Վարդան Յակոբեան
ԱՐՑԱԽ
(Ձօներգ)
Սաւառնող արծուի անբիծ փետուրով
Արեւի վրայ գրում եմ՝ Արցախ:
Մասիս բարձրանում՝ Նոյի հետքերով,
Տապանի կողին ծաղկում եմ՝ Արցախ:
Տնէտուն անցնում — ուխտաւոր լուսոյ —
Տնուորաց սրտում կարդում եմ՝ Արցախ:
Սիրտս՝ մոմ, վառում քո ամեն քարին,
Լոյսով վրձնում եմ մի թեժ բառ՝ Արցախ:
Քո անուան ոսկէ տառերը՝ հունդ-հունդ,
Հայոց հերկերում սփռում եմ՝ Արցախ…
Ուրիշ աշխարհ է Արցախն աշխարհում,
Քարերն էլ այստեղ խունկ են բուրվառում:
Ես քեզ երգելու համար, իմ Արցախ,
Երբեք չեմ դիմում խօսք ու բառերի,
Պարզապէս բոբիկ, իմ ցուպը առած,
Այցելում եմ քո հին-հին բերդերին,
Խոնարհւում եմ վեհ լեռներիդ առաջ,
Ձուլւում եմ հզօր, անյաղթ երթերիդ,
Համբոյրներ թողնում առիւծներ ծնող
Սուրբ մամիկների մեռոն-փէշերին։
Անկոտրում ես դու, վշտի մէջ՝ մենակ,
Ինքդ քեզ՝ սատար, ինքդ քեզ՝ յենակ:
Թէ փուլ գայ անգամ աշխարհը յանկարծ,
Դու միշտ կանգուն ես մնալու, Արցախ:
Իմ բարձրիկ Արցախ, Արցախ իմ հպարտ,
Հին Հայոց Արեւելից վեհարան,
Դու՝ մեր սուրբ սրբոց, մեր շունչ ու հաւատ,
Մեր օջախ ու տուն, մեր սիրոյ մերան,
Լոյսի օրօրոց, սրտի անմար բոց,
Հայոց քաջերի ծաղկուն դու օրրան,
Յիշատակարան նահատակ որդոց,
Դու՝ բարձր թռչող սարերի երամ…
Զէնք-ասպար կապած, զօրքով անհամար,
Միշտ արդար, միշտ վեհ, զարկդ՝ անվարան:
Ուրիշ աշխարհ է Արցախն աշխարհում,
Աստըծոյ շունչ կայ ամեն նշխարում:
Սրբազան երկիր… Կապոյտ գետերը
Հոսում են ասես երկնի փէշերով:
Ամեն մի տաճար, խաչքար, հանդերը
Օծուած են Տիրոջ սրտի նախշերով:
Արցախը ոգի, հրաշք է ու զարդ`
Իր քաջ այրերով, նազուն հարսներով:
Տեսե՞լ էք՝ ոնց է մեր զոհեալների
Շիրիմներից հուր ելնում գիշերով:
Տակռեն մինեշակ՝ սար ա ամեն մարթ(1) —
Նռենու բուրմունք, թթենի ու վարդ:
Հող չէ Արցախը, բերդ է ու ամրոց,
Չեմ փոխի անգամ մի ծեղն աշխարհով…
Իմ փոքրիկ Արցախ, իմ նարօտ ու բախտ,
Լուսեղէն ու սէգ, Աստծոյ դրախտ:
Մուշկ ու մոշով են հանդերդ բուրում,
Երգող ջրերիդ լեզուակը լինեմ,
Քո սահմանները անառիկ պահող
Զինուորաց սրտի շունչ-զարկը լինեմ,
Անարգ ոսոխին իր որջում խեղդող
Յաղթանակներիդ տաք զանգը լինեմ,
Յաւերժութիւնը քեզ գիրկն է առել,
Գալիք դարերիդ խօսնակը լինեմ։
Մի Արցախ է, Աստուած, ու մի աշխարհ,
Աջդ՝ վրան, զօրավիգ լե՛ր դու միշտ նրան:
1) Տակռեն մինեշակ՝ սար ա ամեն մարթ — (արցախեան բարբառ) արմատը մանուշակ՝ սար է ամեն մարդ։
ԼՌՈՒԹԵԱՆ ԵՒ ԽՕՍՔԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Յանկարծ զգացի, որ
բառիս մէջ կրակող
զինուոր կայ, եւ երգս
դառնում է երկրապահ:
Հողը փրկեցինք
«բարեկամներից»՝
ապահովելով լուսնի
խաղաղ ընթացքը
քարերի, ծառերի ու սարերի
բարձր գագաթներով:
Երեւի զոհուածները
ապրողներին յիշում են`
մէկ րոպէ… խօսելով:
ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ
Բանաստեղծները երեխաներ են:
Եթէ ուզում էք դեռ թաքուն պահուող
ճշմարտութիւնը
բարձրաձայնուի,
դիմեցէք նրանց:
Պարզ լինելուց էլ շատ են պարզ նրանք…
Բանաստեղծները երեխաներ են:
Եթէ ուզում էք ձեր մէջ գրանցել
անգամ չծագած
աստղերի երգը,
լսեցէք նրանց:
Նրանք աստղերի
երկուորեակներն են:
Բանաստեղծները երեխաներ են:
Նրանք կարող են միեւնոյն պահին
«կռուել» ու հաշտուել
երեխավարի,
դուք մի զարմացէք՝
անքէն են լինում
երեխաները:
Բանաստեղծները երեխաներ են:
Թէ խաղաղութեան պայծառ կոչի տակ
երեխաների
անուններ են պէտք,
դուք մի մոռացէք
եւ անունները
նրանց երգերի:
Բանաստեղծները երեխաներ են:
Մայր ժողովրդի սրտից ճառագած
լոյսեր են նրանք
անթառամելի,
համբուրէք լոյսը,
որ խենթութեամբ էլ սիրել տալ գիտէ:
Բանաստեղծները երեխաներ են:
Իսկ հող ու օջախ, իսկ տուն ու աղջիկ
սիրելիս՝ նրանք
անթերի են միշտ,
նոյնիսկ աւելի
երեխայ են, քան
երեխաները:
Երեխաների նմա՛ն սիրեցէք,
բանաստեղծները երեխաներ են։
Խմբագրութեան կողմէ. Բանաստեղծ, թատերագիր, Արցախի հանրապետութեան գրողներու միութեան նախագահ Վարդան Յակոբեանի մահուան երրորդ տարելիցին առթիւ, այս էջով ընթերցողին կը ներկայացնենք իր ստեղծագործութիւններէն փունջ մը։ Նշենք, որ անոնք լոյս տեսած են 2019-ին Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակին կողմէ լոյս ընծայուած մշակութային-գրական տարեգիրքին մէջ։ Ըստ գրասենեակի տուեալներուն, տարեգիրքի բնագիրները, ինչպէս նաեւ համակարգչային մշակումները մնացած են Ստեփանակերտ եւ ամենայն հաւանականութեամբ փճացուած են Արցախի անկումէն ետք։ Մեր տրամադրութեան տակ ունինք Տարեգիրքէն օրինակ մը եւ պարբերաբար պիտի ներկայացնենք անկէ ուշագրաւ գրութիւններ։
