ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԱՃՈՒՐԴ

Էդուարդ Միլիտոնեան

Սեպտեմբերեան աղէտէն անցաւ աւելի քան մէկ ամիս, եւ անշուշտ հետզհետէ կը փարատի հարուածին առթած շշմածութիւնը։ Գրականութեան մէջ առաջին արձագանգները եղան քերթուածի ձեւին տակ, որոնցմէ նմուշներ ներկայացուցինք մեր ընթերցողներուն նախորդ եւ այս թիւերով։ Այս թիւով կու տանք, քերթուածներէն բացի, Հայաստանի գրողներու միութեան նախագահ Էդուարդ Մելիտոնեանի ստորեւ գրութիւնը, լոյս տեսած միութեան պաշտօնաթերթին մէջ, ինչպէս նաեւ նոյն տեղը հրատարակուած ուշագրաւ գրութիւն մը՝ Նանէի գրչին արգասիքը։
Հորիզոն գրական

Գիւտ արած չեմ լինի, եթէ ասեմ` աշխարհում ամեն ինչ վաճառւում է, եւ այս առեւտրում խիղճ կամ ամօթ փնտռելը հէնց ամօթ է։
Առեւտուրն իր շրջանագծում ընդգրկում է ու փայփայում խաբէութիւն, դերասանութիւն, սուտ, արտիստիկ կեցուածք եւ այլ՝ դարերով մշակուած հնարքներ։ Այս ամենը մենք տեսնում ենք կարեւոր միջազգային վերին ատեաններում, քաղաքական ու ռազմական անմարդկային բախումներում, եւ միակ բանը, որը մշտապէս մխիթարանք է պարունակում, «հումանիտար օգնութիւն» արտայայտութիւնն է։ Այդ հումանիտարն էլ յաճախ տեղ չի հասնում, ինչպէս տասն ամիս պաշարուած Արցախին։
Ռմբակոծումներից ու սպանութիւններից յետոյ բռնի տեղահանուած արցախցիներին Արեւմուտքից, Արեւելքից հումանիտար օգնութիւն են յայտարարում։ Մեր աճուրդին զուգընթաց, Սպիտակ տունն ու ԵՄ-ն կոչ են անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացածների, ինչպէս նաեւ իրենց տները վերադառնալ ցանկացողների իրաւունքներն ու անվտանգութիւնը։
Մատների վրայ կարելի է հաշուել նրանց՝ հայ բնակիչներին, բայց ո՞վ հաւէս ունի մանկան պէս մատներով հաշուել, կարեւորը՝ իրենք հաւատում են իրենց ասածին եւ Ադրբեջանին, որ կ՚անսայ իրենց կոչերին։
Աճուրդի թունդ պահին հնչում է ՀՀ-ում ՌԴ դեսպանի խօսքը, որ Ռուսաստանը դա ընկալում է որպէս սեփական ողբերգութիւն։
Արցախից բռնի տեղահանուել են նաեւ ռուս բնակիչներ։ Ռուս խաղաղապահները գոնէ նրանց տէր կանգնէին։
Ու մեր ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Մհեր Մարգարեանը, Նիւ Եորքում վերստին յիշեցնում է ՄԱԿ-ին եւ Անվտանգութեան խորհրդին իրենց մանդատի վերաբերեալ, որ պատասխանատւութիւն են կրում արցախցիների վերադարձի եւ անվտանգ ու ապահով ապրելու հարցում, ի հարկէ չի մոռանում յուշել երաշխիքներ ընդունելու եւ գործարկելու մասին։ Որքա՞ն կարելի է յիշեցնել ՄԱԿ-ի զնգուն ու անհետեւանք նիստերի մասին։
Դեմոկրատական երկիր ենք եւ մեր ունեցած այդ հարստութեան մի մասն աճուրդի ուզում ենք հանել։ Աճուրդը յայտարարուած է։
Ոչ ոք չի մօտենում։ Ով ունի՝ ունի, ով չունի, թքած ունի։
Հին Յունաստանի դեմոկրատիայի հայրերն էլ չեն երեւում։ Ժամանակ չունեն պաղեստինցիներն ու իսրայէլցիք։ Կողքից ծուռ է նայում Էրդողանը, թէ՝ խաղաղութեան ձգտէք, բաւական է մեր հողերն ու նաեւ Ադրբեջանի տարածքները երազէք։
Մեր ԱՊՀ երկրներն էլ բշտում են՝ մեզ հետ գոնէ աճուրդի հարցը քննէիր։
Որոշ երկրներ էլ բարեկամաբար խէթում են՝ ժամանակ գտար, մենք զբաղուած ենք մարդու իրաւունքների աճուրդով։
Ճիշտն ասած, մենք էլ ենք արդէն հասկանում, որ դեմոկրատիան զէնք է հզօրների ձեռքում եւ ոչ՝ ոչ հզօրների, մեղմ ասած։ Մենք անվճար ենք վաճառում, ախր դուք աճուրդի էլ չեկաք, որ լսէիք այդ մասին։ Էս լսելով յիշեցի Թումանեանի խօսքը. «Բառը մի աշխարհ է», այսինքն՝ նախ աշխարհը ճանաչիր, որ ճանաչես բառը։
Չեն ուզում անգամ նուէրի պէս փաթեթաւորած մեր տեղական արտադրութեան բնական, մաքուր մարդասիրութիւնը։ Ոմանք կարծում են՝ ճարպիկ ու խորամանկ հնարք է։ Յատկապէս ոխերիմ հարեւանը, եւ պատրաստւում է իր ասելով՝ խաղաղութեան, մեր եւ նրանց ընկերների հասկացածով՝ պատերազմի։
Մեր կիսադեմոկրատական ընկերները փորձում են մեզ պատժել անտեղի աճուրդի համար։ Բռնակալները միաւորւում են «դեմոկրատիա» բառը լսելիս։
Դեմոկրատական երկրները պատրաստւում են դեմոկրատական կոչ ու ոչի, աղմուկ-աղաղակի եւ վերջում՝ հումանիտար օգնութեան, հասկացէք, ախր միլիարդներ ենք ծախսում Ուկրաինայի, Իսրայէլի համար։
Հռոմի պապն էլ խաղաղութիւն մաղթեց եւ Աստծոյ օրհնութիւն՝ անտուններին, բռնատեղահանուածներին։ Մէկ էլ մի հին յոյն փիլիսոփայ էս կողմերով անցնելիս ասաց. «Գեղեցիկ սուտն աւելի դաժան է, քան դաժան ճշմարտութիւնը»։ Յաջողութիւն եւ խոհեմութիւն, իմ հին ու նոր հայեր։
Մեր յոյներին էլ դա ցանկացայ, նաեւ՝ զգաստութիւն։ Ճանաչենք բարեկամներին ու թշնամոց, ինչպէս ինքներս մեզ, այլապէս նրանց տեղերը միշտ կը փոխենք, իսկ գումարելիների տեղափոխութիւնից գումարը չի փոխւում։
Մի խօսքով, յատկապէս խառը, ցաւագին ժամանակներում դեռ ջուրը չտեսած, մի՛ բոպկացէք։ Մինչեւ ջրին հասնելը գուցէ փուշ մտնի ձեր ոտքը։
— Բարին ընդ ձեզ, հայե՛ր եւ ո՛չ հայեր, — սա էլ՝ յիշեցի Հայաստանի մասին գրուած Վասիլի Գրոսմանի գրքի վերնագիրը։

«Գրական թերթ», 27 հոկտեմբեր 2023

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *