Վրէժ Իսրայէլեան
Գիշերով գիւղը նման էր քնի մէջ խօսող մարդու, որն ինքն իրեն չի լսում: Երբեմն անորոշ կողմերից կովերի բառաչ էր լսւում, որ մի պահ կարծես բռնկւում էր մութի մէջ ու հանգչում: Քամին ետեւից Հայոյի գլխաշորը բերում-փաթաթում էր դէմքին, եւ նա րոպէն մէկ ճոթերը ետ էր գցում: Քանի՞ անգամ էր Հայոն անցել այս փողոցով՝ հազար, հարիւր հազար, գիտէր ամեն մի փոսը, քարը, բայց միշտ ոտքը քարին էր առնում եւ քիչ էր մնում ընկնի, սակայն հաւասարակշռութիւնը պահում էր, միայն կաթով լի դոյլից ամեն անգամ մի քիչ կաթ էր թափւում: Այսօր էլ նոյնը կրկնուեց, եւ նորից ճլփոցով կաթը դոյլից թափուեց եւ թրջեց Հայոյի բաց ոտքը: Կաթը մրջիւնի պէս վազեց նրա ոտքն ի վար, եւ Հայոն մտածեց, որ արդէն անյիշելի ժամանակներից հազար, թէ հարիւր հազար մրջիւններ են սահել ոտքերով:
Մութի մէջ Հայոն իրեն լաւ էր զգում: Երբ յոգնում էր, դոյլը գետին էր դնում եւ դիտում, թէ ինչպէս է լուսինը խաղում կաթի հետ, եւ այդ պահերին նրան թւում էր, թէ կաթը վեր է բարձրանում եւ ուր որ է դոյլի պռունկներից կը ծորայ ցած: Եւ ի՜նչ գոյներ էին պէծպէծում դոյլի մէջ, եւ ի՜նչ ջերմութիւն: «Կաթը չի տեղաւորւում դոյլի մէջ», — մտածում էր Հայոն եւ զարմանքից աչքերն էր տրորում:
Երկու եղբայր ունէր գիւղում: Ապրում էին գիւղի հակառակ ծայրերում: Փոքր եղբայրը շրջկենտրոնում էր աշխատում, գնում-գալիս էր, եւ մեծ եղբայրն ու Հայոն հոգ էին տանում նրա անասուններին: Հայոյի ճամբորդութիւնները նոյն երթուղին ունէին՝ եղբօր տնից եղբօր տուն: Գիւղի փողոցներից նա այս մէկն էր սիրում: Այստեղ ամեն ինչ մնացել էր իր առաջին տեսածի պէս՝ ե՛ւ ցանկապատերը, որոնց միջից տձեւ քարերը դուրս էին պրծնում, ե՛ւ աթարի դեզերը, որոնց փչակներում ապաստանում էին անտուն շներն ու կատուները, ե՛ւ ճանապարհի խորդուբորդերը… Հայոն յաճախ էր ափերը սահեցնում ցանկապատերի անկանոն շարուածքի վրայով, եւ հաճոյքից նրա մարմինը փշաքաղւում էր:
Գիւղի միւս թաղամասերը բարեկարգ էին՝ երկյարկանի, ջանասիրաբար յղկուած, լեցուած քարերով շարուած տներ, փայտեայ սիւներով եւ փշալարերով ցանկապատեր, մետաղեայ հուժկու դռներ, որոնք խնամքով ներկուած էին: Երբ Հայոն մտածում էր, որ մի օր այս մի հատիկ փողոցն էլ կը ստանայ միւսների տեսքը՝ սիրտը ճմլւում էր: Վերջին շրջանում մարդկանց մէջ փայլեցնելու, կանոնաւորելու, յղկելու եռանդ էր աճել: Կոկում էին՝ ինչ ձեռքներն էր ընկնում: Կտրում էին իրենց կարծիքով աւելորդ ճիւղերը, դուրս էին շպրտում կոպիտ կարպետները, թախտերը, տնային օգտագործման զանազան այս կամ այն իրը: Մի քանիսը գոյներով ներկում էին հաւերին, աքլորներին, իրենք իրենց: Փայլուն, կոկիկ ու գունաւոր էին ուզում տեսնել ամեն ինչ: Այդ կոկելու համաճարակը վախեցնում էր Հայոյին: Երբ եղբայրը տունը նորոգեց, ուզում էր թոնրատունը քանդել եւ տեղը աւտոտնակ սարքել, միայն Հայոյի լուռ աղաչանքներից յետոյ ձեռք քաշեց այդ մտքից: Հայոն թոնրատան ոչ մի իր տեղից չէր շարժում, ամեն ինչ թողնում էր իր առաջին տեսածի պէս, միայն օրական մի քանի անգամ աւլում էր: Նոյնիսկ ուզում էր այնտեղ գիշերել: Եղբայրը զայրացաւ, հասկացրեց, որ ամօթ է, գիւղացիք կը մտածեն, թէ ինքն է քրոջը թոնրատուն քշել:
Հայոն քայլում էր ու մտածում, որ աշխարհում ոչ մի մարդ իրաւունք չունի դժգոհելու իր բախտից: Ճիշտ է, աստուած իրեն լեզու չի տուել, բայց ոչինչ, ինքը չի բողոքում, խոտն էլ է անլեզու, ծառն էլ, քարն էլ: Միայն մէկ անգամ… Նա խորհում էր, որ ամեն մարդ աշխարհին մի բան պիտի ասի, աւելին պէտք էլ չի: Եւ եթէ աստուած չզլանայ եւ իրեն պարգեւի այդ պահը, ինքը լիովին երջանիկ կը լինի: Նա պարզորոշ չէր գիտակցում, թէ ինչ պիտի ասի, եթէ հրաշքը լինի, բայց ներքուստ զգում էր, որ իր հոգում ինչ-որ բառեր են կարծրանում: Երբեմն նրան թւում էր, թէ ինքը լսում է իր ձայնը, նա շառագունում եւ երկիւղած դէս ու դէն էր նայում: «Միայն մէկ անգամ,— իր հոգուն լսելի ձայնով մրմնջում էր նա,— մէկ անգամ…»:
Քայլում էր Հայոն, եւ դոյլի մէջ համաչափ ռիթմով ճոճւում էր կաթը:
«Այսօր Շէկոն չէր ուզում կթուել»,— մտածեց Հայոն եւ սեղմեց ռադիոընդունիչի կոճակը: Իսկ թէ Հայոյի ինչին էր պէտք ռադիոընդունիչը, ոչ ոք չգիտէր, բոլորն էլ մոռանում էին այդ մասին մտածել: «Քնեմ»,— ինքն իրեն ասաց Հայոն եւ աչքերը փակեց: Ամեն անգամ, երբ ծանրացած կոպերը իջնում էին, Հայոն յիշում էր գիւղի միակ լճակը, ուր ամբարում էին ոռոգման ջուրը: Երբ լճակը դատարկւում էր, երկու երկաթեայ ծանր արգելակները իջեցնում էին, եւ սարերից եկող առուակների ջուրը լցւում էր լիճ. օրերի ընթացքում լիճը լցւում էր, եւ երբ բացում էին արգելակները, մի քանի ժամուայ մէջ այն դատարկւում էր, եւ յատակին մի բարակ շերտ տիղմ էլ էր աւելանում: Տարեցտարի լճի յատակը բարձրանում էր, եւ գիւղացիք չէին էլ մտածում այն մաքրել: Աւելի հեշտ էր նորը սարքել: «Հինգ օր է, լցւում է,— մտածեց Հայոն,— առաւօտեան կը բացեն»:
Առաւօտ գիշերով Հայոն աչքերը բացեց եւ վեր թռաւ անկողնուց: Հէնց այդ պահին գիւղի միւս ծայրին ջրբաշխ Անդոն բարձրացրեց լճի երկաթեայ արգելակները, եւ ջուրը վայրի ազատութեամբ, առուի կողերը սեղմելով, յորդեց ներքեւ եւ մի քանի րոպէում գիւղը ոտքի հանեց: «Ջուրը, ջուրը…»,— գոռում էին գիւղացիք եւ իրարանցումով շտապում էին հողամասերը: Օտար մարդը երբէք գլուխ չէր հանի այս գիւղացիներից: Գիւղում համարեա ոչինչ չէր աճում, բայց մարդիկ գարնանը խնամքով վարում, ցանում էին, ջրում, տարին բոլոր բահը ձեռքներից չէին գցում: Ջրի համար կռիւ էին տալիս, թշնամութիւն էր լինում: Եղբայրը եղբօր դէմ էր կռւում, հարեւանը՝ հարեւանի: Երբեմն բանը հասնում էր տուրուդմբոցի: Հաշտարար միջնորդներ էին յայտնւում, գիւղսովետի նախագահի համար գործ էր բացւում: Միայն ջրի համար էին կռւում: Եւ գիւղացիներից ոչ ոք չէր մտածում. «Ինչո՞ւ եմ ջրում, ի՞նչն եմ ջրում»: Աշնանը գիւղացիք աւելի լռակեաց էին դառնում:
«Ջուրը»,— մտածեց Հայոն եւ ձեռքերը կոնքերին խփելով դուրս վազեց: Եղբայրն արդէն ուրթը բացել էր եւ ջուրը մարգերի մէջ արել: Մարգերում կուտակուած ջուրը փառակալել էր եւ վաղորդայնի լոյսի տակ այն կաթի էր նման: Հայոն բոկոտն անցնում էր մարգերի վրայով, եւ նրա ոտները ճլմփոցով խրւում էին հողի մէջ: «Քնով էի ընկել,— մտածեց Հայոն,— խայտառակ եղայ»: Եղբայրը բահը թողեց Հայոյին եւ նրան հասկացրեց, որ շտապ դարբնոց պիտի գնայ: Հայոն գործի անցաւ:
Կէս ժամ յետոյ ջուրը կտրուեց: Հայոն նայում էր ճաքճքած հողին եւ իրեն չէր ներում այն բանի համար, որ եղբայրը քաղցած գնաց դարբնոց: Մինչեւ երեկոյ Հայոն թոնրատնից դուրս չեկաւ՝ աւլեց-թափեց, կերակուրը եփեց, եղբօրորդու համար մի զոյգ գուլպայ գործեց, եւ երբ դատարկ դոյլը ձեռքին փողոց դուրս եկաւ, նրան թուաց, թէ ինքը մի շատ կարեւոր բանից է ուշանում: Ակումբի մօտ մի խումբ գիւղացիներ էին հաւաքուել, եւ Հայոն զգաց, որ կայ-չկայ հնդկական ֆիլմ են ցուցադրելու: Մի քիչ ետ ու առաջ գնաց, եւ երբ արդէն ֆիլմը սկսուել էր, անաղմուկ դոյլը գիրկն առաւ եւ կծկուեց դահլիճի մի անկիւնում: Մինչեւ վերջ էլ նա գլխի չընկաւ, թէ ինչի մասին է ֆիլմը, բայց հերոսների դէմքից գուշակեց, որ ողբերգութիւն է եղել: «Մեղք են,— մտածեց Հայոն,— ի՞նչ վատութիւն են արել, որ աստուած նրանց պատժել է»: Լաց եղաւ, կուշտ լաց եղաւ: Ֆիլմի աւարտից առաջ Հայոն դուրս եկաւ: «Խայտառակ եղայ,— մտածեց Հայոն,— մեղք էին կինոյի մարդիկ»: Հայոն իրեն մեղաւոր էր զգում այդ մարդկանց ճակատագրի համար:
«Ուշացայ»,— սթափուեց նա եւ համարեա վազքով հասաւ մեծ եղբօր տուն: Գոմի դռան մօտ նա մտածեց. «Երեւի ինչ-որ բան է պատահել Շէկոյին»:
Ետդարձի ճանապարհին, երբ երեկուայ պէս ոտը քարին առաւ եւ կաթի շիթերը թրջեցին նրա ոտքը, նա հասկացաւ, որ կեանքը այնքան անաղմուկ է սահել իր կողքով, որ ինքը ականջները խցանելու հարկ չի ունեցել: Յետոյ նա մտածեց, որ կինոյի մարդկանց պակասում է այն, ինչը իրեն չի խնայել աստուած: «Շնորհակալ եմ աստծու տուածից»,— մտմտաց Հայոն եւ շարունակեց իր ճանապարհը: Եւ ինչպէս երեկ, դոյլի մէջ համաչափ ճոճւում էր կաթը:
* * *
«Վաղը Երեւանից հիւրեր են գալու,— մտածեց Հայոն,— խայտառակ եղայ, դեռ նրանց սենեակն էլ չեմ հաւաքել: Տեսնես ի՞նչ մարդիկ են… Ամբողջ աշխարհը թողած գալիս են այս կորած-մոլորած գիւղում հանգստանալու»: Հայոն ուրախ էր, որ օտար մարդիկ են գալու, բայց ներքուստ վախենում էր: Նրան թւում էր, որ այդ մարդիկ չգիտեն ուր են գալիս, եւ մի-երկու օրից կը տեսնեն, կը ձանձրանան, կը գնան: Հայոն ամեն ինչ կ՚անի, որ սխալ բան չմտածեն եղբօր մասին: Յանկարծ Հայոյի սիրտն այնպէս ուզեց, որ քաղաքի հիւրերը սիրուն, վայելուչ մարդիկ լինեն, կինը թող սպիտակ-սպիտակ լինի, երկար վզով ու կապոյտ աչքերով, բարակ, աղեղնաձեւ յօնքերով, եղունգներին՝ մանիկիւր: Թող զրնգուն ծիծաղ ունենայ, փոյթ չէ, որ ինքը չի լսի այն: Նրա ամուսինն էլ թող բարձրահասակ, թիկնեղ տղամարդ լինի, շէկ մօրուքով եւ լայն ճակատով: Ինքը ամեն առաւօտ նրանց թարմ կաթ կը բերի, իսկ կէսօրին՝ սունկ, սիբեխ, թրթնջուկ: Հայոն մտքով տեսաւ նրանց, եւ գիշերային գիւղը մի պահ լուսաւորուեց նրա ժպիտից: Նա ամօթահար դէս ու դէն նայեց եւ մինչեւ տուն հասնելը ինքն իրենից ամաչում էր այդ ժպիտի եւ ընդհանրապէս իրեն չվերաբերող բաների մասին մտածելու համար:
Ամառային խաղաղ գիշեր էր: Եւ այդ խաղաղութեան մէջ Հայոյին եկաւ մի աղմկոտ տեսիլք:
Հայոն մետաքսէ ճերմակ շրջազգեստով է, եւ երբ քայլում է, փէշերը ալիք-ալիք լողում են: Ճերմակ սարերի վրայ փրփրում են ձեան պէս սրսուռ ամպերը: Հայոն հայեացքն ամպերին է արել ու լողում է: Ա՞մպն է, թէ՞ Հայոն է, կախւում է լճի վրայ: Եւ լճի մէջ բարձրանում է կաթնափրփուրը: Եւ փրփուրի մէջ վերուվարում, ժայթքում է Շէկոն: Շէկոյի աչքերից թռչում են կաթի շիթերը: Եւ լիճը ուռչում է: Եւ Շէկոն անօգնական թպրտում է կաթի մէջ: Հայոն աղեկտուր ճչում է, եւ նրա ձայնից ճերմակ շիթեր են ժայթքում: Շէկոն անօգնական վերուվարում է կաթնափրփուրի մէջ: Լիճը պռնկէպռունկ լցւում է կաթով, Հայոն ճչում է, Շէկոն սուզւում է կաթի մէջ, լիճը իր ափերից ելնում է եւ կաթնագոյնով է լցնում շրջակայ դաշտերը, եւ կաթի հեղեղը շարժւում է գիւղի վրայ՝ իր ալիքների մէջ տարուբերելով Շէկոյի մարմինը: Հայոն ճչում է, եւ նրա ձայնը ճերմակ աղաւնիների ձեւով տարածւում է գիւղի վրայ: Գիւղացիները վախեցած դուրս են թափւում. եւ հէնց այն պահին, երբ կաթի տարերքը պիտի իր մէջ առնի գիւղը, երկնքից, թէ հէնց այնտեղից, որտեղից լսուեց Հայոյի ձայնը, յայտնւում է շէկ մօրուքով եւ լայն ճակատով մի տղամարդ՝ ճերմակ հագուստներով. եւ նրա ոտքերի առջեւ նահանջում են կաթնափրփուրն ու այն ամենը, ինչ գիշերային գիւղի խաղաղութեան մէջ անսպասելիօրէն էր յայտնուել: Գիւղացիները նոյն հապճեպութեամբ, ինչպէս դուրս էին թափուել, լցւում են տները, Շէկոն դուրս է լողում նօսրացած հեղեղի միջից, շրջակայ սարերը ետ են առնում իրենց մռայլութիւնն ու գորշութիւնը. լճի ջուրը ստանում է իր գոյնն ու համարեա տիղմին հասնում. իսկ վերջում անհետանում է նա, ում յայտնուելը բոլորովին տրամաբանական չէր, իսկ ամենավերջում՝ այն աղաւնիները, որոնք ձայնի ձեւով տարածուել էին գիւղի վրայ եւ ի զուր տեղը խուճապի մէջ գցել մարդկանց:
Հայոն շուռումուռ էր գալիս անկողնում, եւ նրա անչափ անօգնական շուրթերը դողդողում էին: Իսկ առաւօտեան, երբ նա փորձեց յիշել տեսիլքը, որ գիշերով եկել էր իրեն, աչքերի առջեւ գծագրուեց ջրբաշխ Անդոյի մռայլ ու կոպիտ դէմքը, որ բոլորովին կապ չունէր ոչ իր տեսած երազի, ոչ էլ այն ամենի հետ, ինչը եկող օրերն էին բերելու:
Քաղաքից եկած հիւրերին տեղաւորեցին այն սենեակում, ուր գիշերում էին եղբօր երեխէքը: Այն Հայոյի սենեակից մի բարակ պատով էր բաժանւում: Հիւրերին դիմաւորելու պահին Հայոն տանը չէր: Նա վերադարձաւ մի քանի ժամից եւ մի փէշ սունկ դատարկեց սեղանին: Կինը չկարողացաւ զսպել իր ուրախութիւնը, շռինդով մօտեցաւ եւ մի քանի սունկ առաւ ափերին. «Ի՜նչ ճերմակ են»: Հայոն անիմաստ ժպտաց եւ վախուորած նայեց կնոջը: Ճիշտ այնպիսին էր, ինչպիսին Հայոն էր պատկերացնում՝ խոշոր, կապոյտ աչքեր, երկար եւ կոր թարթիչներ, որոնք թրթռում էին նրա պարզ եւ անհոգ աչքերին՝ նրան տալով վախեցած երեխայի տեսք: Շիկաւուն մազերը անփութօրէն թափւում էին ուսերին, իսկ ճակատը կիսալուսնի պէս էր:
— Ծանօթանանք,— ասաց կինը ժպիտով՝ ցուցադրելով մարգարտաշար ատամները:
Հայոն կուչ եկաւ, շրթունքները իրար սեղմեց եւ նրան մեկնեց իր ձեռքը: Կինը բռնել էր ձեռքը եւ բաց չէր թողնում: Հայոն ուզում էր ետ քաշել, բայց վախենում էր կոպիտ ստացուի: Նա այնքան էր խառնուել, որ երբ կինը բացեց ափը, նրա ձեռքը ծանրացած վայր ընկաւ:
— Իմ ամուսնու անունը Կարօ է,— ասաց կինը,— հրաշալի երկրում էք ապրում, միայն նախանձել կարելի է:
Հայոն նրա շուրթերի շարժումից գուշակեց՝ ինչի մասին է խօսքը: Նա վիզը կողք գցեց եւ աչքերը փախցրեց տղամարդու վրայով: Ոչ այնքան բարձրահասակ, ջղուտ եւ ձիգ կազմուածքով մարդ էր, երեւի կնոջից տարիքով բաւականին մեծ: Կարճ կտրած, ժամանակից շուտ սպիտակին տուող մազերը, փոս ընկած ակնակապիճները նրան խիստ, բայց վայելուչ տեսք էին տալիս: Նա իր անունը լսելուն պէս թեթեւակի ժպտաց եւ գլխի կտրուկ խոնարհումով ողջունեց Հայոյին:
— Իմ ամուսինը երկրաբան է, նա յաճախ է նման հիասքանչ վայրերում լինում,— ասաց կինը:
Հայոն առիթ էր փնտռում հեռանալու: Կինը Հայոյի լռելը վերագրում էր ամօթխածութեանը եւ ջերմ, մտերմիկ բառեր էր որոնում: «Երեւի եղբայրս չի զգուշացրել,— մտածեց Հայոն,— խայտառակ եղայ, հիմա կը մտածեն, թէ…»: Եւ որպէսզի ուրիշ բան չմտածեն, Հայոն բաց ու խուփ արեց բերանը եւ մատները շարժեց: Կինը կարծես թէ հասկացաւ՝ ինչը ինչոց է եւ վայրկենապէս գունատուեց: Հայոն ժպտաց, կարծես ուզում էր նրան մխիթարել: «Ոչինչ, դուք ինչ մեղք ունէք»,— մտածում էր Հայոն եւ մինչեւ երեկոյ իրեն վատ էր զգում նրան վշտացնելու համար:
Քիչ յետոյ եկաւ եղբայրը, նրա կինը, երեխաները, եւ Հայոն անաղմուկ անցաւ իր սենեակը: Մի պահ նրա մտքում ինչ-որ բան արթնացաւ, նա միացրեց ռադիոընդունիչը եւ ձայնը մինչեւ վերջ բացեց: Յետոյ վախեցած անջատեց այն եւ ձախ ձեռքով ուժեղ խփեց գլխին: Երեկոյեան Հայոն վերցրեց դատարկ դոյլն ու դուրս եկաւ: Ծանօթ ճանապարհը, ծանօթ քարերն ու դարուփոսերը բացեցին նրա տրամադրութիւնը: «Գնամ, մի կէս ժամ նստեմ Շէկոյի մօտ, մինչեւ մութն ընկնի»,— մտածեց Հայոն եւ ծնկով ուժեղ խփեց դատարկ դոյլին:
«Ինչո՞ւ է Շէկոն վերջերս օտարի պէս ընդունում ինձ»,— ետդարձի ճանապարհին մտածում էր Հայոն: Լուսնկայ գիշեր էր եւ շուրջն այնքան խաղաղ էր, որ յստակ լսւում էր, թէ ինչ ծուլութեամբ են որոճում գիւղի կովերը: Հայոյի ոտքերի առաջից իրար կցուած երկու շուն դուրս պրծան: Հայոն չվախեցաւ, դոյլը ցած դրեց եւ նայեց նրանց ետեւից: «Շունը շանը, մրջիւնը՝ մրջիւնին»,— ինքն իրեն ասաց Հայոն եւ մտքի մէջ նորից կրկնեց. «Մրջիւնը՝ մրջիւնին, շունը՝ շանը…»: Յետոյ Հայոն ինքն իր դէմ զայրացաւ նման բաներ մտածելու համար, եւ երբ ներբանը քարին առավ եւ ամեն օրուայ պէս կաթը վազեց նրա ոտքին, նա մի պահ ուզեց չպահել հաւասարակշռութիւնը եւ դոյլը ձեռքից վայր գցել, բայց յաղթահարեց այդ թուլութիւնն ու զգաստացաւ:
Քայլում էր Հայոն, եւ դոյլի մէջ համաչափ ճոճւում էր կաթը:
Ամբողջ գիշեր Հայոն աչք չկպցրեց. նա ի զուր փորձում էր վանել խառնիճաղանճ մտքերը, որ մեղրաճանճերի պէս հալածում էին իրեն: Քաղաքաբնակ կնոջ կապոյտ աչքերը, նրա ամուսնու խիստ հայեացքը, ջրբաշխ Անդոյի դէմքը, որ թանի ճանճի պէս միշտ խցկւում էր Հայոյի մտապատկերների մէջ, Շէկոյի թախծոտ եւ ծոյլ հայեացքը, գիւղից դուրս տանող եւ գիւղ բերող նոյն ճանապարհը, դարբին եղբօր լուռ ընտանիքը, որ Հայոյից տարբերւում էր մի բանով, որ եթէ ուզենար, կարող էր խօսել, եւ ահա այս պատը՝ բարակ եւ կարծես թափանցիկ պատը, որը բաժանում էր նրան հիւրերից…
«Լոյսը վառեմ, կ՚անցնի»,— մտածեց Հայոն: Նա վեր կացաւ, ուսերին առաւ խալաթը եւ սկսեց ետ ու առաջ քայլել սենեակում, ինչպէս վագրը վանդակում: Վագրերը երբեք վանդակից դուրս պրծնելու տեսարաններ չեն սարքում, միայն նրանց աչքերն են ազատ տարածութիւն որոնում: Եւ ահա Հայոն գտավ այդ ազատ տարածութիւնը: Թոնրատունը ընդունեց նրան հարազատի պէս. Հայոն կուչ եկաւ ալիւրի պարկերի վրայ եւ քնեց մի խաղաղութեամբ, որ միայն երեխաներին է տրւում ու մէկ էլ երկար տարիների բացակայութիւնից յետոյ տուն վերադարձածներին: Եւ երբ բարի լուսուայ հետ վաղորդայնի շողերը երդիկից ընկան Հայոյի դէմքին՝ նա ժպտաց եւ առաջին անգամ իր գիտակցական կեանքում զարթնեց առանց խրտնելու, ձեռքերը անհոգ տարածեց օդի մէջ, ճմլկոտեց եւ հանգիստ ինքն իրեն ասաց. «Բարի լոյս»:
Կէսօրին, երբ Հայոն տուն վերադարձաւ, այնտեղ մարդ չգտաւ: Հիւրերը գնացել էին հարեւան գիւղի հնադարեան եկեղեցին դիտելու: Եղբայրը երեւի դարբնոցում էր: Եղբօրորդիները, ինչպէս միշտ, այս ժամերին գնդակ էին չլում: Հարսը, երբեմն, առիթից օգտւում, գնում էր ծեր մօրը օգնելու: Հայոն մտաւ իր սենեակը՝ վախուորած նայելով հիւրերի սենեակի դռանը: Նա զգոյշ մօտեցաւ, դուռը ծերպ արեց, գողունի նայեց ներս: Անկողնուն անփութօրէն փռուած էր քաղաքի կնոջ երկար եւ գոյնզգոյն շրջազգեստը, մահճակալի մօտ դրուած էին նրա կօշիկները՝ հաստ ու բարձր կրունկներով, պլպլան կաշւով: Փոքր սեղանին, որի վրայ երեխաներն իրենց դասերն էին սովորում, այժմ լցուած էին տարբեր տեսակի արդուզարդի առարկաներ:
Հայոն փակեց դուռը, մտաւ իր սենեակը եւ իրեն որսաց հայելու մէջ: Ինքն իրեն զզուելի թուաց: Նա սանրեց գզգզուած մազերը, բացեց ճակատը, շրթունքները իրար սեղմեց. միեւնոյն է, հայելին ճշտօրէն արտացոլեց դէմքի չորացած, ճաքճքուած մաշկը, արեւի տակ այրուած քիթը, անխնամ ատամները: Հայոն սանրը շպրտեց մի կողմ եւ չարութեամբ նայեց պատին: Նա տնից դուրս եկաւ՝ գողունի նայեց չորսբոլորը, եւ երբ ներս եկավ, հաստատապէս գիտեր իր անելիքը:
Մտաւ հիւրերի սենեակը: Մի կողմ շպրտեց իր հագի խալաթը, կիսամաշ, մեծ փորձութիւն տարած կօշիկները եւ կիսամերկ կանգնեց հայելու դիմաց: Յետոյ նա հագաւ կնոջ շրջազգեստը: Զգեստը կրծքի մօտ լայն բացուածք ունէր, եւ առաջին պահին Հայոն ցնցուեց: Շրջազգեստի փէշերը քսւում էին յատակին: Հայոն հագաւ բարձրակրունկ կօշիկները եւ ուզեց քայլել, բայց ոտքերը ծալուեցին, եւ քիչ մնաց վայր ընկնի: Նա հապճեպ հանեց կօշիկները, մօտեցաւ սեղանին, ընտրեց կարմիր շրթնաներկը եւ դողդողացող ձեռքերով տարաւ-բերեց շրթունքներին: Շրթնաներկից տհաճ համ մնաց բերանում: Յետոյ պուդրայեց երեսը, նորից հագաւ կօշիկները:
Հայելին դաժան ճշմարտացիութեամբ արտացոլեց նրա պատկերը: Հայոն մոլուցքով յարդարեց մազերը, բայց ապարդիւն: Տարիների ազատութեանը սովորած մազերը չէին ենթարկւում: Հայոյի աչքովն ընկաւ կնոջ լայնեզր գլխարկը, նա երերալով նետուեց այդ կողմը, գլխարկը դրեց գլխին եւ հէնց այն է՝ մտածում էր, որ ինչ-որ բան իր մէջ փոխւում է, դուռը բացուեց, եւ սենեակի շեմին յայտնուեցին հիւրերը:
Հայոն այլայլուեց, նրա շրթունքները թրթռացին: Հէնց այդ պահին Հայոն յիշեց այն երազը՝ Շէկոյի տարուբերուող մարմինը, լայն ճակատով եւ շէկ մօրուքով տղամարդուն, ուռճացող կաթը, զարհուրած գիւղացիներին… Ջրբաշխ Անդոն բարձրացրեց լճի երկաթեայ արգելակները, կաթը դոյլի մէջ եռաց եւ պռունկներից հոսեց ցած, Շէկոն ծանրացած կոպերը կողպեց, շէկ վարսերով մի կին զրնգուն ձայնով քրքջաց, երկու անօգնական ոտքեր ծալուեցին, բազում սրբատաշ քարեր իրար վրայ ելան:
Հայոն բաց ու խուփ արեց շուրթերը, շուրթերի հետ շարժեց ձեռքերը, եւ այնպէս, ինչպէս երեխաներն են օճառի պղպջակներ թռցնում, Հայոյի բերանից թռան երկու սպիտակ աղաւնիներ. «Ամօթ… ամօթ»: Եւ յետոյ Հայոն երկար դողդողացրեց շուրթերը, բայց հիւրերը այլեւս ոչինչ չլսեցին:
(Գրանիշ)
