած պահը, միանգամից ագահ դարձած հայեացքս չորս բոլորն էր խուզարկում, եւ, հրա՜շք, քիչ հեռւում տեսայ երկրորդը։ Իսկ մի քանի վայրկեան անց՝ նաեւ երրորդը։ Քաղաքամերձ անտառներում, որտեղ օրուայ մէջ հարիւրաւոր մարդիկ են լինում, այսպիսի յաջողութիւնը չտեսնուած բան է։
— Լաւո՛նաս, — թռավ բերանիցս։ Այսպէս պաշտօնականացուեց կամ օրինականացուեց բառի ներկայութիւնն իմ գլխում, ես աւելի ուշադիր ու զգայուն դարձայ նրա հանդէպ եւ, ստէպ-ստէպ երջանիկ հայեացք գցելով տոպրակի մէջ յիրաւի արքայական արժանապատւութեամբ թիկնած սնկերիս, զուարթ պատրաստակամութեամբ էի արձագանքում նրա իւրաքանչիւր ելեւէջին։ Մեր փոխըմբռնումն այսուհետ լիակատար էր։ Եւ նա ինձ խուզում-սանրում, չափում-ձեւում էր ըստ իր պատկերի։ Ես կոյր գերին դարձայ զգացողութիւններիս ու գնում էի նրանց ետեւից, ինչպէս հետքը բռնած շուն, իսկ զգացողութիւններիս անունը գուցէ խաղաղութիւն էր, գուցէ թեթեւութիւն, մի խօսքով , այն, ինչը մարդուն համակում է ճանապարհի վերջում, երբ ետեւում են մնում վազքն ու կռիւը, պարտքն ու պահանջը, եւ հանգիստն ու վայելքն են դառնում ներկայ։ Ինչ-որ տեղ լաւո՛նաս կար, կամ ինչ-որ մէկը լաւո՛նաս էր՝ ձայնորսիչ եւ ձայնարկիչ դարձած գլուխս յամառօրէն այդ էր պնդում, ճիշտ է, չէր բացատրում, թէ ինչ կամ ով է, սակայն, նրա կաթոցքը տեղին ու ժամանակին էր յանկարծահաս երկնային մանանայի պէս։ Շատ անգամներ էի նոյն անտառում եղել, բայց այսպիսի յաջողութիւն չէր վիճակուել ոչ մի անգամ։ Անհոգ զբօսնելով, ես սունկ էի գտնում այնտեղ, որտեղ մի ժամ առաջ ոչինչ չկար, այնտեղ, ուր նրանք պարզապէս չպէտք է լինէին։ Սպիտակ սնկերն աճում էին ասես յատուկ ինձ համար, քօղարկուելու փոխարէն ասես ցուցադրում իրենց։ Ով լինէր իմ տեղը, որ չուրախանար։ Ես ջանում էի չկտրուել իմ հիմնական խնդիրներից, վերջին հաշուով անտառ էի եկել, որ հանգիստ պայմաններում, առանց նեարդայնանալու ծանրութեթեւ անեմ վիճակս, ելք գտնեմ, բայց ինչքան էլ փորձում էի կենդանութիւն հաղորդել կեանքս կերած հոգսերիս, նրանք խլացել էին մէջս պտտուող ձայներիզի վրայ պառկած նոր մեղեդու տակ. լաւո՛նաս։ Եւ յանկարծ ես գիւտ արեցի։ Բառս համարեա տառացի կրկնում է մեր լաւանասը։ Գրողը տանի, ինչքան գիտեմ, ըստ Աճառեանի, մեր լաւ արմատին լիտվերէնում համապատասխանում է լաբաս-ը. հիմա ստուգել եմ, իրօք, այդպէս է։ Ինչո՞ւ հնարաւոր չի, որ այս արմատով լիտվերէն առանձին բառերով վ-ն եւ բ-ն փոխուած լինի։ Ինչքան հաւանական էր, այնքան էլ՝ չէ, բայց խայծը գցուած էր, ես մտքումս այնքան կրկնեցի՝ լաւոնաս-լաւանաս, որ բառս, թէեւ իմաստն առաջուայ պէս անյայտ էր մնում, սկսեց համ ու հոտ, պատկեր ստանալ։
Լաւո՛նաս։ Ափ լիզող ալիքի նման պառկում էր բառը ուղեղիս ծալքերի, նեարդերիս, մկաններիս վրայ, շոյում ճակատս, գոցում կոպերս… Ես ծով տեսայ։ Յետոյ՝ ծովախորշ։ Ողորկ քարերը տաք էին, քամու շունչը թեթեւ էր, ժայռերի արանքում դողդողում էին սիզախոտերը, ջուրը սառն էր։ Սալաքարի վրայ արեւկող անող մողէսն ինձնից վախեցաւ ու փախաւ, բարձրում նախազգուշացնելով ճչաց որորը, մատնաչափ արծաթափայլ ձկնիկը, քարի հետ շփոթած, փորձեց կտցահարել կոճս, մակոյկը հեռւում մերթ երեւում էր, մերթ անհետանում՝ շողերի հետ ասես գնալով երկինք։ Թափանցիկ ջրից ձկնահամ էր գալիս, խանձուած ժայռերից՝ ժանգոտ թաւայի, ափ նետուած ջրիմուռները կտրուած վարսեր էին յիշեցնում, որոնց ես վախենում էի դիպչել։ Յիսնականների սկզբում, երբ Սեւանը դեռ այնքան չէր իջել, որ ափը շատ հեռանար ճերմակափէշ ժայռերից, բայց արդէն այնքան, որ կարողանայիր ափով պտոյտ տալ կղզու շուրջը, հօրս հետ յաճախ էինք այստեղ լինում։ Հետագայում ու յատկապէս պատանեկութեանս տարիներին, ինչ էլ կարդայի ծովագնացութեան մասին, հէնց որեւէ նաւ ծովախորշ էր մտնում կամ մրրիկից նետւում այնտեղ, ես իմ ծովախորշն էի պատկերացնում։ Իմ կամօք այստեղ էին ջարդուխուրդ լինում առագաստը կորցրած նաւերը, ծովահէններն այստեղ էին բերում իրենց գերիներին, այստեղ էին փրկութիւն գտնում բախտաւոր նաւաբեկեալները։ Այն տարիներին Սեւանայ կղզին կտրուած էր աշխարհից, իսկ իմ ծովախորշն անմարդաբնակ էր. հատուկենտ հովեկներն այս ափը չէին հասնում, շաբաթը մէկ-երկու անգամ «մեծ ցամաքից» եկող «Միկոյեան» կամ աւելի փոքր նաւերն այս ափում խարիսխ չէին գցում, նրանց բերած ուխտաւորներն ուղիղ դէպի եկեղեցիներն էին բարձրանում։ Ես գլխիս ու աշխարհի տէրն էի այս ծովախորշում, որտեղ հասնելու համար, եթէ Գրողների ստեղծագործական տնից էիր իջնում, պիտի դէպի ձախ քայլէիր, եւ որը յետոյ մնաց մահկանացուների համար անմատչելի կառաւարական փակ հանգստեան գօտում։ Ես յիշեցի ֆրանսահայ ծանօթներիցս մէկի ծերացած հօրը, որը Մոնտէ Կարլոյի իր տան պատուհանից Միջերկրականի ջրերին նայելով երբեմն սպառնացել էր. «Երթամ, Սեւանի ափին տուն մը շինեմ» եւ որդու՝ ծանօթիս, պատասխանը. «Քեզի սեպիր, որ Սեւանը ա՛ս է»։ Ծանօթիս անպայման սրամիտ եւ միանգամայն սթափ պատասխանը (երկխօսութիւնը ԽՍՀՄ-ի ողջութեան վաղեմութիւն ունի) այս անգամ, ինչպէս երբեք սրտամօտ էր։ Միջերկրականի տաք ափերին առանձնատուն կառուցելու վտանգն ինձնից հեռու էր, ինչպէս Պլուտոնն Արեւից, Բալթեան սառն ափերից էլ նման սպառնալիք ակնկալելու համար պէտք է առնվազն գրանցում ունենայի, նոյնիսկ Սեւանի ափին ու նոյնիսկ հոլիկ չէի ուզում, միայն հասնէի, միայն տեսնէի ինչ է մնացել իմ կուսական ծովախորշից։
Լաւո՜նաս։ Միտք չունի յիշատակեմ բոլոր պատկերները, որ մատուցում էր ոգեւորուած երեւակայութիւնս։ Բոլորը չեմ էլ յիշում։ Կամաց-կամաց, սակայն, որոշակիութիւնը կորաւ, դէպքերը, անունները, խնդիրներն առանձին-առանձին կորցրին իրենց դերն ու նշանակութիւնը, ապրումներս երկնեցին հաւաքական մի խորհրդանիշ, որը, ի հարկէ, աւելի նիւթեղէն չէր, քան երազանքը, բայց նոյնքան կենսախինդ էր։ Սէր, յոյս, հաւատ՝ ահա երեւի նրա ամբողջական անունը։ Ցոլցլում էր նա հազուագիւտ բիւրեղի նման, եւ, ընկնելով նրա կաղապարի մէջ, ամեն ինչ շողարձակում էր ոչ երկրային փայլով։ Մտայղացումները թղթին էին յանձնւում հանճարեղ պարզութեամբ, կանայք չէին ստում ու ճղճղում, կեանքը ոչ թէ դաժան պայքար էր, այլ զմայլելի զբօսանք։ Եթէ այդ պահին անտառում լրագրող յայտնուէր ու ապուշ հարց տար՝ դուք հաւատու՞մ էք երջանկութեանը, ես, նրան խռիկ տալու փոխարեն, երեւի պատասխանէի ամենայն լրջութեամբ։ Որովհետեւ սիրում էի ամենն ու բոլորին, որովհետեւ առագաստներս թւում էին համընթաց քամով լցուած։ Գլխումս չմարող ձայնը երբեմն զգաստացնող շեշտեր էր ստանում՝ թւում տագնապած, նոյնիսկ վախեցած, բայց, ինչպէս էլ հնչէր, ես արդէն հարբել էի եւ, իմ սիրոյ, յոյսի ու հաւատի քղանցքները փռփռացնելով, երանութեամբ տարրալուծւում էի նրա շքեղ վարսերի, հիւթեղ շուրթերի, կաթնահունց մարմնի ալեկոծութեան մէջ։ Ես վաղուց էի մոռացել Գողգոթաս, խաչս գցել, թեւերս թափ տալով իջնում էի զով հովիտները, որտեղ շռայլ պտղաբերում էր Անահիտի արգանդը, որտեղ Արածանիի ջրերը Աստղիկի սրունքներն էին լիզում, որտեղ Տիրի փանդիռն էր թնդում, եւ մշտնջենական լոյս ու տօնախմբութիւն էր։
Ինձ փոքր-ինչ սթափեցրեց ձեռքիս ծանրացած տոպրակը։ Նստեցի մի կոճղի, տոպրակը զգուշութեամբ շուռ տուեցի։ Ուղիղ քսան սպիտակ սունկ էի գտել։ Երկու անգամ աւելի, քան մինչեւ հիմա երբեւիցէ յաջողուել էր այս անտառներում։ Ափսոսացի, որ զամբիւղ չունեմ, պատկերացնելով, թէ նրա մէջ ինչպէս կը դիտուեն մէկը միւսից խոշոր ու առողջ սնկերս։ Թանկարժէք աւարս նոյն զգուշութեամբ նորից տեղաւորեցի տոպրակի մէջ ու ծխեցի։ Կոճղին նստած մտածում էի, որ սա, ըստ էութեան, իմ հրաժեշտն էր այս անտառներին, որոնցից դժգոհելու բան չունեմ, ընդհակառակը, այստեղ նրանք իմ ուրախութիւնն են եղել, իմ ապաստարանը, ես սիրել եմ նրանց, եւ, փառք Աստծոյ, որ հրաժեշտը գեղեցիկ եղաւ։ Նրանք՝ այս անտառները, անցաւ մտքովս, երեւի զգում էին, որ վերջին անգամ ենք հանդիպում եւ ինձ պարգեւեցին այս սնկերը, ինչպէս գթառատ տատն է հիւր եկած թոռան գրպանները բաժանուելուց առաջ անուշեղէնով լցնում։ Մտածեցի, որ իմ երկրի անտառներում, որոնք մագլցում են լանջերն ի վեր, ապա նոյնքան գահավէժ ցած սահում, անպայման կը կարօտեմ այս լայնարձակ հիւրընկալ կանաչ զանգուածները։ Ես դեռ էլի կը նստէի, բայց գնալու ժամանակն էր, եթէ չէի ուզում անտառում գիշերել։
Այո, մտածում էի վերադարձի ճանապարհը բռնած, ոչինչ էլ այնքան անյուսալի չէ, ինչպէս թւում էր։ Պարզապէս թարս բնաւորութիւն ունեմ, ամեն ինչ չափազանցելու սովորութիւն։ Յետոյ ի՞նչ, որ փող չկայ։ Այսօր չկայ, վաղը կը լինի։ Կը վաստակեմ, կը շահեմ, կը գտնեմ։ Պարտք կ՚անեմ։ Ես չգիտէի՝ ինչպէս պէտք է վաստակեմ կամ շահեմ, որտեղից գտնեմ, ումից պարտք անեմ. ծանօթներս իմ օրին էին, փողոցներում հազարաւոր թշուառներ էին ոտքի տակ նայում, վիճակախաղի մէկ տոմսը օրուայ հացի գին արժէր, իսկ ազնիւ ճանապարհով վաստակելու միայն մի միջոց գիտէի՝ գրելը, որը հայերէնով գրողների համար անփողաբեր էր դարձել, բայց նման մանր-մունր խոչընդոտներ ինձ արդէն չէին վախեցնում, ես պարզապէս գիտէի՝ փող կը ճարուի, անպայման կը ճարուի։ Նշանակում է՝ այսօր չէ, վաղը Հայաստան կը հասնեմ։ Ինքնաթիռի տոմս կը գնեմ, կը թռնեմ Երեւան։ Թրեւ կը գամ փողոցներում, կը տեսնեմ ընկերներիս, կ՚ուտեմ-կը խմեմ «Մի անտեսէք՝ համտեսէք» ճաշարանում, կը գտնեմ հին սէրերիս, չգտնեմ՝ նորին կը սիրեմ, ծայրէծայր կ՚ըմբոշխնեմ թերթերը, մի բան դուր չեկաւ՝ ընդդիմութիւն կը դառնամ, կը հայհոյեմ, կ՚օրհնեմ, կ՚անիծեմ, կը ծիծաղեմ, կ՚ապրեմ։ Կը նստեմ մօրս կողքը։ Կը նստեմ՝ կը գրեմ։ Անպայման կը գրեմ։ Յետոյ ի՞նչ, որ վերջին տարիներին գրածներս աւարտին չեն հասնում, կէսից զզուեցնում են ինձ։ Այսօր չի յաջողւում գրել, վաղը կը յաջողուի։ Ի զուր եմ գլուխս մտցրել, որ սպառուած գրող եմ, ես դեռ կը գրեմ, շատ կը գրեմ ու լաւ կը գրեմ։ Մակընթացութիւններն ու տեղատւութիւնները մարդուս կեանքում սովորական բան են, այս հասարակ օրէնքը պիտի իմանայի։ Այսինքն, գիտէի, պարզապէս, իրօք, թարս բնաւորութիւն ունեմ՝ լուն ուղտ դարձնող։ Ոտքերիս թուլութիւնը, որ նեղում էր վերջին մի քանի ամիսը, այսօր, օրինակ, համարեա չի զգացւում։ Յետոյ ի՞նչ, որ նիհարել եմ, դա ամենեւին էլ չի նշանակում, թէ անմահութեան շեմին յուղարկաւորներիս դարդն եմ քաշում, ընդհակառակը, վտիտ-մտիտ չոր ցամաքները, օրինակ, Լենինգրադի շրջափակման ժամանակ աւելի երկար դիմացան սովին։ Ամեն ինչ լաւ է ու էլ աւելի լաւ կը լինի, ուրեմն, գլուխդ բարձր եւ, ուրեմն, օ՜ն, առաջ…
Ես քայլում էի վստահ ու վճռական։ Շտապում էի րոպէ առաջ քաղաք հասնել, ձեռնամուխ լինել գործերիս։ Քայլում էի արագ, շուրջս չնայելով, ականջս աւտոմեքենաների աղմուկին, որ խճուղուց պիտի գար։ Մտովի արդէն շատ հեռու էի այստեղից, բայց անտառի հետ լեզու գտած զգայարաններս այդ օրը երեւի ինքնուրոյն էին գործում, որովհետեւ յանկարծ կտրուկ կանգ առայ։ Մխուեցի տեղում, համարեա չհասկանալով, թէ ինչու, շրջուեցի։ Անտառի այս մասում հին սոճիները հաստաբուն էին, իրարից հեռու, առնվազն կէսդարեայ մամուռը հարթ էր՝ խուզուած մարգագետնի պէս, այսինքն, ուշադրութեան արժանի ոչինչ չտեսայ, այնուհանդերձ, ետ քայլեցի։ Միեւնոյն է, ոչինչ չկար։ Մի քիչ էլ գնացի նորից կանգ առայ, նորից շուրջս նայեցի։ Լռութիւն էր, նոյնիսկ քամի չկար, որ սոճիների կատարներն իրար քսէր, եւ ծանօթ համեմատութիւնը ինքնըստինքեան էր գալիս. անտառը, ասես շունչը պահած, հետեւում էր ինձ։ Չէ, կարծես թէ ոչինչ չկար, չհաշուած, որ հաստաբուն սոճիներից մէկի եւ դալար մի եղեւնու արանքում մամռէ գորգն ուռուցիկ էր։ Վերջապէս հասկացա՝ անբնական ուռուցիկ։ Ինչպէս բացատրեմ։ Եթէ պարզապէս գետինը հարթ չի, եթէ մամուռի տակ կոճղ, քար կամ մի ուրիշ բան է ընկած, անտառին ծանօթ մարդու համար գոգաւորութիւնն այլ որակ է ունենում։ Այսինքն, բարձն ինչպէս էլ յարմարեցնեն վերմակի տակ, չես շփոթի քեզ յուզող կոնքի հետ։ Ես մի քայլ էլ արեցի, եւ սիրտս թպրտաց։ Ես չկարողացայ ինձ զսպել.
— Լաւո՜նաս…
Անտառն անմիջապէս արձագանքեց։ Յաղթականչս երեւի աւելի բարձր չհնչէր, եթէ մի հարուածով գետին տապալած լինէի Հոլիֆիլդին, Նոբելեան մրցանակ ստացած լինէի կամ տէր դարձած միլիոնանոց շահումի։ Ես արդէն գիտէի, որ մամռէ գորգի տակ խոշոր սունկ կայ՝ ամենախոշորը երբեւիցէ ինձ հանդիպածներից, մէկը նրանցից, որ տոհմական լեգենդ են դառնում։ Ծնկեցի սնկի առաջ։ Մտածեցի՝ դէ գեղեցկուհի, հիմա կ՚ազատեմ քեզ։ Բայց գեղեցկուհիս բռնել էր վերմակն ու չէր թողնում շլանամ իր հրաշագեղ կոնքով՝ մամուռի հաստ ու ամուր շերտը տեղի չէր տալիս։ Այնուհանդերձ, համառօրէն ու զգուշօրէն (գեղեցկուհիները միայն այդպէս են նվաճւում) ես քաշում էի ու քաշում վերմակը, մինչեւ որ մի ծայրում մամուռը պատռուեց, ու կարողացայ ետ տանել։ Նախ ասեմ՝ սունկս իր չափերով գերազանցեց սպասելիքներս. գլխարկի տրամագիծը երեսուն սանտիմետրից աւելի էր, ոտքինը՝ տասնհինգից ոչ պակաս։ Այնքան մեծ էր, որ անտառը կարծես միանգամից լցուեց։ Իսկ հիմա ասեմ, որ երկար չհրճուեցի իմ սունկով։ Կարծում էի գեղեցկուհու սնարի եմ մօտեցել ու վերմակ եմ ետ տանում, պարզուեց՝ գերեզման եմ քանդել, պատանքի դիպել։ Մամուռի հետ պատռուել էր գլխարկի մաշկը, եւ բացուել էր գարշելի խրախճանքի տեսարան՝ սնկիս ներսում գալարւում էին հարիւրաւոր, գուցէ հազարաւոր որդեր։ Փոքր ու թոյլ աճէր սունկս, կը ծռուէր, կը յարմարուէր, մի ծակ կը գտնէր, կը պլստար ու լոյս աշխարհ կը գար։ Բայց նա հսկայ էր ծնուել, աճել ամուր եւ ուղիղ, հանդիպել մամուռի շատ լայն շերտի դիմադրութեանը։ Սունկս ձգտել էր վեր, մամուռը տեղի չէր տուել, սունկս, միեւնոյն է, իրենն արել էր՝ բարձրացել ու բարձրացել, իր հետ, սակայն, բարձրացնելով նաեւ կեանքի բեռան նման ծանր գորգը։ Այն, ինչ սկիզբ ու վերջ ունի, անպայման ունի իր բարձրակէտը, եւ մի օր սնկիս աճը դադարել էր։ Եւ նա մնացել էր իր իսկ ստեղծած վրանում, որի տրամագիծն իմ աչքաչափով երեւի մետրի հասնէր։ Ուղիղ ու հպարտ կանգնել էր այնքան, մինչեւ որ վրանը դամբարան էր դարձել։ Ես մամուռը տեղը բերեցի։ Նորից բլրակ գոյացաւ կամ՝ թարմ գերեզմանաթումբ։
— Լաւո՛նաս, — ասացի մի քիչ հիասթափուած, մի քիչ էլ երեւի գլխարկ հանելու նման։
Ես չգիտէի, որ վերջապէս տեղը տեղին եմ օգտագործել բառը։ Ընդամենը գիտէի, որ ամեն ինչ սկսւում է ծնունդով ու աւարտւում մահով, դրանից անմասն չեն աստղերն ու մոլորակները, ծառն ու թուփը, գազանն ու թռչունը, բայց, կամօքն Աստծոյ, միայն մարդուն է վիճակուած ապրել այդ դամոկլեան սրի տակ։
Սա էլ, սակայն, մտքովս անցաւ մի տեսակ կողմնակիօրէն, մի տեսակ վերացարկուած։ Ես շտապում էի։ Արդէն լսւում էր աւտոմեքենաների աղմուկը, արդէն մօտ էր խճուղին, որտեղից սկսւում էր ժամանակակից մարդուս կրքերի իսկական թատերաբեմը։ Այդուհանդերձ, առաւօտեան ես արթնացայ վաղուց մոռացուած բարձր տրամադրութեամբ՝ գործելու անսպառ եռանդ մէջս։ Արդեն ուզում էի դէն նետել վերմակը, որպէսզի գլխապատառ նետուեմ փողի, գրական փառքի ու միւս յաջողութիւնների ետեւից, բայց ջրի խշշոցը յուշեց, որ զուգարանը զբաղուած է։ Որպէսզի ի զուր չցցուեմ նախասենեակում, նորից ետ ընկայ բարձին, եւ այս յապաղումն էլ ճակատագրական եղաւ։ Նորից ինչպէս երեկ արտաքուստ անառիթ՝ գլխումս յանկարծ զրնգաց՝ լաւո՛նաս, նորից կանացի ձայնով, բայց այս անգամ՝ սուր, ճղճղան, եւ համարեա անմիջապէս էլ աչքիս առաջ եկաւ ոստիկանական մի սերիալ, որը մի քանի օր առաջ պատահաբար դիտել էի՝ պատահաբար հեռուստացոյցի առաջ յայտնուելով։ Կինոնկարն ամերիկեան էր, բայց, հասկանալի է, լիտվերէն թարգմանուած, ձանձրանալով դիտել էի ընդամենը մի քանի րոպէ՝ մի բառը հասկանալով, երկուսը՝ չէ։
Տագնապի ալիքն այնքան ուժեղ էր, որոտն սկսեց չհերիքել, անկողինը ճահիճ թվաց։ Ձայնը ճչում էր, մետաղական երանգներով ճչում ուղեղումս, եւ, որպէսզի թոյլ չտամ նրա գերանդին արմատից կտրի գրական կեանքով ապրելու, Երեւան հասնելու յոյսերս, ես, ոտքից գլուխ անդամալոյծ մի կերպ նստեցի։ Մինչեւ վերջ դատարկեցի գիշերուանից կողքիս դրուած ջրի բաժակը, արեցի այն, ինչը գրեթէ երբեք չէի անում՝ ծխեցի անկողնում։ Ծուխը դառն էր, ձայնը՝ տհաճ, ասես վրայից նետել էր երեկ բնութեան գրկում երեսին քաշած հովվերգական քողը։ Սնկիս նման՝ քանի դեռ չէի բացել կանաչ-կանաչ պատանքը։ Սրբիչը ձեռքիս դուրս գալով լողասենեակից, դէմքս դեռ կարգին չչորած, ես հարցրի խոհանոցում ինչ-որ բանով զբաղուած կնոջս՝
— Ի՞նչ է նշանակում լաւո՛նաս։
Կինս զարմացած ինձ նայեց.
— Առաւօտ գիշերով որտեղից…
— Ի՞նչ է նշանակում…
— Դիակ, — ասաց կինս։

(Գրանիշ)

*) Խմբագրութեան կողմէ.

Սեպտեմբերի 23-ին Լիտվայի մէջ (Lithuania) իր մահկանացուն կնքած է ծանօթ արձակագիր Վահագն Գրիգորեան։ Գոյժը ստացանք Հայաստանի գրողների միութեան 2 հոկտեմբերի թուակիր հաղորդագրութենէն, որ ընթերցողին կը ներկայացնենք ստորեւ.
Կեանքից 84 տարեկանում հեռացել է տաղանդաշատ արձակագիր, թարգմանիչ, մանկագիր, Հայաստանի գրողների միութեան վարչութեան երկարամեայ քարտուղար ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ։
Երիտասարդ տարիներից մինչեւ իր կեանքի աւարտը գրել եւ հրատարակել է բազմաթիւ գրքեր, որոնք արժանացել են ընթերցողների, գրողների, գրականագէտների ուշադրութեանն ու դրուատանքին՝ «Ադամամութ», «Թռչունի հոգին», «Առաջնորդի կեանքն ու մահը», «Ժամանակի գետը», «Պօղոս-Պետրոս»։
Գրական մեծ վաստակի համար արժանացել է մի շարք բարձր պարգեւների՝ Մովսէս Խորենացի մեդալի, ՀՀ պետական, Հրանտ Մաթեւոսեանի անուան եւ ՀԳՄ լաւագոյն արձակ մրցանակների, ինչպէս նաեւ հայ-լիտվական գրական եւ մշակութային կապերի զարգացման եւ ամրապնդման գործում ունեցած մեծ աւանդի համար արժանացել է ՀՀ արտաքին գործերի նախարարութեան Առաջին աստիճանի Պատւոյ մեդալի։
Ժամանակին «Գարունում» տպագրուած «Թագավորի փոքր որդին» վիպակն արժանացել է բազմաթիվ խրախուսական յօդուածների եւ բարձր գնահատանքի։
Գրողների միութիւնում ՀԳՄ քարտուղար աշխատած տարիներին Վահագն Գրիգորեանը նպաստել է գրական կեանքի զարգացմանը։ Նրա մարդկային կերպը՝ սիրուած ազնվագոյն կերպար…
Երկար տարիներ ապրելով Լիտվայում՝ նա գրողների միութեան գրական դեսպանն էր այնտեղ եւ միշտ հետաքրքրւում էր մեր գրական կեանքի ամենօրեայ անցուդարձով, գրական աշխատանքներով, ՀԳՄ անշարժ գոյքի դատական պրոցեսի ընթացքով եւ այդ առիթով իր անհամաձայնութիւնն էր եղել յայտարարութեամբ։
Նրա վէպերի եւ վիպակների հիման վրայ գրուած սցենարներով «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանուել են լիամետրաժ գեղարուեստական ֆիլմեր, իսկ հէքեաթների թեմաներով՝ մի շարք մուլտիպլիկացիոն ֆիլմեր, պատմուածքներից մէկն էլ էկրանաւորուել է Ֆրանսիաիւմ։
Բազմավաստակ գրողի ստեղծագործութիւնները թարգմանուել են մի շարք օտար լեզուներով՝ ռուսերէն, բուլղարերէն, իտալերէն, ռումիներէն, էստոներէն, ինքը նոյնպես կատարել է թարգմանութիւններ ռուսերէնից եւ լիտվերէնից։
Մեր հրաշալի գրող ընկերոջ կորուստը ծանր ցաւ է ողջ գրական ընտանիքի համար։
Նրա գրականութեան սրտի զարկը միշտ կը լսուի ընթերցողների եւ գրողների հոգիներում…
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *