ԱՐՄԻՆԷ ԱՊՐԵՍԵԱՆ
Քո աչքերի մէջ պատմութիւններ են,
Պարտութիւններ են
Ու պանդխտութիւն…
Քո աչքերի մէջ թողութիւններ են,
Կանխակալութիւն,
Նախապաշարմունք…
Անաւարտութեան տագնապի դող է,
Վարանումի հող,
Լռութեան ներբող…
Նախասահմանուած հրաժեշտի ցաւ,
Դաւը Յուդայի,
Արտասուքի գաւ…
Քո աչքերի մէջ մատնութիւններ են,
Անհարթութիւններ
Ու կիսատութիւն:
Եւ յուսակորոյս անյայտութիւն է՝
Գերբիւրապատիկ մենագարութեան,
Ինքնաներումի այլաբերութեան…
Լինելութիւնդ պառակտող կարօտ,
Տիեզերակալ ողբ է ու որոտ
Եւ արտագաղթող մտքերի երամ՝
Առաւելազանց ճշմարտանման՝
Մահուան պէս յստակ,
Կեանքի պէս կարկամ…
Քո աչքերի մէջ ամեն ինչ բարդ է,
Ծովից ծով թախիծ, հայրենի դարդ է,
Քո աչքերի մէջ կարօտը մարդ է,
Իսկ նրա հոգում եղեռն ու ջարդ է…
Աղաչում եմ քեզ, թող գամ ու մնամ,
Թող իմ ձեռքերով աչքերդ լվամ,
Թող ապաքինեմ հայեացքդ տարտամ,
Քո վերագտած հաւատը դառնամ
Ու ներդաշնանամ…
Ու յաւերժանամ…
Դիլիջան