Համազգայինի Գիւմրու գրասենեակը բացեց իր դռները

Փետրուարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան և Գիրք նուիրելու օրը, Գիւմրիում կայացաւ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի Գիւմրու գրասենեակի բացման արարողութիւնը։
Միջոցառման հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ «Շիրվանեան» երիտասարդական կենտրոնի դահլիճում, որտեղ բացման խօսքով հանդէս եկաւ Համազգայինի նորաբաց գրասենեակի պատասխանատու Արա Նախշքարեանը։
«Գիւմրին ուրախ է այսօր, որ պիտի կարողանայ իր արուեստագէտ հասարակութեան մէջքը ամուր պահող կառոյցին իր օժանդակութիւնը բերելով՝ փոխադարձ վերաբերմունք ստանալ։ Խորին յարգանքով մեր շնորհակալութիւնն ու խոնարհումն ենք յայտնում Համազգային միութեան դարբիններին ու այդ դարբնոցում կոփուած մեծամեծ հայորդիներին, որոնց նուիրական աշխատանքի շնորհիւ մօտ մէկ դար շարունակ աշխարհասփիւռ հայութիւնն իր ինքնատիպ դիմագիծը պահպանելով՝ վստահօրէն քայլեց տարիների մէջ», — իր խօսքում նշեց Արա Նախշքարեանը։
Յաջորդաբար ողջոյնի խօսքերով հանդէս եկան Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանը, Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը, Համազգայինի Երևանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը։
Ողջոյնի ու շնորհաւորանքի խօսքով հանդէս եկան նաեւ Հայաստանի գրողների միութեան Շիրակի մասնաճիւղի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետեանը, Հայաստանի նկարիչների միութեան անդամ Սամուէլ Լաչիկեանը, գրականագէտ Կարինէ Մարտիրոսեանը։
Հանդիսաւոր արարողութեան գեղարուեստական մասն ապահովեցին «Հրայրք» ազգային պարի համոյթը և երգչուհի Հերմինէ Ղարիբեանը։
Օրը նշանաւորուեց նաև Համազգային հայ կրթական և մշակութային միութեան Երևանի գրասենեակի կողմից հայ մեծ բանաստեղծ Վահագն Դավթեանի ծննդեան 100-ամեակի կապակցութեամբ հրատարակուած «100 բանաստեղծութիւն» գրքի (կազմեց՝ Սիլվա Եուզբաշեանը) շնորհանդէսով։
Հաւատարիմ մնալով օրուայ խորհրդին՝ բոլոր ներկաներին Համազգայինի կողմից գրքեր նուիրուեցին։
(Երկիր)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *