Մարիամ Ասուլեան
Որտեղ են մանկութեան զուարթ հնչիւնները,
Երբ դաշտերը լցուած են լացի դողերով։
Արդարութեան սրին չհասած աղօթքները
Դառնում են քար լռութեան խոնարհ երգերով։
Արցախի հողում՝ խեղդուած յոյս ու հաւատ,
Մայրերն իրենց զաւակներին գրկում են լուռ,
Որպէսզի նրանց ծիծաղը չխեղդուի վախից՝
Ազերի զինուորների կրակոցների տակ։
Շրջափակուած սեւ պատը մեր աշխարհն է փակում,
Խաչքարերն են լացում, բայց ոչ ոք չի լսում։
Մեռնում են երեխաները՝ հաց ու ջուր չունենալով,
Եւ մոլորուած ազգերն իրենց աչքերը փակում։
Տների յուշերն են մոխիրների մէջ,
Տարեցները մրսում են դատարկ կաթիլներից։
Կանանց ձայնն էլ դառնում է լուռ դատավճիռ,
Երբ սիրտը՝ ցաւից կոտրուած, չի դիմանում այլեւս։
Բայց աշխարհը՝ հեռու, չի տեսնում, չի լսում,
Խաչուած սրտի ցաւը նրանց հոգին չի գտնում։
Լռութիւնը դարձել է մեղսակից ընկեր,
Ամբողջ աշխարհը հանդիսատեսն է մեր տառապանքների։
Արդարութեան ձայնը լռել է ճանապարհ տալով խաւարին։
Բայց մեր հողը յիշում է՝ այն դեռ կը պահի յիշատակ։
Ազգի խիղճը կը զարթնի, թէկուզ ուշացած,
Եւ ճշմարտութիւնը կրկին կը լուսաւորի մեր գիշերը՝ մթնած։
Փարիզ
Մարիամ Ասուլեան ծնած է Հայաստան՝ Վանաձոր, 2005-ին։ Կ’ապրի Ֆրանսա, փարիզեան արուարձանի մը մէջ։ Աւարտած է Դպրոցասէր տիկնանց վարժարանը։ Այժմ երկրորդականի աւարտական դասարանի աշակերտուհի է։ Մաս կը կազմէ Ծիծեռնակի (www.dzidzernag-asso.com) շուրջ հաւաքուած Դպրոցասէրի նախկին աշակերտներու խումբին։