ԿԱՊՈՅՏԸ

Եղիշէ Չարենց

Կապոյտը հոգու աղօթանքն է, քոյր,
Կապոյտը — թախիծ.
Կապոյտը — կարօտ թափանցիկ, մաքուր,
Ու յստակ, ու ջինջ:

Կապոյտը քրոջ աչքերի անհուն
Առաւօտն է թաց:

Կապոյտում հոգիս մի հին իրիկուն
Անզօ՜ր հեծկլտաց:

Կապոյտը ծէգին աղօթքի կանչող
Ղօղանջն է զանգի:
Կապոյտը — արցունք, ու կապոյտը — ցօղ
Հոգու, երկնքի:

Կապոյտում անսուտ խօսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապոյտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պէ՛տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպէս լուսաւոր գինի —
Հոգու կապոյտում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *