«Դրախտն իմ ինքնութեան հասցէն է, իմ դրախտի հասցէն նոյնն է՝ Արցախ, Մարտունի, Աշան»

44-օրեայ պատերազմից ու արցախցիների տեղահանութիւնից յետոյ արցախցի գրողի ու ֆրանսիացի լրագրողի նամակագրութիւնը վերածուել է գրքի: Newmag-ը հրատարակել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկայ» երկլեզու հայերէն-ֆրանսերէն յուշագրութիւնը։ Յուշագրութիւնը գրական կամուրջ է երկու աշխարհների՝ արցախցի գրող Հերմինէ Աւագեանի եւ ֆրանսիացի երաժիշտ ու լրագրող Ուլիս Մանեսի (Ulysse Manhes) միջև: Այս զրոյցն այն մասին է, թէ ինչպէս է երկու օտար հոգիների հանդիպումը վերածւում գրքի, որն ապրելու է ժամանակից ու տարածութիւնից դուրս:
«Նախագիծը սկսուել է 2024-ին, Հայաստանից Արցախ ճանապարհն արդէն փակ էր, Արցախը շրջափակման մէջ էր, ես եկել էի Երեւան, բայց ցաւօք չկարողացայ վերադառնալ: Ինձ զանգեց Արցախի մշակոյթի նախարար Նարինէ Աղաբալեանն ու տեղեկացրեց, որ Ֆրանսիայից իրեն զանգահարել է Փարիզում Արցախի ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը, որը շատ մտերիմ է ֆրանսիացի փիլիսոփայ Պասկալ Բրուկների եւ այլ անուանի գրողների հետ: Նրանք մտածել են, թէ ինչպէս շրջափակուած Արցախի թեմային անդրադառնալ գրականութեան միջոցով, ու ի վերջոյ որոշել են իրագործել նամակագրութեան միջոցով: Ընտրուել է արցախցի գրող, բանաստեղծ Հերմինէ Աւագեանը՝ ես, իսկ Ֆրանսիայից՝ լրագրող, գրող, փիլիսոփայութեան դոկտոր Ուլիս Մանեսը», — «Առաւօտ»-ի հետ զրոյցում նշեց Հերմինէ Աւագեանը:
Արցախցի գրողի խօսքով՝ սկզբում մտածել է ճիշտ չի լինի, որ նամակներն ինքը գրի, քանի որ ֆիզիկապէս արդէն Արցախում չէ, բայց Նարինէ Աղաբալեանը պնդել է, որ հէնց Հերմինէն նամակների միջոցով պէտք է ներկայացնի Արցախը ֆրանսիացի լրագրողին: «Երբ ստացայ առաջին նամակը, չհետաքրքրուեցի, նոյնիսկ սոցցանցերում չփնտռեցի այդ անուն, ազգանունը՝ տեսնելու, թէ ով է գրողը: Ինձ համար ամենակարեւորն Արցախի մասին խօսելն էր, որովհետև թերապիայի նման էր, տագնապը, կարօտն ու յուզմունքն այնքան էին կուտակուել իմ մէջ, որ խօսելու ցանկութիւն ունէի: Նա ինձ խնդրեց Արցախի մասին պատմել իմ մանկութեան պատմութիւնների միջոցով», — ասում է մեր զրուցակիցը: Հերմինէի խօսքով, իր մանկութիւնն ու Արցախեան առաջին պատերազմը զուգորդուել են, պատերազմը մեծ ազդեցութիւն է ունեցել իր ու իր սերնդակիցների մանկութեան վրայ, ու նրանք չեն վայելել այն, բայց ինքը նամակների միջոցով փորձել է ներկայացնել մանկութեան լուսաւոր կողմերը:
«Չէի ուզում միայն մեր ցաւի մասին խօսել, գրեցի նրան պատերազմի մասին, բայց առանց լալկանութեան, առանց յոռետեսութեան ու որոշեցի իմ մանկութեան օրինակով պատմել Արցախում ապրող երեխաների այն լուսաւոր երազանքների մասին, որ աշխարհում ունեն բոլոր երեխաները՝ ունենալ տիկնիկներ, բակում անհոգ խաղալ և այլն», — նշեց Հերմինէն, տեղեկացնելով, որ նամակների վերջում միշտ ստորագրել է՝ Արցախ, Մարտունի, Աշան: Իսկ թէ ինչու որոշեցին գիրքը վերնագրել «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկայ», այդ մասին էլ հեղինակը նշում է. «Երբ 2023-ին արդէն տեղահանութիւնը սկսուել էր, ես կարճ բանաստեղծութիւն գրեցի՝ «Այսօր նամակ ստացայ դրախտից, Աստուած էր, նա ասաց, որ այնտեղ ոչ ոք չկայ», եւ գրքի գլխաւոր խմբագիր Վահագն Աթաբեկեանը, տպաւորուելով այդ բանաստեղծութիւնից, առաջարկեց այդ վերնագիրը, որը նաեւ գեղեցիկ հնչում է ֆրանսերէն:
«Այդ դրախտն իմ ինքնութեան հասցէն է, իսկ ինքնութեան հասցէները չեն փոխւում, իմ դրախտի հասցէն նոյնն է՝ Արցախ, Մարտունի, Աշան»: Ինչպէ՞ս են ապրում, ի՞նչ է զգում պատերազմից յետոյ, ինչպէ՞ս է Հերմինէն ստեղծագործում ու ի՞նչ է գրում: Այս հարցերն են ամենաշատը հետաքրքրել ֆրանսիացի լրագրող Ուլիս Մանեսին, որն իր լրագրողական գործունէութեան ընթացքում հետաքրքրուել է Հարաւային Կովկասի երկրներով, Վրաստանով, Հայաստանով ու բնականաբար Արցախով։ Բացի դրանից, ֆրանսիացի լրագրողը խոստովանեց, որ Հայաստանի հանդէպ ունի խորը, զգացմունքային կապ: Հարցին՝ ինչպէ՞ս է ինքն ընտրուել որպէս նամակագրութեան կողմ, Ուլիսը պատասխանեց. «Փարիզում Արցախի ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանն է «շիշը նետել ծովը», եւ ես գտել եմ այն»:
Ուլիսի խօսքով, որպէս լրագրող իրեն միշտ հետաքրքրել են փոքր ազգերն ու փոքր երկրների թեման. «Ես մեծացել եմ ծովի ափին, մանկութիւնս անցել է ծովին նայելով ու նաւակներ պատրաստելով, ու իմ մէջ դեռ մանկուց է ծնուել այդ ռոմանտիկ կանչը՝ հեռու ու փոքր երկրների նկատմամբ: Մի տեսակ ջերմ վերաբերմունք եմ միշտ ունեցել գողտրիկ ու փակ աշխարհների հանդէպ, որովհետև իմ ընկալմամբ դրանք մարդու ներքին ազատութեան երկրներ են: Իսկ «բաց» երկրներում դու ապրում ես մի տեսակ հաշուետու: Փակ աշխարհները մեծ երազանքներ են ծնում, ու միաժամանակ անհանգստացնում իշխանաւորներին: Մեծ երկրներն ատում են այդ «ազատատենչ աշխարհները»: Յաւելենք, որ գիրքը խմբագրել է Լիլիթ Բլէեանը, թարգմանել գլխաւոր խմբագիր Վահագն Աթաբեկեանը:

Գոհար Յակոբեան
(Առաւօտ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *