Բանաստեղծութիւններ

Մանուշ Առուշանեան

Եւ ահա երկրորդ, թէ երրորդ անգամ
Դու շփոթուած անունս ես տալիս
Մթութեան մէջ,
Ձեռքիդ՝ բաժակը,
Ուսերիդ՝ իմ շալը,
Որ գուցէ բոյրս պահել է տաքուկ
Եւ քո շուրթերին է հպւում շարունակ,
Ստիպում չընդունել
Իրականութիւնը այն,
Որ ես էլ չկամ…

Չէ։

Ես կամ,
Ուղղակի հեռու
Քեզնից ու մեզնից
Ու այդ բուրմունքից,
Որ հպուել է քո շուրթերին ծածուկ
Ու պոկ չի գալիս։
Բայց դու մի նեղուիր.
Մի օր կը խամրի բուրմունքս գուցէ,
Նաեւ կարօտդ,
Որ կոկորդիդ է կանգնել երկիւղած
Եւ անելիքն իր չգիտի բնաւ։
Կը խամրի նաեւ համբոյրը վերջին.
(Յիշու՞մ ես
Մեր տան շքամուտքի մօտ)
Դա հրաժեշտ էր։
Մենք չգիտէինք…

* * *

Արեւը մայր կը մտնի այն փողոցում,
Ուր վերջին անգամ հրաժեշտ կը տանք իրար։
Ամեն առաւօտ արեւը կը ծագի նոյն տեղից։
Օրերից մէկում կը ծնուի մի հինաւուրց, ծերացած կարօտ
Ու կը քայլի դատարկ փողոցներում,
Ծառերի վրայով,
Տանիքներին կը նստի մի քիչ,
Մի գեղեցիկ ծաղկի մօտ կանգ կ՚առնի
Մի քանի րոպէ,
Յետոյ ձեր տուն կը գայ,
Իսկ դու տանը չես լինի։

Օրերից մէկում էլ կը մնաս Դու,
Կը մնամ եւ Ես։
Ժամանակը կ՚անցնի աննկատ։

Արեւն ամեն օր մայր կը մտնի եւ կը ծագի ամեն առաւօտ,
Իսկ Ես ու Դու այդպէս էլ Մենք չենք լինի…

* * *

 

Քո աչքերից լոյսեր են առկայծում կամացուկ,
Եւ դու բացում ես դուռը հեքիաթի
Քո բարակիրան հմայքով լուսէ,
Ցօղում ես պայծառ երազներ ծածուկ
Եւ
Ինքնամաքրւում են մեղսագործները բոլոր
Քո հպումներից,
Շոյումներից քո,
Մեղրահնչիւն ձայնից քո տաքուկ…

Դու կերտուած ես լուրթ երազանքներից
Ու էութիւնդ մի լուսէ երգ է,
Որ արեւագալին լսւում է խորունկ ու
Ապրեցնում է
Աշխարհը համայն…

Դու միայն մնայ այդպէս անթերի.
Քեզնով այնպէս եմ կեանքն այս սիրում…

* * *
Մանում եմ սէրս կարօտաթաթախ,
Ու հուր շուրթերս համբուրում են քո չասուած բառերն ու
Հպումներդ անշշուկ ու մութ։
Հոգիս քո անունն է գրում գիշերում,
Ես ցնորքի մէջ
Արտասանում եմ անունդ երկվանկ,
Եւ գոյութիւնդ դառնում է
Ինքնին մի խաբէութիւն։
Դու եկել ես,
Որ ես ապրեմ
Ինքնամոռաց
Ու
Միայնակ…
* * *
Լոյսը բացւում է քո կապոյտ-կապոյտ աչքերի մէջ
Եւ թեթեւասահ սլանում դէպի հորիզոնները
Հեռու եւ գունատ…

Ես համբուրում եմ կոպերդ ծածուկ
Եւ արեւաշող մազերդ լուսէ,
Որ իմ ձեռքերից սահում են
Հասնում հեռուներն արձակ…

Դու քեզնով դարձրիր ինձ տէրն աշխարհի
Եւ տուեցիր ինձ սէրերը բոլոր երեւելի եւ աներեւոյթ,
Թեւեր գծեցիր հոգուդ լոյսերով
Ու… հեռացար…

Դատարկ է շուրջը,
Ո՞ւր ես,
Չկաս…

* * *

Բոլոր բառերը մեռնում են գիշերը.
Երբ թանձր խաւարում ՝ լուսնի լոյսի տակ
Խամրում են գոյներն ու ձայները մեղկ
Դու կախւում ես լուռ
Մի հին պարանով,
Որ հիւսուել է քո թշուառ մտքերից,
Ու չես մահանում։
Դու մտածում ես ապրել կիսաձայն,
Չկիսել երբէք ցաւը քո հոգու…
Պատշգամբիդ տակ մի սոված շուն է կաղկանձում կամաց,
Դու բնազդաբար մի կտոր հաց ես նետում բարկացած,
Որ չխանգարի լռութիւնդ խեղճ,
Որ քեզ հետ կախուել է այդ նոյն պարանից
Ու ճօճւում է մի ճռռոցով դաժան։

Դա խիղճն է անգութ…

Դու անիծում ես գիշերը խաւար
Ու ցերեկն անքուն
Եւ օրը բացուող
Եւ հինը
Եւ նորը…
Դու ատում ես ամեն մի նոր բան,
Որ պիտի լինի քո ծաղրակեանքում,
Ատում ես դաժան լուսաբացները, մայրամուտները,
Որ քեզ տանում են դէպի մանկութիւն,
Յետոյ յիշում ես անհոգ օրերդ,
Երբ ուրախ էիր դու, կենսախինդ, անմեղ,
Մի խարտեաշ, երջանիկ տղուկ էիր դու։
Սթափւում ես մի պահ,
Կտրում ես պարանը
(Թքած թէ կինդ քեզ դաւաճանեց,
Հէրն էլ անիծած)
Կտրում ես տանջող թելը մտքերիդ,
Ուզում ես ապրել…
Եփում ես սուրճը,
Նստում մի հին աթոռի վրայ,
Որին սիրում էր թիկնել քո կինը,
Յիշում ես եղածը,
Ագուցուած պարանը կախում ես վզիդ
Ու… հեռանում ես…

Բոլոր բառերը մեռնում են գիշերը,
Իսկ սեղանին սառում է սուրճը…

Արցախ

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *