Բանաստեղծութիւններ

Խաչիկ Մանուկեան

Շրջուեցի, նայեցի՝
Կեանք չկար՝
Ո՛չ մօտիկ, ո՛չ հեռու վայրերում.
Ամենուր մեր սէրն է բացակայ,
Ամենուր լոյսը չի երեւում։
Չստացուած էսքիզներ,
Գորշ նկար,
Զղջումի հայեացքը՝ վերեւում,
Նա գիտէր՝
Մեր ներսում էլ չկայ,
Նա տեսաւ՝
Մարդը չի երեւում։

* * *

Դու թաքնուեցիր,
Տարիներն անցան,
Երջանկութիւնից բան չի մնացել,
Գլուխները կախ երկու մահարձան
Խունացող կեանքի ընթացքն են սանձել.
Պէտք չէ ընդգծել,
Իր համար գոյն է,
Խորքերում Աստծոյ շունչն է մնացել…
Դու կաթկթում ես՝
Մոմի հանգոյն է
Կրակը մարմնիդ վրայով անցել։
Երեք ամպրոպից մէկը սիրեցի՝
Լոյսերի փունջը քո դէմքով թուաց,
Ես չեմ աղմկի քո վերադարձին,
Ցնորքի գիրկը կը սահեմ
Կամաց…

* * *

Այս հանգանակուած երջանկութի՞ւնը ինձ պիտի տային՝
Որպէս աշխարհից խռոված սրտով մի մուրացկանի,
Մի՞թէ էս հողին առողջ ծիծաղի սերմեր չկային,
Եւ ողբերի մէջ դժոխքի քամին ինձ պիտի տանի։

Սանձել չեմ կարող, պոռթկում է արդէն ցասումն անողոք,
Եւ դուրս են թռչում իմ երակներից գազաններ վայրի,
Պարկեշտութիւն չէ՝ կրքախեղդ ապրել՝ իբրեւ այր խելօք,
Եւ սրբութիւն չէ կուսաթաղանթը անսէր պառաւի։

Անյագ հոգիներն այս՝ խաբէութեան ձիրքով անթերի,
Որ արքունիքի արբշիռութիւնն են միայն փայփայել՝
Կարո՞ղ են արդեօք մօտենալ ցաւիս ոտնահետքերին
Եւ բռնաբարուած առաքինութեամբ հայրենիք պահել։

Ոճիր է միայն, ծախու տենչերի անպատիժ ոճի՛ր,
Մեր երազների արիւնով իրենց կեանքն են զարդարել,
Բայց ես հօ գիտեմ, որ չի սպառուել քո հայեացքը ջինջ.
Դեռ պիտի շողա՜ս, պիտի արարե՜ս, նաիրեա՛ ն արեւ։

24 յուլիս 2019

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *