Լիլիթ Յովսէփեան
Խմբագրութեան կողմէ. — Այս տարի հիւսիսային կիսագունդի ամառը սովորականէն աւելի տաք ըլլալուն, մեր ընթերցողներուն կը ներկայացնենք Լիլիթ Յովսէփեանի այս պատմուածքը՝ որպէս ամառային տապը մեղմելու միջոց։
Առաւօտները լողափում երանելի վիճակ է… Ծածկերին մօտիկ, խումբ-խումբ փռուել են պանսիոնատի բնակիչները. ծղրտում են՝ կրունկները ջուրը մտցնելով, կարգով ու հերթով արեւին են դէմ անում մարմնի դեռեւս չմոխրացած մասերը։
Եւան չծուլացաւ, քայլեց մինչեւ նաւամատոյցը, որտեղ աւազի մէջ քթները տրտմօրէն խրած՝ օրորւում էին նաւակները։ Սրբիչը փռեց։ Աչքի պոչով որսաց նաւավարների յուզմունքը «նախիրում», ենթագիտակցութեան պոչով՝ որ դա իրեն դուր է գալիս։
Որդին, հեռւում նկատելով ընկերներին, տխուր հայեացքով չափեց ամայութիւնը, ձեւի համար մի քանի րոպէ նստեց, յետոյ շրմփաց ջուրը, ափին մօտ չփչփացրեց ու լողաց ուղիղ դէպի ընկերները՝ մեղաւոր ետ նայելով։ Եւան շրջվեց փորի վրայ՝ օգնելով, որ իրեն դաւաճան չզգայ։
Ինչ լաւ է։ Պարզապէս լաւ։ Լաւ ու պարզ։ Վիճակ, որ վերջին մի քանի ամիսներին հազուադէպ էր իրեն երես տալիս։ Նա հաճոյքով մտաբերեց աւագ որդու դիմագծերը, լսեց արդէն տղամարդկային դարձած ձայնը ու նորից զարմացաւ։ Նա խոստանում էր երկու մետր բոյ առնել եւ տասնվեց տարեկանում վերաբերւում էր մօրը, ինչպէս Փոքրիկ Իշխանը՝ իր մոլորակին։ Եւ ճիշտ էլ անում էր, որովհետեւ միայն նրան էր յաջողւում ջանք չթափելով՝ իրականացնել այդ մոլորակի մնացած բնակիչների հիստերիկ երազանքը՝ ազատել Եւային իրաւացի լինելու գիտակցումից։ Եթէ անգամ այդ նոյն իրաւացիութիւնը մեխուած էր մնում իր տեղում։ Որդին էլ կը զարմանար՝ իմանալով, թէ մայրը որքան շնորհակալ է նրան՝ յիմար գտնուելու հնարաւորութեան համար։
Մի օր, տանը մաքրութիւն անելիս, պատահաբար ձեռքն ընկաւ «Սթիվեն Քինգի սարսափները»՝ որդու սեղանի գիրքը, թերթեց եւ իր համար էլ անսպասելի, կարդաց մինչեւ վերջ՝ յատակին նստած։ Յետոյ երկար պայքարում էր սեփական լեզուն կծելու գայթակղութեան դէմ։ Քանի՜ անգամ էր որդին ի զուր համոզել, որ կարդայ այդ «ոչ թէ պարզապէս թրիլլերը, այլ՝ ամեն քայլափոխի հանդիպող, լաւ գրուած հոգեբանական սարսափը»։ Եւան այն ժամանակ նոյնիսկ ծիծաղեց նման բնորոշման վրայ եւ ուսմասվարի ատելի տոնով, իսկ ատում էր, որովհետեւ այդ տոնը մօրն էր յատուկ, խորհուրդ տուեց ուշադրութիւն դարձնել դասականներին։
Բայց ախր ինչի՞ համար։ Տղան զուրկ չէ առողջ բանականութիւնից։ Ճաշակից՝ նոյնպէս։ Եւ ընդհանրապէս, նա դեռ տասնվեց տարեկան է։ Եւ, վերջապէս, քանի՞ օտար-ուրիշի բաղադրատոմս է ինքը կուլ տուել, մինչ իրեն լցոնում էին դասական ճշմարտութիւններով։ Եւ քանիսի՞ց է խեղդ ընկել, մինչեւ գտաւ իրենը՝ մէկ անգամ, բայց շատ ցաւոտ բախուելով իրական թրիլլերի հետ։ Մի՞թէ պատրաստ էր դիմակայել համակարգչային վիրուսներին՝ քնկոտ ապրելով յարմարաւետ տնակում, որ կառուցել էր հայրը։ Մի՞թէ չի հիւանդացել՝ չափից շատ ուտելով նրբին խմորագնդիկները՝ հունցուած մօր ինտելիգենտ մատներով եւ սալքարերի պէս կոկորդում խցանուած՝ նոյնպէս դասական օրէնքներով։ Ու մի՞թէ չի փրկուել պարտադրուած ծրագրերից մաքրուած գիտակցութեան շնորհիւ, ուր աննկատ սողոսկել ու հիմա ինքնագոհ ճօճւում է մակերեսին անտարբերութիւնը՝ ասես փրկօղակ, որի ետեւում ազատ լողն ունի միայն երկու ելք… Եւան շրջուեց մէջքի վրայ… Ոչ՝ մէկ ելք… Բացեց աչքերը, նայեց. դիմացը անվերջանալի կտաւ էր՝ ցանկացած երեւակայութեան, ամեն երանգի ենթարկուող… Նկարիր վրան՝ ինչ ուզում ես։ Եւ ինչ չես ուզում՝ նոյնպէս։ Նկարի՛ր, վայրի կին, չարացած վրձնահարուածներով քո կերպափոխութիւնը հաստատող դիմանկարը… Քեզ ոչ ոք պէտք չէ՛։ Միայն պահպանի՛ր — լսո՞ւմ ես — լաւ պահպանիր քո ձագերին, քանի դեռ չեն սրել իրենց ժանիքները…
Ալարելով վեր կենալ՝ Եւան սրեց ականջները։ Ահա կրտսերի խռպոտ ձայնը՝ թող այս նրբերանգը մնայ ողջ կեանքում՝ առարկութիւն չհանդուրժող ու համոզիչ, բարեբախտաբար՝ նա ասելու բան ունի։
Քունը տարաւ։ Լաւ է, որ շուրջը ջուրն է։ Տրուել մի վիճակի՝ զգալով հակադիրի մօտիկութիւնը. ի՞նչը կարող է աւելի զգայական լինել։
Եւան լողաց արեւի շողերի միջով, որի առկայծումը ջրի երեսին երբեք չի մնում ետեւում, միայն առաջ է մղում։ Այնուամենայնիւ, Սեւանը արգելքները յարգել ստիպող միակ տարերքն է։ Ցանկացած այլ ծովում, — իսկ ինքը Սեւանի դէպքում դեռ մանկուց ժխտում էր աշխարհագրական դոգմաները, — առանց երկմտելու, կը լողար փրկօղակներից շատ հեռու, որտեղ չկայ յոգնութիւն, եւ չի լսւում քեզ հետապնդողների փնչոցը։ Բայց Սեւանը, ինչպէս ամեն հարազատ բան, իր մէջ վտանգ էր թաքցնում։ Վերջին երկու ամսում նրա անկանխատեսելիութիւնը կուլ էր տուել երեսուներկու երիտասարդ մարմին՝ պատառոտելով նրանց սրտերը խուճապով ու վիրաւորուածութեամբ՝ դաւաճան յորձանուտից։ Իսկ Սեւանը չէր էլ գիտակցում, որ դաւաճանում է։ Նա պարզապէս վրէժ էր լուծում՝ տարեցտարի դաժանանալով անմահութեան հանդէպ կորսուած հաւատքի համար, իր նախկին պատրանքների համար, թէ մարդը, որ խեղել է իրեն, գուցէ ինքն էլ է արժանի կարեկցանքի։
Եւան լողում էր փրկօղակների երկայնքով՝ հիանալով հանդարտ մակերեսի նենգութեամբ… Ինքն էլ հիմա այդպիսին է, յամենայնդէպս, առաջինը չի յարձակւում…
— Տանել չեմ կարող ձուերով կանանց, — վերջին հանդիպման ժամանակ տեղեկացրեց նախկին ամուսինը։
— Ես էլ։ Դրանք գիրացնում են ազդրերը։
— Ստում ես։ Եթէ չհպարտանայիր քո ուժով… աւելի ճիշտ՝ կեղծ ուժով, ինձ կը կպչէիր երկրորդ մաշկի պէս։
— Քո ինչի՞ն է պէտք երկու մաշկը։
— Դէ, դու չես հասկանայ։ Դու դեկաբրիստուհի չես։
— Հա, դեկաբրիստուհի չեմ։ Եթէ լինէի, մեր երեխաները աքսորուած կալանաւորների խաչը կը կրէին։
— Եթէ դեկաբրիստուհի լինէիր, հիմա տանգօ կը պարէինք ինչ-որ տեղ, ծովափին։
— Այսինքն՝ պարելուդ խանգարում են իմ ձուե՞րը։
— Ինձ խանգարում է քո գոռոզութիւնը։ Կարծում ես՝ ձուերդ իսկական են։ Բայց ֆոկուսն այն է, որ եթէ կնոջից պոկես ձուերը, նա ցաւից լաց կը լինի, իսկ եթէ տղամարդուց՝ կը մեռնի դրանց բացակայութիւնից։
Եւան պաշտում էր, երբ իրեն գրագէտ կերպով պառկեցնում էին թիակներին: Այն աստիճան, որ որոշեց չփչացնել այդ հանճարեղ միտքը ձուակիր տղամարդկանց շրջապատում իր երկարամեայ մենակութեան եւ թէկուզ ցաւից լաց լինելու անիրականալի երազանքի մասին ձանձրալի մենախօսութեամբ…
…Եւ, այնուամենայնիւ, նա հեռու լողաց։ Մոռացաւ, թէ որքան զզուելի է յետդարձի ճանապարհը։ Մի կիսակոյր ճայ նրան ձկան տեղ դրեց ու քարի պէս նետուեց ուղիղ դէպի գլուխը։ Եւան սուզուեց՝ գրեթէ զգալով գարշելի կտուցը, որքան կարող էր՝ մնաց ջրի տակ եւ զգուշօրէն գլուխը դուրս հանեց։ Խելառ թռչունը հեռացել էր՝ ճանկելով անվտանգութեան զգացումը։
* * *
Ճաշից յետոյ տղամարդիկ գրաւեցին նախասրահը՝ շրխկացին զառերը, գնդերն ու գնդիկները։ Օդում տարածուեց գարեջրի հոտը։ Ծալքափէշաւոր ծխող կանայք տեղաւորուեցին նստարաններին, անպատիժ ցուցադրում էին ոտքերը, համեմատում արեւայրուքները, սուրճի բաժակները շրջում էին անձեռոցիկների վրայ՝ սպասելով պանսիոնատի անփոփոխ գուշակին՝ հաւաքարար Ֆուլիկին: Նա, լինելով մօր նախակերպար գիւղատնտեսական սիւժէներով գրող հեղինակների համար, գուրգուրուած էր եղել դեռ Վարպետի կողմից, որի իմաստուն աչքերը, ի դէմս ծեր կնոջ, առաջինն էին նկատել ազգի խորհրդանիշին։ Յունիսին Ֆուլիկը նշեց իր հարիւրվեցամեակն ու երդւում էր, որ ժամանակին վկայականում ծննդեան թիւը սխալ են գրել՝ խաբս տալու համար սուլթանի հրամանին, որով արգելւում էր երկրից դուրս բերել երիտասարդ աղջիկներին, եւ որ իրականում ինքը հինգ տարով էլ մեծ է։ Այս հովուերգութեանը հաճոյքով հաւատում էին, յատկապէս, որ յայտնի գուշակի բոյը աւելի չափ էր, ու երբ մաքրում էր սենեակները, սարսափելի զգացողութիւն էր առաջանում, թէ առարկաներն իրենք իրենց են տեղից տեղ ցատկոտում, թղթերն իրենք են կանոնաւոր դասաւորւում կիտուկների, ձմերուկի կեղեւները՝ պլաստիկէ տոպրակների մէջ, իսկ փոշին, դռներն ու պատուհանները օժտուած են նախանձելի ինքնագլխութեամբ։
Հմայեանքը ամբողջացնում էր անտեսանելի պառաւի մարգարէական հանճարը, որն, ի դէպ, ոչ մի անգամ չէր չարաշահել վստահութիւնը։ Նա ոչինչ չէր մուրում գուշակութեան դիմաց, ամաչկոտ շնորհակալութիւն էր յայտնում, եթէ ինչ-որ մէկը կարողանում էր նրա բազմաթիւ փէշերի մէջ միրգ կամ կոնֆետ խցկել, իսկ կարեւորը՝ միայն երջանիկ ճակատագիր էր գուշակում։
Եւան կուշտ գայլի բարեհոգութեամբ էր հետեւում ջահելատես սեւահերի դիմախաղին, որն ունկնդրում էր սվսվախօս Ֆուլիկին՝ ասես աստծոյ խօսքին։ Բարի պառաւը նրան երաշխաւորում էր ամենանուիրական ցանկութեան իրականացում, ինչից սեւահերը գունատուեց ու չարագուշակ կկոցեց աչքերը, իսկ Եւան պատկերացրեց, թէ ինչպէս նոյն այդ պահին մէկ այլ գուշակ ինչ-որ մէկի սրտում տագնապ է սերմանում։
Յաջորդը Ֆուլիկին դանդաղաճօճք մօտեցաւ Կզաքիսը։ Չորուկ թաթիկներին յանձնելով սեփական ճակատագիրը՝ նա ծխեց եւ յենուեց նստարանին Մարգարիտա Գօտիէի մահամերձ դիրքով։ Դուստրը, մօր ոտքերի կողքը պպզած, ակնածանքով շոյում էր նրա ծունկը։
— Է-էէ, — սկսեց մարգարեանալ պառաւը, բայց անողորմաբար դուրս հանուեց տրանսից.
— Է, չէ՛է, այդպէս չեղաւ, հոգեակս։
Կզաքիսը ծածկեց դախ ձեռքն իր ափով, ծուխը բաց թողեց լայն բացած ազդրերի արանքից մարմարէ յատակին, հիացաւ նրա յետադարձ ընթացքով, նորից ներս քաշեց ծուխն ու փաղաքուշ շարունակեց։
— Քո ձեռքում, թանկագի՛նս, սովոռական կեռամիկա չէ։ Այս բաժակում իմ ամբողջ կեանքն է՝ անսովոռ ու սառսափելի իր մեռկութեամբ (Տառասխալ չէ «ռ»-ն «ր»-ի փոխարէն, այլ պարզապէս հեղինակը կ՚ընդգծէ խօսողի ռուսախօս ըլլալը — ԽՄԲ.)։ Հասկանո՞ւմ ես։ Այս բաժակում Բայռոնի մուսան է, Վագնեռի կիռքը, Բեթհովէնի լսողութիւնն ու Հոմեռոսի տեսողութիւնը… Այնտեղ եռգն ու ոտանաւոռն են, պատկեռն ու միտքը։ Այնտեղ անցեալը միահիւսուել է ապագայի հետ եւ առդէն սուռում է դէպի Տիեզեռք: Այնտեղ Առառիչը բաժակ է բառձռացնում Ars amandi-ի պատուին, թէեւ ինքը եռբեք սիռուած չի եղել Եռկրի վռայ։ Այնտեղ յաւեռժութիւնը վիճում է ունայնութեան հետ ու մահուանը առդառացման դատավճիռ առձակում: Նախ տե՛ս այդ ամենը, պառաւ՝ դդումի պէս պառզունակ, ու յետոյ միայն քեզ թոյլ տուռ…
Երբ ծուխը ցրուեց, դրայ միջից հազալով դուրս նայեց ճլորած, վախեցած դէմքն ու հարցրեց.
— Հիմա գուշակե՞մ։
— Հիմա գուշակիռ։
— Է-էէ…
* * *
Ի վերջոյ յաջողուեց իրեն ենթարկել մտքերը, փոխարէնը՝ ենթարկուելով կարգապահութեանը։ Բառերը, թքած ունենալով մաթեմատիկայի վրայ, հլու լցնում էին դատարկութիւնը, որսում էին արագութիւնը։ Բառեր-թիթեռացանցեր… բառեր-դոյլեր, բառեր-ծեփածոյ, բառեր-իզացիա, բառեր-ացիա… Դատարկութիւնը ուրախութեամբ մգանում էր, լցւում՝ փքուելով հաճոյքից, նա երախտագիտութիւն էր փափագում։ Երախտագիտութիւնը, ինչպէս միշտ, ուշանում էր աւարտից առաջ։ Դարձեալ նոյն՝ վերջին վերջակէտի բարդոյթը, կարծես ծաղկած բալենու շուրջը յանկարծ գերեզմանոց է փռւում..
…Հարազատների գերեզմաններին Եւան չէր սիրում այցելել։ Արդարանում էր իր ծուլութեամբ։ Նա սիրում էր ինքն իրեն խաբել։ Ասենք, չկար էլ ուրիշ մէկը, որին կը խաբէր՝ մնացած բոլորը այնքան յարմարաւետ էին տեղաւորուել վկաների աթոռներին, որ նրանց իրենց տեղը ցոյց տալու չնչին ցանկութիւն չկար։ Իմաստ կա՞յ քեզ պարտադրել, եթէ յետոյ երազում ես չեղարկուել։ Ու եթէ դու նոյնպիսի վկայ ես, ու ոչ մէկը չի ցանկանում քեզ ցոյց տալ քո՛ տեղը… Մի անգամ նախկին ամուսինը խնդրեց գնալ գերեզմանատուն, որտեղ թաղուած է իր հայրը, եւ համոզուել, որ գերեզմանը նորմալ վիճակում է։ Եւան չգնաց եւ հեռախօսով ստեց, թէ՝ ամեն ինչ կարգին է։ Երբ նախկին ամուսինը եկաւ մահուան տարելիցին, պարզուեց, որ հօր գերեզմանը վաղուց վնասուած է սողանքներից, թալանչիներից, դիւային այլասերուածներից։
— Իսկ ես ի՞նչ կարող էի անել։
— Քեզ մեղադրո՞ւմ եմ։ Ես եմ մեղաւորը։ Ամբողջ կեանքում նրա առաջ մեղաւոր եմ։
— Գուցէ վերջ տաս ինքնախարազանումիդ։ Երկուսդ էլ մեղաւոր էիք, դեռ հարց է՝ ով աւելի շատ։
— Այդպէս էլ չհասկացար, որ «աւելի» կամ «պակաս» մեղաւորներ չեն լինում։ Մեղքը բացարձակ հասկացութիւն է, ինչպէս յղիութիւնը։
— Ուրեմն, մեղքը կարելի է առնուազն ընդհատել…
…Հաշուի առնելով համաչափ ռիթմը, դուռը թակողը երկչոտ մէկն էր։ Եւան, հայհոյելով, խալաթը գցեց ուսերին։ Սկսուե՜ց…
Դռան շեմին կանգնած կինը հաւանաբար իր տարիքին էր, ապշեցուցիչ դիմագծերով գունատ դէմքով՝ աղաւաղուած կա՛մ վերջերս ապրած վշտից, կա՛մ խորը թաքցուած վախից… Տիեզերական Տառապանքի կենդանի արձան: Ու նաեւ՝ կարծես ծանօթ։
— Ներեցեք, ի սեր Աստծոյ, ներխուժման համար, իմ անունը Էսթեր է։
— Շատ հաճելի է։ Ես Եւան եմ։
— Այո, ես արդէն գիտեմ… Հէնց դրա համար էլ եկել եմ։
— Որովհետեւ անունս Եւա՞ է, — փորձեց թեթեւացնել իրավիճակը հումորով, բայց հարցը կարծես թէ աւելացրեց լարուածութիւնը։ Էսթերը սկսեց խաղալ մատանու հետ երկար, գեղեցիկ մատներով։
— Ահ, ոչ, Աստծոյ սիրուն… Բանն այն է, որ որդուս հետ ընդամենը մէկ ժամ առաջ ենք եկել, իսկ պէտք է գայինք ճաշին, եւ… հասկանում էք, այնպէս ստացուեց, որ… Մի խօսքով, մեր սեղանին ուրիշ ընտանիք են նստեցրել…
Եւան կռահեց վերջաբանը, ինչից անտանելիօրէն ցանկացաւ նուաստացնել անկոչ հիւրին կարեկցանքի բացակայութեամբ։
— Իսկ ես ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ։
— Դուք, իհարկէ, կապ չունէք։ Պարզապէս ինձ ասացին, որ ձեր սեղանին հէնց երկու ազատ տեղ կայ… Ու եթէ դէմ չէք…
— Բայց ճաշարանում լիքը ազատ սեղաններ կան։ Ինչո՞ւ չէք զբաղեցնում դրանցից մէկը։
— Դուք, երեւի, ընթրիքի չէք իջել, թէ չէ կը նկատէիք, որ ճաշարանը լեփ-լեցուն է… Հաւատացեք, անյարմար եմ զգում նման խնդրանքով դիմել ձեզ, առաւել եւս, որ…
— Առաւել եւս՝ ի՞նչ, — Եւան չէր կարողանում հասկանալ սեփական հակակրանքի բնոյթը նրբագեղ ու նրբանկատ հիւրի հանդէպ եւ աւելի էր նեարդայնանում։
— Չէ, ոչինչ… Ինձ պարզապէս զգուշացրել էին, որ դուք… ինչպէս աւելի ճիշտ ասեմ… Չէք սիրում մարդկանց շրջապատում լինել, թէ չէք ցանկանում որեւէ մէկի հետ շփուել…
…«նա չի սիռում ոռեւէ մէկի հետ շփուել»…
— …այդ պատճառով ուզում էի ձեզ նախապէս հանգստացնել՝ որդուս հետ ձեզ չենք անհանգստացնի։ Ձեզ կը գոհացնի՞ լուռ սեղանակցութիւնը։ Տղաս բաւականաչափ դաստիարակուած է, որպէսզի չ…
— Ասացեք, խնդրեմ, Ձեր կողքի սենեակում ապրո՞ւմ է մի… դէ, մի կին աղջկայ հետ…
— Կզաքի՞սը: Այո, այո, կռահեցիք։ Հէնց նրա հետ էլ խօսել ենք ձեր մասին։ Նա ինձ դուր չի գալիս։
Եւան յանկարծ ծնկներում սարսափելի թուլութիւն զգաց, որն արագ տարածւում էր մարմնով՝ այն դարձնելով գրեթէ անկշիռ.
— Որտեղի՞ց գիտէք, որ նրա անունը Կզաքիս է։
— Դա նրա անո՞ւնն է։ Ինչ սարսափելի է, Աստուած իմ… Նա ներկայացաւ որպէս Նելլի… Ես ընդամենը նկատի ունէի, որ կզաքիսի շատ է նման…
— Լաւ, դա կարեւոր չէ… Նստէք մեզ հետ, դէմ չեմ։ Նոյնիսկ լաւ է՝ ես էլ որդի ունեմ, թող տղաները ընկերանան։
— Իրօ՞ք, — երջանկութիւնից հիւրը այնքան գեղեցկացաւ, որ Եւայի աչքերում աստղեր բռնկուեցին՝ կուրացրին… Իսկ երբ փայլը ցրուեց, Եւան իրեն գտաւ հայելու առջեւ՝ փակ դռան կողքին…
* * *
Ճաշարանում իրօք ասեղ գցելու տեղ չկար: Դահլիճը բզզում էր փեթակի պէս, մատուցողուհիները մատուցարաններով ու սայլակներով խուսանաւում էին սեղանների միջեւ՝ ասես անիւների վրայ լինէին։ Նրանցից մէկը յընթացս մօտեցաւ Եւային ու շշնջաց ականջին.
— Վաղը Սոլժենիցինների ընտանիքը մեկնում է, ու մենք անմիջապէս ձեր հարեւաններին կը տեղափոխենք այդ սեղանի մօտ…
…«Սոլժենիցին» անունը նոսր մօրուքով տղամարդուն, որ աւելի շատ Դոստոեւսկուն էր յիշեցնում, Չոնն էր տուել՝ ձեռի հետ, երբ քիչ էր մնում նրան զգետնէր՝ ֆուտբոլի դաշտ սլանալու ճանապարհին.
— Բարեւ, Սոլժենիցին։
Մօրուքաւորը հաւանաբար դէմ չէր, որովհետեւ ժամեր անց ամբողջ պանսիոնատը տեղեկացուած էր ոչ միայն աւելի շատ Դոստոեւսկուն յիշեցնող տղամարդու մականուան մասին, այլեւ այն մանչուկի, որը գիտի՝ ինչ տեսք ունի Սոլժենիցինը…
…Էսթերն արդէն նստած էր որդու հետ՝ դէմ դիմաց։ Տղայի կողքին, տիեզերական անտարբերութիւնը դէմքին, նստել էր Չոն-ճապոնացին՝ պատառաքաղով թակելով ափսէի յատակը։ Երեկ երբ վերադարձել էր կինոդահլիճից, Եւան արդէն քնած էր, իսկ առաւօտեան, սովորականի պէս, թռել էր խաղահրապարակ՝ նախաճաշից առաջ «մարզուելու», այնպէս որ Եւան չէր հասցրել նախազգուշացնել հարեւանների մասին։ Անակնկալի եկած՝ որդին ընտրել էր մեկուսացածի անտարբերութիւնը՝ որպէս վարքի ամենաթոյլատրելի տարբերակ՝ մօր արձագանքի սպասումով։ Եւան մտքում քմծիծաղեց. «Իմ արիւնն է։
— Buon appetito!
Թէ ինչու ասաց իտալերէն, ինքն էլ չհասկացաւ, գուցէ որ չխրուի-լռուի բարձրաշխարհիկ բարեկրթութեան մէջ։ Բայց կարծես ոչ ոքի մտքով չանցաւ զարմանալ.
— Grazie, signora, — խմբով պատասխանեցին Էսթերը, նրա որդին ու Չոնը։
— Իսկ ի՞նչ ունենք նախաճաշին, — հարցը հռետորական էր, բայց օգնեց կրկին, չգիտես որտեղից սողոսկող ծնկների դողը յաղթահարելու համար։ Եւան անշնորհք կերպով թրմփաց իր աթոռին, յիմարաբար «օյ» արեց ու բռնեց որդու զգուշաւոր հայեացքը.
— Մա՛մ, մոռացե՞լ ես։ Մանրաձաւարով շիլա, ձուածեղ լոլիկով, օմլէտ։ Ու թէյ։
— Հա, ճիշտ որ… Իսկ ձեռքերդ լուացե՞լ ես։
– Չէ։
— Ես էլ, — անսպասելի արձագանքեց Էսթերի տղան։ — Ձեռք լուանալը յիմար զբաղմունք է։ Իսկ քո անունը ի՞նչ է։
— Ասա, ոնց մամաս է ասում՝ Չոն։ Իսկ քո՞նը։
— Դու էլ ասա, ոնց մամաս է ասում՝ Բուս։
«Հօ անուններ չե՞ն տուել ձեզ ձեր մայրերը», — մտքում աշխուժացաւ Եւան եւ շրջվեց՝ փնտռելով ուշացած մատուցողուհուն… Ծուռթաթ սահքով ճաշարան էր մտնում Կզաքիսը… Տեղովը՝ հին քամանչա։ Եւ ինչպէս է յաջողեցնում վրան քաշել այն, ինչը յատկապէս է իրեն այլանդակում…
— Մա՛մ, նայի՛ր, Կզաքիսն է գալիս, — միաձայն փռթկացին Չոնն ու Բուսը։
Եւան՝ որպէս համերաշխութեան նշան, շրջուեց դէպի հարեւանուհին, որը մինչ այդ, բացի բարեւից, մի բառ չէր արտասանել՝ պատրաստուելով նրան համակել ընդհանուր ուրախութեամբ։ Էսթերը պատասխանեց չարչրկուած ժպիտով, որի միջից հազիւ լսելի պլստացին բառերը.
— Հիմա կը մօտենայ մեզ… որպէսզի նորից ինձ տանջի։
— Մա՛մ, ուզո՞ւմ ես, ոտք գցեմ՝ շրմփայ յատակին, — հարցրեց Բուսը։
— Մա՛մ, ուզո՞ւմ ես, նրան մողէս ուտեցնեմ, — հարցրեց Չոնը։
— Ի՞նչ է Ձեզնից ուզում, — հարցրեց Եւան։
Կզաքիսը մօտեցաւ նրանց սեղանին, ձեռքով արեց հեռւում նստած դստերն ու ճաթած ժպիտը տարածեց դէմքով մէկ.
— Ի՜նչ աստուածային տեսառան՝ եռկու հմայիչ մայռիկներ ու նռանց հռաշք փոքռիկ հռեշտակնեռը։ Ախ, ինչո՞ւ ես նկառիչ չեմ… Ի դէպ, սիռելիս, — դիմեց Էսթերին, — ձեզ համառ ցնցող նոռութիւննեռ ունեմ։ Հասկանում էք, թէ ինչի մասին եմ խօսում, այնպէս չէ՞։ Սպասում եմ ձեզ սուռճի… Բառի ախոռժակ։
Մատուցողուհին վերջապէս բերեց նախաճաշը։ Մինչ բոլորը քար լռութեան մէջ կուլ էին տալիս ուտելիքը, Եւան յուսահատ փորձում էր խեղդել-սրախողխող անել-գնդակահարել-ցրել մտերիմին օգնելու վաղուց մոռացուած ցանկութիւնը՝ դեռեւս սաղմնային վիճակում։ Բայց քո ի՞նչ գործն է։ Կարծես նրանց մէջ ոչ նորածին կայ, ոչ կոյր, ոչ անոտք, թող իրենք իրենց հարցերը լուծեն… կամ չլուծեն… Եւ ընդհանրապէս, վաղը նրանց ուրիշ սեղան են տեղափոխելու։ Եւ ճիշտ կ՚անեն։ Միայն դա էր քեզ պակաս, որ Կզաքիսը կողքդ ֆռֆռայ, երբ խելքին փչի… Դու քո կեանքն ունես։ Քո երեխան… «հռաշք հռեշտակը»… Ֆո՛ւ, էդպէս էլ գիտեր, որ արձակուրդը մէկնումէկը հաստատ կը փչացնի…
Նա ուշքի եկաւ Էսթերի ձայնից.
— Մենք գնացինք։ Շնորհակալութիւն ընկերակցութեան համար եւ… կը ներէք։
— Կարո՞ղ եմ ինչ-որ բանով օգնել, — բառերն աւելի արագ դուրս թռան, քան Եւան կը հասցնէր ընտրել անհրաժեշտ պատասխանը։ Էսթերը անսպասելի թեքուեց ու համբուրեց նրա ճակատը.
— Կարող ես։ Եւ ոչ միայն ինձ։
Ու դուրս եկաւ ճաշարանից՝ ամուր բռնած որդու ձեռքը։
Չոնը թէյը խմեց, անձեռոցիկով սրբեց շուրթերը, յենուեց աթոռին, ուսումնասիրեց առաստաղի ջրաբծերն ու ասաց.
— Գիտե՞ս, մա… երբեմն ֆուտբոլ խաղալիս, չգիտես ինչու, գնդակը փոխանցում եմ ուրիշին հէնց էն պահին, երբ արդէն դարպասի դիմաց եմ ու կարող եմ հեշտութեամբ գոլ խփել… Չգիտե՞ս՝ ինչու…
Երեւան
(«Գրական թերթ»)
*) լատ. «Ես կերպափոխուելու եմ»
