Բանաստեղծութիւններ

Տաթեւ Սողոմոնեան (*)

Անսահմանելի

Մայրն ամենաթանկը տվեց հայրենիքին
Եւ շուարած նայեց գորշ, խամրող երկնքին,
Յետոյ հպարտ քայլեց
Երկրի փողոցներով։
Հայրը վիշտը բռունցք դարձրեց,
Մարդկանց ժպտաց,
Աստծոյ առաջ լաց եղաւ,
Շարունակեց սիրել եւ օրհնել Երկրի հողը եւ սփոփուել՝ նայելով
Երկրի սահմաններին։
Կինը չհասկացաւ
Գարուն է,  թէ՞ ամառ,
Ծաղիկնե՞րն են ծաղկել, թէ տերեւներն են թափւում,
Ծիծաղեց արցունքների միջից, հաւատաց փառաբանական խօսքերին,
Դարձաւ ծառ եւ ամրացավ հողում, հպարտ-հպարտ նայեց
Երկրի սահմաններին։
Ես եղելութիւնը հեքիաթ դարձրի, անպատմելին պատմեցի սերունդներին։

… Հիմա փնտրում եմ Երկրիս սահմանները,
Նայում եմ հողին, ծառին, երկնքին եւ համոզւում երիցս,
որ անպարտելի է հերոսների ոգին։

* * *

Երբ բառերի մէջ չեմ կարողանում տեղաւորել ողբերգութիւնը,
լռում եմ եւ սեւեռուն նայում
մարդկանց աչքերին՝
մտապահելու իւրաքանչիւրի ցաւը, որովհետեւ գիտեմ՝
յուշերից բացի ոչինչ չեմ տանի ինձ հետ։

* * *

Ես ամենավերջինը լքեցի քեզ,
Օրեր շարունակ լաց եղայ անձրեւոտ, անմարդ փողոցներում,
Մտայ տները ծանօթ,
Քայլեցի բոլոր փողոցներով
Եւ հանգիստ փակեցի Դրախտի դռները։

* * *

Ներիր ինձ, Երկիր իմ,
Ես կարող էի մնալ եւ խառնուել մոխրացող մարմիններին,
Սգալ անթաղ տղաների մահը, այցելել նրանց եւ պատմել, որ անդարձ կորսուած չէ ոչինչ։
Աստուած իմ, մայրն ինչպե՞ս է լքում որդուն։
Որտե՞ղ է լինելու դատաստանը,
Ո՞վ է մեզ ներելու։

*) Հեղինակին մասին.

Տաթեւ Սողոմոնեան ծնած է 1979-ին, Արցախի Մարտունի շրջանի Բերդաշէն գիւղը։ Առաջին բանաստեղծութիւնները տպուած են երբ տաս տարեկան էր։ Աւարտած է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, նաեւ համալսարանի մագիստրոսութեան «Հայ գրականութիւն» ճիւղը։ 2011-ին Հայաստանի ազգային գիտութիւններու ակադեմիային առջեւ պաշտպանած է գիտական թէզ եւ ստացած բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճւան։ Աշխատած է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի եւ Արցախի պետական համալսարաններուն մէջ որպէս դասախօս։ Հեղինակ է բանաստեղծական երեք եւ գիտական երկու հատորներու։
 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *