Անահիտ Գաբրիէլեան
Ամեն ինչ սկսուեց յանկարծակի… Մի օր քարն օտար շունչ զգաց, օտար դէմքեր նկատեց… Օտար ափերը նախկին տէրերի ափերի պէս չէին շոյում իր կողերը, օտարները ակնածանքով չէին համբուրում իր դէմքը, չէին խաչակնքում երեսներին… Նախկին հարազատ դէմքերը էլ չերեւացին… դադարեց մանուկների քաղցրանուշ ճռուողիւնը… մատաղացու գառան մայիւնը… Ուր-որ տեղ մնաց «Հայր-մեր»-ը… Անհետացաւ ինչ-որ հարազատ բան, ու ինքն էլ չհասկացաւ, թէ ինչպե՞ս, ինչո՞ւ դա կատարուեց… Ասենք… վաղուց ինչ-որ տագնապ էր թափառում օդում… Վերջերս ինչ-որ զգուշութիւն էր զգացւում մամիկների զրոյցներում, ծիծաղը խամրել էր հարսների դէմքին, երեխաները հազուադէպ էին երեւում վանքի բակում… Վատ կանխազգացումը պատել էր իրեն, սակայն… Ի՞նչ իմանար… Մի գիշեր մթան քօղի տակ ինչ-որ բան կատարուեց… ամպրոպն ու որոտը ինչ-որ ձայներ խլացրին… Ամեն ինչ մթի մէջ շարժւում էր, վազում, վայնասունը բռնել էր շուրջ բոլորը… Որքան էլ լարուեց՝ բան չհասկացաւ, տեղը պինդ էր, անհնար էր շարժուել… իր կպած տեղից բան չէր երեւում… յետոյ… անծանօթ մարդիկ երեւացին… Իրեն բանի տեղ չդրեցին… Ցեխոտ ոտքերով կոխկրտեցին վանքի մարմարէ յատակի գորգերը… ինչ-որ գաղջ հոտից շնչելը դժուարացաւ, ու անասելի տխրութիւնը մէկէն թագաւորեց շուրջ բոլորը… Գորգերը հաւաքեցին-տարան ուր-որ, զանգը հանեցին, վանքը դատարկուեց, քահանան էլ չերեւաց… յետոյ հարեւան պատի իր ընկեր քարը կը պատմի քահանայի կտրուած մօրուքի եւ ականջների մասին… Ու ինքը կեանքում առաջին անգամ կը զգայ դաժանութեան դառնահոտը…
Վանքը էլ վանք չէր, էլ սրբատեղի չէր, աղօթք-մրմունջ չկար նրա կամարների տակ… Այլեւս այն անշուք մի շինութիւն էր, ուր ամռան տապին մակաղում էին ոչխարները… Քարը զզւում էր դրանց հոտից ու կարօտով էր յիշում խունկի զգլխիչ բոյրը… Նա իրեն յոգնած ու դառնացած էր զգում, երբեմն ուզում էր մի լաւ լաց լինել, սակայն քար էր, արցունք չէր ծնւում իրանից… Ու ծանրացած սրտով շարունակում էր ի զուր թուացող իր գոյութիւնը…
Ու մի օր յայտնուեցին բահ ու քլունգով մարդիկ… Նրանք անծանօթ լեզուով էին խօսում… Բիրտ հարուածներից սիրտը նուաղեց, աչքերը սեւացան… Մի քանի ժամում վանքի պատերը քանդեցին, ջոկեցին սրբատաշ քարերը ու տարան… Տարան ինչ-որ անծանօթ տեղ, ուր վրանների կողքին կիսակառոյց պատեր էին բարձրանում… Քարը իրեն թոյլ էր զգում… իրար գլխի թափուելուց ուղիղ անկիւնները մաշվել-ցաւում էին, շունչը կտրւում էր… Բայց աւելի շատ սիրտն էր ցաւում… ցաւում էր արհամարհուած լինելուց… Երանութեամբ էր յիշում երիտասարդ տարիները, երբ քարտաշ Աբգարի հմուտ մատները գուրգուրալով տաշեցին ու նախշեցին-գեղեցկացրին իր կողերը… յետոյ իրեն դրին վանքի պատի մէջ, դռան կողքին, ու ամեն հաւատացեալ, աղօթելուց յետոյ, վանքից դուրս գալիս իր հարկն էր համարում համբուրել իր սրբատաշ կողը… Այդքան սիրուած լինելուց քարն աւելի էր գեղեցկացել… Երբեմն նա ամօթխածութիւնից շիկնում էր, սակայն ճերմակութիւնը քօղարկում էր նրա շիկնանքը, եւ ոչ ոք դա չէր նկատում… Իսկ հիմա… Հիմա նա ինչ-որ օտար տան պատի մէջ սեղմուել է անծանօթ քարերով ու ազատ շունչ քաշել էլ չի լինում… Ամեն ինչ օտար է այստեղ, թէպէտ այնքա՜ն ծանօթ բան կայ շուրջը… Օտար են բարքերը, օտար են խօսքը, դէմքերը… Նա խոր հառաչեց, սակայն ոչ ոք չլսեց նրա հոգոցը. ամեն ոք իրենով էր զբաղուած… Յիշեց վանքի իր ընկերներին, իրենց համերաշխ պատը… Ցանկացաւ մի լաւ լաց լինել-հանգստանալ, մեղմել կարօտը, սակայն արցունք չկաթեց, սիրտն էլ էր քարացել… Մի անգամ, միայն մի անգամ՝ նա ծանօթ դէմքեր նկատեց… Տարիներ էին անցել… Երկու տարեց տղամարդ մօտեցան տանը, երկա՜ր-երկար տնտղեցին պատը եւ, մօտենալով իրեն, կարօտով շոյեցին սրբատաշ կողը… Այդ հպումից սիրտը կարծես կանգ առաւ, մարմնով սարսուռ անցաւ… Նա հաստատ համոզուած էր, որ հարազատ մարդիկ դերեւս կը վերադառնան եւ կրկին իրեն կը տանեն-կը դնեն վանքի պատում, դռան մօտ… Վանքի զանգի լեզուակի զգաստ «դինգ-դոնգ»-ը կրկին մամիկներին կը կանչի պատարագի… Մանուկների ճռուողիւնով շրջապատուած մատաղացու սեւ գառը երեք անգամ կը պտտեցնեն վանքի շուրջ, մեծերի ու փոքրերի աղօթքը կը համբառնի առ Աստուած… Տէրն ունկնդիր կը լինի բոլոր աղօթքներին ու… կը կատարուեն բոլոր իղձերը…
Եւ համատարած այդ երջանկութեան մէջ Քարը, դռան մօտ, պատի մէջ փառահեղօրէն բազմած սրբատաշ Քարը, հաւատացած եմ, կը ծաղկի երջանկութիւնից…
Հեղինակին մասին
Անահիտ Գաբրիէլեան 28 տարի վարած է Շուշիի շրջվարչակազմի, ապա քաղաքապետարանի քարտուղարութիւնը։ Նախապէս դասաւանդած է Արցախի զանազան դպրոցներէն ներս, ինչպէս նաեւ շուրջ 30 տարի աշխատակցած է թերթերուն։ Հեղինակ է 4 ժողովածուի եւ 2 անտիպ գրքի։ Արցախի հանրապետութեան Գրողներու եւ Լրագրողներու միութիւններուն անդամ է։