Նանէ
Դէպի Սիւնիք ճանապարհը դժուարանում եմ ասել՝ երկա՞ր տեւեց, թէ՞ կարճ. խառնիխուռն մտքերի մէջ կորցրել էի ժամանակի զգացողութիւնը: Մի 4-5 օր առաջ Արցախը դատարկուել էր, թուրք-ազերին նորից իր վայրագութեան խրախճանքի մէջ էր: Տանը պատէպատ վիճակից փրկուելու ելք էր Արցախին գոնէ մօտ լինելու միտքը, ու… ճանապարհին եմ:
Սիւնեաց լեռների վեհ, թիկունք թիկունքի տեսքի մէջ այս անգամ ասես կշտամբանք կայ՝ դուք լաւ պահապաններ չէք անգամ անպարտելի լեռնաստա՛ն Հայրենիին, բայց յիշելով հազարամեակներով իր հողի հետ մէկ հոգի ու մարմին դարձած արցախցու ոգու ամրութիւնը, աչքս՝ լեռների պէս կշտամբանքով, յառում եմ այլ կողմ՝ դէպի մեզ միշտ պատուհաս դարձող իշխանական աթոռները…
Սիւնեաց լեռնե՜րը… Ժայռեղէն գագաթները երկնքում մխրճած ու արեւի հետ սիրախաղից շիկնած, հալէհալ ու դրանից արեւագոյն դարձած, մի երանելի կեանքի հրաւէր են ասես, վայելքի մի ջերմ գիրկ, մտովի գարնանային ծաղկոտ լեռնափէշերում եմ՝ կակաչների, երիցուկների, խռնդատների (արքայական գայիսոն), վայրի մեխակների, տերեփուկների բոյրերից ու գոյներից արբած, այս ու այն ժամանակներում ցրուած օրերի տեսիլներում, ժամանակներ եմ կտրում, անցնում Սիւնեաց լեռներից էլ այն կողմ… Արցախում եմ՝ ծաղկանց եասամանագոյն «մշուշով» պարուրուած լեռներն են, Շուշին՝ իր զուսպ հմայքով, Գանձասարի խցերում աղօթքներով օծուն գիշերները, հրաշքը՝ գիշերով վանքի գմբէթին անտես թռչունների երգեցողութեամբ, աշնանասկզբին փաթիլների պարը նրանց շուրջ՝ գմբէթի լոյսերի մէջ շողշողացող. խորհուրդ, որ մինչ հիմա դեռ դժուարանում եմ հասկանալ…
Այն ժամանակ գրածս նիւթը վերջացրեցի ոչ թէ՝ անցում Արցախից Հայաստան, այլ՝ անցում Հայաստանից Հայաստա-նով… Հայրենիս մէկ էր ամենուր ու իմը, մերը…
Ո՞ւմ մտքով կ՚անցնէր, որ յետոյ գալու են եւ Շուշին «դժբախտ ու դժգոյն» անուանեն, մեր հազարամեակների տուն ու բոյն Արցախը՝ քոչուորի զաւթած հողերի անբաժան մասը, Հայրենին՝ ստորագրութիւններն ու պատերազմներն իրար խառնած, ձեռուոտ ընկած, ոգեւորուած մաս առ մաս յանձնեն անյագուրդ թշնամուն, առանց ամօթի ու խղճի խայթի մեզ թափառական ու տնազուրկ անեն…
Անցնում ենք Համօ Սահեանի ծննդավայրով՝ Լոր գիւղով, յաջորդը Շէնաթաղն է, դէպի ուր էլ գնում ենք, եւ որտեղ համակուրսեցի ընկերուհուս՝ Տաթեւի հայրական տունն է:
Տաթեւի հայրը՝ քիմիայի վաստակաւոր ուսուցիչ Գրիգոր Շահեանը, վստահ եմ, երազկոտ էութեան թելադրանքով, լեռնամիջեան հարթ տարածքները թողած, հէնց ինքն է ընտրել լեռնալանջին ի ձոյլ իր տնամերձ բաժինը, ժայռի կուրծքը ճեղքել, մի փոքր տեղ հարթել փոքրիկ տուն կառուցելու համար, իսկ այգին՝ լեռն ի վեր մագլցած ովասիս է ասես: Հիմա էլ նրա դուստրը, որ մաքրամաքուր հայ հօր գենի լիուլի ժառանգորդն է, ինքն է՝ ամուսնու՝ Արտակի հետ, ժայռից ի՛ր տարածքը նուաճում՝ սիրով, յամառութեամբ, գումարի սղութեան ու վերցրած վարկերի առատութեան պայմաններում՝ նպատակասլաց, գոյատեւութեան բնազդին գերուած:
Այս ու այնտեղ արեւագոյն ժայռափշուրներ են սփռուած:
— Այստեղ պահեստասենեակներն են լինելու, — ցոյց է տալիս տան ետեւում ժայռի մէջ հսկայ փորուածքը, — վերեւում՝ երկրորդ յարկում, հիւրատունն է կառուցուելու: Չրեղէնի, մրգա-բանջարեղէնային փոշիների արտադրութիւնն առաջին յարկում է, եւ շէնաթաղցի կանայք մրգերն են մաքրում, կտրատում, տեղաւորում չորացնող սարքերի մէջ: Ընդմիջումներին անհնար է խուսափել իւրաքանչիւրի հոգին տակնուվրայ անող իրականութիւնից, կցկտուր նախադասութիւններ են, որոնց ետեւում ահռելի ցաւ կայ. «Գիւղում արցախցիների են տեղաւորելու, գիւղացիների մեծ մասը յօժարակամ տրամադրում է իր ազատ տունը», «Որոշ արցախցիներ Սիւնիքում չեն ուզում մնալ, վախենում են…»:
Էհ, լուրեր, լուրեր, ճիշտ ու սխալ խառնուել իրար ու տնից տուն են գլորւում, սրտից սիրտ ու տագնապով լցնում մարդկանց հոգիները: Անվախ, տոկուն արցախցին ե՞րբ է վախեցել: Բայց արի ու տես… Իսկ ի՞նչ անեն. «Երբ թագաւորը մանուկ է եւ իշխանները…»։ Երանի չէ՞ր մանուկ լինէր, այլ ոչ թէ Հայկաշէն, հազարամեակների ճանապարհ անցած ազգ ու երկրի պատմութիւնը «դզած-փչած» անուանէր ու…
Տաթեւի հարեւանուհին էլ մոռացել է ապուպապերի իրեն փոխանցած ոգու ուժը, վախով է քնում ու արթնանում: Բայց, փառք Աստծոյ, հատուկենտներն են տագնապների գերութեանը տրուած:
Եկել ու շէնաթաղցիներից, լեռնալանջի տիրուհի ընկերուհուցս ուժ եմ առնում. յուսահատութեան մշուշները՝ ասես արեւից պարտուած, միջիցս փերթ առ փերթ ցրւում են:
Ամեն դէպքում, այս խառնաշփոթում, երբ սարերից այն կողմ թշնամին զօրք է կուտակում, խենթութիւն է այսքան մեծ երազին մարմին տալու անցուդարձը, բայց Տաթեւն ասես կարդում է մտքերս.
— Ես աշխատանք եմ տուել այսքան մարդու, եւ յետոյ, եթէ կանգնեցնեմ գործն այս պահին՝ գիւղացիները կը վախենան, կը մտածեն, որ լուրջ վտանգ կայ:
Եւ աշխատանքը եռում է: Ու ես հայեացքս նորից յառում եմ լեռներից այն կողմ. Հայի այս տեսակը քանի կայ, դու երկար չես մնայ մեզնից կարօտ, Արցա՜խս:
Հայի այս տեսա՜կը… «գլուխը բարձին դնելուց առաջ» ազգի մասին մտածող, իր ազգակցին «ինչպէս իր անձը սիրող», Հայրենի հողի սրտի զարկերն իրենի հետ համատեղած Հայի տեսակը:
— Գնանք, քեզ ուզում եմ ցոյց տալ իմ մանկութեան այն ժայռը, որին ժամերով նստում ու վերանում էի աշխարհից:
Մագլցում ենք փոքրիկ արահետներով, որոնք անտառ յիշեցնող այգին ասես յարկէյարկ վեր են հանում բարձունքով: Հսկայ ընկուզենիները, տանձենիներն ու խնձորենիները տարածել են իրենց բերքառատ ճիւղերը. այս ծառից մի տանձ, այն մէկից խնձոր համտեսելով առաջանում ենք: Վերեւում արդէն սկսում եմ չորացած խոտերից, թփերից կառչել՝ ցած չգլորուելու համար: Նստում եմ «մանկութեան քարին», որ մի մեղրագոյն ժայռաբեկոր է, ու հայեացքս սահեցնում շուրջ բոլորս: Սիւնիքի լեռնաշխարհը հեռու-մօտիկ պատկերներով, թոյլ ու ցայտուն գծերով, գոյների խայտանքով հմայում է, մոլորեցնում, յետոյ տանում-տանո՜ւմ լեռներից այն կողմ… Արցա՜խ…
Մենք ինչպէ՞ս ենք հանդուրժում, թոյլ տալիս, որ մեր նախնեաց ու մե՛ր ոտնահետքերին վայրագների ոտնահետքերը խառնուեն:
Մե՜նք… այսքան փոքր մի բառ, բայց ինչ ասես, ով ասես չկայ իր մէջ՝ Նժդեհներ կան, Անդրանիկներ, Սարդարապատի, Արցախեան հերոսամարտի, քառօրեայի, 44-օրեայի եւ այս ու այն գոյամարտերի քաջորդիներ ու… հայի տականք հայեր կան (հայե՞ր արդեօք), որ թշնամուց էլ առաւել գետնում են մեզ, կան ամերիկաներում, եւրոպաներում փափկակենցաղ օրերի անուշութեան մէջ մեզ համար կորսուած հայեր, մեր թիկունքից, մեր բանակից, մեր թուաքանակից պոկուած, մեր ուժը թուլացրած ու թշնամունը աւելացրած հայեր… Մեեե՜նք… քանի՞ գոյն ունի այս բառը, քանի՞ դէմք…
Բայց չկայ ազգ, որ լաւն ու վատը չունի իր մէջ, միայն թէ, նրանք վատին պատժել գիտեն, խաղից դուրս դնել գիտեն, առաջնորդի լաւ ու վատ տարբերել գիտեն, լաւին ճանապարհ տալ գիտեն:
Մեր պատուհասներն սկսուեցին այն ժամանակ, երբ շատ, անչափ հեշտութեամբ սկսեցինք կուլ տալ դրսից՝ գլոբալիստական կառոյցների ուղեղարդուկման ինստիտուտների կողմից մշակուած ու մեզ հրամցուած խայծերը. աշխարհի քաղաքացի դառնալը ոմանց ականջներին քաղցրալուր մեղեդու պէս հնչեց (գուցէ իրենց գրպաններ հոսող դրամների՞ ձայնով) եւ շտապեցին ուրանալ իրենց արեան մէջ տրոփող նախնեաց հրահանգը՝ հայ մնալ մինչեւ ուղնուծուծը: Տարբեր շաբլոններով փորձեցին փոխել մեր գիտակցութիւնը, մինչ այդ փայփայուածը, մեզ ուղղորդել ու տանել իրենց կամեցած ուղղութեամբ, ազգայինի տեղ օտարը ներմուծել: Երբ ոմանք, տուրք տալով այդ նոր մտքերին, սկսեցին մեր իրականութեան ամենակարեւոր իմաստները հեգնել ու ջնջել, դուրս մղել կեանքից, դասագրքերից անգամ՝ հայրենիք, պատմութիւն, մտաւորական… Երբ ազգասիրութիւնը «նացիոնալիզմ» անուանուեց, մտաւորականի տեղ հեգեմոն դարձան «հանրային մարդիկ»՝ երգիչներ, հաղորդավարներ, դերասաններ, որոնք, ամեն դէպքում, մտքի մարդիկ չեն, շատ են հեռու այդ մեծ պատասխանատւութիւնը կրելու կարողութիւնից եւ յարգելի ու ընդունելի են միայն իրե՛նց տարածքում: Եւ սկսուեց ազգի անգլուխ երթը…
Մեր պատուհասներն սկսուեցին այն ժամանակ, երբ դադարեցինք ապրել մէկ ազգ-մէկ ընտանիք գաղափարով, երբ մեր ներսում՝ մեր հզօրացման, մեր բանակի, երկրի բարգաւաճման հաշուին, դարձեալ դրսի թելադրանքով՝ «Երկրի հարուստները պէտք է շաաա՜տ հարուստ լինեն, որ ժողովուրդը լաւ ապրի», ձեւաւորուեց եւ ճոխացաւ անյագ ախորժակ բացած, ամեն սահման մոռացած եւ «էլիտա» բառի իրական իմաստը նենգափոխած հարուստների, իշխանականների այն խաւը, որն արդէն ամենաթողութեան մի դաշտ է դարձել, որոնք արդէն ողջ ժողովրդին են իրենց անսահման հեռուներից «աղքատներ» ու «բոմժեր» պիտակաւորել, այդպէս պառակտելով ազգն ու ջարդելով մեր ողնաշարը:
Պատուհասներն սկսուեցին այն օրերից, երբ սեւից ազատուել փորձելու փոխարէն՝ վագր, առիւծ ու վիթ, հօտ սարքած ու քաղաք բերած միամիտ Դաւթի պէս սեւ ու սպիտակ խառնեցինք իրար, ու մեր իրականութիւնն էլ սեւ ու խաւար դարձաւ, երբ յանցագործները, մատնիչները, մեր լաւագոյններին մահուան ուղղորդածները, մեր՝ տարիների գնով, որքան հայորդիների արեան գնով ձեռք բերուած յաղթանակը դիւանագիտական անցուդարձերում գրոշի արժէքով մսխածները անպատիժ մնացին՝ տեղ բացելով արդէն Հայրենին գրչի մի հարուածով թշնամուն յանձնողների համար:
Պատուհասներն սկսուեցին օրերից այն մէկում… Էհ, ո՞րը թուեմ…
Ու քանի մենք մեր անիրաւներին պատժելու փոխարէն դեռ թռիչքի ենք հանում մեր ճակատագրի երկինքներում, քանի դեռ առաջ գնալու փոխարէն գնդակի պէս ետուառաջ ենք գլորւում՝ վատից, իբրեւ թէ աւելի քիչ վատին նորից վերադառնալով, քանի դեռ յանցագործների ետեւից ենք գնում՝ ինքներս էլ յանցակից դառնալով, նրանց սեւ արիւնը սերունդներով էլ կը վերադառնայ ու կը պատուհասի դարձեալ, ու Բարձրեալը մեր կողքին չի կանգնի:
Մե՛նք… Քանի դեռ այս կարճ բառի մէջ այսքան հակասութիւն կայ, մենք միաքայլ չենք կարող առաջ ընթանալ:
Մտքերս շեղում է այգու ամենավերում՝ հասուն պտուղների վարդագոյնով ասես հրաւէր դարձած, մենաւոր սալորենին, որ այնպէս է սազում այս ժայռեղէն շքեղութեանը: Ամենավերում եմ…
Տանը դեռ երկար վայելում եմ լեռնաշխարհի բարիքները՝ թարմ, տնական ռեժան, կարագ, պանիր, մրգա-բանջարեղէնա-հատապտղային չիպսերի՝ չորա-թիթեղիկների անուշաբոյր տեսականին, բայց ամենակարեւորը, որ ինձ հետ մնալու է անվերջ՝ Հայոց Լեռների Ոգին է…
Ես այնտեղ գնացի յուսահատութեան խաւարից շնչահեղձ, իսկ վերադարձայ ամրացած, ժայռեղէն լեռնաստանի ուժը ներծծած իմ մէջ ու վստահ, որ այս փորձութիւնն էլ կ՚անցնի, անպայման կ՚անցնի: Միայն թէ՝ տարուած անմիտ թէ խելացի խօսքերի անվերջանալի հոսքով, աչքաթող չանենք գործը, փնտռենք մեր ազգի իմաստուններին ու նրանց սիրոյ, նուիրումի ու խորագիտութեան մէջ գտնենք մեր առաջնորդներին, միայն թէ չկորցնենք մեր հոգու պարտքը, երազները՝ դէպի աչքները ջուր կտրած մեր ճամբան պահող Արեւմտեան Հայոց հողեր, Նախիջեւան, այժմ նաեւ՝ Արցախ վերադարձի: Իսկ երազն ու ձգտումը մեծ պէտք է լինեն՝ իրականութիւն դառնալու համար: Անչափ մեծ…
Գնանք մեր երազի ետեւից աննահանջ, յամառօրէն, դէն նետած տագնապներն ամեն, քրիստոնեային վայել վարքով Բարձրեալի հովանին զգեցած, հսկայ Հայոց լեռնաշխարհի տիրոջ վեհութեամբ ու վստահութեամբ եւ… անպայման տեղ կը հասնենք:
«Գրական թերթ», 27 հոկտեմբեր 2023