Բանաստեղծութիւններ

Հերմինէ Աւագեան
ՈՒԶՈՒՄ ԵՄ

Ուզում եմ երջանկութիւնը
տաք վերմակ լինի,
ծածկուեմ ու քնեմ,
չմտածեմ, որ դրսում դեկտեմբեր է
ու դաժան ձմեռ է լինելու…
Ուզում եմ երջանկութիւնը էն իմ սիրած
կօշիկը լինի, որ իսկական կաշուից է,
որ ինչքան էլ հագնում եմ, չի մաշւում…
Ուզում եմ երջանկութիւնը իմ սիրած
ականջօղի պէս ամեն օր կրել,
այդպէս գնալ աշխատանքի,
քնելիս չհանել, չդնել մահճակալիս մօտ…
Ուզում եմ երջանկութիւնը
մի աննկատ անցքով մտնի սիրտս
ու դուրս գալու տեղ չգտնի,
մնայ սրտիս պահարանում,
խունանայ, հնանայ, բայց մնայ…
Ուզում եմ երջանկութեանս համար
փոքրիկ վանդակ շինել ու թութակի պէս
ամեն օր կերակրել նրան, վարժեցնել,
որ մի օր խօսի իմ լեզուով…
Ուզում եմ… մի քիչ շատ բան եմ ուզում,
չլինելու բան,
որովհետեւ երբ ես ծնուեցի,
երջանկութիւնը չիմացաւ իմ ծնուելու մասին,
նա աքսորուած էր, դատապարտուած էր
ինչ-որ չնչին յանցանքի համար…
յետոյ նրան արդարացրին,
նա նորից եկաւ, եկաւ ու մնաց շուար կանգնած,
ես վաղուց մեծ էի եւ չէի ուրախանում թիթիզ բաներով,
ես թիթեռներ այլեւս չէի բռնում,
որովհետեւ մեր տանը էլ թիթեռի տեղ չկար,
մեր տունը լիքն էր երազանքներով,
դարակներից երազանքները թափւում էին,
տեղ չկա՜ր…
Երջանկութիւնը երկար նայեց ինձ,
բայց ես նրան չճանաչեցի,
որովհետեւ ես նրան երբեք չէի տեսել…
Երջանկութիւնը ժպտաց
ու ես լաց եղայ կարօտից…
. . .
Ուզում եմ երջանկութիւնը
ծնուի բառերիս հետ,
ցած ընկնի գրչիս ծայրից,
Ուզում եմ յօրինել, գրել նրան
ու ոչ մի տեղ չտպագրել,
ոչ մի մրցանակ չստանալ գրածիս համար,
Ուզում եմ թաքուն պահել,
չկարդալ ոչ մէկի մօտ,
պահել թուղթը բարձիս տակ ու չպատռել…
ու չպատռել…

* * *

Կանչիր խաղաղութեանը մեր տուն, մա՛մ,
շոյիր գլուխը ու վառարանի
տաք լոյսի տակ չորացրու շորերը,
տաք թէյ տուր, թող ձայնը բացուի,
խօսելու շատ բան ունենք։
Ուսապարկի մէջ
փնտրիր նամակները մեր
ու ասա, որ այս գիշեր չի քնելու,
մինչեւ չգրի պատասխանները։

Հէքեաթներ չպատմես նրան, թող չքնի,
մանկական ալբոմներ տուր,
որտեղ ինքը չկայ,
որտեղ մանկութիւն չկայ,
որտեղ պապաներ չկան,
բայց կան երեխաներ,
շատ երեխաներ…

Կանչիր խաղաղութեանը մեր տուն, մա՛մ,
այնպէս կանչիր,
ինչպես ինձ էիր կանչում,
երբ մի քիչ երկար էի մնում բակում,
թարս նայիր, թող տուն գայ,
շատ է թափառել։

Ասա, թող բակի երեխէքի հետ
կռիւ-կռիւ խաղայ,
թող հաւաքի բոլոր խաղալիք զէնքերը
ու մի քիչ մանկութիւն բաժանի,
մի քիչ երազանք,
մի քիչ ամեն ինչից, որ չունեն…

Կանչիր խաղաղութեանը մեր տուն, մա՛մ…

* * *

Աշխարհի ամենաբարձր կէտը կարօտս է,
այնտեղ ձմեռ է արդէն,
ձմեռը սեպտեմբերին է սկսել։

Ոչ ոք այնտեղ հասնել չի կարող,
բայց պիտի հասնեմ մի օր,
չգիտեմ, թէ երբ…

Մանկութիւնս լեռան վրայ է մեծացել,
յետոյ հեռացել է աննկատ
ու ինձ մոռացել է լեռներում։

Աշխարհի ամենաբարձր կէտը
աշխարհի քարտէզի վրայ չկայ.
իմ ներսի քարտէզում է,
իմ ներսի երկրում.
այնտեղ մի ժամանակ մարդիկ էին ապրում,
հիմա միայն ձիւն է,
այնտեղ մարդիկ էին ստեղծում եղանակը։

Ես հաւաքում եմ աշխարհի
բոլոր քարտէզները
ու թղթէ ինքնաթիռներ եմ պատրաստում.
իմ երկիրը ինքնաթիռներ չունէր,
մերը միշտ թղթից է եղել,
հիմա երկինք էլ չունենք։

Կարօտս ամեն օր
երկինք է յօրինում եւ թռչել է սովորում.
Ես դեռ հաւատում եմ, որ
կարօտս ձիթենու ճիւղով է յետ գալու
եւ ջրհեղեղից յետոյ
աշխարհի ամենաբարձր կէտը
նորից իմն է լինելու…

… իսկ այս անգամ Նոյի փոխարէն
ես եմ աղաւնիներ բաց թողելու…

Արցախ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *