ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ, ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ, ԳՐՈՀ, ԱԶԱՏԱՄԱՐՏ

Կոմիտաս Յակոբեան

ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ

Օրը վերջանում է իրիկնամուտին,
անկեանք փողոցներում
վխտող զինուորները
ստուերներ են փնտռում`
պարետատուն տանելու համար:
Թափառական շներն անգամ,
խոյս են տալիս
երկաթէ մահակներից,
հաչելով նրանց
ուղեղի մէջ սսկուած
հիստերիկ գաղափարների վրայ:
…Օրը այստեղ
կարող է վերջանալ իրիկնամուտին,
իսկ գիշերը առանց զոհի
չի վերջանում:

ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ

Արեւածագին խաղաղ էր օրը,
Ջերմ էին շնչում շնչաւորները արեւածագին,
Իսկ իրիկնացող օրուայ անդորրը
Հեղեղուեց հեղձուկ հոտով վառօդի:
Մռայլուեց օրը ու փնչաց դաժան,
Ռումբ ու հրթիռներ պայթեցին ահեղ,
Դիրքերում տղերքն իրարով անցան,
Սեւ ծխի որոտ՝ աղաղակի մէջ:
Մարտն ընթանում է Դաւալու խութում՝
Արիւն ու քրտինք խառնելով իրար.
Տղերքը մահուան սարսափ–երախում
Հերոսանում են՝ ի սէր հայրենեաց:
— Տղերք, պինդ կացէք, եղէք անսասան,
Մէկը՝ քսանին, հարիւրին ի դէմ…
Հրամանատարը ոգի է տալիս,
Տղերքն աներեր դիմակայում են…
Իրիկնանում էր: Ու մարտադաշտում
Ծխում են խփուած հրասայլերը,
Վանք իմ, թշնամուն ի տես կարկառուիր,
Որ ննջեն յաղթած նահատակներդ:

ԳՐՈՀ

Բոլոր տեսակի հրանօթներով՝
Ճերմակ բլրին, երկուական զարկ:
Ծանր սոսկումով արկեր են սուրում,
Ու հետեւակը շարժւում է առաջ:
Գրոհի ժամին՝ տղերք, անվարան,
Գոյատենչ հողը նեցուկ ձեր բազկին,
Ճերմակ բլրին՝ անընդմէջ կրակ,
Օրհասն է ապրում արդէն թշնամին:
… Ահա վերելքի տատասկոտ ճամբան
Հորիզոնի հետ հատւում է այստեղ,
Ու երկնքին մերձ, բարձրութեան վրայ,
Զինուորի ոգին ճախրում է արդեն:

ԱԶԱՏԱՄԱՐՏ

Տանկերը հռնդում են
Բիրտ կուսակցութիւնների
Մեղքերը քաւելու համար:
Հայ կարօտ ձեռքը
Կիսալուսնաձեւ կեռերն է ջնջում
Հայոց հայատառ-հայ-խաչքարերից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *