Նանար Սիմոնեան
Ոտքերս ինձ
փողոց են տանում,
որ հոգուս մէջ
ծայր առած
փոթորկից դատարկուած
տուն դառնամ։
Ճանապարհն ինձ
մտքի թեւերով,
արեան հետքերով
Արցախ է տանում,
որ աւերակուած
տունս բանամ,
որդեկորոյս մօր նման
անզուսպ հեկեկամ
ու լացի միջից
աշխարհին ժպտամ…
Մէկի փոխարէն
եօթ որդի ծնեմ,
թշնամու աչքը
զուռնա-դհոլով,
ծնունդ-կնունքով
նորովի հանեմ։
08.10.2020
Յուսահատութեան
ամպերը
խցկուել
ու
բոյն դնել են փորձում
սպասման գերի
իմ սրտում։
Խաւարի մէջ
դաւադիր են
երազներն իմ
արթմնի։
Ձանձրալի
ու զզուելի են
«Խաղաղասէր ու մարդասէր»
խաղացողների
լղոզուած
կոչերը…
Դաւերի
ու
շահերի
ետնաբեմում
կործանւում է
մարդը…
ես յոգնել եմ,
շատ եմ յոգնել
գոյնից տառապանքի,
հոտից պատերազմի,
կարօտից անօդ…
09.10.2020
Դժբախտութիւնն
իր թեւերն է
տարածում
Անդամահատուած հայրենիքիս
մշուշոտ երկնքում։
Խելագարեցնելու չափ
մօտ ու շօշափելի են
կրակահերթերը,
Սարսափների
ուրուականն ու
նկարիչն է
երեւակայութիւնս…
Փրփուրներից կախուած
օրն է անխօս հոսում,
Դատարկւում են փողոցները
արեան եռքում…
Անտէրութիւնն
իր անտես
թեւերն է տիրաբար
տարածում
Անդամահատուած բնօրրանիս
մահահոտ մթնոլորտում։
23.07.2021
Ես լռելու չափ
անխօս եմ դառնում
օրէցօր,
Ի՞նչ ասել, երբ ինն ամիս է
Անորոշ են տասնեա՞կ,
հարիւրաւո՞ր,
հազարաւո՞ր…
Ո՞վ գիտէ…
Դեռ ճակատագրեր են
մնում անորոշ…
Երբ չի չորանում
Արցունք ու ողբի
երակն աղմկոտ…
Ես լռելու չափ
անխօս եմ դառնում,
Քանզի խօսում են
ցաւից կծկուած
սրտեր բիւրաւոր,
Քանզի խօսում են
քարացած աչքեր,
Ապրել-մեռնելու
խաչմերուկներում
դանդաղ մեռնողներ…
23.07.2021
Տունդարձի ճամբան
փուշ, տատասկոտ է,
Օտար ճամփէքը՝
կանչող, հմայող։
Հայրենի ճամբան
հողոտ, քարոտ է,
Օտարը՝ անհող,
խաբուսիկ, գերող…
«Մնա՛, ի՛մ եղբայր,
Մի՛ խաբուիր
օտար կանչերին,
եղբա՛յր», —
հայրենի հողից
լսուող ձայները,
արեան գետերը
այս են պատգամում։
23.08.2021
Արցախեան երրորդ պատերազմով
Աշխարհի վերջի սկիզբն
ազդարարուեց…
23.07.2021
Իմ՝
քեզ հետ կապուած
երազանքների
ջարդուած-փշրուած,
խեղուած-խորտակուած
կտորներն եմ
փորձում
գտնել -սոսնձել
աշխարհի ամենաամուր
հոգեշաղախով՝ իմ՝
քո հանդէպ ունեցած
անպարփակ սիրով,
հայրենի՛ք։
23.07.2021
Գիշերային լռութիւնը
լցւում է կրակահերթերով…
Օդ կրակելու փոխարէն՝
սրտիս նշան բռնէք…
Գուցէ գնդակն այդ
դարման դառնայ՝
արնահոտ
այս աշխարհում
անծուխ այրուող
իմ հոգուն։
23.07.2021
Սոված,
գազազած
գայլի նման,
ամենուր
ու ամեն ժամ,
ինձ հետեւում է
անքնութիւնը…
23.07.2021
Ես ամաչում եմ,
որ ողջ եմ,
տղե՛րք…
Որ շնչում,
քայլում,
ապրում եմ դեռ։
Ես ամաչում եմ,
որ ձեզ
հետ չեմ,
տղե՛րք։
Անզօր եմ
առանց ձեզ
այսքան ցաւ
քարշ տալ,
տղե՛րք։
Ցաւոտ են
անգամ
իմ ժպիտները,
Առաւօտներս՝
վախուորած,
տխուր,
Սպասումս՝
ուժատ,
Կորուստս՝
անդարձ,
Մտքերս՝
մաշող,
առանց ձեզ,
տղե՛րք։
Արեան հեղեղից
տնքում է հողը,
փախչում է
քամին
խելակորոյս,
հայրենի Դիզակն
անուժ ընկել է,
ծալուել են ծնկները
հին եկեղեցու։
Հերսոտել է հողն
Արցախ աշխարհիս,
Տղերքի ձայնից
քնել չի լինում։
16.10.2021
Հեղինակին մասին
Նանար Սիմոնեան ծնած է 31 յուլիս 1989-ին, Ստեփանակերտ։ Գերազանց աւարտած է Շուշիի Մուրացանի անուան միջնակարգ դպրոցը։ 2006-էն 2012 ուսանած է Արցախի պետական համալսարանը, իսկ 2019-ին Երեւանի Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտին մէջ պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն եւ ստացած բանասիրական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան։
Արցախի գրողների միութեան անդամ է, երկու գրքերու հեղինակ՝ «Յակոբ Կարապենցի ստեղծագործութիւնը» (Գրականագիտական) եւ «Սպասում» (Բանաստեղծութիւններ, յուշապատումներ/ Գեղարուեստական)։ «Հորիզոն գրական»ին կ՚աշխատակցի 2019-էն ի վեր։