Հայասէր Յովսէփեան
Ոչինչ տարօրինակ չէ ու զարմանալի,
ես զինուոր եմ
եւ իմ ուսից կախ աւտոմատի մէջ
փամփուշտը փոքրիկ ձուկ է խաղաղ ծովում,
որ կարող է պղտորել մաքուր ջուրը:
Խրամատի մէջ, ուր ես կանգնած եմ,
թեթեւ քամի կայ,
որ տարատեսակ շշուկներ է բերում,
ասես, սեւ ու սպիտակ ուլունքներ է շարում
լռութեան պարանին
լուսնի նարնջագոյն մատների շոյեանքից
մի մեղեդի ձուլելու համար:
Ես զինուոր եմ,
եւ զարմանալի ոչինչ չկայ,
երբ գիշերուայ խաւարասքող խրամատի մէջ
ժպտում եմ մենակ,
պարզապէս քաղցր տեսիլք կայ յուշերի,
որ այցելում է անսպասելիօրէն ու յանկարծակի:
Եվ տեսիլքի մէջ ընկերներս,
լոյսերով ողողուած քաղաքի ակումբում,
շամպայն են կրակում՝
խցանը օդ թռցնելով
ու արժանանալով
շքեղ աղջիկների ջերմ ծափերին,
իսկ ես լուսածրող փամփուշտ եմ կրակում
լուսնի ուղղութեամբ
եւ սպասում հակառակորդի ոռնոցին՝
որպէս պատասխան:
Զարմանալի չէ,
որ իմ ծիծաղը զրնգում է՝
բախուելով խրամատի սեւացած պատերին,
որ անձրեւը տանիքից կաթում է
քնած ընկերոջս մէջքին
ու հապճեպ տեսած երազի էկրանին,
որ վայրկեանը ժամանակ չէ այստեղ,
այլ ականապատ մի տարածք,
ուր պէտք է քայլել զգուշօրէն,
գիշեր լինի, թէ ցերեկ…
Ես զինուոր եմ,
զինուոր է նաեւ մեր դիրքի շունը,
որ արթուն հսկում է մեզ հետ ամբողջ գիշեր,
եւ իմ ուսից կախ աւտոմատի մէջ
փամփուշտը խաղաղութեան սուրհանդակ է…