ՔԱՄՈՒ ՈՂԲԸ եւ այլ բանաստեղծութիւններ

ԿՈՐԻՒՆ ՍԵՐԳՈՅԵԱՆ

Ամայի դաշտում քամին էր սուրում,
Ռունգերով հսկայ անդորրն աւերում,
Անսահմանութեան տրոփիւնը տաք`
Լցնում ցաւահար վայրենի հեւքով։
Նա մահուան տխուր մի երգ էր սուլում…
Թաւալւում էր թաց խոտերի վրայ,
Թափում էր ցօղը կակաչի սրտից,
Արցունքներ յորդում թերթերին պոկուող,
Բուրմունքներ առած` ահեղ մռնչում,
Քարերին դիպչում, սառչում էր, դողում…
Արիւն էր ցօղում երակը կեանքի,
Դողում էր հեւքը սեփական շնչի…
Ողբում էր նա քաջ զինուորի համար,
Ողբում էր` ձայնը երկնքում կորած,
Ողբում` ոռնալով, ծփում` երգի պէս…
Զինուորը ընկաւ յամառ մարտերում,
Խոնաւ կարօտը` արեւ այտերին։
Դաշտերին խոնարհ սեւ մահն է տիրում.
Սեւ հոգիների տիրուհուն կանչում,
Լէշակեր, ագահ երամներ բերում,
Բորենու նման ողբաձայն հաջում…

Սուրում է դաշտում քամին ոռնալով,
Ջահել զինուորի կորուստը լալով։
Յիշում է քամին` զինուորին խրոխտ,
Յիշում է նրա տեսքը առնական
Ու կռուի դաշտում` վազքը յաղթական…

Ամայի դաշտում սուրում է քամին,
Մահուան մի տխուր բալլադ է սուլում։
Յիշում է` ինչպէս տարիներ առաջ
Քաջ զինուորն ընկաւ` գոռալով` յառա՜ջ…

6 մայիս 2000

* * *

Երազ բուրող աչքերի պէս` սէրը կ՚ընկնի` որպէս թռչուն…
Բաց ափերդ, ճերմա՛կ աղջիկ. ծիածանն է մենակ, անգոյն։
Քո աչքերի թաքուն գրկում խառնուել են գոյները մեր։
Խառնուել եմ քո աչքերում, անձրեւի պէս մաքո՛ւր աղջիկ։
Գոյները` սէր, գոյները մեր խաղաղ խօսք են`
անձայն ասուող,Անձրեւային արահետի կանաչ գրկում` ճերմա՛կ աղջիկ։
Մենք երկնքում երազեցինք` արթուն, անխուփ,
թաց աչքերով։
Ծիածանը քնքուշ ափիդ` արեւային արցունք է ջինջ.
բաց ափերդ, ճերմա՛կ աղջիկ…

14 յուլիս 2000

* * *

Չարբեցի սիրով…
Մերժուեցի ինքս, բայց քեզ սիրեցի…
Արցունքն աչքերիս` սէրդ խնդրեցի
եւ չստանալով`
լուռ անրջեցի…

* * *
Ծառուղում կանաչ`
ստուերդ պտտում,
պտտւում էինք…
ես` երազներում,
դու` ափերիս մէջ։
Թափառում էինք…
Եւ սէրը վաղուց գաւաթների մէջ
պռնկէպռունկ լցուած ստի պէս`
արբում էր մեզնով…
Կարօտում էինք`
ես` քո վարսերի ալեծուփ ծովը,
դու` իմ աչքերի արցունքոտ հեռուն…
Երազում էինք…
ես` վաղն աչքերիդ,
դու` սէրս տաքուկ…
Ափերիս հողմը արդէն գիտեր քեզ,
եւ բքախառը յուշերս գիտեն քո երգի դողը…

* * *

Չգրկած սէրդ կորցրածի նման
ողբում եմ, լալիս,
անզօր զայրոյթից հոգիս ծուատում եւ…
սիրում եմ քեզ…

11 մայիս 1999

* * *

Դու հիմա սառն ես, ինչպէս չասուած խօսք,
Հեռու, ինչպէս անօդ տարածութիւն,
Անյաղթահարելի տենդերով լեցուն,
ինչպէս անքուն գիշեր…
Դու իմ վերարկուն ես, որը հագնում եմ
ամեն առաւօտ,
Որ քամին չգրկի ոսկորներիս կառչած դողացող կարօտը,
Որ չմրսես պարանոցիս տաք ակօսներին, աչքերիս անհունութեան ու ափերիս անքեզ տարածութեան մէջ…
Դու լիքն ես իմ մէջ…
Իմ քայլերի վկան ես…
Եւ աչքերդ…
Աչքերդ ծովի պէս ձգում են ինձ…
Ուր որ է կը խորտակուեմ քո աչքերի ու փողոցով քայլող անցորդների պատահականութեան ալիքների միջեւ…
Դու ուրիշ ես,
Դու միակն ես,
Դու երազ ես,
Դու լոյս ես,
Դու ցնորք ես,
Որին չեմ գտնում…
Դու մարդ ես, կարեկից հոգի, որը շրջապատին ջերմութիւն է տալիս` փոխարէնը չպսհանջելով ոչինչ…
Ես վերցնում եմ իմ եւ քո միջեւ եղած
անսահման տարածութիւնը…
Դու իմ գրկում ես…
Ես արտասւում եմ,
Ես ծիծաղում եմ,
Ես ապրում եմ քո կողքին…
Ես թռչում եմ կարօտիս թեւերով։
Հոգիս ամուր գրկել է մեր մարմինները…

* * *

Գեղանի մէջքդ ուզում եմ գրկել,
քնքուշ շուրթերդ շուրթերիս սեղմել,
հարազատ շունչդ խառնել իմ շնչին,
ու կրծքիս սեղմել…
Քեզ ընդմիշտ սիրել…

10 մայիս 1999

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՄԱՍԻՆ
Կորիւն Մնացականի Սերգոյեանը ծնած է 1979 թուականի յունուարի 16-ին Լոռիի մարզի Թումանեան քաղաքը։
Աւարտելէ ետք Վ.Սարգսեանի անուան ռազմական հիմնարկը, ան 23 տարի ծառայած է հայոց բանակին։ Փոխ-գնդապետ, Արցախի պաշտպանութեան գումարտակի հրամանատար Կորիւն Սերգոյեանը նահատակուեցաւ 2020-ի սեպտեմբերի 30-ին Ֆիզուլիի ճակատին վրայ։
Իր անձնական իրերուն մէջ հարազատները գտած են տարիներու ընթացքին գրի առնուած բազմաթիւ բանաստեղծութիւններ, որոնցմէ մի քանին կը ներկայացնենք ընթերցողին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *