Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի եւ Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրութեան ֆակուլտետի համատեղ նախաձեռնութեամբ մարտի 11-ին կայացաւ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դաւոյեանի ծննդեան 85֊ամեակին նուիրուած գիտաժողովի զեկոյցների ժողովածուի շնորհանդէսը։
Ժողովածուն ներառում է անուանի բանաստեղծի գրական ժառանգութեանը նուիրուած մի շարք կարեւոր ուսումնասիրութիւններ` անդրադառնալով նրա գրական բացառիկ տաղանդին, հաստատելով Ռազմիկ Դաւոյեանի` բոլոր ժամանակների բանաստեղծ լինելու անժխտելի ճշմարտութիւնը։
Գիրքը կազմել եւ խմբագրել է ՀՀ ԱԺ պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
Բացման խօսքով հանդէս եկաւ ԵՊՀ Հայ բանասիրութեան ֆակուլտետի դեկան Արշալոյս Գալստեանը։ Նա շնորհակալութիւն յայտնեց Համազգայինի Երեւանի գրասենեակին` սերտ համագործակցութեան եւ համատեղ իրականացրած մի շարք կարեւոր նախաձեռնութիւնների համար։ Նա նաեւ կարեւորեց Ռազմիկ Դաւոյեանի տիկնոջ` Լոնդոնի համալսարանի լեզուաբանութեան դոկտոր Արմինէ Թամրազեանի մեծ ջանքերը` բանաստեղծի գրական ժառանգութեան հանրայնացման եւ սոյն ժողովածուի կազմելու գործում։
Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանն իր խօսքում նշեց, որ 85-ամեակն առիթ է եւս մէկ անգամ արժեւորելու անուանի գրողի ստեղծագործական ուղին, ում համար անցեալի մեծագոյն գրողների ստեղծած արժէքները չափանիշ էին, բայց ներկայում նա ստեղծեց անհատական, ինքնատիպ Դաւոյեան գրողի եսը։
Ռ. Առաքելեանը շեշտեց նաեւ բանաստեղի մեծ ներդրումներն ու ջանքերը Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի ստեղծման եւ գործունէութեան հարցում։
«Ռազմիկ Դաւոյեանը ոչ միայն այս երկրի հարազատ բանաստեղծն էր, այլեւ` հարազատ քաղաքացին», — իր ելոյթում կարեւորեց Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանը` նշանաւորելով գրողի ոչ միայն գրական, այլեւ` հասարակական, մշակութային լայն գործունէութիւնը։
Գրքի խմբագիր, ԱԺ պատգամաւոր Լիլիթ Գալստեանը, ով նաեւ Համազգայինի Երեւանի գրասենեակում երկար տարիներ աշխատել է Դաւոյեանի հետ, նշեց. «Բանաստեղծները չեն մահանում, քանի կայ նրանց տողը եւ տողի խորհուրդը։ Ռազմիկի տողը եւ տողի խորհուրդը ապրում է հիմա եւ ապրելու է յետոյ` ժամանակի հետ աւելի ու աւելի արժեւորուելով։ Նրա տողերը նրան դարձնում են բանաստեղծ` բոլոր ժամանակների համար»։
Ռազմիկ Դաւոյեան բանաստեղծի անցած ճանապարհն իրենց խօսքում արժեւորեցին նաեւ Խաչատուր Աբովեանի անվան հայկական պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստեանը, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Սուրէն Աբրահամեանը, բանասիրական գիտութիւնների դոկտոր Աբգար Ափինեանը, արուեստագիտութեան թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկեանը ։
Դաւոյեանի կինը՝ Արմինէ Թամրազեանն իր շնորհակալութիւնը յայտնեց միջոցառման կազմակերպիչներին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան թէ՛ գիտաժողովի եւ թէ՛ սոյն ժողովածուի կեանքի կոչման գործում։
(Համազգայինի Երեւանի գրասենեակ)
