«Այնպէ՛ս թաղենք, որ հազար տարի էլ ծի՛լ չտայ»

Զօրայր Խալափեան

Սինթադէն Միջնաշէնում մոռացուած չէր, նրա մասին խօսում էին անգամ նրանք, որ չէին տեսել, բայց լսել էին մեծերից: Այնքան յաճախ էր նրա անունը ջրի երես գալիս խօսակցութիւններում, որ ակամայ ստեղծուել էր նրա առասպելը Միջնաշէնում: Նրան չտեսած մարդիկ վիճում էին ըստ լսածների: — Այո՛, ես նրան չեմ տեսել, բայց աչքս բացած օրից լսել եմ ընկեր Սինթադէի անունը, թէ նա ինչե՜ր արեց խորհրդային իշխանութիւնը հաստատելու ու յատկապէս երեսնական թուականներին գիւղի սոցիալիստական վերափոխման գործում: Մէկ ուրիշը եւս, բայց ճանաչող, սակայն տարիների խորքից եկող անձնականը մոռացած եւ առասպելին տրուած. — Սիրուած, ազնիւ ընկեր էր Սինթադէն, նրա մասին ասում էին՝ քայլող սոցիալիզմ: — Սոցիալիզմի անունը տալ մի, փորս սովից ղռղռում է, իսկ ընդհանրապէս, ընկեր Սինթադէն, այո՛, կար այդպիսի մարդ, ծափահարութի՛ւն… ընկերներ։ — Միջնաշէնում նա եղել է ընդամենը գիւղխորհրդի նախագահ, հինգ տարեկան երեխան քարով տալիս, հարեւանի հաւի ոտքը կոտրում էր, բռնում, տանում, բանտ էր նստեցնում, շատ էր սիրում բանտ նստեցնել, հա՛, հա՛, հէնց Սինթադէն, քայլող սոցիալիզմը:
Նրա մասին խօսում էին նաեւ Միջնաշէնից դուրս, Ջրաբերդի շրջանում: — Չեմ կարող կոնկրետ ասել ի՛նչ, բայց մեր շրջանում նրա անունը շատ ենք լսած, կարծեմ նաեւ դասատու է եղել, որ գիւղում՝ չգիտեմ, բազմակողմանի զարգացած, ֆիզիկա, քիմիա, դասերին դեռ գիտութեան կողմից չյայտնաբերուած բաներ էր ասում, որ յետոյ կատարուեցին, ատոմային զէնքի մասին, միաժամանակ նաեւ Ջրաբերդում առաջին փողային նուագախումբը նա է ստեղծել, յետոյ մի քանի օտար լեզուներ է սովորեցրել՝ գերմաներէն, ֆրանսերէն, անգլերէն: — Այո՛, պատերազմից քիչ առաջ անցնում է թշնամու թիկունքը, քանի որ գերմաներէնին լաւ էր տիրապետում: — Այդպէս չի՛, դու հակառակն ես ասում, նա Գերմանիայից յատուկ ուղարկուած էր՝ երկար տարիներ այստեղ մեր կեանքը հետախուզելու։ — Սինթադէ, Սինթադէ, այո՛, շրջանային թերթում բանաստեղծութիւններ կան, հիմա էլ «Ջրաբերդ» թերթը որ բացես, շատ կը հանդիպես այդ անուանը։— Դու Զինաւոր Թադեւոսեանի հետ ես, նա՝ ուրի՛շ, Սինթադէն՝ ուրի՛շ:— Նա իսկապէս եղել է Արցախի ազատութեան համար պայքարող հայրենասէր, ի՞նչ լրտես, առանց իմանալու բաներ էք ասում, մօրուքով, բարձրահասակ, Րաֆֆու նման մարդ էր, ես նրան անձամբ տեսել եմ Ջրաբերդում, իմ մօրաքոյր Մաշոյի տանը, որին նա սիրահարուած էր, բայց իրեն նուիրել էր մեր Արցախի գործին, այդպէս էլ չամուսնացան, հանելուկ մնաց, թէ ո՛ւր գնաց, ի՛նչ եղաւ, բայց մօրաքոյր Մաշոն նրա սիրահարական նամակները պահում է, չափածոյ: — Հիմա լսէք, ես ձեզ ճիշտն ասեմ. Սինթադէն աւարտել է Կազանի համալսարանը, Լենինի հետ նոյն նստարանին է նստել, նրա ծնողները` Կուսապատից էին, յետոյ քիմիայի գծով գնացել խորացել էր Մոսկուայում, այնտեղ անուն հանած գիտնական էր, վերջերս մեռաւ, թերթերը գրեցին, նկարը կար, բա՛:
Մոռացուած չէ՛ր, սակայն նրա մասին տեղեկութիւն չունենալով՝ ոմանք կարծում էին նրան մահացած: Ու ապրիլի սկզբին մէկ էլ՝ երկար վերարկուով մի մարդ յայտնուեց Միջնաշէնի փողոցներում. ասացին՝ ընկեր Սինթադէն է:
Նրա ներկայութիւնը Միջնաշէնում առաջինն զգաց Արեւհատը, ամեն ինչ ձեռքից ընկնում, ջարդւում էր, ինչպէս առաջներում, Միջնաշէնում նրա գտնուելու տարիներին: Բայց նա դեռ չէր հաւատում այդ նախանշաններին, մինչեւ քոյրն՝ Ասպրամը չեկաւ, լուր չբերեց. — Ամբողջ օրն աղբրի մօտ կանգնած է, երեւի քեզ է սպասում, աղջի՛: — Հողե՛մ դրա գլուխը, — տխուր ծիծաղեց Արեւհատը, — իմանում է առաջուայ ջահել աղջիկն եմ, կուժն առած թռթռալի ջուրն եմ գնալու: — Բայց մեղք է, աղջի, — ասաց քոյրը, — երեւի ուզում է քեզ տեսնել, մեղք-մեղք կանգնած է աղբրի մօտ։ — Իմ ի՜նչը տեսնի, դրա գլխին, այդ տարիքի մարդ է: Քոյրերը ծիծաղեցին, ծաղրելով ոչ միայն Սինթադէին ու նրա արածի անպատեհութիւնն, այլապէս ուրիշ բաներ, որ ծաղրւում էին իրենք իրենց՝ առանց ծիծաղելի լինելու. իրենց անցած ջահելութիւնը, եղածն ու գնացածը, ճերմակող մազերը:
— Շա՛տ էր ուզում տեսնե՞լ, — ասաց Արեւհատը, — այդքան տարի այս տանն ապրել է, թող շնորհք ունենար, գար բոլորին տեսութեան:
Միրիմանանց տունը մոլախոտերի մէջ կորած էր. հողէ կտուրին, շուրջ բոլորը, պատերի տակ, անգամ շեմին հերուայ չորացած մոլախոտն էր, որի արմատի տակ արդէն կանաչին էր տալիս բուսնող նորը: Նա ձեռքը տարաւ առանց նայելու, եւ ձեռքն ուղիղ իջաւ բանալուն, դրանդու վրայ: Զարմանալի է մարմնական յիշողութիւնը: Փականի մէջ չդրած, արդէն լսեց այն ձայնը, որ այնտեղ կար: Եւ, իրօք, նոյն ձայնը հանելով, բանալին պտտուեց փականի մէջ, կարծես կէս ժամ առաջ էր այս տնից դուրս եկել:
Ներսում ամեն ինչ նոյնն էր, իրերը կային նոյնութեամբ, մարդիկ չկային: Աւելացել էր միայն էլեկտրական լամպը՝ մերկ լարից կախ: Նա ձեռքը տարաւ, չհաւատալով, որ այս մեռեալ աշխարհում հնարաւոր է լոյս: Բայց չխկաց սովորական, ու առաստաղի տակ բոցավառուեց մերկ լամպը: Այն թախտը, որ տարիներ առաջ իր անկողնակալն էր, նոյն տեղում էր, պատուհանի մօտ, նոյն մաշուած կարպետով ծածկուած: Մի քիչ այդ թախտին նստելուց յետոյ, վեր կացաւ եւ օճորքներում սկսեց փնտռել չինական պատկերազարդ գրքից գոնէ մի պատառիկ. մի փոքրիկ երջանկութիւն կը լինէր դա: Սարդոստայնից բացի ոչինչ չկար:
Մարդիկ իմացան նրա վերադարձը, սկսեցին գալ. բոլորին էլ թանկ էր իրենց յիշողութիւնը: Եկողը դատարկաձեռն չէր գալիս, կարծես նախապէս գիտէին, որ նրան պէտք է կերակրել, այդ մարդը երբէք իր սեփական հացը չի ունենում: Սինթադէն ոչ մէկի անունը չէր յիշում: Անգամ կատարածու Խաչիի, որը դրանից չվիրաւորուեց, իսկ դուրս գալուց յետոյ, ճանապարհին, ուղեկցին բացատրեց, որ ընկեր Սինթադէն այդպէս է, մարդիկ նրա յիշողութեան մէջ չեն տպաւորւում:
Սինթադէն այդ այցելութիւններից մի քիչ յոգնած էր, լաւ չէր հասկանում՝ ինչու են գալիս տեսութեան: Յիշւում էր, որ նա մշտապէս հիւանդ էր լինում, Միջնաշէն գալիս էր յատկապէս բուժուելու, թոքերի թուլութիւն ունէր: Բայց չէր տրտնջում, բոլորին պատասխանում էր, որ լա՛ւ է, առողջ է, հիւանդ չէ՛: Ինքը ոչ մի հարց չէր տալիս, թէ ո՛վ կայ, ո՛վ չկայ, ո՛վ է առողջ կամ հիւանդ։ Աղբրի մօտով անցնելիս կուշտ խմում էր սառը ջուրը, գնում այգիները, վերադարձին դարձեալ կուշտ խմում: Հարցրեց, թէ ո՞ւր է դարբնոցը: Ասացին, որ տեղափոխել են շինարարական բրիգադ, հիմա գիւղի ծայրամասում է: Դարբնոցի տեղում խանութ էր ու ճաշարան: Պարզուեց նաեւ, որ Միջնաշէնում հիւրանոց կայ, դա էլ երկրորդ յարկում է:
Մի քանի օր վերին այգիներում ման էր գալիս, ինչ-որ բան էր փնտռում: Պահակը նկատեց, մօտ եկաւ, Սինթադէն բացատրեց, որ մօտ երեսուն տարի առաջ, կոլխոզի այգիներում աշակերտներով ծիրանի են տնկել, նկարագրեց, որ դա գետակից հեռու չէր, տեղանքն էլ մի քիչ գոգաւոր էր: Պահակը հասկացաւ, որ խօսքը ներքին այգիների մասին է:
Սինթադէն դուրս եկաւ ճանապարհ, անցաւ քանդուած, ձորում մի բուռ աղբ դարձած ջրաղացի մօտով, գնաց դէպի ներքին այգիները: Անծանօթ մարդիկ աւտոմեքենաները կանգնեցնում, իրենց ծառայութիւնն էին առաջարկում նրան, բայց նա հրաժարւում էր, գերադասելով ոտքով քայլել, մանաւանդ խուսափում էր հարցազրոյցներից, որով միջնաշէնցիներն արդէն յոգնեցրել էին նրան:
Ներքին այգիների դուռն առանց կողպէքի վրայ բերած էր, բացեց, ներս մտաւ, անցաւ առուի երկայնքով, քիչ եւս խորացաւ, արդէն յիշելով տեղանքը: Գոգաւորութիւն կար, բայց նրա պատկերացմամբ այստեղ բազմաթիւ ծիրանիներ պիտի լինէին, տարուայ այս պահին բոլորը ճոխ ծաղկած, դրախտանման մի բան: Մինչդեռ ընդամենը մի քանի անշուք ծառեր էին, սակայն, ի՛նչ ծառեր՝ նա ջոկել չգիտէր:
Վազնուտներում մի քանի հոգի կապ էին անում: Նրանցից մէկը, այգեգործական մկրատը ձեռքին, ուսից տոպրակը կախ, որի մէջ մատղաշ ուռենու ճիւղեր էին կապի համար, դուրս եկաւ վազնուտից, մօտեցաւ եւ նրա անունը տալով՝ մեկնեց ձեռքը:
— Այստեղ ծառեր ենք տնկել, — ասաց Սինթադէն,— ծիրանի ծառեր:
— Հիմա ի՞նչ է պէտք, ընկեր Սինթադէ, — ասաց մարդը:
— Հիմա ուզում եմ ուղղակի այդ ծառը տեսնել:
— Լաւ միտդ է՞, որտեղ էք տնկել:
— Հա, այս կողմերում էր, այն ցանկապատի տակ էլ սպիտակ փչակով մի ծառ կար:
— Հա՛, այնտեղ մի ընկուզենի կար: Հիմա փչակի տեղն էլ չի երեւում:
— Ուրե՛մն, այս ծառերը պիտի լինեն, — ասաց Սինթադէն, գնաց դէպի գոգաւորութիւնը: — Երեւի սա էլ իմ տնկած ծառն է, — ասաց նա կիսաճանապարհին՝ գնալով դէպի ծառերից մէկը:
Մարդը մի քանի քայլ հետեւեց նրան, ապա կանգ առաւ:
Սինթադէն հասաւ ծառին, նայեց փչակին, սաղարթներին, պտտուեց շուրջը:
— Սա՛ է,— ասաց նա այնտեղից: — Դու ո՞վ ես, գիտեմ, որ միջնաշէնցի ես, — ասաց Սինթադէն:
— Ես Եապոնն եմ:
Մի երկվայրկեան Սինթադէն նրան նայեց.
— Այստեղ ի՞նչ ես անում:
— Ես այս այգիներում այգեպան եմ, ընկեր Սինթադէ:
Սինթադէն յաջորդ օրն էլ եկաւ, գնաց նստեց նոյն ծառի տակ: Մնաց առժամանակ, ապա ելաւ, քայլեց ծառերի տակ, դուրս եկաւ այգուց, գնաց:
Երրորդ օրն էլ ներկայացաւ: Այս անգամ Թեւանն էլ էր կապ անողների մէջ, քանի օր շրջանային հիւանդանոցում էր: Եապոնը հարցրեց, թէ բժիշկներն ի՞նչ ասացին:
— Ասացին՝ երիկամներդ աշխատում չեն, — պատասխանեց Թեւանը:
— Երիկամներդ աշխատում չեն, դու եկել ես գործի՞:
— Գործն ինձ աւելի է բուժում, քան դեղերը: Ասաց՝ քո բուժումը Երեւան է, պիտի գնաս Երեւան:
— Գնա՛, կարող է քեզ մի ասեղով բուժում են:
— Էհ, մի օր շուտ, մի օր ո՛ւշ։
Այդ ժամանակ երեւաց Սինթադէն: Կապ անողների խօսակցութիւնը փոխուեց:
— Դա՞ ինչ է ամեն օր գալիս, նստում այդ ծառի տակ, — ասաց մէկը:
— Երեսուն տարի առաջ այդ կողմերին մի ծիրանի է տնկել, ուզում է իր ծառի տակ նստել,— ասաց Եապոնը:
— Բայց դա ծիրանի չի, շլորի է:
— Ա՜, նա ծիրանին ու շլորին իրարից ի՞նչ է տարբերում: Նա ծիրանն ու շլորը լուացած, ամանի մէջ դրած է տեսել, — ասաց Թեւանը:
— Ծիրանի արմատը հողում երեսուն տարուց աւելի մնում չի:
— Այդ կողմերին ես ծիրանի չեմ էլ յիշում, — ասաց Եապոնը:— Ընդամենը մի ծառ է տնկել, դառել է, դառել չի, աստուած գիտի:
— Յիշում ե՞ս դասակարգային լախտին, — ասաց Թեւանը Եապոնին։ — Դրա նանը մեռնի, ո՜նց հարիւր տարուայ ընկերներին իրար հետ կռուեցրեց:
— Հա՛,— ասաց Եապոնը: — Նա ջուխտակ երեխան էլ մօր փորում իրար հետ կռուեցնում էր դասակարգային դիրքերից:
Ծիծաղեցին:
— Ջահելութիւնը ո՜նց գնաց, — հառաչեց Թեւանը։ — Ապրեցի՜նք, չապրեցի՜նք, բա՛ն չհասկացանք: Ճի՛շտ է, նեղութիւն էր, ապրուստը դժուար էր, բայց ջահել էինք, մեր շվշվոցը մեր բերանում էր:
Տան ճանապարհին Թեւանն ու Եապոնը երկուսով էին, Թեւանը Եապոնին ասաց.
— Ազոտս որ աւելանում է, աչքիս բաներ են երեւում: Ի՞նչ բաներ, — ասաց Եապոնը, չիմանալով՝ ազոտն ինչ է:
— Այն աշխարհի բաները, մահիչք մարդիկ: Ինչքանին ճանաչել եմ, որ հիմա մեռած են, գալիս կանգնում են առաջս: Կոլի-աղան, մեր Սերգի-բեկը, քո հէրը, աստուած ողորմի, քո երկու եղբայրը՝ Յովսէփն ու Արշակը, Սմբատը Ճղարանց, Ղուլի-Շաշան, Սրապիոնը, շատերը: Բոլորն իրար հետ խառն, իրար հետ հաշտ, այն աշխարհից այս աշխարհն են նայում, մի տեսակ մեզ խղճալով, որ մահից վախենում ենք, շատ բան չենք հասկանում, ամեն հարցում անհաշտութի՛ւն, կռի՛ւ: Ու ոնց որ ասելիս լինեն՝ սխա՛լ էք ապրում, սխալ, եւ ոնց որ իրենք էլ դա այն աշխարհում են հասկացել
— Ա՛յ տղայ, քո դրութիւնը լուրջ է, — ասաց Եապոնը:— Դու այդ օրին ես, եկել ես գործի, հա՞:
— Լո՛ւրջ է, բա ինչ է, — մռայլ ասաց Թեւանը: — Ես էլ գիտեմ, որ լուրջ է: Քեզ հետ խօսում եմ, բայց ոնց որ այս աշխարհից չեմ, ոտիս մէկն այնտեղ է: Բայց մեր հողում ինձ ի՜նչ պիտի լինի — Թեւանը հայեացքը բարձրացրեց դէպի դիմացի սարերը: — Ես մեր հողում անմահ կը մնամ: Մեր հողն ինձ կեանք է տուել, մեր հողում բան չի՛ լինի: Ես մահից վախենում չե՛մ, ես մտածելով, հասկանալով եմ գնում: Հէրս, մէրս այնտեղ են: Բա ինչի՞ են ասում՝ մա՛յր հող: Հարազա՛տ հող: Պապերս, պապերիս պապերը: Նրանք այդ հողը հարազատ են դարձրել, դարձրել են տուն, անունն ինչի՞ են ասում՝ գերեզմանատուն: Երբ հեռու ես, թափառական կեանքումդ յոգնած ես ու բաժանուած ես հարազատներից, մտքիդ մէջ էլի քո տունն է կանչում քեզ եւ խոստանում՝ հանգիստ ու խաղաղութիւն: Վախենալու բան չկա՛յ:

Գիշերը Թեւանի վիճակը վատացաւ, գիտակցութիւնը երբեմն կորցնում էր, բայց գիտակցութեան գալով, դարձեալ զառանցում եւ խօսում էր ինչ-որ մարդկանց հետ: Գիտէին, որ աչքին բաներ են երեւում: Հեռագրեցին տղաներին, որոնք տնաւորուած էին մէկը Երեւանում, միւսը Հրազդանում, որ գան, որ օրերը հաշուած են: Եկա՛ն:
Երրորդ օրն, առաւօտեան կողմ, լռել էր, հարցերին չէր պատասխանում: Տնեցիները սսկուած` նստած էին, սեղանի մօտից երբեմն նրան էին նայում, ցածր զրուցում: Դրսից մէկը ներս գալով ասաց, որ այսօր Սինթադէի թաղումն է:
Յանկարծ Թեւանը գլուխը բարձրացրեց:
Նորի՛ց ասա, — ասաց նա:
Կինը մօտ եկաւ, իմանալու՝ հիւանդին ի՛նչ է պէտք:
— Ի՞նչ ես ուզում, — հարցրեց նա:
— Երեխան ի՞նչ ասաց:
— Այն մարդը՝ Սինթադէն, մեռել է, այսօր թաղումն է: Դու տեղդ պառկիր,— ասաց կինը:
Թեւանն աւելի բարձրացաւ, նստեց:
— Գուլպաներս բերէ՛ք, հագցրէ՛ք,— կարգադրեց նա հարսներին:
— Ա՛յ մարդ, — ասաց, զարմացաւ կինը:— Ուրեմն, մէկը չկա՞յ, որ դու հիւանդ տեղովդ…
— Կօշիկներս բերէ՛ք,— ասաց Թեւանը։ — Գլխարկս տուէ՛ք։
— Այ հէ՛ր, — ծոր տուեց միջնեկ տղան:
— Հասկացա՛յ: Ուզում ես ասել, որ մի մեռել էլ դու ես: Բայց ես մեռած էլ լինեմ, ընկեր Սինթադէին իմ ձեռքով պիտի թաղեմ: Ձեռնափայտ պէտք չի՛, կորցրո՛ւ, — բարկացաւ նա թոռան վրայ։ — Բա՛հ տուէք: Ձեռնափայտն անգործ մարդու բան է, ինձ գործի՛ք տուէք: Հիմա առաջիցս այն կողմ անցէք, ես գնացի՛:
Դուրս եկաւ: Տնեցիները զարմացած նայում էին, սա չէ՞ր քիչ առաջ մեռնողը: Բահն ուսին գնում էր եւ քանի գնում, քայլերն աւելի հաստատուն էին դառնում:
Ճանապարհին ուրիշ բահաւորներ հանդիպեցին, բոլորը շարժւում էին դէպի Միրիմանանց տուն. խանութպանի տղայ Գերասիմը, Սրապիոնի միջնեկը, Տէր-Հօր կռտըպռտանքը, կատարածու Խաչին, Ճղարանց Սմբատի երկու ծոռը, ուրիշներ:
— Այս ո՞ւր,— հարցրին իրար:
— Ընկեր Սինթադէն մեռել է, գնում ենք թաղելու:
— Դա լաւ պիտի թաղուի, — ասաց մէկը:
— Այնպէ՛ս թաղենք, որ հազար տարի էլ ծի՛լ չտայ, — ասաց Թեւանը:

Հաւաքուեցին Միրիմանանց բակում: Էլի գալիս էին, ով եկաւ՝ բահն ուսին:
— Ընկեր Սինթադէն ամբողջ կեանքում պայքարել է ժողովրդի ունեցուածքի դէմ, համարել դժբախտութեան աղբիւր, — ասաց Գերասիմը, բահն իջեցնելով ու կրծքով կոթին յենուելով: — Հիմա մեռել է, գրպանում կոպեկ չկայ:
— Ո՛չ էլ տուն ունի, ուրիշի տանը: Ո՛չ հարազատ, ո՛չ բարեկամ, ո՛չ հասցէ, որ հեռագիր տանք: Այս մարդուն ո՞նց ենք թաղելու: Թող իր սիրած հանրային սեփականութիւնը հիմա գայ, տանի հողի՛ն յանձնի,— ասաց Թեւանը:
Եապոնին բահաւորների խօսակցութիւնը դուր չեկաւ, դարձաւ, ասաց կշտամբանքով.
— Մոռանո՛ւմ էք, որ մեռելատանն էք:
Մարդ էին ուղարկել գիւղխորհրդի նախագահի յետեւից, չեկաւ: Ասել էր. — Նա եղել է քաղբանտարկեալ, գիւղխորհուրդը չի՛ կարող միջամտել, վաղը մի բան բացուի, մեղադրեն մեզ, մենք չենք կարող ռիսկի դիմել:
— Ասում ես՝ խօսի՛լ մի,— իր հերթին, կշտամբանքով, Թեւանը դարձաւ Եապոնին։ — Ամբողջ կեանքը նուիրել է խորհրդային իշխանութեանը: Ըհը, իր սիրած խորհրդային իշխանութիւնն էլ նրանից հրաժարուեց: Այսքան էլ անտէ՜ր մարդ:
— Ոչի՛նչ, իր շինած երկիրն է, նեղանալ չի՛, — ասաց Գերասիմը:— Իր շինած երկիրն ինձ է՛լ քսան տարով ուղարկեց Սիբիր, իրեն է՛լ: Ես ատում էի, ինքը սիրում: Տարբերութիւն չդրեց:
— Դրա ժամանակը չի՛, — կրկին սաստեց Եապոնը:
— Շատ էլ լաւ ժամանակն է,— ասաց չարութեամբ Գերասիմը։ — Ծափահարութի՛ւն, ընկերներ:
Եապոնը մօտ կանչեց իր աւագին՝ Աբգար անունով տղային, կարգադրեց հոգեհացն աւտոյով հասցնել Հոռեկ:
— Այս մարդու ծախսը ես ի՛նձ վրայ եմ վերցնում, — ասաց նա:
Թաղմանը մեծամասնութեամբ հանգուցեալի տարիքի մարդիկ էին: Դարչոն գլխարկը հանեց, դամբանական ասաց.
— Սինթադէն իսկական անուն-ազգանունով Սինակ Թադեւոսեան է: Ուրեմն, նախ ողորմի տանք Թադեւոսեան ազգի բոլոր պակասեալներին։ Ընկեր Սինթադէն եղել է պարծանք մարդ, գիտուն մարդ, մեր աշխատաւորութիւնը նրան չի մոռանայ, Միջնաշէնում առաջինը նա՛ է ճնշուած մասսաներին բացատրել դասակարգային պայքարն ու դիրիժաբլը…
— Դարչօ՛, — ընդհատեց Թեւանը։ — Դա ո՞ւմ ես ասում:
— Մարդ ենք թաղում, բա մի բերան բան չասե՞նք, — Դարչոն նեղացած յետ քաշուեց:— Դէ լա՛ւ, հողով արէք, հը՛։
Հողը հարթեցին, մէկն ասաց.
— Գնաց հաւասարուեց հողին ընկեր Սինթադէն: Ո՞վ պիտի քար գցի: Տեղն էլ չի՛ երեւալու, անունն էլ չի յիշուելու… Աստուա՛ծ ողորմի անյիշատակ մարդկանց։
Հնուց Միջնաշէնում ընդունուած էր, բոլոր անզաւակ, անժառանգ հեռացող, իրենցից յետոյ որեւէ հետք չթողնող հանգուցեալներին նոյն ողորմին էին տալիս.
— Աստուա՛ծ ողորմի անյիշատակ մարդկանց։
Այսպէս աշխարհն իր հաշիւները փակեց Սինթադէի հետ։

Զօրայր Խալափեան, «ՄԻՋՆԱՇԷՆ», «Նայիրի» հրատ., Երեւան, 1991։ Էջ 412-419

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *