Գուրգէն Խանջեան
Ձմեռուայ մի ցուրտ օր զանգեց Սիփան Շիրազը, թէ.
— Յիսունը եօթանասունի ձգած կտաւ ունե՞ս:
— Ունեմ:
— Էդ լաւ ա: Իսկ մի շիշ Արենիի փո՞ղ:
— Կը ճարուի:
— Կարա՞ս էդ կտաւն ու գինին վերցնես, գաս արուեստանոց, գործ կայ:
Իննսունականների առաջին տարիներն էին, շաբաթ-կիրակի կտաւ էի վաճառում վերնիսաժում. կտաւ գրունտող, ենթաշրջանակին ձգող վարպետից վերցնում, վերնիսաժում շարում էի վաճառքի, քչից-շատից վաճառւում էր, վարպետի փայը տալիս էի իրեն, արանքում մի բան էլ ինձ էր մնում, դժուար ժամանակներ էին, գործ չկար, գործը սովետների հետ մոռացութեան գիրկն էր գլորուել, եղունգ ունես` գլուխդ քորի:
Խոստացածի պէս` վերցրի յիսուն-եօթանասուն չափի կտաւն ու գինին, գնացի Սիփանի արուեստանոց: Նա նախ մի բաժակ լցրեց, խմեց, յետոյ ասաց.
— Էսօր երազիս եկել, ասում էիր` Սիփ, խի՞ ինձ մի հատ չես նկարում: Մտածեցի` իսկապէս, խի՞: Համ էլ առաւօտից պորտրէտի ախորժակ ա բացուել, պորտրէտի ու Արենի գինու: Տուր կտաւը:
Վերցրեց, տնտղեց, ամրացրեց նկարակալին, դարձաւ ինձ` աթոռն ակնարկեց` նստի, ինքը մի բաժակ էլ լցրեց:
— Շատ երկար չի տեւի,- ասաց,- արդեն մտածել եմ` ինչ եմ անելու:
Ու սկսուեց… Ինձ մոռացած` ինձ էր պատկերում Սիփանը` վրձին, ներկ, մաստեխին, գինի, վրձին, ներկ, յաճախ` հէնց ներկատուփից` ուղիղ կտաւին, պատահում էր` մատներով, ինքնամոռաց, ասես` սրբազան արարողութիւն կատարող մոգ: Վերջին բաժակ գինին էլ խմեց, եւս մի երկու երանգ աւելացրեց, հեռացաւ` նայեց, մօտեցաւ` նայեց ու.
— Ինքն ա, պրծ, կարաս նայես:
Վերջապէս լքեցի աթոռը, մօտեցայ, նայեցի… Մուգ կարմիր, մուգ կանաչ ու սեւ երանգների մէջ ես էի, ինձ էի նայում:
— Ո՞նց ա, — հարցրեց Սիփանը` ձեռքերը իւղոտ փալասի մէջ մաքրելով:
— Շքեղ:
— Հա, ստացուեց ոնց որ: Թող մնայ, չորանայ, յետոյ կը տանես, քոնն ա:
Նկարը թողեցինք չորանալու, մենք դուրս եկանք ձմեռուայ մէջ` արեւը մայրամուտին թեքուած, օդը ցրտաշունչ, գետինը սառած… Ո՞ւր գնալ… Գրողների Միութիւն, էլ ո՞ւր… Չէ, կարելի էր «Հանճարնոց» ի հարկէ, բայց էդքան փող չունէինք:
Մթնում էր, մութն աւելի էր մթնեցնում Թումանեան փողոցի երկինքը խազմզած տարաչափ մալուխների խիտ ցանցը, մարդիկ հովհարային անջատումները շրջանցելու միջոց էին գտել, էս կողմում անջատեցին` էն կողմին կը միանան, էն կողմում անջատեցին` էս կողմից կը միանան, սակայն պատահում էր` երկու կողմից էլ անջատում էին, ու մութը համատարած էր դառնում:
Փողոցում հատուկենտ մարդիկ էին հանդիպում, մեծամասամբ` բեռնուած, ով սայլակ էր հրում, ով` սահնակ քաշում, էստեղից-էնտեղից ձեռք գցած փայտ, պլաստիկի կտորտանք, տարբեր տարաներով օգնութեան նաւթ ու նաւթավառ էին տեղափոխում: Անցանք Թումանեան-Տէրեան խաչմերուկը, թեքուեցինք ու Կարապի ցամաք լիճը շրջանցելով` մտանք օպերայի հրապարակ: Տարիներ տեւած միտինգային ժամանակաշրջանն աւարտուել էր, միտինգների առաջնորդ «Ղարաբաղ կոմիտէն» ընտրուած իշխանութիւն էր այլեւս, սակայն միտինգային կարօտախտը դեռ շարունակում էր մարդկանց նոսրացած, ցաքուցրիւ խմբեր հաւաքել «Ազատութեան» հրապարակում, էլի յուզուած-բորբոքուած` քննում էին աշխարհի բանը: Յիշեցի մօտ երեք տարի տեւած բազմահազարանոց միտինգները, ամեն օր այստեղ էինք, առաւօտից գիշեր, բռունցքներս օդ բարձրացրած` Ղա-րա-բաղ, յաղ-թա-նակ…
Անկիւնագծով հատեցինք-դուրս եկանք «Ազատութեան» հրապարակից, անցանք Մաշտոցի պողոտայի մայթն ու յայտնուեցինք «Հարիսնոց» սրճարանի առաջ: Սիփանը թեք նայեց` չմտնե՞նք: Իջանք աստիճաններով, մտանք ծխառատ, մարդաշատ կիսամութի մէջ, մթան հետ կռիւ տուողը սեղանին, ափսեների մէջ վառուող հաստ մոմերն էին: Երբ հայեացքներս վարժուեց` տեսանք` մերոնցից ոչ ոք չկայ, թաղի տղերքն են հիմնականում, բարեւեցինք, հարցրինք, Չոնչ Գէորգն ասեց` «Մանուկեան Խաչիկն ու Սարուխանն էին էստեղ, նոր գնացին»: Վաճառասեղանի մօտ մի-մի բաժակ գինի խմեցինք, դուրս եկանք: Անցնում էինք «Կազիրեոկ» սրճարանի մօտով, դուռը յանկարծ թափով բացուեց, ու մեր կողմ սուրաց Ռաֆօ Նահապետեանը:
— Արա, հօրս արեւ, սիրտս վկայում էր, որ ձեզ եմ տենալու, կաֆէ էք մտնո՞ւմ, ասեմ` ոչ մի հետաքրքիր բան, հաւայի խօսակցութիւն, մի բաժակ ձգեցի, դուրս եկայ:
— Միութիւն ենք գնում, չես գալի՞ս:
— Քիչ առաջ էի էնտեղ, Բէյրութից մի քիչ հոնորար էին ուղարկել «Արծիւ» թերթի մեր ախպերները:
— Բա մաղարի՞չ:
— Տղերք, հօրս արեւ, Աբովեանի վրայ նոր խաղատուն են բացել, տանեմ էս փողը խաղամ, ասում են նորը տալիս ա, թէ տուեց` կը գամ, մի կարգին քէֆ կ՚անենք:
— Դէ յաջողութիւն քեզ:
Ռաֆոն ցած սլացաւ Մաշտոցի պողոտայով, մենք` բարձրացանք, ապա թեքուեցինք` վերնիսաժով, Սիփանը յընթացս ճերմակ քարից Մարտիրոս Սարեանին ողջունեց` բարեւ վարպետ, վարպետի շուրջը, օրուայ աւարտին, մի խումբ նկարիչներ հրաժեշտի բաժակն էին խմում, տեսան` կանչեցին, մօտեցանք, լցրին, վերցրինք, ասացինք, խմեցինք: Թամարեան Վահանը յայտնուեց` գրքերը թեւի տակ, օրերս էր տպարանից հանել, Ռուսաստանում փող աշխատող ջաւախցի ընկերներն էին հովանաւորել տպագրութիւնը, նաեւ տաք գլխարկ ու վերարկու էին նուիրել իրենց համերկրացի գրողին: Մի-մի բաժակ էլ խմեցինք ու նկարիչներին յաջողութիւն մաղթելով` դուրս եկանք վերնիսաժից, դէպի գրղների տուն:
— Հէչ ծախեցի՞ր, — հարցրեցի Վահանին:
— Երկուսը, — պատասխանեց Վահանը. աչքերից երեւում էր` ո՛չ գոհ է, ո՛չ դժգոհ: — Շուտ գնացիր էսօր, — նկատեց:
— Հա, Սիփանի հետ պայմանաւորուած էի: Հարցնող եղա՞ւ:
— Վարուժան Վարդանեանն էր հարցնում, մեծ կտաւ էր ուզում, ասեցի` վաղն արի:
Ծանր դուռը ճռռալով տեղի տուեց, մտանք, շէնքի պարետ ու միութեան ոգի Աբոն ծանր դռանը համադաշն ծանրութեամբ բարեւեց, Չարենցի արձանը տղավարի ժպտաց պատի տակից: Թեքուեցինք միջանցքի կողմն ու բախուեցինք Վիոլետին, աւելի հաճելի բախում պատկերացնել անհնար էր ցուրտ ու գորշ օրերի մէջ:
— Ո՞ւր, ազգիս հրաշք պոէտ, մենք գալիս ենք, որ դու գնա՞ս, հետ դարձի, — Վիոլետին գրկեց Սիփանը:
— Չեմ կարող, Սիփ ջան, Վարդուշիկը նախարարութիւնում սպասում ա:
— Բա սազե՞ց:
— Սազեց, Վանոն նոր տարուայ դէմ ուզում ա նուէր անի արուեստագէտներին` ուտելիք, խմիչք, էլի ինչ-որ բաներ, վերջնական ցուցակներն ենք ճշտում:
Վիոլետը թողեց մեզ ու հեռացաւ` ծածանելով խոպոպիկները:
Միջանցքում մութ էր` ինչպէս դրսում, գուցէ` առաւել, տարեց ինչ-որ կանայք անցան ստուերների պէս, յընթացս քննախոյզ նայեցին` ճգնելով մթից առանձնացնել մեր դէմքերը: «Սկսնակ պոէտներ են», — ծաղրով նկատեց Վահանը, իր բախտից էր` չլսեցին: Դռները փակ էին, բաց էր միայն Վահագն Մուղնեցեանի քարտուղարական սենեակի դուռը, ներսում, զոյգ մոմերի մեղմիկ, երերուն լոյսերի մէջ` ծանօթ դէմքեր: Զուլոն նախորդ գիշերով գրած բանաստեղծութիւնն էր կարդում, Արմէն Մարտիրոսեանը մերթ ընդ մերթ ծպպացնում էր` դիտողութիւն ունի, Հրաչեայ Սարուխանը ժպտում էր` գոհ է իր համաքաղաքացու նոր քերթուածքից: Սեղանին օղի կար, խնձորի, նորմալ օղին չքացել էր սովետների հետ, եկել էր խնձորինը կամ թարխունինը, անհայտ ինչ-որ սպիրտ էր` համ տուող թուրմերով յագեցրած: Փոխարէնը` կրպակներն ու խանութները լեցուն էին «ֆիրմա» սիգարետներով` Ռոյեալ, Ռոտմանս, Չեստերֆիլդ… Ասում էին` օգնութեան սիգարետներ են: Երբ նաւթ, լոբի ու նաւթավառ էին ուղարկում որպէս օգնութիւն` հասկանալի էր, բայց սիգարե՞տ… Ամեն դէպքում` հաճելի էր, գոնէ ծխելիս քեզ առաջադէմ աշխարհի մաս էիր զգում: Սեղանին, օղիների ու ապխտած սիգի հարեւանութեամբ, Վահագն Մուղնեցեանի շքեղակազմ նոր գիրքն էր, ազդօրինակը, օղով արդէն օծել էին, մենք էլ շնորհաւորեցինք ու մի քանի կաթիլ օղի թափեցինք մեր ընտրած էջին: Լոյս չկար, փող չկար, սնունդ չկար, բայց գրքեր տպագրւում էին: Ու կար ամենակարեւորը` ազգային ոգու զարթօնքը` մենք պահանջատէր էինք, մենք յաղթում էինք: Ամիսներ առաջ որոշել էինք ջոկատ հաւաքել` ռազմաճակատ գնալ, նախաձեռնողը Վահագնն էր, ոգեւորութիւնը մեծ էր, բայց զէնք չունէինք, պոէտ Վահան Վարդանեանի հայրը որսորդմիութեան նախագահն էր, ասաց` կարող եմ օգնել, բայց որսորդական զէնքով, գտնուեցին հնարամիտ ճարտարագէտներ, որ խոստացան որսորդականը ռազմականի վերածել: Սակայն մինչ այս, մինչ այն` մեր գաղտնի ձեռնարկն արտահոսք տուեց` լուրը հասաւ Վազգեն Սարգսեանի ականջին, նա էլ խիստ ու կտրուկ հրաման իջեցրեց Վանօ Սիրադեղեանի բերանով` ստո՛պ տուէք, ոչ մի ջոկատ, նոր Հայաստանին մենակ զինուոր չէ` գրող էլ է պէտք:
Գիշեր էր, երբ խմբովի դուրս եկանք գրողների տնից, քայլեցինք Բաղրամեանով, տղերքը ճամբին հատ-հատ ցրուեցին` ով ուր, Թումանեան փողոցից Վահագնն էլ հրաժեշտ տուեց` թեքուելով Պուշկինի կողմը, մնացինք ես ու Սիփանը:
— Չգնա՞նք, Ռէյ Չարլզ լսենք, — յիշեց Սիփանը, — էն որ կայ էն` «Մոնո»-ն, հը՞… Թէ՞ ուշ ա, կարող ա քոնոնք քնած լինեն:
— Քնածը ոչինչ, դու ասա հոսանք լինի:
Մօտեցանք շէնքին, ներքեւից նայեցինք պատուհաններին` չկայ, ո՛չ «պրավի», ո՛չ «լեւի», համատարած մթութիւն:
— Էսօր էլ դժուար տան:
— Ի՞նչ անենք, գնանք տներո՞վ, — տխրած ասաց Սիփանը, պարզ էր` տուն գնալ չի ուզում:
— Արի իջնենք «Կոյրերի Կոմբինատ», — առաջարկեցի:
Տարակուսած նայեց դէմքիս.
— Ո՞ւր…
— Նապոյի մօտ, «Կոյրերի Կոմբինատի» պահակատուն, Նապոյի լոյսը մշտական ա, խորոված կարտոֆիլն էլ, մնում ա մի շիշ խմելու բան վերցնենք:
«Կոյրերի Կոմբինատի» պահակ Նապոն կամ, ինչպէս տղերքն էին ասում, Քառակուսի Նապոն, կարճահասակ, ամրակազմ մարդ էր, քչախօս, հանդուրժող, բարեսիրտ, «Քառակուսի» մականունը Նալբանդեանի Համոն էր կպցրել նրան, «Կոպեկանոցում» խմելիս երկար նայել էր ու յանկարծ յայտնագործութեան պէս ասել` «Արա, էս մեր Նապոն` ոնց որ Կիեւսկի տորթի տուփ ըլնի, քառակուսի ա»: «Ես իրա ջահել վախտուայ նկարը տեսել եմ, էսպէս չէր, խմելուց ա էղել, էլ չի դզուի»` աւելացրել էր Բաբայեան Եուրան: Նապոն ժպտալով նայել էր ու բան չէր ասել, եթէ հակառակուէր, գուցէ անունը չամրանար, իսկ էսպէս` մնաց, Քառակուսի Նապօ:
Նապոյի «բուդկէն», որ էնքան էլ բուդկա չէր, ահագին տարածք էր` երեւի մի տասնվեց-տասնութ քառակուսի մետր, հոսանքի մի քանի աղբիւր ունէր, փոխնեփոխ միացնելով` Նապոն մշտական հոսանք էր ապահովում պահակասենեակում: Պարզ է` ձմեռով թաղի տղերքը Նապոյի բուդկի մշտայցելուն էին` նարդի, կարտ, գինարբուք, կենցաղային ու քաղաքական զրոյցներ, մինչեւ ուշ գիշեր: «Բուդկէն» ասես ռետինից լինէր, ինչքան լցուէին` տեղաւորում էր: Նապոյի ունեցուածքը մի սեղան էր, մի քանի ճռճռան աթոռ, մահճակալ, «տմբուշկա», եւ, ի հարկէ, ամենակարեւորը, կարելի է ասել` գործող անձը` «Կազիոլ» տիպի էլեկտրական վառարանը, որն իրենից ներկայացնում էր հաստ պարոյրով փաթաթած ազբեստէ խոշոր գլան` չորս երկաթեայ ոտքերի վրայ:
— Էս ի՞նչ նեղութիւն էք քաշել, իմ ախպերներ, էն ա` տնական արաղ ունենք էսօր, Մխոն ա բերել, — բարեսիրտ ժպիտով դիմաւորեց Նապոն` մեր ձեռքի երկու «բոմբ» շիշ գինին ակնարկելով: — Տեղաւորուէք, նստէք, կարտոշկա եմ դրել, հեսա կ՚ըլնի:
— Շատացանք, կարտ չխաղա՞նք, — առաջարկեց «Ռանդշպիլ» Տիկոն: Արձագանքող չեղաւ: — Ուրեմն խմենք, — եզրակացրեց նա ու լցրեց բաժակները:
Շոգ էր սենեակում, բայց վառարանն անջատելը ոչ ոքի մտքով չէր անցնում, ասես ջերմութիւնը կարելի էր պաշարել մարմնում, յետոյ տանել ցուրտ տներով: Խմեցինք խմբովի, ետքից` խորոված կարտոֆիլ, սոխ, պանիր. մի քանի «Կարամել» կոնֆետ յայտնուեց սեղանին, Գռնո՛ն դուրս բերեց մեծ գրպանից` զարմացած մրմնջալով. «Է՞ս ով ա գցել ջեբս…»:
— Արա դէ էս էլ շնորք չի, էլի, — դժգոհեց Տիկոն` սուիտերը հանելով: — Ազգս մթի, ցրտի մէջ, մենք էստեղ` ոնց որ Սոչիի պլեաժում:
— Ամեն մարդ Նապօ չունի, Տիկօ ախպեր, — նկատեց Գռնոն:
— Մեռնեմ Նապոյի սրտին, խմենք իրա ազիզ կենացը, — առաջարկեց Մխոն: — Մեր գլխից անպակաս, յատկապէս` ձմեռով:
Բաժակ-բաժակի յետեւից, խօսք խօսքի, վառարանով ջերմացած ժամանակն աննկատ գլորուեց գիշերուայ միջով` դէպի լուսաբաց: Նապոյի ժպտուն աչքերը փակւում էին, յոգնել էր բարեսիրտ տանտէրը: Դուրս գալիս «Կազիոլն» անջատեցինք` հրդեհ չընկնի՞ յանկարծ, վառուի մեր Նապօ ախպերը:
— Էս օրն էլ գլորեցինք, — նկատեց Սիփանը:
Բարի գիշեր մաղթեցինք միմեանց, կողմնորոշուեցինք մթան մէջ ու` իւրաքանչիւրս իր տան կողմ: Մի քանի քայլ արած` Սիփանը շրջուեց, կանչեց. «Յաղթելու ենք, չէ՞»: «Անկասկած»` արձագանքեցի:
«Գրական թերթ»
7 փետրուար 2025