Նանար Սիմոնեան
Պատերազմը հրաբուխի նման ճեղքել, երկինք է շպրտել ամենքիս նուիրական երազանքները։ Այս խառնաշփոթի մէջ մոլորվել է անգամ Աստուած, չգիտի որին հասնի ու օգնի, որին մխիթարի… Մեր կեանքը բաժանուել է երկու տարբեր, հակադիր բեւեռների՝ պատերազմից առաջ եւ պատերազմից յետոյ։ Մի կողմում ազատ ու անկախ Արցախն է՝ իր հազարաւոր յաղթանակած հայորդիների երջանիկ ու հպարտ կեցուածքով, միւս կողմում՝ ցաւից քարացած, կողոպտուած, սեփական հայրենիքում իրեն խորթ ու օտար զգացող, յաղթանակած հայրերի արժանապատիւ, բայց դաւաճանուած ու խեղճացած զաւակներն են։ Սերունդ, ով պարզապէս ուզում էր ապրել, սիրել ու ժպտալ։
Պատերազմից առաջ մեր սիրելի մարդիկ մեզ հետ էին, պատերազմից յետոյ ապրում ենք նրանց մասին յիշողութիւններով ու յոյսով, որ մի օր նրանք անպայման տուն են դառնալու, եւ ծանրացած օդը վերստին ապրել-արարելու կենսատու շնչով է լցուելու։
— Ինքնախաբեութեամբ էք զբաղուած ազգովի, — ականջիս շշնջում է Մեծն լոռեցին։
— Ի՞նչ։
— Մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպէս կը մնայ։
— Իսկ Աստուա՞ծ։ Մի՞թէ նա չի կարողանում չարիքի դէմն առնել, մարդակեր գազան մարդու խիղճն արթնացնել։
— Չարութեան ծովը եկել, սպառնում է խժռել մեղսագործ մարդկային ցեղը, ջնջել նրա պատմութիւնը, իսկ Աստուած չարութեան մոլեգին ծովում փրկութեան խարիսխներ է փորձում գտնել, փրկութեան խարիսխներ է փորձուո՜ւմ գտնել, փորձուուո՜ւմ գտնե՜լ…
Հեռուից եկող ձայնը հետզհետէ մարում է անորոշութեան գրկում։
Սրտիս արագ բաբախից բացւում են աչքերս, յիշում եմ իր տան բակում գլխատուած գործընկերոջս՝ նարեկագետ, աստուածաբան Վահրամ Լալայեանին, յիշում եմ ազնիւ, հայրենասէր, ընկերասէր ու համեստ դասընկերոջս՝ Տիգրանին։ Նա իր անձնուիրութեամբ ու համարձակութեամբ հասցրել է մարտի դաշտում փրկել բազում կեանքեր, իսկ նրա ճակատագիրն անյայտ է մնում օրեր, շաբաթներ ու ամիսներ շարունակ։ Յիշում եմ եղբօրս՝ Արթուրին, ով նախընտրեց Արցախեան առաջին պատերազմի մասնակից իր նուիրեալ հօր եւ հօրեղբօր գործը պատուով շարունակել եւ երկնային թագավորութիւնը պատուել իր թանկ ներկայութեամբ։ Յիշում եմ որդու՝ Ալիոշկայի դարձին սպասող մօր եւ տատի արցունքոտ աչքերը… Տեսնում եմ Արցախեան առաջին պատերազմի մասնակից Զաւէն հօրեղբօրը, ով որդու ոսկորներն է յուսահատ փնտռում Հադրութի անտառներում։ Տարիներ առաջ ինձ հոգեհարազատ դարձած, կեանքի փորձով իմաստնացած, Արցախեան առաջին պատերազմի տարիներին բազում փորձութիւններ յաղթահարած, բայց վշտի առաջ խեղճացած, իմ լաւագոյն բարեկամի՝ Ժաննա Բեգլարեանի բառերն են ականջներիս մէջ զրնգում. «Ինձ հերոսի կոչում պէտք չէ, ես իմ որդուն եմ ուզում… Ի՞նչ պատասխան պիտի տամ թոռնիկներիս…»:
Այս շարքը շարունակւում ու ձգւում է անցեալից մինչեւ ներկայ՝ երջանիկ ու ապահով անցեալից մինչեւ հեղհեղուկ ու ցաւոտ ներկայ, թւում է՝ շարքը ձգւում է մինչեւ յաւերժութիւն…
Խաւարի մէջ աղօթք եմ շշնջում, փորձում ցրել համատարած մութը, որը սպառնում է անգամ օրը ցերեկով…
Պատերազմից առաջ համատարած լոյս էր, պատերազմից յետոյ՝ համատարած խաւար։
Պատերազմը ժայթքեց անժամանակ եւ ողջ-ողջ կուլ տուեց մի ամբողջ սերնդի երազանք…