ՊԵՏՐՈՍԻ ԲԱԺԻՆ ՈՍՏԻԿԱՆԸ

Վազգէն Գաբրիէլեան

Երկու տարի առաջ Արտակը, ծառայողի պաշտօն ստանալով, ընտանիքով գիւղից մարզկենտրոն տեղափոխուեց: Իննսունմէկին մօտեցող, բայց դեռ առոյգ Պետրոսը, որ կնոջ մահից յետոյ ապրում էր եղբօր տղայի՝ Արտակի տանը, նոր զրուցակիցներ գտաւ քաղաքային զբօսայգում: Տարեցները նրանից աւելի ջահել էին, ընդունեցին որպէս «մեծ ախպէր», ներողամիտ ժպտում էին նրա մեկնաբանութիւնների վրայ, երբեմն՝ հաւանութիւն տալիս, երբեմն՝ առարկում: Աւելի երիտասարդները, ունկնդրելով մեծերին, վիճում էին իրար հետ:
Պետրոսը քանի որ համոզուած էր, որ ինքր ոչ թէ իր, այլ՝ երկրի, պետութեան, մարդկանց մասին է մտածում, յաճախ, յատկապէս Առաջին ալիքի երեկոյեան լուրերից ու հարցազրոյցներից յետոյ, քնելուց առաջ, մտովի, հանգամանօրէն ձեւաւորում էր իր նոր առաջարկը՝ յաջորդ օրը զբօսայգում այն քննարկելու համար: Արդէն քանի օր է՝ մտովի հոլովում էր մեր ոստիկանների խնդիրը. շա՞տ են, թէ՞ քիչ, ո՞ւմ են պաշտպանում, լա՞ւն են, թէ՞ ոչ: Այգում տարբեր կարծիքներ էր լսել, երեկոյեան հեռուստացոյցով նրանց կուռ շարքերը տեսաւ: Խառնակ մտքերը չէին զուլալւում: Գիշերը կիսուել էր, որ քնեց: Բայց քնում, արթնանում էր, նորից էր քնում, նորից արթնանում ու չէր հասկանում՝ այդ մտածումները քնի՞ մէջ էին, թէ՞ արթմնի: Ու քնի մէջ, աւելի ճիշտ՝ երազի, խառնւում էին հեռուստացոյցով տեսած տարբեր օրերի ու տարիների պատկերներ, ու, զարմանալիօրէն, դրանք ոստիկանների ու պարեկների պատկերներ էին (թէեւ այդպէս էլ չհասկացաւ դրանց տարբերութիւնը): Երազում տեսած պատկերները նա փորձում էր հասկանալ արթնացած պահերին, բայց նորից ննջում էր, ու նոր պատկերները խառնում էին արթմնի մտածումները: Երազում նրանք գալիս էին խմբերով, հանգիստ պտտւում էին զբօսայգիներում, փողոցների խաչմերուկներում կարգաւորում էին երթեւեկութիւնը, ուղղորդում քաղաքացիներին՝ ո՛ր մայթով կարելի է գնալ եւ որտեղով՝ ո՛չ, վազելով հասնում ու շարք էին կազմում մի մեծ դարպասի առջեւ: Ամենագեղեցիկն, ի հարկէ, հրապարակի խմբերի արագ տեղաշարժման՝ ցրուելու եւ կուռ շարքերով միաւորուելու՝ ինչպէս զօրաբանակ, պահերն էին (յիշեց անցեալ ժամանակների զինուորական շքերթները հրապարակում): Շարքերին առանձին հմայք էին պարգեւում նրանց տարագոյն գլխարկները: Բայց ինչո՞ւ տարբեր խմբեր տարբեր գոյնի՝ մտածեց Պետրոսը, չէ՞ որ բոլորն էլ մեր ոստիկաններն են: Գուցէ մեր դրօշի գոյնե՞րն են՝ մտածեց, բայց չկարողացաւ դրանք տարբերակել, որովհետեւ նրանք, հրապարակի ասֆալտը դոփելով, խռնուեցին մի մեծ շէնքի դռան մօտ ու շէնքի երկայնքով մի քանի շարքով կանգնեցին աներեր՝ որպէս հայրենեաց անվեհեր պաշտպան, եւ այժմ ո՞վ, ո՞ր թշնամին կարող էր այդ պատից պոկել անգամ քարի մի փշուր: Յետոյ մօտենում էին քաղաքացիները՝ կանայք, տղամարդիկ, եւ դէմ առնելով նրանց՝ կանգ էին առնում: Ինչ-որ բաներ էին ասում, հարցեր էին տալիս թէ խնդրում, բայց նրանք լուռ էին, նայում էին անորոշ մի կողմ: Պետրոսն ուշադիր, սեւեռուն հայեացքով ուզում էր որսալ նրանց հայեացքները, բայց նրանց դէմքի մի մկանն անգամ չէր շարժւում: Այդպէս աներեր կանգնած՝ նրանք պաշտպանում էին քաղաքացիներին, որ նրանք ապրեն խաղաղ, առանց վէճերի: Յիշեց, այդպէս ասում էր հանրայինի մեկնաբանը նախորդ երեկոյեան: Նրանք, ասում էր մեկնաբանը, նրանց այս բազմաքանակ ամրակուռ բանակը այսօր այստեղ, իսկ վաղը, եթէ հարկ լինի, սահմանին կը կանգնի այսպէս ամուր, անսասան, թէկուզ անզէն, որպէս հէնց պատ, եւ ո՞վ կարող է քանդել այդ պատը: Պետրոսը հպարտութեան զգացում ունեցաւ՝ յիշելով այդ խօսքերն ու նայելով թիկնեղ, ջլապինդ ոստիկանների անյողդողդ շարքերին՝ «Աստուա՜ծ իմ, ինչքա՜ն էլ գեղեցիկ է…»: Եւ յանկարծ, հէնց այդ պահին, Պետրոսը հասկացաւ, որ երազի մէջ է, որովհետեւ կարծես նրանց կողքին է, մարդիկ խօսում են, ինչ-որ բաներ պահանջում, ոստիկանները լռում են, նրանցից մի երկուսն են միայն ինչ-որ հարցերի պատասխանում, եւ մէկը ձայնափողով յայտարարութիւն է անում, բայց ոչ մէկի ձայնը չի լսւում: Երբ երազում հասկանում ես, որ տեսածդ երազ է, նշանակում է արթնացման ճանապարհին ես… կէս քուն, կէս արթուն՝ Պետրոսն ուզում էր տեսնել շարունակութիւնն ու լսել, թէ ինչ էին խօսում: Լինում է, չէ՞, որ արթնանում ու նորից քնում ես, շարունակւում է նոյն երազը… Պետրոսը հրապարակ մտաւ, բայց հաւաքուածներն արդէն գրեթէ ցրուել էին, մի քանի երիտասարդ պարեկներ, խաղաղ զրուցելով, քայլում էին մայթով: Հիմա ձայնը կար: «Ուրեմն երազ չէ», — մտածեց: Ուզում էր մօտենալ, լսել նրանց խօսքերը, բայց երիտասարդ պարեկներից մէկը ինքը մօտեցաւ: «Բարեւ, Պետրոս պապ, դո՛ւ ինչ գործ ունես այստեղ»: Ճանաչեց: Գիւղի իրենց հարեւան Սաքոյի փոքր տղան է: «Գուրգէ՞ն, էս ոնց ես փոխուել… Ողորմի հօրդ, քեզ շատ էր սիրում, ապրէր, քեզ այսպէս՝ տղամարդ տեսնէր: Լսել էի, որ սպա ես, բանակում ժամկէտային ծառայութեան, հիմի այստեղ…»: «Հիմա էլ, — աջ ձեռքով թիկունքից գրկելով Պետրոսին (ասես հարազատին էր գտել), -— այստեղ եմ ծառայում, ժողովրդին, կարգերն եմ պահպանում, ինչ տարբերութիւն, էլի ծառայութիւն է»: Քայլում էին ու զրուցում: «Բանակում, — անկեղծացաւ Գուրգէնը ժպտալով ու ցածրաձայն շարունակեց, — հա՛մ գործը դժուար էր, հա՛մ՝ վտանգաւոր, հա՛մ էլ աւելի քիչ էին վճարում, իսկ այստեղ ե՛ւ անվտանգ է, ե՛ւ լաւ են վճարում, ու ամեն օր չէ, որ գործ կայ»: «Իսկ որպէս ի՞նչ ես աշխատում»: «Չտեսա՞ր, հիմնականում որպէս պատ եմ աշխատում, Պետրոս պապ: Գալիս են, դէմ առնում ու կանգնում: Երկար չի տեւում: Երկու, երեք ժամ: խօսում, խօսում են ու ցրւում: Ու տես, հիմա ինչքան խաղաղ է հրապարակը… մեր շնորհիւ…»:
Պետրոսը շրջուեց անկողնում եւ աչքերը դեռ փակ՝ հասկացաւ, որ երազն աւարտուել է, որ Գուրգէնի վերջին պատմութիւնները չի յիշում ու զարմացաւ, թէ ինչո՞ւ երազում պիտի հէնց նրան տեսնէր: Յիշեց նախորդ օրուայ զրոյցը համագիւղացի Օհանի հետ, որ հիմա նոյնպէս մարզկենտրոնում է ապրում: «Հրէն, — ասաց Օհանը, — մեր Վարդանի երկու տղաները զինուորական էին, չէ՞, հիմի ոստիկան են, Վերին թաղի Մուրադի երկու թոռներն էլ, որ սովորելու հետ սէր չունէին, բանակային ծառայութիւնից յետոյ պարեկ դարձան»: «Բա առանց կրթութեան կարելի՞ է», — հարցրեց: «Երբ աշխատատեղ շատ կայ, ով էլ լինի՝ ընդունում են, միայն թէ առողջ, ամրակազմ ու լսող տղայ լինի: Յետոյ, Պետրոս, որքան շատ աշխատատեղ լինի՝ այն էլ բարձր աշխատավարձով, այնքան լավ…»:
Մի քանի օր Պետրոսը զբօսայգում ընկերների հետ երազի դրուագներն էր քննարկում ու հեռուստատեսային լուրերը: Եւ թեման հիմնականում ոստիկաններն էին: Ոմանք արդարացնում էին նրանց, ոմանք՝ մեղադրում:
Տանը, երբ մենակ էր մնում, մտովի կրկին քննարկում էր… եւ ահա գտաւ հարցի, իր կարծիքով, լաւագոյն լուծումը… Ու որոշեց նաեւ՝ պէտք չէ իր ծրագիր-առաջարկը այգում քննարկել: Պէտք է խնդրել արդէն թոշակառու ժուռնալիստ Վարդումեանին, որ իր առաջարկները ժուռնալիստավարի շարադրի ու որեւէ թերթի ուղարկի. Երեւանում նա ծանօթներ հաստատ շատ կ՚ունենայ…
Վարդումեանը նրան լսեց սիրով, ոգեւորեց, ձեռքը քունքին՝ խորհեց ու գտաւ հարցի, իր կարծիքով, ամենաճիշտ ու ամենակարճ լուծումը. Պետրոսը պիտի գնայ ուղիղ մարզպետի մօտ (ասում են՝ տարեցներին շատ է յարգում եւ սիրով կ՚ընդունի), ներկայացնի իր առաջարկները, ուրիշ էլ ո՞վ կարող է դրանք վերեւներին հասցնել…
Չհաւատանք ասէկոսէներին, թէ պաշտօնեաները խաբում են, էսօր-էգուց գցում, տանում-բերում, ցրում: Լինում է նաեւ հակառակը: Ժողովրդասէր մարզպետը հաստատեց իր երդումը՝ «Ես իմ ժողովրդի մարզպետն եմ ու ծառան», — եւ ոտքի ելնելով, — Համեցէ՛ք, հօրեղբայր, նստէք», — ասաց: Երբ Պետրոսն արդէն նստել էր, ասաց. «Դէ՛, լսում եմ, ի՞նչ խնդրանքով էք եկել ձեր մարզպետի մօտ»:
— Նախ ասեմ՝ ինձ համար չէ, որ եկել եմ, — ասաց սիրառատ ընդունելութիւնից շոյուած Պետրոսը, — այլ՝ մեր ժողովրդի, մեր պետութեան, ո՛նց անենք, որ աւելի լաւ լինի:
— Դե՛, ի հա՛րկէ, մենք բոլորս էլ այդ ենք ուզում: Ձեր մասին լսել եմ, գիտեմ, որ երկրի շահերով մտահոգ մարդ էք, ձեր խորհուրդները մեզ միշտ էլ պէտք են:
— Մեր ոստիկանների մասին եմ մտածում, — շարունակեց Պետրոսը՝ արդէն վստահ:
— Ի՞նչ է, հօ չե՞ն նեղացրել ձեզ:
— Չէ՛, չէ՛, նրանց հետ ես ինչ գործ պիտի ունենամ… հեռուստացոյցով նայում եմ… ինչքա՜ն շատ են…
— Ինչո՞ւ են շատ, ինչքան որ պէտք է երկրին…
— Դէ ես էլ հէնց այդ մասին եմ ասում, կարելի էր թիւը աւելի մեծացնել…
— Հետաքրքիր է, հետաքրքիր է, — ժպտաց մարզպետը աւելի մտերմիկ՝ անցնելով դու-ի,- կը բացատրե՞ս, հայրիկ, ի՞նչ ես մտածել:
— Ասեմ, ընկեր մարզպետ, նախ՝ մեր երկրի պատիւն է բարձրանում: Դուք երիտասարդ էք, չգիտեմ՝ կը յիշէ՞ք. սովետի տարիներին լոզունգ կար՝ «Մէկ շնչին բաժին ընկնող երկաթի քանակով հասնենք եւ անցնենք միւս երկրներից»: Հիմի մենք շատ երկրներից հաստատ անցել ենք, չէ՞, մէկ շնչին հասնող ոստիկանների կամ, այդ նոր անունով, պարեկների (չգիտեմ՝ դրանք նոյնը չե՞ն) քանակով: Հպարտանալու բան է, չէ՞: Երբ հեռուստացոյցով նայում եմ նրանց կուռ շարքերին, յաղթանդամ մարմիններին, լուրջ, անզիջում դէմքերին, թեք դրած գլխարկներին, սիրտս հրճուանքով է լցւում… Տէ՛ր Աստուած, մերո՛նք են… մեր պաշտպանները…
Պետրոսի ոգեւորութիւնը ասես փոխանցվել էր մարզպետին:
— Հա՛, — շարունակեց Պետրոսը, — մեր գիւղում մի դարբին կար, նախագահին ասում էր՝ ախպէր, հաշուէք մէկ շնչին քանի կիլոգրամ է հասնում, իմ ու ընտանիքիս բաժինը տուէք: Ասում էինք՝ այ մարդ, բա մեր գործարանները ինչո՛վ են աշխատելու: Հիմի ես եմ ասում՝ տուէ՛ք ինձ մէկ շնչին հասնող իմ բաժին ոստիկանը: Ինձ համար չեմ ասում, այլ՝ բոլորի: Նրանք ժողովրդի, քաղաքացիների անվտանգութիւնը, խաղաղ ու հաշտ կեանքը պաշտպանելու համար են, չէ՞: Դէ, նրանց բաժանումով որեւէ գործարանի աշխատանք կանգ չի առնի… Իհարկէ, եթէ ինձ կամ իմ հարեւանին մէկից աւելի է հասնում, չեմ ասում՝ երկուսը տան, այլ՝ ըստ ընտանիքների մեծութեան՝ մէկ, երկու, երեք… Հասկանում եմ՝ հէնց ոստիկանի ընտանիքին էլ է պէտք, կարեւոր պաշտոնեաներին էլ, է, թող նրանց էլ երկուական, թէկուզ երեքական հասնի: Ոստիկանը կը դառնայ այդ ընտանիքի մի անդամը: Եւ բոլորն էլ պաշտպան կ՚ունենան. ոստիկանի ուղեկցութեամբ, ապահով իրենց գործին կը գնան, դպրոց, մանկապարտէզ: Էլ ո՞վ կը փորձի միւսին նեղացնել:
Պետրոսը մի պահ դադար տուեց, այնքան կարճ, որ մարզպետը չհասցրեց անգամ արձագանքել, ապա աւելի վստահօրէն շարունակեց.
— Պետութեան հոգսն էլ կը թեթեւանայ. ոստիկանները կը լինեն ընտանիքներում, աւելորդ կը դառնան հիմնարկում նրանց բազմաթիւ շէֆերը, նրանց յատկացուած սենեակները, աւտոմեքենաները, համազգեստն էլ իրենք կը գնեն: Տեսէ՛ք, ինչքան գումար կը տնտեսուի: Իսկ որ ասում էի, թէ կարելի է նորերին էլ աշխատանքի ընդունել, անգործների, գործազուրկների համար էի ասում: Որքան նոր աշխատատեղ, այնքան լաւ…
Այս գումարային հաշուարկները կարծես սթափեցրին մարզպետին: Լրջացաւ: «Մի՞թէ ծերուկը ցնդել է»: Կարող էր ասել՝ բաւական է, միամիտ բաներ ես ասում, եփած հաւի ծիծաղն էլ կը գայ… Բայց ժողովրդասէր ու ժողովրդավար, յանուն ժողովրդի այդ ծանր պաշտօնը ստանձնած մարզպետը գիտէր, թէ ինչ է նշանակում իմիջը, եւ՝
— Հօրեղբայր, — ասաց սիրալիր լրջութեամբ, — շատ հետաքրքիր առաջարկներ ես անում, բայց դրանք լրացման ու յստակեցման որոշ, շատ քիչ կարիք ունեն: Կը մտածեմ, նաեւ կը խորհրդակցեմ ում հետ որ պէտք է, յետոյ կը գաս, կը խօսենք: Ես կը կանչեմ քեզ: Նաեւ խնդրում եմ՝ այս առաջարկներդ ուրիշների մօտ մի արա, չեն հասկանայ, այստեղ-այնտեղ կը պատմեն, կ՚աղաւաղեն, կը բամբասեն, — ասաց ու ոտքի ելաւ: — Առողջութեանդ հետեւիր, հօրեղբայր, — աւելացրեց՝ թեւանցուկ նրան մինչեւ նախասենեակ տանելով:
Ճանապարհին ինքն իր հետ Պետրոսը քննարկում էր. «Ոնց որ թէ կարգին մարդ էր… հը՞… հասկացա՞ւ ինձ… կարողացա՞յ ասել այն ամենը, ինչ մտածել էի… իսկ ո՞ւմ հետ պիտի խորհրդակցի, մինիստրի՞, թէ՞… Իսկ ե՞րբ կը կանչի…»: Մտաւ զբօսայգի: Այդ ժամին այգում մարդ գրեթէ չկար: Նստեց առաջին իսկ նստարանին…
…Տան ճանապարհին, երբ անցումով ուզում էր անցնել փողոցը, լսեց տեսուչի ձայնը. «Յարգելի՛ քաղաքացիներ, խնդրւում է ազատել փողոցը»: Ձայնը անցնող արագընթաց ավտոշարասեան առաջին մեքենայի միջից էր: Պետրոսը կանգ առաւ: Սուրացող մեքենաներից ո՞ր մէկն էր, չհասկացաւ… վայրկենական… յետոյ գլխավերեւում ինչ-որ մարդիկ… յետոյ գիւղում էր, աչքերը փակ՝ զգում էր՝ իրենց բակում է… պառկած… գիտակցութիւնը կարծես սկսում էր զուլալուել, բայց կոպերը չէին բացւում… ձգեց, մի կերպ ծերպ արեց, տեսաւ ոտքերի մօտ կանգնած մի քանի մարդ, անծանօթ, խօսում են, բայց ինքը չի լսում: Մէկն էլ յենուել է ծառաբնին: Ճանաչեց՝ իր տնկած թթենին էր: Ուզեց խօսել, չկարողացաւ. շրթունքներն անշարժ էին: Փորձեց ձեռքով հասկացնել, չկարողացաւ: Ոտքերն էլ չկարողացաւ շարժել: «Ուրեմն՝ մահացել եմ, — մտածեց, — ու հիմի մեր գիւղի տան բակում եմ ու դագաղում»: Գիտակցութիւնը նորից կորցրեց: Իսկ երբ նորից տեղը եկաւ, փոքր-ինչ ձգեց կոպերը, հասկացաւ, որ արդէն գերեզմանատան ճանապարհին է, ու իրեն տանում են: Կոպերի տակից յանկարծ տեսաւ ու շատ զարմացաւ. իրեն տանում են ոչ թէ ուսերի վրայ, այլ՝ գրեթէ գետնաքարշ՝ կախ ընկած ձեռքերով: Կոպերի ծերպով միայն երկուսին է տեսնում: Բռնել են մի ձեռքով, միւսը՝ գրպանում, քայլում են թեթեւ, հանգիստ, ասես իսկի ծանրութիւն չեն տանում… յետոյ… գերեզմանափոսից նոր հանուած սեւահողի բոյրն զգաց, երբ դագաղը դրեցին հողակոյտի վրայ, որ հարազատները վերջին հրաժեշտը տան… «Իմ կեանքն էլ երեւի էսպէս էր աւարտուելու… Շնորհակալ եմ քեզ, Տէ՛ր, որ իմ գիւղի հողում ու իմ հարազատների կողքին ինձ տեղ սահմանեցիր…»: Յետոյ մօտեցան երկու ամրակազմ տղայ, ամուր բռնեցին ոտքերից: Ճանաչեց՝ իրեն գերեզմանոց բերողներն էին: Երկու տղամարդ էլ բռնեցին դաստակներից ու ետ քաշեցին, դագաղից բարձրացրին Պետրոսին եւ օդի մէջ սկսեցին դանդաղ ու զգոյշ ճօճել, այնպէս, որ մէջքը գետնին չքսուի… Զարմանալի է, բայց այդ պահին Պետրոսը յիշեց հեռուստացոյցով վաղուց տեսած պատկերը. մի մեծ գերեզմանոց մտնող ճանապարհին չորս յաղթանդամ տղամարդ նոյն կերպ, ինչպէս իրեն, ձեռքերից ու ոտքերից ամուր բռնած, գետնից բարձրացրած տանում էին մի կնոջ, որ չխանգարի իրենց շէֆի ավտոմեքենայի ընթացքին, որ ճանապարհը բաց լինի: Կինը չէր ուզում, ճչում էր, դիմադրում, բայց նրան այնպէս ամուր էին բռնել, այնպէս ուշադիր ու հոգատար էին տանում, ու նրա մէջքը ոչ մի անգամ քարերին չքսուեց: Տարան ու հանգիստ պառկեցրին իրենց մեքենայի մէջ… «Իսկ ի՛նձ որտեղ են պառկեցնելու… — մտածում էր Պետրոսը, — ինչո՞ւ դագաղից հանեցին եւ ինչո՞ւ են ճօճում», — ուզում էր հասկանալ, եւ հէնց այդ պահին ճօճքը թափ առաւ՝ իրեն նետեցին վեր: Ու հիմա ինքը սլանում է երկնքում: Հասկացաւ՝ այդ իր հոգին է, գնում է հանգրուանելու Տիրոջ աջ կողմում:
… Պետրոսը բացեց աչքերը, ձեռքը քրտնած ճակատին տարաւ, շփեց, տրորեց աչքերը, կրծքին դրեց՝ սիրտը արագ էր զարկում… «Ա՜յ թէ երազ էր, հա՜…»: Զբօսայգու նստարանին էր: Իսկ շուրջն արդէն հաւաքուել էին՝ ծանօթ, անծանօթ: «Հօ Պետրոս պապի սիրտը չի՞ վատացել», «Հը, պապ, ո՞նց ես», «Ա՛յ Պետրոս, էս ժամին է՞լ մարդու քուն կը տանի», — տարեկից Ասատուրն էր: Յետոյ եկան ուրիշները: Խօսում էին, զրուցում, վիճում: Պապը թեմա էր դարձել: Եւ ոչ միայն պապը:
Քիչ հեռւում երկու երիտասարդ հանգիստ զրուցում էին: «Պէտք չէ, որ այսքան շատ մարդ հաւաքուի, ցնդած ծերուկ է, պէտք չէ, որ աւելորդ բաներ ասի, գնանք, տուն տանենք»: «Շէ՞ֆն ասաց», — հարցրեց միւսը, բայց պատասխան չստացավ:
— Հօպա՛ր, եղբօրդ տղան՝ Արտակը, խնդրեց, որ քեզ տուն տանենք, — մօտենալով Պետրոսին՝ ասաց առաջին երիտասարդը: Պետրոսը նայեց նրանց, ուզում էր ասել՝ ես լաւ եմ, յետոյ կը գնամ, բայց տեսնելով նրանց ժպտուն հայեացքները՝ ոտքի ելաւ: Մտերմիկ, ծանօթ դէմքեր էին: Ճանապարհին ուզում էր հարցնել՝ «Տղե՛րք, ձեզ որտե՞ղ եմ տեսել», եւ յանկարծ յիշեց… «Աստուա՜ծ իմ, ինչքա՜ն նման են այն երկուսին, որ երազում ինձ տանում էին… թէ՞ հէնց նրանք են…»:
— Արտակ պապիկ, Արտակ պապիկ, — հեւալով բակ մտաւ հարեւանի երեխան, — ասում են՝ Պետրոս պապիկին զբօսայգում պարեկները բռնեցին ու տարան:
— Ոչի՛նչ, տղայ ջան, կը տանեն էլ, կը բերեն էլ, — նրան հանգստացրեց Արտակր, իսկ մտքում՝ «Գնամ տեսնեմ՝ էլի ի՛նչ է յօրինել հօպար-հայրիկը», — աւելացրեց:

Երեւան

«Գրական թերթ», 8 մարտ 2024

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *