Արծուենի հայեացքով, հրեշտակի թեւերով լեռը

Գրիգոր Ջանիկեան

«Չնչին, ինչպէս Արարատին նետած քար
Ինչպէս անհաս Արարատին նետած քար… »:
«Նա գնում էր կրկին դէպի հեռուն այն լուրթ,
Դէպի լեառը անհաս ու վեհանիստ… »:
«Աշխա՛րհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ,
Ինչպէս անհաս փառքի ճամբայ…»:
Ե. Չ.

Ա

Մենք՝ բոլոր հայերս, մեր ծնուած օրից Արարատ ենք բարձրանում: Ու եթէ մեռնում ենք՝ մեռնում ենք Արարատի ճանապարհին: Բայց շարունակում ենք բարձրանալ, որովհետեւ հաւատում ենք՝ հասնելու ենք լուսապսակ գագաթին…

Բ

«Արարատը բազմածին հրաբուխ է՝ կազմուած նեոգէնի անգեզիտադացիտային եւ կուարց-տրախիտային լաւաների հզօր գոյացումից ու նրանց պիրոկլաստներից»: (ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ)

Գ

1946-ին, երբ մեր ընտանիքը Խորհրդային Հայաստան է ներգաղթել, մեզ կեցավայր են յատկացրել այն ժամանակ Ղշլաղ, յետոյ՝ Ժդանով, հիմա արդէն չգիտեմ ինչպէս վերանուանուած բնակավայրում: Մեծմամաս ամբողջ օրը հիացել է Լոռուայ տարաշխարհիկ բնապատկերներով, իսկ երեկոյան յանդիմանել է հօրս.
— Այս ո՞ւր բերիր ինձ:
— Ուր որ ուզում էիր՝ հայրենիք, — արդարացել է հայրս:
— Հայի հայրենիքն առանց Արարատի չի կարող լինել, — համոզուած պնդել է մեծմամաս:
Ու նոյնն այնքան է կրկնել, որ հայրս Երեւան է եկել, Նոր Արաբկիր թաղամասում (Վահագն Դաւթեանենց առանձնատանը դէմ-յանդիման, Ֆուրմանով փողոցի 1-ին նրբանցք, թիւ 12-ում) Արարատահայեաց բնակարան է վարձել: Մնացածը ես յիշում եմ: Մեծ մամաս ամեն առաւօտ պատշգամբում նստում, հայեացքը Արարատին յառելով էր խաչակնքում, սուրճ խմում, գիշերները Արարատին ուղղուած գոհաբանական աղօթքով էր անկողին մտնում:
Ռոդոստոյի Սուրրբ Խաչ եկեղեցու նախակրթարանում նրա վարժուհին Վազգէն 1-ին՝ ապագայ Վեհափառի մայրն էր եղել, մեծ մամաս համոզուած էր, որ Աստուածաշունչ մատեանում մի բառ յամենայն դէպս հայերէն սխալ է թարգմանուած. երբ ջրհեղեղի ջրերը քաշուել են, աղաւնին Նոյին ոչ թէ ձիթենու, այլ խաղողի ոստ է բերել, ու մեր նախահայրը, որպէս իրեն ու իր գերդաստանին փրկելու երախտիք, ոստը Արարատի մատոյցներում է տնկել, ուխտել յաւերժ փրկարար լեռանը հաւատարիմ լինել: Վկայութիւն՝ դաշտավայրը այդպէս է կոչուել, մինչեւ հիմա էլ կոչւում է՝ Նախիջեւան:
Ըստ մեծմօրս՝ ճիշտ նոյն կերպ, Տրդատ հայոց գերհզօր արքան, որպէսզի առաջին քրիստոնեական տաճարն անսասան մնայ, մէջքով Արարատից է հիմնասիւների ժեռ քարերը կրել: Վկայութիւն՝ Էջմիածնի Մայր Տաճարը մինչեւ հիմա կանգուն է, Արարատի զօրութեամբ կանգուն է մնալու յաւերժ:
Մահուան մահճում անգամ մեծմամաս պատուիրեց.
— Չլսեմ, չիմանամ յուղարկաւորող քահանաներին անսաք՝ դէմքս արեւելք, ոտքերս արեւմուտք ուղղէք. այնպէս հողին կը յանձնէք, որ Արարատը միշտ դիմացս լինի (Նոր Զէյթունի գերեզմանոց, 3-րդ ծառուղի, 15-րդ շիրմաթումբ):
Խեղճ մեծմամաս երկար ապրեց, բայց ինձ թւում է, յամենայն դէպս ժամանակից շուտ հոգին աւանդեց, որպէսզի չլսի, չիմանայ «Արարատը Հայաստանի, հայ ժողովրդի հետ ի՞նչ կապ, առնչութիւն ունի» հայախօս յայտնութիւնը:

Դ

Գոնէ ինձ յայտնի մահկանացուներից առաջինը, ով ոտք է դրել Արարատի գագաթին, եղել է Դորպատի համալսարանի ուսուցչապետ Պարրոտը: Էջմիածնի վանքի դպիր Խաչատուր Աբովեանը, որ ուղեկցում էր նրան, անընդհատ առաջ էր ընկնում, նախ որ ջահել ու առոյգ էր, յետոյ՝ անհամբեր, ուզում էր առաջինը տեղ հասնել: Բայց, երբ մօտեցան գագաթին, խոհեմաբար հետ քաշուեց, առաջնութիւնը բարերարին ու հիւրին զիջեց:
Հայկական հիւրամեծարութիւնը Արարատի գագաթը հրէ լուսապսակով էր օծել…

Ե

Դուք ինձ հարցնում էք, թէ ո՞վ է հայը:
Հայը նա է, ով աշխարհի որ պատուհանից էլ նայում, Արարատն է տեսնում:
Հայը Վիլիամ Սարոյեանն էր, ով գրում էր անգլերէն, խօսում էր անգլերէն, բայց աշխարհով մէկ գոռում էր, որ ինքը հայ է ու աղերսում էր, որ իր աճիւնի գէթ նշխարները Արարատահայեաց Հայաստանում հողին յանձնեն:
Հայը Շառլ Ազնաւուրն էր, ով գրում էր ֆրանսերէն, կատարում էր ֆրանսերէն, բայց խոստովանում էր, որ Սայեաթ-Նովայից է սերում ու հայերէն Արարատաօծ երգեր էր կատարում:
Հայը դարի խոշորագոյն երգահան Արամ Խաչատրեանն էր, ով Խորհրդային Հայաստանի հիմներգը միջնադարեան տաղերով էր երկնում ու կտակում էր, որ իրեն պապերի բնօրրանում յուղարկաւորեն, դէմքը Սրբազան լեռանն ուղղեն:
Հայը ես ու դու ենք հայրենակից, որովհետեւ Արարատի՝ յաւերժութեան օրհնութիւնն ունենք մեր ճակատին:

Զ

1903 թուականին, ով գիտէ ինչպէս, այլազգի երկրաբաններին միախառնուել, Արարատի գագաթն էր բարձրացել թիֆլիսաբնակ Արշաւիր Մխիթարեանը:
Այլազգի երկրաբանները մասնագիտական փութկոտութեամբ արագ-արագ հաշուարկներ ու չափումեր էին կատարում, իսկ միակ հայը…
— Ես երեսս դրի հայրենի լեռան սառը գագաթին ու սկսեցի հեկեկալ… Տարածելով ձեռքերս՝ ես փայփայում էի ծերունի լեռան սպիտակ վարսերը, քսում էի երեսս նրա սառած երեսին, անյագուրդ ագահութեամբ համբուրում էի ձիւնեղէն ճակատը, անսահման կարօտով տրորում էի այտերս նրա սառոյց այտերին ու կրկնում անընդհատ. «խօսի՛ր, մի բան ասա, իմ անգին, իմ հոգի»:
Ամբողջ Հայաստանի ծովածաւալ դաշտերը, լայն հովիտները, կապուտակ գետերը, լեռների սիրուն շարքերը այնպէս սերտ, այնպէս համերաշխ էին բոլորուել ծերուկ նահապետի շուրջը, որ նրանց բաժանել իրարից չէ կարող ո՛չ մի զօրութիւն:

Է

Ո՜նց չեմ ուզում, որ Ամանորը գայ…
Ինչպէս ամեն տարեմուտի, Ակնից Դէյր-էզ-Զօր-Ռոդոստօ-Բուլղարիա-Արարատեան Հայաստան հասած մեր գերդաստանի ամենակրտսեր Գրիգորը այցելելու է գերդաստանի ամենաաւագ Գրիգորին՝ իմ տօնը շնորհաւորելու, իսկ ես թոշակառուի արդէն երրորդ ամսուայ խնայողութիւններիս վստահելով, հարցնելու եմ.
— Ձագուկս, Նոր Տարուն ի՞նչ ես ուզում, որ Ձմեռ Պապին քեզ նուէր բերի:
Գրիգոր թոռս, որ իր դասագրքում ներառնուած իմ մի գրութիւնը կարդացել, միայն «ծածանուել» բառն է մտապահել, հաստատ ինձ հաճոյանալու մանկական միամտութեամբ ասելու է.
— Պապիկ ջան, ես ուզում եմ, որ այս յունուարի 1-ին Արարատի գագաթին ծածանուի հայոց եռագոյնը:
(Նոր Սեբաստիայի բազմայարկի 9-րդ յարկի մեր պատուհանից Արարատն, իրօք, փառահեղ է):
Ձմեռ պապի, լսո՞ւմ ես, շուտով Գրիգոր թոռնիկս նորից գալու է իմ Նոր Տարին շնորհաւորելու ու նորից նոյնը կրկնելու է, ի՞նչ ես ասելու:
Ես ի՞նչ եմ ասելու:

Ը

Նիւեորքաբնակ իմ գրչեղբայրը՝ Հրանտ Մարգարեանը, որ Իրաքում ծնուել, մի ամբողջ կեանք Միացեալ Նահանգներում ապրել, բայց էութեամբ վանեցի, աւելի ճիշտ մերձակայ շուշանցեցի է մնացել, շատ ծանր տարաւ մօր կորուստը: Մայրը մօտ հարիւր տարի ապրեց, համբերեց, բայց որդին այդպէս էլ չկարողացաւ իրականացնել նուիրական փափագը՝ վերջին անգամ բնօրրանը՝ Շուշանց գիւղը չտարաւ:
Հրանտը որդիական պատուախնդրութեամբ կատարեց մօր յուղարկաւորութեան հայկական ու քրիստոէական բոլոր պարտականութիւնները, յետոյ, ամենայն հաւանականութեամբ խղճի հանգստութեան համար որոշեց մտերիմների ուխտ նախաձեռնել Շուշանց:
Մեր առաջին հանգրուանը, մենք դա գիտէինք, նախապատրաստուել էինք, Արարատ լեռան մատոյցներում էր: Սուփրա փռեցինք, ընտրագոյն համադամներ բրդուջեցինք, ընտրագոյն կոնեակով ոտքի կանգնեցինք, որ ողջունենք Արարատին: Նոր նկատեցինք, որ ամենեւին նման չէ Արարատեան դաշտաւայրում յառնող լուսապսակին, կորաքամակ, կռնակը մեզ շրջած, հայեացքը մշուշած զառամեալ է:
— Արարատը մեզի քէն ըրած է, խռով է, — պատճառը չհասկացաւ, բայց վշտացաւ Հրանտը:
Կից՝ Դողուբայազիդ գիւղի կանայք լաչակներով դէմքները ծածկում, հեռուից էին մեր խրախճանքը դիտում:Մանուկները, լեզուս չի պտտւում, որ լամուկ կոչեմ, հէնց համարձակւում, մօտենում էին, մենք նրանց ամենահամեղ պատառներն էինք հիւրասիրում, բայց տեղնուտեղը յայտնւում էին տղամարդիկ, ձեռքներից խլում ու ոչ թէ տրեխանման ոտնամաններով ճխլում, այլ իրենք էին խժռում:
Իրավիճակը ճնշող էր, վեր կենալ որոշեցինք:
Հէնց այդ պահին էլ Արարատն ասես կենդանացաւ:
— Գնո՞ւմ էք, — տագնապեց:
Չպատասխանեցինք:
— Ինչի՞ եկաք, ինչի՞ էք գնում, — մթամպեց:
Յետ չշրջուեցինք:
— Ինձ էլի մենա՞կ էք թողնում, — տուայտեց:
Չարձագանգեցինք:
Լաց էինք լինում:

Թ

«Զուարթնոց» օդանաւակայանում դիմաւորում եմ Ֆրանսիայից ժամանող ծեր, ես կ՚ասէի ծերագոյն ակնցի հայրենակցիս: Ուխտ է արել, որոշել է մինչեւ մեռնելը Արարատը տեսնել:
Ելել է թռիչքադաշտից, ճամպրուկը, անձնագրային ձեւակերպումները մոռացած, Արարատի վեհութեամբ հիանում ու աչքերում արցունքի կալեակներ են լճանում:
— Ասում էին՝ չէի հաւատում, — մրմնջում է:
— Ի՞նչը, — չեմ հասկանում:
— Որ Արարատը Հայաստանում չէ, — հայեացքի թախիծը զգացի, համոզուեցի:
Գրողական հնարանքի եմ դիմում.
— Բայց Արարատը ամեն հայի սրտում է, — ասում եմ, — ու ամեն հայ է Արարատի սրտում:
Արդէն փոխադրամիջոցում բռնում է ձեռքս.
— Ինչո՞ւ ենք մենք մեզ խաբում: — Ինքը հարցնում, ինքն էլ պատասխանում է: Դարձեա՛լ հարցով: — Թոյլ ենք՝ դրա՞ համար…
Հայաստանցի հայի արժանապատւութեամբ վիրաւորւում, մեր ուժը հաւաստելու համար վկայակոչում եմ բազում պատմավէպերի հերոսների՝ Վարդան Մամիկոնեանին, Դաւիթ Բեկին, Գէորգ Մարզպետունուն…
Աւելի ամուր է բռնում ձեռքս, որ չշարունակեմ:
— Այդ գրքերը ես էլ եմ կարդացել, — ձայնը թանձրանում է, — հազարաւոր տարիներ գրչով ապրեցինք, բաւական է, այսույետ, եթէ ուզում ենք գոյատեւել ու մանաւանդ յարատեւել, այլ կերպ պիտի ապրենք:
Դարձեալ չեմ հասկանում.
— Ի՞նչ կերպ:
Թողնում է ձեռքս, Արարատին է շրջւում.
— Զէնքո՛վ…

Ժ

Որտեղի՞ց են ծնւում առասպելները: Ի հարկէ՛, իրականութիւնից, մե՛ր իրականութիւնից: Արարատի շրջանի Արարատ գիւղում, Վազգէն Սարգսեանենց բացօթեայ պատշգամբում, Նոյ Նահապետի հնձանի գինին ենք խմում, Արարատով զմայլւում: Վազգէնը հաւատացած է, ինձ էլ ուզում է հաւատացնել, որ իր նախնիները հանդիպակաց լեռան Ակոռի գիւղից են, ժաժքից յետոյ են հովիտ տեղափոխուել, առանձնատունն այն դիրքով են կառուցել, որպէսզի սրբազան լեռը միշտ իրենց դիմաց լինի, կարօտին դիմանան, հնարավորին չափ շուտ վերադառնան:
Վազգէն Սարգսեանը չգիտեմ ինչու համոզուած էր, որ Արարատ տանող ճանապարհը Արցախով է անցնում: Նա փառքով յաղթահարեց այդ ուղու դժուարին փուլը, ու չնայած դաւադիր ոլորաններում ընկաւ, շարունակում է գլխաւորել Արարատ տանող մեր յաղթերթը:
Գլխաւորում էր երեկ:
Գլխաւորում է այսօր:
Գլխաւորելու է վաղը:
Մի՛շտ:

ԺԱ

Ուզում էք հայութեանը վերացնե՞լ:
Նախ հայութեան յաւերժութեան խորհրդանիշը՝ Աստուածաշնչեան Արարատը վերացրէք:
Կարո՞ղ էք:
Ուրեմն մի՛ կաղկանձէք:
Շունշանորդիներ:

ԺԲ

Մենք՝ բոլոր հայերս, մեր ծնուած օրից Արարատ ենք բարձրանում…

Երեւան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *