Հենրիկ Էդոյեան, «Հայացք ոչ մի տեղից։ Բանաստեղծութիւններ»

Ս.Ա.Յ.
Հենրիկ Էդոյեան, «Հայացք ոչ մի տեղից։ Բանաստեղծութիւններ»
193 էջ, Երեւան, «Վան Արյան» հրատարակչատուն, 2024, 84 էջ։

Բազմավաստակ գրականագէտ, բանասէր, գիտաշխատող, թարգմանիչ, բանաստեղծ Հենրիկ Էդոյեանի «Հայացք ոչ մի տեղից» բանաստեղծական հատորը, ըստ գիրքին մէջ նշուած տեղեկութեան, կ՚ընդգրկէ հեղինակին 2023 թուականի ստեղծագործութիւնները։ Սակայն հատորին մէջ կան այլ թուականներու բանաստեղծութիւններ եւս, ինչպէս՝ «Անձրեւը» (1967), «Երուսաղեմի ճանապարհը փակ է» (1967), «Երկակի շարժում» (1971), «Իմ չորս քոյրերը» (2017)։
Էդոյեանի այս հատորին մէջ մէկտեղուած բանաստեղծութիւնները կ՚արտայատեն իր միջազգային գրականութեան մասնագէտի հայեացքը, եւ ինչպէս Սուրէն Աբրահամեան «Գրական թերթ»-ին մէջ (Սեպտեմբեր 2024) իր գրախօսականով գրած է «Հենրիկ Էդոյեանի “Հայացք ոչ մի տեղից” ժողովածուն (2024), թէեւ ընդգրկում է բանաստեղծի մէկ տարուայ (2023-ի) ժառանգութիւնը, բայց յաւելում է աշխարհընկալման եւ բանաստեղծական մոդելի որոնման նոր յատկանիշներ, որոնք թէ՛ դուրս են եւ թէ՛ ներս Էդոյեանի նախորդ տասնամեակների ձեւաւորած բանաստեղծական համակարգից»:
Էդոյեանի «Հայացք ոչ մի տեղից» հատորը մեծ հաճոյքով կ՚ընթերցուի։ Հատորը կը սկսի լեզուի, խօսուած բառերու այլազանութեամբ՝ փշրուող ապակիի նմանութեամբ, որուն վրայ ոտաբոպիկ կ՚անցնիս եւ տեղ չես հասնիր (էջ 5).

Սովորել լեզուն եւ ո՛չ լեզուները,
լեզուն, որն ինքն իրեն չունի պատմութիւն,
եւ պատմութիւնը, որ չունի
լեզու, քանի որ նա ինքը
լեզու է ամբողջովին, որ նոյն խօսքն է ասում
ե՛ւ առաւօտեան,
ե՛ւ երեկոյեան։ Ասուող բառերը
տարբեր են մէկը մէկից, նոյն խօսքի
շրջանակում, փշրուող ապակի,
որի վրայով
անցնում ես ոտաբոպիկ,
եւ երբեք տեղ չես հասնում։

Ինչպէս Յարութիւն Պէրպէրեան կը գրէր Էդոյեանի նախորդ բանաստեղծական երկերուն մասին, այս հատորին մէջ ալ կը գտնենք, «մտածողական-խորհրդածողական մօտեցում» («Ազդակ», 2019-01-12)։
«Հայացք ոչ մի տեղից։ Բանաստեղծութիւններ» հատորը հարուստ է միջազգային հին թէ նոր գրականութեան հետ շաղկապումներով եւ Սուրբ գրային պատումներու յղումներով։ Հոն կը կարդանք մարդկային էութեան եւ գոյութեան մասին խոհեր, ինչպէս՝ «Օտար հեռուներում» խորագրով բանաստեղծութեան մէջ, երբ կ՚ըսէ.

Դու շեքսպիրեան ճակատագրից խոցուած,
ո՛չ լինելու մէջ ես եւ ո՛չ էլ չլինելու,
ո՛չ քնի, ո՛չ արթնութեան,
այլ մի տարածութեան՝ ուր երկու աշխարհների
գետերը մօտենում են, բայց չեն
հալւում իրար, մի ջրանցք, որի միջով
նաւարկում ես դու,
ինչպէս Մագելլանի նեղուցում մի նաւ,
որ ելք է փնռում օտար ջրերում եւ նետւում
ովկիանոսի
անյայտութեան եւ կորստեան
քամիներին ընդառաջ (էջ 8)։

Իսկ, «Այսպէս խօսեց» (էջ 16) խորագիրը կը յուշէ F. Nietzsche Thus Spoke Zarathustra: A Book for Everyone and No One-ը:
Յաճախ Էդոյեան տուած է տարբերակներ իր բանաստեղծութիւններուն։ Օրինակ էջ 20-ի «Դա քո ժամանակն է» ունի իր երկրորդ տարբերակը։ Առաջին տարբերակը կ՚աւարտի «Արարիչը լսում է սոսկ այն, ինչը դու չես խօսում»։ Իսկ երկրորդ տարբերակով կը կարդանք՝ «Ոչ բառ, ոչ հնչիւն։ Իմացիր, Արարիչը լսում է սոսկ այն, ինչը դու չես խօսում։ Լսիր եւ մտածիր։ Իրականութիւնը դուրս է իրականից եւ ժամն ապրում է ժամանակից դուրս» (էջ 21)։
Էդոյեանի այս հատորին, ինչպէս նախորդ իր հրատարակութիւններուն մէջ կը գտնենք եւրոպական հին գրականութեան յղումներ, ինչպէս՝ իր ARS Poetika էջ 36-39 [Horace, Ars Poetica, 19 մ.թ.ա.], կամ իր «Իլիական» խորագիրը կրող բանաստեղծութիւնը (էջ 58)։ Ընթերցողը նաեւ այս հատորին մէջ կը հանդիպի Danté-ին՝ «երգիչ Կազելլան Դանտէի քաւարանում» (էջ 46), Franz Kafka-ին՝ «Ֆրանց Կաֆկայից» (էջ 40), Ezra Pound-ին՝ «Էզրա Փաունդից» (էջ 66) եւ «Էզրա Փաունդի սխալը» (էջ 67)։
Իմացական բանաստեղծ է Էդոյեան։
Գիրքը ստանալու համար դիմել՝ vanaryan1996@yahoo.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *