Զարինէ Սառաջեան
ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՍԷՐ
Կ՚ուզե՞ս քեզ պատմեմ Արցախի մասին,
Նայիր աչքերիս,
Ես լռեմ…
Իմ լռութիւնը
Աւելի հազարախօս է,
Քան քո Շահերիզադէի
Հէքեաթներն անվերջանալի,
Մի գիշեր Շահերիզադէն
Կը քնի,
Իսկ իմ աչքերի թախծոտ լոյսը
Հազար ու մի գիշեր
եւ էլի անվերջանալի գիշերներ
Ու ցերեկներ
Կը շարունակի քեզ պատմել
Արցախի արեւածագերի,
Կարմիր մայրամուտների,
Լոյսի ու ստուերների,
Սիրոյ եւ աւելի մեծ սիրոյ
Եւ եդեմական այն սքանչելիքների
Մասին, որ չկան
Արեւելքի ամենաչքնաղ հէքեաթներում։
Կ՚ուզե՞ս քեզ պատմեմ Արցախի մասին,
Նայիր աչքերիս…
* * * * *
Սէր ես, որ չվայելեցինք,
Ծաղիկ ես, որի բոյրը չառանք,
Միրգ ես ամենաբարձր կատարին՝
Աշնան արեւից քաղցրացած,
Որին ամեն օր ձեռքս մեկնում,
Բայց չի հասնում,
Ծիածան ես հազարերանգ,
Որին ինչքան մօտենում,
Այնքան հեռանում է,
Լռութեան կապոյտ անեզրութիւն ես,
Որի հազարախօս բառերը չեն հասնում ինձ,
Գարնան մանուշակ ես՝ թփի տակ բուրող,
Որին բոյրով փնտռում, բայց չեմ գտնում,
Մանուկ ես նորածին,
Որին ինչքան նայում, չեմ կշտանում,
Իմաստուն ծերունի ես,
Որի չասուած խօսքերն եմ որսում,
Ճանապարհ ես՝ տուն կանչող,
Որով ամեն գիշեր, ամեն առաւօտ
Քայլում եմ, քայլում եմ, բայց տեղ չեմ հասնում…
Իմ Մենակ ու Միակ…
Իմ Արցախ։
ՅՈՅՍ
Մի լոյսի շող կայ առկայծող,
Որ ինչքան էլ խաւարակուռ է գիշերը,
Չի մարում երբէք,
Այդ շողը լոյս է տալիս,
Բեկբեկւում հաւատիս խորանում
Ու հրամայում չվհատուել, հաւատալ,
Որ անոտնահետք մնացած ճամբաները
Նորից կը ծաղկեն ոտնահետքերից,
Որ աւերակուող հայրենական տունը
Նորից կը կառուցուի, կը շէնանայ,
Որ հաւատի խաչը նորից վեր կը յառնի բարձունքներին,
Որ աղօթքներ կը հնչեն հայակարօտ սրբավայրերում,
Որ խոնարհուող ծաղիկների սպասող
Շիրիմները ծաղկեպսակներով կը պատուեն,
Որ մօր կարօտ արցունքը կը հպուի քարէ յուշարձան
Դարձած զաւակին,
Որ այգիներում կրկին կը քաղցրանայ նուռը,
Որ երկրում կը ծփան ուրախ երգերը,
Որ սովորական «Օզիւմ քինեամ տօն»-ը
Երազանքից կը դառնայ իրականութիւն…
Այդ լոյսի շողը յոյսն է, որ ապրու՜մ է,
Ապրու՜մ ու ապրեցնու՜մ։
* * * * *
Կ՚ուզե՞ս խղճիդ հետ զրոյց անել՝
— Մտածի՛ր Արցախի մասին։
Կ՚ուզե՞ս Աստծոյ հետ հաղորդակցուել՝
— Աղոթքիդ մէջ շշնջա՛ — Ամարաս, Գանձասար, Շուշի…
Կ՚ուզե՞ս փշրուող ինքնութեանդ նայել՝
— Մտքերիս ձուլուիր, ճամբորդենք իմ երկրում։
Կ՚ուզե՞ս Ոդիսեւսին դիւթող սիրենների ձայնը լսել՝
— Ձայնիս ելեւէջներն ունկնդրիր՝ Արցախի մասին խօսելիս։
Կ՚ուզե՞ս երազանքի մասին հէքեաթ հիւսել՝
— Յօրինիր կորցրած տունդ վերագտնելու հրաշքը։
Կ՚ուզե՞ս աշխարհի ամենամօտ հեռուն զգալ՝
— Ես կը պատմեմ կորցրած երկրի մասին։
Կ՚ուզե՞ս սիրոյ խոստովանութիւն անել՝ հարցրու.
— Կը պատմե՞ս Արցախի մասին…